Հայկական սփյուռքը ավետյաց երկրում ամենահինն է
ՎերլուծությունԻսրայելում ապրում են բազմաթիվ տարբեր ազգություններ։ Բնականաբար, երկրում ներկայացված է նաև հայկական սփյուռքը։ Սակայն նրան մյուսներից առանձնացնում է բացարձակապես եզակի մի փաստ։ Չէ՞ որ հենց հայկական համայնքն է ավետյաց երկրում ներկայացված բոլոր համայնքներից ամենահինը։
ՑԱՀԱԼ-ում (Իսրայելի պաշտպանության բանակ) ծառայելու նպատակով 2016 թվականին տեղափոխվելով Իսրայել՝ ես անմիջապես նկատեցի, որ չնայած երկրում հայերի համեմատաբար փոքր թվաքանակին (մոտ 20,000 մարդ), նրանց ներկայությունը շատ նկատելի է: Ես ապրում էի Յաֆֆա քաղաքում։ Այժմ այն Թել Ավիվի արվարձան է: Սակայն Թել Ավիվը 100-ից մի քիչ ավել տարվա պատմություն ունի, որի ընթացքում անապատից վերածվել է «Մերձավոր Արևելքի Նյու Յորքի», իսկ Յաֆֆան՝ մի քանի հազար տարվա: Այսպես, Եֆեթ փողոցով զբոսնելիս մեծ կամարի վրա հայտնաբերեցի հայերեն մի արձանագրություն՝ «Հայոց գերեզմանատուն»: Ինչպես պարզվեց, սա բավական հին՝ XVI դարի հայերի և քրիստոնյա արաբների գերեզմանատուն է: Ընդհանրապես Յաֆֆայում առավելապես ապրում են մուսուլման արաբներ, ԱՊՀ երկրներից, Եթովպիայից և Էրիթրեայից ներգաղթածներ: Օրինակ, քրիստոնյա արաբները, որպես կանոն, բնակություն են հաստատում երկրի հյուսիսային մասում: Այնտեղ ապրում են նաև չերքեզներ՝ երկրի ևս մի փոքրաթիվ սփյուռք: Բայց եթե չերքեզական սփյուռքը Իսրայելում ձևավորվել է 150 տարի առաջ, ապա հայկական սփյուռքը Իսրայելում արդեն երկու հազար տարի գոյություն ունի՝ մեր թվարկության հենց սկզբից։
Դեպի ծով իջնելով՝ մզկիթի մոտ, ես հայտնաբերեցի մի գեղեցկագույն հայկական վանք՝ Սուրբ Նիկողայոսի վանքը (Սուրբ Նիկողայոս վանք հայոց), որը կառուցվել է մ. թ. առաջին հազարամյակում: Վանքը դարձավ եկեղեցական ապաստարանների ցանցից առաջինը ավետյաց երկիր եկած հայ ուխտավորների համար, որոնց ճանապարհորդությունները կազմակերպվել էին Սուրբ Հակոբի հայկական եղբայրության կողմից: Հայտնի է, որ հենց այս վանքում է եղել ինքը՝ Նապոլեոն Բոնապարտը: Նապոլեոնի՝ Եգիպտոս արշավանքի և Յաֆֆայի գրավման ժամանակ ֆրանսիական բանակը դիմել է հայ քահանաների օգնությանը՝ զինվորական հոսպիտալ կազմակերպելու համար: Նապոլեոնն անձամբ շնորհակալություն է հայտնել պատրիարքին, և այդ մասունքները մինչ օրս պահվում են հին Երուսաղեմ քաղաքի հայկական թաղամասի Սուրբ Հակոբի տաճարում:
Հայֆայի ռազմական բազա գնալու ճանապարհին փողոցներից մեկի պատշգամբից կախված տեսա մեծ հայկական դրոշ։ Ինչպես պարզվեց, մոտակայքում գտնվում է Սուրբ Եղիա եկեղեցին։ Սակայն Իսրայելի հայերի սիրտը, իհարկե, Երուսաղեմն է։ Երուսաղեմում կա մի ամբողջ առանձին թաղամաս, որը հենց այդպես էլ կոչվում է Հայկական թաղամաս (եբրայերեն՝ ha'rova ha'armeni)։ Ասում են, որ այն գտնվում է Հերովդես Մեծ թագավորի պալատի տեղում։ Հին քաղաքի մնացած երեք թաղամասերը հրեական, քրիստոնեական և մուսուլմանական թաղամասերն են։ Արդյոք զարմանալի չէ՞, որ չնայած կա քրիստոնեական թաղամաս, Երուսաղեմի հայ ժողովուրդն արդեն երկու հազար տարի ունի իր սեփականը՝ Հայկականը։
Հերթական անգամ Տիրոջ գերեզմանի տաճար այցելելիս ես հայտնաբերեցի (արդեն սկսել էի այդ ժամանակ հայերեն սովորել), որ այս գլխավոր քրիստոնեական սրբավայրի (սուրբ կրակը այս տաճարում է իջնում Զատկի տոնին, այստեղ է գտնվում այն սալը, որի վրա դրել են Հիսուսի մարմինը և մի կտոր կա Գողգոթայից) բոլոր արձանագրությունները հայերեն են։ Ընդհանուր առմամբ տաճարը, այսպես ասենք, բաժանված է գոտիների՝ հույների և հայերի միջև։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, որը հիմնադրվել է յոթերորդ դարում որպես թեմ, անկախ է Երուսաղեմի մյուս քրիստոնեական հաստատություններից։
Հայերը ավետյաց երկիր են տեղափոխվել երեք ճանապարհով։ Առաջինը քրիստոնյա ուխտավորներն են, որոնք Երուսաղեմում բնակություն են հաստատել դեռևս մ. թ. առաջին դարում։ Չորրորդ դարի սկզբին՝ Տրդատ III թագավորի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, սկսվեց հայերի լայնածավալ տեղափոխության երկրորդ ալիքը դեպի Երուսաղեմ։ Չորրորդ դարում էլ հենց արդեն կառուցվում էին առաջին հայկական եկեղեցիները Երուսաղեմում (օրինակ՝ Սուրբ Հակոբի տաճարը)։ Այսպիսով, հայկական սփյուռքը Իսրայելում գոյություն ունեցող համայնքներից ամենահինն է։ Իսկ աշխարհիկ համայնքը ձևավորվել է իններորդ դարի մոտերքը՝ Սիոն լեռան թաղամասում։ Հայերը դեռևս այդ ժամանակ հայտնի էին որպես հմուտ արհեստավորներ և վարպետ կավագործներ։ Այս ամենը այսօր էլ գոյություն ունի Երուսաղեմի հայկական կրպակներում։
Երկրորդը պարտադրված էր։ Ցեղասպանությունից հետո շատ հայեր գաղթեցին Լիբանան ու Եգիպտոս, բայց նրանց մի մասը հաստատվեց ենթամանդատային Պաղեստինում, քանի որ հայտնի էր, որ ավետյաց երկրում վաղուց արդեն գոյություն ունի հայկական խոշոր սփյուռք։ Պետք է նշեմ, որ Իսրայելում ապրող «արևմտյան» հայերը տարբերվում են թե՛ արտաքինով, թե՛մտածելակերպով, թե՛, իհարկե, լեզվով, քանի որ նրանք արևմտահայերենին տիրապետում են արաբերենին ու եբրայերենին հավասարապես։ Շատ անգամ եմ նկատել, որ նրանք բաց գույնի աչքեր ունեն։ Արտաքնապես նրանց մեջ կարելի է ճանաչել հայերին, բայց դա մի քիչ ավելի բարդ է։ Սովորաբար նրանք ամուսնանում են արաբ քրիստոնյա կանանց հետ։ Քանի որ այդ մշակույթը և նույնիսկ լեզուն նրանց ավելի մոտ է, քան հրեերենը, և հայուհիների շատ դժվար է գտնել ավետյաց երկրում։ Մեծ հավաքներ են տեղի ունենում հենց Յաֆֆա քաղաքում՝ վերը նշված այն նույն Սուրբ Նիկողայոսի վանքում։
Երրորդը՝ հրեա ամուսնու/կնոջ հետ ամուսնությունը։ Իսրայելում ապրում են խառը շատ հայ-հրեական ընտանիքներ։ Նրանք, որպես կանոն, ԽՍՀՄ-ից եկած հայեր են։
Այսօր հայկական սփյուռքը ներկայացված է Երուսաղեմում, Թել Ավիվում (ի դեպ, այստեղ եմ ձեռք բերել իմ առաջին պրոֆեսիոնալ հայկական դուդուկը), Յաֆֆայում, Հայֆայում, Պետահ Տիկվայում, Բաթ Յամում և Ռամլայում: Հրատարակվում է հայերեն (արևելահայերենով) թերթ՝ «Իսրայելահայեր» անվանումով: Հայֆայում վերջերս բացվել է հրապարակ՝ նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակին: Պետահ Տիկվայում, քաղաք մուտք գործելիս, կարելի է տեսնել մեծ անմոռուկ ծաղիկ՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի: Քաղաքապետարանի հովանու ներքո պարբերաբար կազմակերպվում են հայկական թեմաներով համերգներ: Ինքս շատ հայերի եմ հանդիպել Իսրայելի բանակում: Նրանց մի մասը ծառայում է մարտական զորքերում՝ որպես սպա:
Ինձ համար երկու ժողովուրդներն էլ՝ հրեաներն ու հայերը, Աստծո կենդանի վկայությունն են Երկրի վրա, իսկ Հայաստանը՝ երկրորդ ավետյաց երկիրը։ Քանի որ ես խոսում եմ և՛ եբրայերեն՝ իմ նախնիների լեզվով, և՛ ժամանակակից Իսրայել պետության (որը հրաշքով վերածնվել է 2000 տարի անց) պաշտոնական լեզվով, և՛ հայերեն, ես կարողացա գտնել բազմաթիվ ընդհանուր բառեր երկու լեզուներում էլ։ Դրանց մի մասը շումերական ծագում ունի։ Մի մասը, հնարավոր է, ստեղծվել է ուրարտական ժամանակաշրջանում, մի մասն էլ արամեերեն է։ Սկսեմ «շաբաթ» բառից, որն ինքնին հուշում է իր մասին և որը որոշ փոփոխություններով եբրայերենից անցել է այլ լեզուների։ Հայերենում (ինչպես նաև վրացերենում) այն մնացել է իր սկզբնական ձևով։ Եվս մի հետաքրքիր փաստ շաբաթվա օրերի վերաբերյալ. եբրայերենում «կիրակի»-ն »յոմ ռիշոն» է (օր առաջին), երկուշաբթին՝ «յոմ շենի» (օր երկրորդ), երեքշաբթին՝ «յոմ շլիշի» (օր երրորդ), չորեքշաբթին՝ «յոմ ռևիի» (օր չորրորդ), հինգշաբթին՝ «յոմ համիշի» (օր հինգերորդ), իսկ ուրբաթը՝ «յոմ շիշին» (օր վեցերորդ): Այդ նույն ձևով են շաբաթվա օրերը հաշվվում նաև հայերենում (ինչպես նաև վրացերենում): «Կիրակի»-ն հունարեն «կուրիակի» բառից է, որը նշանակում է «Տիրոջ օր»: Սակայն մինչև 4-րդ դարում Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունումը, այդ օրը կոչվում էր «միաշաբաթ», այսինքն՝ շաբաթից հետո առաջին օրը: Շաբաթվա մնացած օրերը մինչև հիմա համապատասխանում են հուդայականության մեջ ընդունված հին հաշվարկին. երկուշաբթի՝ շաբաթից հետո երկրորդ օրը, երեքշաբթի՝ երրորդ օրը, չորեքշաբթի՝ չորրորդ օրը, հինգշաբթի՝ հինգերորդ օրը և ուրբաթ: Երկու տարբերակ՝ կա՛մ սա փոխառություն է արամեերենից, որտեղ «arupatha» բառը նշանակում էր «նախապատրաստություն»՝ երեկոյան նախապատրաստություն շաբաթ օրվան, կա՛մ «ուրբաթ»-ը եբրայերեն երկու բառերի՝ «էրեվ» և «շաբբատ» բառերի միացումն է, որը նշանակում է «շաբաթի երեկո», այստեղից էլ՝ ուրբաթ օրվա իմաստը։
Ե՛վ եբրայերենում, և՛ հայերենում «խանութ» բառը նույն իմաստն ունի։ Եբրայերենի «շուկ»-ը հայերենում «շուկա» է։ Հավանաբար սա կապված է այն բանի հետ, որ հրեաները հին Հայաստանում կազմում էին քաղաքային բնակչության նշանակալի մասը և, ակնհայտ է, զբաղվում էին առևտրով, բացում էին խանութներ և այս բառերը ներմուծել են հայերենի մեջ։ Չէ՞ որ հրեաները Հայաստանում ապրում են շատ վաղ ժամանակներից։ Բանավոր Հնգամատյանում (Միդրաշ Էյխա Ռաբա, գլուխ 1) պատմվում է, որ Բաբելոնի լեգենդար թագավոր Նաբուգոդոնոսորը Երուսաղեմի առաջին տաճարի կործանումից անմիջապես հետո՝ այսինքն՝ մ. թ. ա. 586 թվականին, հրեաների մի մասին քշել է Հայաստան։ Անկախ հին Հայաստանի արքա Տիգրան Մեծը մ. թ. ա. 69 թվականին ռազմական արշավանքից հետո Պաղեստինից բազմաթիվ հրեա գերիների բնակեցրել է Մեծ Հայքի քաղաքներում։ Այս մասին հաղորդում են հայ պատմիչներ Փավստոս Բուզանդը (5-րդ դար) և Հովհաննես Դրասխանակերտցին (9-10-րդ դարեր)։ Պարսիկները Երվանդաշատից վտարել են 20,000-ական հայ և հրեա ընտանիքների, Վանից՝ 5,000 հայ և 18,000 հրեա ընտանիքների, իսկ Նախիջևանից՝ 2,000 հայ և 16,000 հրեա ընտանիքների։ Ինչպես տեսնում ենք, հրեաները կազմում էին հին Հայաստանի քաղաքային բնակչության զգալի մասը։
Բերեմ ևս մի քանի օրինակ. եբրայերենում «օր» բառը նշանակում է «լույս», իսկ հայերենում «օր»։ «Բեմ» և «բիմա»՝ սինագոգում բարձրություն (հարթակ)՝ Հնգամատյանի (Թորա) գլանափաթեթը կարդալու համար, «կամաց» եբրայերենում նշանակում է «շշուկ», «լիլիա»՝ «շուշան», հայկական եկեղեցական երգեցողությունը «շարական» է, իսկ եբրայերեն «երգ»-ը՝ «շիրա» է։ Իսկ «Արարատ» անվանո՞ւմը։ Եբրայերենում «լեռ»-ը «ար» է։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԻՍՏԵՆԳՈՐՏ
