ԱԺ ամբիոնից մեղադրում էր Կճոյանին Բենթլի ունենալու մեջ, Գյումրիում չոքել էր դեմը. Համբարյան
ՆերքաղաքականԳյումրու Յոթ վերք եկեղեցում դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ մասնակցեց արարողության, որը պատարագ անվանելը, թերեւս մեղք է: Քաղաքացիների դժգոհության եւ ստեղծված իրավիճակի մասին «Իրավունք»-ը զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:
— Բոլորս ականատես եղանք նրան, որ գյումրեցին ինչպես կարողացավ, փորձեց դիմակայել: Մեկը՝ նիկոլական եպիսկոպոսներին քշելով Գյումրիից, մյուսը՝ եկեղեցու ներսում Վեհափառի ու թեմի առաջնորդի անունը հնչեցնելով: Կարո՞ղ ենք ասել, որ հակաեկեղեցական «շրջիկ կրկեսը» գոնե հայրաքաղաքում տապալվեց:
— Ասեմ, որ նա ոչ թե տապալվել է այդ «շրջիկ կրկեսը» բերելով, այլ տապալվել էր ի սկզբանե, քանի որ մինչ հիմա Նիկոլ Անհողը կազմակերպում էր «պատարագներ» գոնե տեղի քահանաների կողմից: Սակայն, միայն այն հանգամանքը, որ Նիկոլի թիմակիցները, հատկապես՝ Արայիկ Հարությունյանի թիմակիցները, ովքեր Գյումրիում զբաղված էին Նիկոլի համար «պատարագ» կազմակերպելով՝ չկարողացան դա կազմակերպել հենց այն նույն ֆորմատով, որի մասին Նիկոլն օրեր առաջ հայտարարում էր իր ճեպազրույցի ժամանակ: Նա ասում էր, որ ինքը գնում է այն տեղերը, որտեղ համաձայնվում են իր նախապայմանի հետ, եւ այդ նախապայմանը այն է, որ պետք է չհնչի կաթողիկոսի անունը, պատարագի ժամանակ պետք է զեղչվի: Գյումրու պարագայում այդպիսի բան տեղի չունեցավ: 29 հոգեւորականից, ովքեր իրենց հոգեւոր ծառայություն են մատուցում Շիրակի թեմի հովանու ներքո, ոչ ոք չհամաձայնեց զեղչել կաթողիկոսի անունը: Սրանով Նիկոլը պարտվեց:
Իր պարտությունը չընդունելով, լկտիաբար, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ուժային կառույցներին հրահրեց եկեղեցու դեմ, որպեսզի իր համար, իր բերովի եւ իր ցանկությունները կատարող, վարկաբեկված որոշ հոգեւորականներ գան ու Գյումրիում իր համար «պատարագ» մատուցեն: Դա արդեն ոչ թե ծիծաղելի է, այլ ողբերգություն է: Այդ մարդը ոչ իր կշիռը գիտի, ոչ էլ երկիրն է հարգում: Լավ, ինքը տեսնում էր, որ մերժվում էր Շիրակի թեմում, ի՞նչ իմաստ կար` գալ ու դառնալ ծաղր ու ծանակի առարկա: Ամբողջ Գյումրին ծաղրում է: Ինչ ասես, ասում են՝ էլ շապիտո, էլ շրջիկ կրկես, էլ Նիկոլի վկաներ եւ այլն: Այսինքն, Նիկոլը ոչ թե պարտվեց, որ այդ շրջիկ թափառախմբին բերեց այստեղ՝ «պատարագ» մատուցելու, այլ նա պարտվեց ի սկզբանե: Չգիտեմ՝ իրեն ով էր համոզել, որ նա կարող էր Գյումրիում հոգեւորականի գտնել, ով իր ցանկությունները կկատարի, բայց նա շատ կոպիտ սխալվեց իր հաշվարկներում եւ փորձեց նաեւ իր մաղձը թափել գյումրեցիների նկատմամբ:
Նախ սկսենք նրանից, թե ինչ օր էր ընտրվել պատարագի համար՝ դեկտեմբերի 7, երկրաշարժի 37-րդ տարելիցը: Մենք շատ լավ հիշում ենք ու շատ ենք տխրում այդ օրը: Նա բացարձակ չի հարգում գյումրեցու ողբերգությունը՝ արդեն որերորդ անգամն է դա ցույց է տալիս: Սա առաջին դեպքը չէ: Նա ուղղակիորեն արհամարհած ունի գյումրեցիների կարծիքը: Օրինակ, Գյումրին տոնում էր իր քաղաքի օրը, չի շնորհավորում, Գյումրիում երկրաշարժի 37-րդ տարելիցն է, նա իր թափառաշրջիկներին բերում է «պատարագի»:
— Գյումրու քաղաքապետը կալանավորված է, հոգեւոր առաջնորդը՝ նույնպես, բայց գյումրեցիներին չկարողացան կոտրել, ինչո՞ւ որոշ այլ թեմերում այդքան հեշտ ընկրկեցին:
— Դրան չեմ կարող պատասխանել: Այդ հարցերին պետք է պատասխանեն այդ թեմերի հոգեւորականները: Ես կարող եմ միայն ասել, որ մեր հոգեւորականները, ի տարբերություն որոշ թեմերի հոգեւորականների, իրենց բարձունքի վրա մնացին:
— Փաշինյանը հայտարարում է, որ հարկավոր է եկեղեցում հնչի Հայաստանի հիմնը եւ տեղադրվի Եռագույն դրոշը: Սրան ի՞նչ կասեք:
— Այս մարդն իր անգրագիտությունը շարունակում է որպես բրենդ ներկայացնել: Ես չեմ հասկանում, նրա կողքը մասնագետներ, խորհրդատուներ չկա՞ն, որ ասեն՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը եւ Հայ Առաքելական եկեղեցու ձեւավորումը դրանք տարբեր բաներ են: Նա չի հասկանո՞ւմ, որ մեր եկեղեցին չի ձեւավորվել 301 թվականին, այլ այդ թվականին ընդամենը ընդունվել է` որպես պետական կրոն: Հետո, Հայ առաքելական սուրբ եկեղեցին ձեւավորվել է Քրիստոսի երկու առաքյալների՝ Սուրբ Թադեւոսի եւ Բարդուղիմեոսի կողմից, ովքեր Քրիստոսի մահվանից հետո եկել են Հայաստան եւ տարածել են քրիստոնեությունը, որը տեւել է բավական երկար, մոտ 250 տարի: Ուղղակի ապշեցուցիչ է այն, երբ ասում է 301 թվականին ձեւավորվեց Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, քանի որ պետությունն է ձեւավորել: Ի՞նչ պետություն: Երբ Սուրբ Բարդուղիմեոսը եւ Սուրբ Թադեւոսը գործունեություն են ծավալել Հայաստանում, քրիստոնեությունը համարվում էր հերետիկոսական կրոն եւ հետապնդվում էր գործող իշխանությունների կողմից: Ուղղակի ծիծաղելի է, երբ այս մարդը քրիստոնեության ընդունումը, որպես պետական կրոն, փորձում է ներկայացնել, որ եկեղեցին դա պետական կառույց է, բերեք դրոշ դրեք եւ օրհներգը հնչեցրեք: Հայ Առաքելական սուրբ եկեղեցին միայն ՀՀ տարածքում չի գործում, այն գործում է գրեթե բոլոր երկրներում, որտեղ կա հայկական սփյուռք: Նա ի՞նչ է ցանկանում ասել, որ եկեղեցին պետակա՞ն է: Եկեղեցին պետական չէ, այն ՀՀ Սահմանադրությամբ էլ անջատ է պետությունից: Լավ, այդ մարդուն ինչքա՞ն կարելի է բացատրել, որ վերջ տա իր տգիտությանը: Հասկացանք, որ տգետ է, բայց այս աստիճանի մարտնչող տգիտություն դրսեւորելու, զոռբայությամբ առաջ տանելու իմաստը ո՞րն է: Ուղղակի ապշեցուցիչ է:
— Որքան էլ ապշենք, այնուհանդերձ, իրեն հաջողեց մասնատել հավատացյալ ժողովրդին: Ժողովրդի որոշ հատված դեռ գնում է նրա հետեւից…
— Պետք է նշեմ, որ շատերը, ովքեր գնում են իր հետեւից, բացահայտ աղանդավորներ են: Ես դա մասնատում չեմ համարում, համարում եմ՝ ինքնամաքրվել: Այդ կեղտը Նիկոլի շնորհիվ դուրս եկավ ջրի երես: Այդ կեղտը ներսից միշտ թունավորել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն: Ու, այո՛, շատ լավ է, որ Նիկոլն այդ մասսային դուրս է հանում ջրի երես եւ մաքրում է մեր եկեղեցին նրանցից, ովքեր դեմ են Հայ Առաքելական եկեղեցուն: Նման մարդիկ տարրական խելք չունեն՝ հասկանալու, որ եկեղեցին Աստծո տունն է: Այն իրենցը չէ եւ երբեք էլ իրենցը չի եղել: Վերջապես տարրական բաներ կան, որ սրանք պետք է հասկանան: Ես լսում եմ որոշ մարդկանց մտքեր, ովքեր հավաքվել էին Յոթ վերք եկեղեցու դիմաց եւ փորձում էին լրագրողներին ինչ-որ բաներ բացատրել, ապշում էի: Լավ, չգիտեն՝ խոսել, հասկացանք, լռել է՞լ չգիտեն: Նիկոլը մի լավ բան արեց՝ ինչքան մարտնչող տգետ կա, հանեց ջրի երես: Նաեւ պետք է Նիկոլին շնորհակալություն հայտնել, որ Կճոյանի, Սարոյանի, Քարամյանի, Վայոց ձորի թեմի առաջնորդի եւ նմանների դեմքը բացահայտեց: Գիտեք, կան բարոյական նորմեր: Օրինակ, եթե ձեզ վիրավորում են, չեմ կարծում, որ հաջորդ անգամ այդ մարդուն տեսնելուց կսկսեք նրան համբուրել: Նիկոլ Անհողը թե՛ որպես լրագրող, թե՛ վարչապետ իր գործունեության ժամանակ ամենավերջին մեղադրանքներն է հնչեցրել Սամվել (Նավասարդ) Կճոյանի հասցեին: 2007 թվականին գրում էր, թե ինչպես է ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել Կճոյանին՝ զենք կրելու համար: 2021 թվականի հունիսի 12-ին հանրահավաքի ժամանակ Կճոյանին մեղադրում էր հակաքրիստոնեական խոսույթ բանեցնելու մեջ: 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ԱԺ-ի ամբիոնից մեղադրում էր Կճոյանին Բենթլի ունենալու մեջ: Էլ չասեմ օֆշորային սկանդալի մասին: Եվ այսքանից հետո տեսնում ես, որ իրար են համբուրում Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ Գյումրիում չոքել էր Կճոյանի դեմը: Ու սրանցո՞վ է Նիկոլ Անհողը փորձում մաքրել եկեղեցին...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

