ԶԵԼԵՆՍԿԻՆ, ՆՄԱՆ Է, ՈՐ ԿԶԲԱՂԵՑՆԻ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ «ԿՈՂՔԻ ԽՈՒՑԸ», ՆԻԿՈԼԸ՝ ԴԵՌ ԿՏԵՍՆԵՆՔ
ՎերլուծությունԻհարկե պատահական չէ, որ ԱՄՆ-ի՝ օրերս պաշտոնապես հաստատված եւ ներկայացված Ազգային անվտանգության նորացված՝ թրամփյան ռազմավարությունը հսկայական աղմուկ է բարձրացրել ողջ աշխարհով մեկ: Չնայած այդ փաստաթղթում ներառված դրույթները միանգամայն սպասելի էին, բայց դրանով հանդերձ, այն շոկային ռեակցիան, որ այն առաջացրեց մասնավորապես Եվրոպայում, խոսում է, որ եվրագլոբալիստները, այնուամենայնիվ, հույսեր ունեին, որ Թրամփը կխուսափի ծայրահեղություններից: Բայց…
ԻՆՉ ԱԶԴԱՐԱՐԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ
Նախ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը: Ազգային անվտանգության ռազմավարություն ասված փաստաթուղթն ամեն մի պետության (հատկապես՝ գերտերությունների) համար այն հիմքն է, որի վրա կառուցվում է ամեն բան: Սկսած պետական արտաքին եւ ներքին քաղաքականությունից, պետական անվտանգային համակարգից, վերջացրած բանակով, դաշնակիցների եւ հակառակորդների հետ հարաբերություններով եւ այդպես շարունակ: Ու հասկանալի է, այդ փաստաթուղթն էլ ավելի ծանրակշիռ գործոն է դառնում առանց չափազանցության՝ ողջ աշխարհի համար, երբ խոսում ենք ԱՄՆ-ի կարգի երկրի մասին. այն գործնականում իր ազդեցությունն է թողնում ողջ աշխարհի վրա:
Եվ ահա, նորացված ռազմավարությամբ ԱՄՆ-ն հետեւյալ տեսլականներն է սահմանում:
Նախ` Եվրոպան պետք է ինքնուրույն սկսի լուծել իր անվտանգային, պաշտպանության խնդիրները, ընդ որում` հիմնականում սեփական գրպանի հաշվին:
Երկրոդը` Ռուսաստանի հետ ռազմավարական զինադադարը ԱՄՆ-ի համար ունի առաջնային նշանակություն:
Երրորդը` դրա համար պետք է կանգնեցնել ՆԱՏՕ-ի տեղաշարժն արեւմուտք:
Հաջորդը` Մերձավոր Արեւելքն ԱՄՆ-ի համար այլեւս գերիշխող ուղղություն չէ:
Վերջապես` Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը դառնում է ԱՄՆ-ի հիմնական շահերի գոտին:
Կրկնենք. սրանք միանգամայն սպասելի դրույթներ են, ինչի մասին պարբերաբար խոսելու առիթներ ունեցել ենք: Ու այս ամենը տանում է հետեւյալ պարզ գործընթացներին: Նախ, ԱՄՆ-ի համար ոչ միայն առաջնային, այլ մի փոքր էլ ուշացած է դարձել ուկրաինական հակամարտության կանգնեցումը եւ ՆԱՏՕ-ի հարցում եվրոպական ախորժակների զսպումը: Այսինքն, պետք է որոշակի բալանսավորված վիճակ ստեղծել 5-6 հազար միջուկային մարտագլխիկ ունեցող Ռուսաստանի հետ: Բայց քանի դեռ կա ուկրաինական պատերազմը, այդ հարցում խնդիրներ կան: Այսինքն, այս պահին ԱՄՆ-ի համար ուկրաինական ուղղությամբ կա երկու տարբերակ. հասնել փաստաթղթավորված խաղաղության, որն ընդունելի կհամարի Մոսկվան: Սա, հասկանալի է, Վաշինգտոնի համար նախընտրելի լուծումն է, քանի որ կարող է հետպատերազմյան իրողությունենրը կառուցել` նաեւ իր սեփական շահերը հնարավորինս առաջ տանելով: Այդ թվում` Մոսկվայի հետ այլ ուղղվածության հարաբերություններում: Երկրորդը` կարող է հրաժարվել ամեն մի մասնակցությունից՝ սկսած Կիեւին ֆինանսավորել-զինելուց, վերջացրած միջնորդությունից: Ու հաշվի առնելով, որ առանց ԱՄՆ-ի Եվրոպան պարզապես ի զորու չէ բավարարել Կիեւի պահանջները, ենթադրելի է, որ պատերազմի ամենահավանական հանգուցալուծումն է դառնալու ռուսների շատ ավելի արագ առաջընթացը, նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելը եւ վերջում՝ Ուկրաինայի կապիտուլյացիան: Սա Վաշինգտոնի քիչ ցանկալի տարբերակն է, քանի որ այդ դեպքում Ռուսաստանի հետ ապագա հարաբերություններում ԱՄՆ-ն շատ ավելի թույլ դիրքերից է հանդես գալու: Գումարած, քանի դեռ Եվրոպայում ներկայիս գլոբալիստներն են, որոնցից ամեն անհավանական բան կարելի է սպասել, կա ռիսկ, որ կհասնեն Ռուսաստանի հետ ուղիղ բախման: Իսկ այդ դեպքում ԱՄՆ-ն հայտնվելու է բավականին բարդ հարցի առաջ՝ ինչպե՞ս վարվել:
Կարճ ասած՝ «Ռուսաստանի հետ ռազմավարական զինադադար» հասկացությունը Վաշինգտոնի համար ներկա փուլում ունի արագորեն եւ Կիեւի վրա ցանկացած ճնշումներով պատերազմը կանգնեցնելը, եւ, բնական է, որ դա հնարավոր է անել բացառապես Ուկարինայի հաշվին: Հաջորդը Ռուսաստանի հետ բիզնես-հարաբերությունների կառտուցումն է, որը Մոսկվային հետ կպահի ԱՄՆ-ի հետ հետագա սրացումների գնալու ցանկությունից:
Բայց նաեւ, Ռուսաստանը միանգամայն հստակ շահեր ունի Մերձավոր Արեւելքում եւս, եւ հանուն «ռազմավարական զինադադարի», ԱՄՆ-ն այս ուղղությամբ եւս պետք է իրավիճակը բերի բալանսավորված վիճակի: Եվ սրանում հիմնական պարամետրը ձեռքերը Իրանից հետ քաշելն է: Ասենք, առաջ ընկնելով նշենք, որ սա նաեւ Փաշինյանի եւ Ալիեւի համար է լուրջ ազդակ:
ԱՄՆ-Ի ՌԵԶԵՐՎՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ
Այն, որ Վաշինգտոնի համար «Ռուսաստանի հետ ռազմավարական զինադադարը» այդքան կարեւորվում է, իհարկե, լավ օրից չի գալիս: Դա, խոշոր հաշվով, հուշում է, որ ԱՄՆ-ի ռեզերվները չեն բավարարում միաժամանակ բոլոր տարածաշրջաններում «հարձակման» համար: Նախապատվելի ուղղությունը, կրկնենք, «Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն» է, որը «դառնում է ԱՄՆ-ի հիմնական շահերի գոտին»: Այն է` պետք է բոլոր ռեսուրսներն այնտեղ տեղափոխի: Սա եւս հիմնավոր պատճառ է ուկրաինական եւ մերձավորարեւելյան ուղղություններում Մոսկվայի հետ կայուն չեզոքություն հաստատելու համար:
Թե ինչու է ԱՄՆ-ի համար հիմնական դարձել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, իր հերթին է հասկանալի: Նախ, ընդգծենք, խոսքն այստեղ միայն Չինաստանի մասին չէ, այլ` ողջ տարածաշրջանի: Այս տարածաշրջանն աչքի առաջ դառնում է համաշխարհային տնտեսության առաջատար՝ երբեմնի առաջատար Եվրոպային մղելով երկրորդ-երրորդական պլան (Եվրոպան համաշխարհային ՀՆԱ-ում՝ 1990 թվականի 25% մասնաբաժնի փոխարեն այսօր ունի մոտ 14%, այն էլ՝ վերազգային կարգավորումների շնորհիվ): Թե ինչու եւ ինչպես, պատճառները շատ երկար եւ խորքային են, թողնենք մի կողմը՝ ընդամենը փաստն արձանագրելով: Արդյունքում, Եվրոպան ոչ միայն աստիճանաբար կորցրեց ԱՄՆ-ի համար շահավետությունը, այն դարձել է վնասաբեր. այն հսկայական ծախսերը, որոնք ԱՄՆ-ն իրականացնում է Եվրոպայի անվտանգության համար, կարող է շատ ավելի շահավետ ուղղություններում ներդնել, այդ թվում, ռեսուրսային բազան մինչեւ վերջ հյուծած Եվրոպայի փոխարեն հսկայական ռեսուրսների տիրապետող Ռուսաստանի հետ համագործակցության: Այլապես արդեն շատ մոտ է պահը, որ տնտեսապես Չինաստանից, էլ չասած՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան ողջ տարածաշրջանից արագորեն հետ մնացող ԱՄՆ-ն կկորցնի իր բոլոր լիդերային ֆունկցիաները՝ հասկանալի հետեւանքներով հանդերձ: Եվ հենց դա էլ ստիպում է արագացնել դեպի այդ ուղղություն տեղաշարժը:
ԻՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՆ
Առանց ԱՄՆ-ի լիակատար աջակցության, հասկանալի է, Եվրոպան չի կարող շարունակել գաղութային քաղաքականության սկզբունքը եւ տեխնոլոգիական առավելությունը, որը հնարավորություն է տալիս, չունենալով ռեսուրսներ, ճոխ ապրել աշխարհի հաշվին:
Ու տնտեսությունն ամենեւին էլ միակ խնդիրը չէ: Ներկայումս բազում հեղինակավոր աղբյուրներ են խոսում Եվրոպայի՝ քաղաքակրթական ոչնչացման սպառնալիքի մասին: Դա բացատրվում է Եվրամիության եւ այլ վերազգային մարմինների գնալով միայն կոռումպացվող գործունեությամբ, պետությունենրի ինքնիշխանության խաթարմամբ, միգրացիոն քաղաքականությամբ, որն արմատապես փոխում է մայրցամաքի դեմքը եւ առաջացնում հակամարտություններ: Իսկ այն արժեքներից, որը դասական իմաստով կոչվում էր եվրոպական, ներկայումս քիչ բան է մնացել: Եվ այն, որ ԱՄՆ-ից արդեն ամենաուղիղ հայտարարություններ են լսվում Եվրամիության հրատապ լուծարման մասին (օրինակ, Իլոն Մասկի վերջին հայտարարությունը), անգամ պետքարտուղարի մակարդակով հայտարարություն եղավ, թե՝ Եվրոպան «հարձակվում է ամերիկյան ժողովրդի վրա», արդեն շատ լուրջ տեսք ունի:
Եթե ներկայիս միտումները շարունակվեն, մայրցամաքը կդառնա անճանաչելի 20 տարի հետո կամ նույնիսկ ավելի շուտ: Կկարողանա՞ Եվրոպան ինքնակազմակերպվել եւ իրավիճակը փոխել, դա արդեն ապագայի հարց է: Այս պահին փաստը սա է՝ ԱՄՆ-ի համար Եվրոպան կորցնում է իր առաջնային նշանակությունը: Եվ այդ մասին ամերիկյան ռազմավարությունն ասում է ամենաուղիղ ձեւով. «Եվրոպական մայրցամաքը կարող է չափազանց թույլ դառնալ ԱՄՆ-ի «հուսալի դաշնակիցը» մնալու համար»:
Կարճ ասած, եվրոպացիները ատիպված են լինելու «գոտիները ձգել», եւ այն, որ օրերս Մակրոնը եւ Մերցը վազել էին Չինաստան՝ Պեկինին իրենց կողմը գրավելու համար, հասկանալի ռեակցիա է: Միայն թե, Պեկինից վերադառնալով, Մակրոնը Չինաստանին սկսեց սպառնալ պատժամիջոցներով: Ծիծաղելի է հնչում, բայց դա նշանակում է, որ արդյունքի հասնել չի կարողացել:
Դա ազդակ է, որ Պեկինը ձեռնպահ է մնում ԱՄՆ-ի հետ ուղիղ բախման գնալ, եւ դա, թերեւս, փոխադարձ է: Սուր մրցակցություն, իհարկե, սպասելի է, բայց նաեւ ստիպված են լինելու ռազմավարական պայմանավորվածություններ ձեռք բերել «Երրորդ աշխարհամարտի» չհասնելու համար: Ասինքն, Վաշինգտոնի համար Մոսկվան եւս մեկ էական կարեւորություն է ձեռք բերում` միջնորդ Պեկինի հետ անխուսափելի դարձող բանակցություններում:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այսպիսով, ԱՄՆ-ի նորացված ազգային անվտանգության ռազմավարությունը կարելի է համարել Զելենսկուն ուղղված վերջին «սեւ նշանը»: Չնայած, կրկնենք, եթե այդ ռազմավարության մեջ ներառվում է նաեւ դրույթ, որ « Մերձավոր Արեւելքն ԱՄՆ-ի համար այլեւս գերիշխող ուղղություն չէ», այդ մեսիջը, կրկնենք, վերաբերում է նաեւ Փաշինյանին, Ալիեւին եւ այդպես շարունակ: Խաղի նախկին պայմանները նրանց համար հրապուրիչ էին դարձնում եվրոպական ուղղությունը, որն ԱՄՆ-ի պաշտպանության տակ էր: Ու հիմա, երբ ԱՄՆ-ն անգամ Մերձավոր Արեւելքն առաջնային չի համարում, նաեւ վերցնում է Եվրոպայի վրայից պաշտպանությունը՝ գնալով «Ռուսաստանի հետ ռազմավարական զինադադարի», ապա դժվար չէ տեսնել, թե ինչ հնարավոր աշխարհաքաղաքական ֆոն է առաջնային պլան գալիս մեր տարածաշրջանում՝ ուկրաինական պատերազմի ավարտից հետո: Զելենսկու ճակատագիրը դարձել է հասկանալի՝ նա, շատ մեծ հավանականությամբ, կզբաղեցնի Սահակաշվիլու «կողքի խուցը»: Իսկ Նիկոլը` դեռ կտեսնենք: