Եվ դո՞ւ, Կճոյա՛ն...
ՎերլուծությունԳյումրիի Յոթ Վերք եկեղեցում տեղի ունեցավ այն, ինչն իշխանության ու Նիկոլ Փաշինյանին հպատակված եպիսկոպոսների կատարյալ պարտությունն էր՝ Եկեղեցու դեմ սանձազերծված պատերազմում: Նրանք մնացին մի շրջիկ քահանայի հույսին: Շիրակի թեմի հոգեւորականության միասնական մերժումը, համարձակ դիրքորոշումը դարձավ այն հայելին, որի մեջ երեւաց այսօր արդեն տիրադավեր հռչակված եպիսկոպոսների համահայկական չափերի հասած դավաճանությունն ու իշխանության հակաեկեղեցական բնույթը:
Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորված է, Գյումրիի քաղաքապետը՝ նույնպես, բայց տեղի հոգեւորականությունը գտավ ուժ՝ Վեհափառ Հայրապետի անունը չանտեսելու եւ Բաղձալի Ս. Պատարագը չզիջելու Նիկոլ Փաշինյանի հերթական հաշվարկված քաղաքական շոուին՝ դառնալով այն օրինակն ու հույսը, որ Եկեղեցին պիտի հարատեւի:
Անխոս, այս դավաճանությունների շարքում ամենաաղմկոտը դարձավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պահվածքը։ Եվ այստեղ է հիմնական առեղծվածը, որտեղ համադրվում են քաղաքական շահը, անձնական վախերը եւ շանտաժային մեխանիզմները։
Եթե Հայաստանում մեկ հոգեւորական կա, ում անունը Նիկոլ Փաշինյանը տարիների ընթացքում ամենաբրուտալ ու անզիջում քննադատության է ենթարկել՝ դա Նավասարդ արքեպիսկոպոսն է։ Նիկոլ Փաշինյանը՝ թե՛ լրագրող, թե՛ ընդդիմադիր պատգամավոր, ապա արդեն նաեւ վարչապետ եղած ժամանակ, ամեն առիթով Կճոյանին մեղադրել է բիզնեսների, կոռուպցիոն սխեմաների, ունեցվածքի ու շքեղ կյանքի, սեռական սկանդալների մեջ։ Եվ հիմա նույն Փաշինյանը, Գյումրիում հայտնվելով, ծնկեց հենց այդ նույն հոգեւորականի առաջ ու ակամա ի ցույց դրեց ոչ թե հաշտության կամ ներողամտության, այլ՝ քաղաքական մերկ եւ անողոք հաշվարկի էությունը։ Բայց արդյո՞ք արժեր միայն այս դրվագի համար Կճոյանի հրապարակային «հերետիկոսության» արարողությանը մասնակցելը: Անշուշտ՝ ոչ: Չէ որ էլի ոչ ոք չի մոռացել նրա շուրջ եղած սկանդալները, ոչ ոք չի «ջրել» կոմպրոմատների արխիվները։ Եվ հենց այդ պատճառով էլ Փաշինյան-Կճոյան երիտասարդացած «բարեկամության» իրական հիմքը գաղափարական ընդհանրությունը չէ, այլ` շանտաժի մեխանիզմը, որը վաղուց է դարձել իշխանության գործիքակազմի կարեւորագույն տարրը:
ԻՆՉՈՒ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՈՒՂԻՈՎ
Գյումրին Փաշինյանի համար հերթական ու սովորական քաղաք չէ. 2018-ին այստեղ էր սկսվել նրա քայլերթը դեպի իշխանություն, իսկ գյումրեցիները՝ այն ժամանակ հուզված, հավատով լի, գրկաբաց ընդունում էին «թավշյա հեղափոխության» առաջնորդին։ Բայց հիմա՝ 2025-ի տարեմուտին, նույն այդ Գյումրին Փաշինյանին ցույց տվեց ամենադաժան ճշմարտությունը՝ հեղինակությունն անշրջելիորեն կորած է: Նրա «պատարագային օպերացիան»՝ մտածված որպես քարոզչական քայլ, հակառակ էֆեկտը տվեց:
Գյումրիում Փաշինյան Նիկոլն այլեւս ձայներ չի կարող ակնկալել, համայնքն ամբողջությամբ վրդովված է, իսկ դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի տարելիցին, Յոթ Վերք ներխուժելը դարձավ վերջին սահմանագիծը, որ գյումրեցիներն այլեւս չեն պատրաստվում ներել: Այդ քայլով Փաշինյանը Գյումրիում դարձավ ոչ թե հյուր, այլ «աչքի գրող», ում ներկայությանն արձագանքում էին ոչ թե հարգանքով, այլ՝ ծաղրով ու արհամարհանքով։ Ուրեմն ինչո՞ւ է նա անում այս ամենը։
Վարկածները մի քանիսն են. գուցե իրականությունից ամբողջապես կտրված՝ նա չի գիտակցում իր քայլերի իրական հետեւանքները։ Չի բացառվում, որ պարտադրանք կա դրսից: Որոշ փորձագետներ անգամ համոզված են, որ Փաշինյանին ուղղակիորեն հրահանգում են սրել ներքին ճգնաժամը: Կամ էլ առկա է անվերադարձության հոգեբանություն. նա գիտակցում է, որ նահանջի ճանապարհ չունի եւ քայլում է կործանման ուղիով: Բայց ո՞րն է իրողությունը, միգուցե, հենց բոլոր վարկածները միասի՞ն են արտացոլում ճշմարտությունը:
ՓԱԿՈՒՂԻ, ՈՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՑՆՈՒՄ Է, ԹԵ ՉԻ ԸՆԿԱԼՈՒՄ
Այս ամենն այլեւս ոչ թե քաղաքական սխալ է, այլ պետական կառավարման քայքայում։ Երկիրը մտել է փակուղի, որն իշխանությունը չգիտակցված կամ կամայական կերպով գցել է իր սեփական ոտքերին։ Ավելին՝ հոգեւորականությունը, նույնիսկ ճնշումների պայմաններում, ցույց տվեց՝ կա մի կառույց, որը դեռ չի զիջել, չի ստորացել եւ չի դարձել իշխանության քարոզչամեքենայի միանգամյա օգտագործման գործիք՝ ի տարբերություն որոշ եպիսկոպոսների, որոնք սեփական վախերի կամ պայմանավորվածությունների պատճառով, ընտրել են դավաճանությունը։
Այո՛, Գյումրին, որը ժամանակին դարձավ Փաշինյանի իշխանության ելակետը, այսօր նույնքան վճռորոշ կերպով դարձել է նրա իրականության հայելին։ Այնտեղ, որտեղ 2018-ին կանգնած էր ոգեշնչված բազմության առջեւ, այսօր կանգնած է պատի առաջ՝ սեփական սխալների, սխալ հաշվարկների ու սխալ մարդկանց հետ դավադիր համագործակցությունների հետեւանքով։
Եվ այս ամենի մեջ մի հարց մնացել է օդում կախված՝ եւ դո՞ւ, Կճոյան…Որքա՞ն արժեցավ այդ ծնկելու դրվագը, եւ կարո՞ղ էր արդյոք որեւէ քաղաքական հաշվարկ արդարացնել Մայր Աթոռի ու Վեհափառ Հայրապետի հանդեպ կատարված այդ դավաճանությունը։
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Ու առկա իրավիճակում իշխանությունն ունի երկու ուղի. Ընդունել, որ ի զորու չէ տապալել ազգային ինստիտուտները եւ դադարեցնել պայքարը պատմության դեմ: Միայն այս դեպքում Հայաստանն ունի զարգացման, զորացման եւ ինքնությանը հավատարիմ մնալու հնարավորություն։ Կամ շարունակել նույն ոգով, ինչը կարող է բերել ոչ թե բարեփոխման, այլ՝ ազգային վերջնական պառակտման, արժեհամակարգային փլուզման եւ լեգիտիմության կորստի:
Թերեւս այս փուլն իշխանության համար սովորական քաղաքական ճգնաժամ չէ: Սա այն պահն է, երբ իշխանությունը կարող է կորցնել ոչ թե իր դիրքերը, այլ` պետականության մնացած հիմքերը: Եթե պետությունը կորցնում է իր հոգեւոր հիմքը, այն վերածվում է պարզապես կառավարման ապարատի, ոչ թե` ազգային միավորի։ Հետեւապես, առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու։ Ոչ թե իշխանության, այլ՝ Հայաստանի ապագայի համար: Իսկ թե ինչպիսին կլինի այդ ապագան ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չեն շտապում դրա ճարտարապետությունն իրենց վրա վերցնել: Ինչպիսի ընդհանուր հայտարարի կգան Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, ինչպես կհանգուցալուծվի Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը, հենց դրանով պայմանավորված էլ կհստակեցվի, թե ով է հայտնվելու պատմության աղբանոցում, ով է ստանձնելու երկիրն ընկած փոսից հանելու պատասխանատվությունը: Եվ այստեղ է, որ Եվրամիությունը, թեւերը քշտած, շտապում է, գումարներ ցփնելով, խոստումներ տալով եւ հավաքագրելով այն ստվերային բանակը, որը կապահովի Հայաստանի սրընթաց անկումը՝ հանուն աշխարհաքաղաքական շահերի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
