Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց
ՎերլուծությունԻր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝ սկսած առաջին քաղաքապետ Գեորգի Շապոշնիկովից (իսկական ազգանունը՝ Գադակյան) մինչև մեր ժամանակակիցը՝ փորձնարկող տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը, և պատմել է Մայկոպի կենտրոնում գտնվող շատ շենքերի, ինչպես նաև Ադըղեայի մայրաքաղաքի եկեղեցիների, հյուրանոցների, առևտրային տների և ընկերությունների պատմության մասին:
Գևորգ Հարությունի Գրիգորյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 12-ին Երևանում, սակայն երեք տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ադըղեա՝ մշտական բնակության։ 2007 թվականին Գևորգն ավարտել է Մայկոպի շրջանի Հյուսիս-արևելյան այգիներ գյուղակի (խուտոր) № 19 միջնակարգ դպրոցը, 2011 թվականին՝ № 2 մասնագիտական լիցեյը, 2021 թվականին՝ Մոսկվայի համաշխարհային քաղաքակրթությունների ինստիտուտը (ներկայումս՝ Վ. Վ. Ժիրինովսկու անվան համալսարան) (քաղաքական գործընթացների և քարոզչության ամբիոն), 2023 թվականին գերազանցությամբ ավարտել է Ադըղեայի պետական համալսարանի մագիստրատուրան։ Աշխատել է որպես մշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, «Մայակ» թերթի թղթակից։ Ներկայումս դասավանդում է պատմություն և հասարակագիտություն Մայկոպի Ա. Ի. Մակարենկոյի անվան № 3 միջնակարգ դպրոցում։
* * *
Գիրքն ունի 332 էջ, բաղկացած է երեք մասից՝ «Ռուսաստանի հայերը» (էջ 5–50), «Ադըղեայի հայերը» (էջ 51–125) և «Ադըղեայի հայտնի հայերը» (էջ 127–315):
«Ռուսաստանի հայերը» բաժնում ութ ճանաչողական ակնարկներ են և ուրվանկարներ՝ «Կիևի հիմնադրումը», «Ասկոլդը և Դիրը», «Արքայադուստր Աննան և Ռուսաստանի մկրտությունը», «Հայերը Կիևյան Ռուսիայում և առաջին հայկական համայնքը Լվովում», «Ղրիմի հայերը», «Հայերը Մոսկովյան թագավորության և Ռուսական կայսրության օրոք», «Ռուսական կայսրության հայ գեներալները», «Հայերը ԽՍՀՄ-ում և Ռուսաստանի Դաշնությունում»:
Ի դեպ, Ադըղեայում վաղուց արդեն վաճառքում կան «Ադըղեայի հույները» և «Ադըղեայի քրդերը» գրքերը։ Շարքը համալրվեց «Ադըղեայի հայերը» հատորով։
* * *
Հետաքրքրասեր ընթերցողների համար համառոտ ներկայացնում ենք «Ադըղեայի հայերը» գրքի երկրորդ մասի բովանդակությունը։
Մայկոպի քաղաքային վարչությունը ստեղծվել է 1869 թվականի ապրիլին՝ «Քաղաքի կանոնադրության» հիման վրա և համարվել է քաղաքային ինքնակառավարման գործադիր մարմին: 1869–1878 թվականներին վարչությունը ենթարկվել է քաղաքի ավագին՝ ղեկավարին, իսկ 1878–1888 թվականներին՝ քաղաքային դումային: Մայկոպի առաջին ղեկավարը եղավ հայազգի Գեորգի Նիկիտիչ Շապոշնիկովը՝ Խաչատուր Շապոշնիկովի հայրը, որը հիմնադրել է Կովկասի պետական կենսոլորտային արգելոցը, և որի անունով էլ կոչվում է արգելոցը։
Քաղաքային դումայի իրավասուների (1889–1893) թվում էին հայկական ծագումով այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Մայկոպ քաղաքի առաջին քաղաքապետ Գեորգի Շապոշնիկովը, վաճառականներ և խոշոր բարերարներ Մակար Բորիսի Թերզիևը (Թերզյան), Յակով (Հակոբ) Միխայլովիչ Թերզիևը և «Կ. Մուրատչաև և Նազարով» առևտրի տան ծխախոտի ֆաբրիկայի համասեփականատեր Քրիստափոր Նազարի Նազարովը։
Ադըղեայի առաջին հայկական եկեղեցին օծվել է 1901 թվականի սեպտեմբերի 20-ին Մայկոպում: Հայկական փողոցում եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղավ Արմավիրում ծնված Մակար Թերզիևը: Եկեղեցու կառուցման համար, որը ստացավ Սուրբ Գրիգոր անունը՝ ի պատիվ Հայ առաքելական եկեղեցու առաջին պատրիարք Գրիգոր Լուսավորչի (302–325), բարերարը հատկացրել է հողատարածք և նվիրաբերել մեծ գումար՝ 13,000 ռուբլի։
Հայկական դպրոցի շենքը, որն ուներ հինգ սենյակ, մեծ դահլիճ և գրադարան (800 գիրք), կառուցվել է 1909 թվականին: Դպրոցը պահպանվել է հիմնականում Սուրբ Գրիգոր եկեղեցու եկամուտների հաշվին, ինչպես նաև ծխականների նվիրատվություններով և ուսման վարձերով: Դպրոցը գործել է Մայկոպում մինչև 1940-ականների վերջը։ Այսօր նրա շենքում տեղակայված է Մայկոպի պետական տեխնոլոգիական համալսարանի 5-րդ մասնաշենքը:
Վաճառական Յակով Թերզիևի՝ բարերար Մակար Թերզիևի (Մխիթար Թերզյան) որդու տունը կառուցվել է 1903 թվականին: Լեգենդար զորավար Անդրանիկ Օզանյանը, որը 1917 թվականի հոկտեմբերին Արմավիր և Եկատերինոդար այցելելուց հետո եղել է Մայկոպում, մնացել է Թերզիևի տանը: Պաշտոնական ճաշկերույթ-երեկոյին մասնակցել են քաղաքի և շրջանի հայ համայնքի 200 պատվավոր քաղաքացիներ: Երեկոն բացել է քահանան, որը կոչ է արել իր հայրենակիցներին «գործնական քայլերով արձագանքել մեծ հերոսի կոչին»՝ կազմակերպել դրամահավաք՝ Հայաստանի համար հաց գնելու համար, որտեղ սովն ու հիվանդությունները ամեն օր խլում էին թուրքական արյունալի յաթաղանից հրաշքով փրկված հազարավոր հայ փախստականների կյանքը: Այսօր Թերզյանների տունը, որտեղ տեղավորված է քաղաքի վարչակազմի ներքին գործերի վարչությունը, վերականգնվում է:
Հայ վաճառականների ժողովի շենքը կառուցվել է 1908 թվականին նույն Յակով Թերզիևի կողմից։ 1985 թվականին այստեղ բացվել է Արևելքի պետական թանգարանի հյուսիսկովկասյան մասնաճյուղը։
Մայկոպի առաջին գործարանը՝ «Սևերնի Կավկազ» (Հյուսիսային Կովկաս) գարեջրագործարանը, հիմնադրվել է 1891–1892 թվականներին հայ ազնվական Արտաշես Խորասանովի և քաղքենի չերքեզահայ (չերքեզահայերին անվանում են նաև լեռնային կամ չերքեզ հայեր) Սերաֆիմ Չիբիչևի կողմից: Գործարանի շենքը (կառուցված կեղծ մավրիտանական ոճով) այսօր քաղաքի կենտրոնի զարդերից մեկն է: 1903 թվականի շեմին «Սևերնի Կավկազի» 12 աշխատակիցները արտադրել են 19,7 հազար դույլ գարեջուր: Խորասանովը կարևոր դեր է խաղացել նախահեղափոխական Մայկոպի քաղաքական և տնտեսական կյանքում, մի քանի անգամ ընտրվել է Մայկոպի քաղաքային վարչության անդամ և Չիբիչևի հետ միասին եղել է Պուշկինի տան կառուցման հանձնաժողովի անդամ:
Մայկոպում 1917 թվականի հեղափոխությունից առաջ կառուցվել են նաև այլ շենքեր՝ Ստեփան Կարապետովի «Ռոսիա» հյուրանոցը, Սերգեյ Կարագյոզովի «Բրիստոլ» հյուրանոցը, Աբել Սարկիսովի «Սևերնի Կավկազ» հյուրանոցը, Բերբերով եղբայրների «Մոդեռն» պատրանքների թատրոնը։ Հյուրանոցի սեփականատեր Ստեփան Կարապետովը նաև աղյուսի գործարանի սեփականատեր էր Մայկոպում, երկու անգամ ընտրվել է քաղաքային վարչության անդամ՝ 1893–1897 և 1910–1913 թվականներին։
Քաղաքում հայտնի խանութների սեփականատերերը հայեր էին՝ Չումալով և Պրոսյանկիններ (գալանտերիա), Բոգարսուկով (կտորեղեն), Մարեև (գրախանութ), Գիմոնին (ամանեղեն), դերձակուհի Տաբակովա (գլխարկներ) և Թերզիև (գործվածքներ)։
1910 թվականին Մայկոպում՝ Ադըղեայի կենտրոնում, լույս տեսավ «Մայկոպսկայա ժիզն» («Մայկոպի կյանք») թերթը։ Այն խմբագրում և հրատարակում էր Ն. Գ. Բերբերովը։
1913 թվականին «Մայկոպսկիյե նովոստի» («Մայկոպի նորություններ») անվանումով լույս տեսած մեկ այլ թերթում զետեղված է Չոլաքյանի ճաշարանի մասին մի հետաքրքիր գովազդ, որը տեղեկացնում էր մարդկանց, որ նրա «ճաշարանում կերակուրներ են պատրաստվում ամենաթարմ մթերքներից և կովի իսկական կարագով։ Կիրակի օրվանից՝ հուլիսի 28-ից, կպատրաստվեն «գույու քեբաբի» և «թիրիթլի» կոչվող թուրքական ուտեստները։ Ամեն ինչ պատրաստվում է իմ անձնական հսկողության ներքո։ Հարգանքով՝ Պ. Մ. Չոլաքյան»։
1888 թվականին Մայկոպում «Կ. Մուրատիչաև և Խ. Նազարով» ֆիրմայի ներքո հիմնադրվեց առևտրային տուն փոքր ընկերակցության իրավունքներով՝ քաղաքում ծխախոտի և սիգարետի ֆաբրիկա բացելու և պահելու համար։ 1911 թվականին նրանց ֆաբրիկայի պահեստներում կար 5200 ֆունտ ռուսական և 8 ֆունտ արտասահմանյան ծխախոտ։
Քաղաքում հայտնի էին նաև հետևյալ առևտրային տներն ու ընկերակցությունները՝ «Մ. և Կ. Թերզիևների առևտրի տունը» (ֆիրման բացվել է 1900 թվականի հունվարին, զբաղվել է գործվածքի և տեքստիլի վաճառքով), «Արամ և Յակով Շապովալով եղբայրների ընկերակցությունը» (1909 թվականի դեկտեմբերից, ձեթի, պոտաշի, անտառային և նավթի ձեռնարկությունների համատեղ կառավարում), «Ավետիսյան և Վարդանյան» առևտրի տունը (1910 թվականի հոկտեմբերից), որը հիմնադրել էին թուրքահպատակներ Առաքել Հակոբի Ավետիսյանը և Յակով Սերգեևիչ (Հակոբ Սարգսի) Վարդանյանները՝ նպարեղենի արտադրության և գինու առևտրի համար։
* * *
Արևմտյան Հայաստանից եկած առաջին հայ նորաբնակներին, որոնց մեծ մասը Համշենից էին, հողեր հատկացվեցին Մայկոպի շրջանի Տուլայի և Կուժորի գավառակներում (վոլոստ): Համշենի շրջանի (հյուսիսարևելյան Թուրքիա) բնակիչների ժառանգների մի մասը Ուլկա գետի վերին հոսանքի մոտ հիմնադրեց Մախոշե-պոլյանա գյուղակը, որը կրում էր Առաջին հայկական անվանումը: 1453 թվականին օսմանյան թուրքերի կողմից Բյուզանդիայի գրավումից հետո՝ 1489 թվականին, գրավվեց նաև Համշենի իշխանությունը: Թուրքական նվաճումից հետո սկսվեց հայ բնակչության զգալի մասի իսլամացումը, որը հետագայում անցավ թուրքերենին և սկսեցին կոչվել հեմշիլներ: Բայց դրա հետ մեկտեղ նրանք պահպանեցին իրենց հայկական ազգային ինքնագիտակցությունը և նախնիների լեզուն (մասամբ՝ հատուկ բարբառով):
Հայ բնակչության մեկ այլ խոշոր հիմնական բնակավայր դարձավ Հյուսիսարևելյան այգիներ գյուղակը։ Գյուղակում հիմնականում բնակվում են փախստականներ Շամխորի շրջանից, որոնք ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը ղարաբաղյան հակամարտության պատճառով։ Այսօր գյուղում ապրում է մոտավորապես 3500 մարդ, որոնց կեսից ավելին հայեր են։
* * *
Վերջում ևս մի քանի մանրամասներ. հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը (1897–1937) և Խորհրդային Միության հերոս Մարտիրոս Կարապետի Նագուլյանը (1920–1945) որոշ ժամանակ ապրել են Մայկոպ քաղաքում: Այստեղ 1993 թվականին ծնվել է Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնի խմբի փորձարկող տիեզերագնաց, ռուսաստանցի Հարություն Հարությունի Կիվիրյանը: 2023 թվականին, այցելելով Երևան, նա եղել է Ծիծեռնակաբերդում՝ հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրում: «Ծիծեռնակաբերդը տպավորիչ էր: Ես Համշենից եմ և անմիջական կապ ունեմ այս վայրի հետ: Անմիջապես հիշեցի իմ նախնիների պատմությունները այդ արյունալի իրադարձությունների մասին», - ասում է Հարություն Կիվիրյանը՝ հավելելով, որ երբ մոտեցել է հավերժական կրակին, սկսել է անձրև տեղալ, ինչը այդ վայրն ավելի խորհրդանշական է դարձրել:
* * *
Գրքի «Ադըղեայի հայտնի հայերը» բաժնում ներկայացված են այն հերոսների կենսագրությունները, որոնք մեծ ներդրում են ունեցել հանրապետության հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և, իհարկե, նրա մայրաքաղաք Մայկոպում։
Ի դեպ, «Ադըղեայի Հանրապետության բնակչությունը 2021 թվականին կազմել է 496,934 մարդ, այդ թվում՝ ռուսներ՝ 287,778 (57.91 %), ադըղեներ՝ 98,138 (19.75 %), չերքեզներ՝ 16,133 (3.25 %), հայեր՝ 14,810 (2.98 %), քրդեր՝ 5,233 (1.05 %) և հույներ՝ 926 (0.19 %):
Էջը պատրաստել են Մարինա և Համլետ Միրզոյանները, Մոսկվա
Լուսանկարում՝ 2025 թվականի մարտին Մայկոպի № 3 միջնակարգ դպրոցում հեղինակը ներկայացրեց իր «Ադըղեայի հայերը» գիրքը
Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային նախալեռնային մասում
Դիմավորում է մեզ Մայկոպը պարզ գեղեցկությամբ։
Նրա անունը թարգմանաբար նշանակում է «Խնձորի այգի»,
Նա միշտ նայում է առաջ և հետ չի նայում...
Մայկոպում ապրում են ռուսներ՝ մոտ երկու երրորդը,
Ադըղեները ՝ մեկ հինգերորդը, բայց փոխարենը հեղինակություն ունեն։
Ապրում են նաև հայեր՝ մոտ երեք-չորս տոկոս։
(Դե, այնպես, ինչպես ամենուրեք ամբողջ հսկայական աշխարհում):
Գաբրիել Բարդախչիյանի «Մայկոպ» բանաստեղծությունից
