«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը հրաժարվել է ընդունել հիվանդին, նա մահացել է. «Փաստինֆո»
ՀասարակությունՄեր օրերում, ցավոք, լինում են դեպքեր, երբ բուժաշխատողները մոռանում են իրենց երդումը՝ խաղալով մարդկային կյանքերի հետ։ Օրեր առաջ նման դեպք է տեղի ունեցել Երևանում՝ պատճառով դառնալով երիտասարդ կնոջ մահվան։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երիտասարդ կինը ունեցել է երիկամային անբավարարություն ու ծանր վիճակով շտապօգնությունը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ», որտեղ նախկինում բուժօգնություն է ստացել, սակայն այստեղ հրաժարվել են հոսպիտալացնել՝ պատճառաբանելով, թե տեղ չունեն, որի հետևանքով հիվանդը գնացել է տուն ու մահացել։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հետ՝ դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, որտեղից պնդել են, թե հիվանդանոցը երբևէ չի մերժում։ Մերժում է միայն այն դեպքերում, եթե համապատասխան ծառայություն կամ բժիշկ չունի, մնացածը ամբողջությամբ կարգավորվում է իրավական ակտերով։ Այսինքն՝ կամայական որևէ բան տեղի չի ունենում։
Փաստն այն է, որ հիվանդին չեն ընդունել, փաստն այն է, որ հիվանդը մահացել է, փաստն այն է, որ բուժաշխատողները, այդ թվում՝ շտապօգնության, իրենց թույլ են տվել բուժաշխատողին ոչ հարիր, այդ թվում՝ կոպիտ վարքագիծ, իսկ հետո էլ ասում են, թե ինչո՞ւ են բուժաշխատողների նկատմամբ, մասնավորապես, կանչերի դեպքում, քաղաքացիները կոպիտ լինում։ Բռնությունն ամենևին չենք արդարացնում, սակայն Առողջապահության նախարարությունը մտածելու շատ բան ունի՝ բուժանձնակազմին թերևս պետք է վարքականոն սովորեցնել։

