Լեգենդար հայրն ու սիրասուն պապը, որ ապրեց հայրենիքի համար․ գեներալ Աստվածատուր Պետրոսյանն այսօր կդառնար 72 տարեկան
ԹեմաԱրցախյան ազատամարտի մասնակից, 1993-2000 թթ.-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, «Արծիվ մահապարտների միության» նախագահ, Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր կդառնար 72 տարեկան: Եռաբլուր պանթեոնում նրա շիրիմին էին այցելել հարազատները, մարտական ընկերները՝ խնկարկելու լեգենդար հայրիկի, բարի պապիկի, հայրենիքի նվիրյալի անունը:
«ՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԶԳԱՑԵԼ, ՈՐ ՀԱՅՐՍ ՊԱՇՏՈՆ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ»
Երեւանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն ՄՈՆԻԿԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ «Իրավունք»-ի հետ զրույցում հիշելով հայրիկին՝ ասաց, որ նա փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ:
— Տանը երբեք չեմ զգացել, որ հայրս պաշտոն է զբաղեցնում: 12 տարեկան էի, երբ առաջին անգամ գնացի Սիրիա, հետո՝ Բեյրութ, այնտեղ մեզ հայ ընտանիքներ էին պահում: Եվ մի օր ատամնաբույժ դոկտոր Չորբաթյանը հարցրեց՝ հայրիկդ ի՞նչ է աշխատում, ասացի՝ զինվոր: Ու երբ առաջին անգամ տարա նրան պաշտպանության նախարարություն, մենք գնացինք հայրիկի աշխատասենյակ եւ միայն այդ ժամանակ տեսավ, որ հայրս գենարալի ուսադիրներով է: Զարմացած էր դոկտոր Չորբաթյանը: Հայրս, իսկապես, իրեն հասարակ էր պահում: Իհարկե, միեւնույն ժամանակ, խստապահանջ էր, մեր նկատմամբ խստապահանջ է եղել միայն սովորելու առումով: Ինքն ավելի շատ զբաղվել է մեր կրթությամբ, թեպետ իր բացը շատ է եղել մեր կյանքում, քանի որ հաճախ չի եղել մեր կողքին: Մի օր նույնիսկ իմ ջերմությունը բարձրացել է, երբ 15 տարեկան էի, հայրս այդ ժամանակ եղել է Օմարի լեռնանցքում: Վազգեն Սարգսյանը հայրիկիս կապով ասել է, որ պետք է շուտ հասնի, հայրս վերադարձել է տուն եւ իմ ջերմությունը միանգամից իջել է: Չափազանց կապված եմ եղել նրա հետ:
— Ի դեպ, գեներալը բացի իր ողջ կյանքը ռազմական արվեստին նվիրելուց՝ նաեւ ստեղծագործում էր: Ի՞նչ կասեք այս մասին:
— Բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է՝ Երկրապահ կամավորականների քայլլերգից սկսած՝ մինչեւ փրկարարների մասին գրված երգի խոսքեր: Նա նույնիսկ գրքույկ ունի հրապարակված, որտեղ իր ստեղծագործուններն են: Մի օր, իհարկե, այդ երգերն ամբողջովին պետք է իմի բերեմ եւ միջոցառում անեմ՝ նվիրված նրան: Հետաքրքիրն այն էր, որ հայրս ցանկություն ուներ, որպեսզի ես երգչուհի դառնամ: Բայց այնպես ստացվեց, որ ընտանիք կազմեցի եւ չշարունակեցի:
«ՉԴԻՄԱՑԱՎ ՔՐՈՋ ՈՐԴՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԿՈՐՍՏԻՆ»
— Փաստորեն, զավակներից ոչ մեկը ռազմական ուղին չընտրե՞ց, իսկ թոռներից որեւէ մեկը գնա՞ց պապիկի ճանապարհով:
— Եղբայրներիցս փոխգնդապետ Վարդան Պետրոսյանը, նույնպես զինվորական է եւ հավուր պատշաճի ծառայել է հայրենիքին: Հայրս շատ էր սիրում ֆուտբոլ, միշտ երազել է ֆուտբոլիստ դառնալ, եւ մյուս եղբայրս էլ՝ Սիփան Պետրոսյանը, ֆուտբոլիստ դարձավ, հիմա բավականին մեծ առաջընթաց ունի Չինաստանում: Թոռնիկներից մեծը 17 տարեկան է, միջնեկը՝ 14 տարեկան: Աղջիկները տարբեր մասնագիտություններ են ընտրել՝ մեկն իրավաբանություն, մյուսը՝ լեզուներ: Հայրս հպարտանում էր իր թոռնիկներով, շատ էր սիրում, շատ կապված էր նրանց հետ: Բոլորի կյանքում նա եղել է, կա ու կլինի:
— Գեներալն իր մահկանացուն կնքեց շատ ծանր շրջանում՝ Շուշիի հանձնումից ուղիղ 15 օր անց: Ի՞նչ էր ասում իր կյանքի վերջին օրերին, ինչպիսի՞ ապրումներ ուներ:
— Մեր ընտանիքում իսկապես շատ ծանր շրջան էր: Երբ նոյեմբերի 9-ին Շուշիի հանձնման գույժը լսեց, արդեն հիվանդանոցում էր հայրս: Լինելով շատ վատառողջ՝ նա անգամ կանչել էր իր տղաներին, թե՝ եկեք, մենք պետք է մի բան անենք, գնանք Շուշին նորից ազատագրենք: Նա այդ ժամանակ միայն թթվածնով էր շնչում, քովիդի շրջանն էր, ոչ ոք իրավունք չուներ լինել իր կողքին: Բայց քանի որ ես քովիդ տարել էի, բժիշկն էլ մտերիմ էր մեզ, ինձ թույլ էր տալիս, որ ես անպայման լինեմ իր կողքին, որովհետեւ չէր ենթարկվում ոչ մեկին: Պատկերացրեք, այդքան ծանր վիճակում, թթվածինը ձեռքին ասում էր՝ պետք է գնամ, հետ բերեմ… Իր մոտ ամեն ինչ գնում էր դեպի լավը, բայց նոյեմբերի 9-ից հետո՝ վիճակը շատ ավելի վատթարացավ: Մենք հետո տուն բերեցինք նրան, չէր ուզում հեռուստացույց նայել, չէր ուզում ոչ մի լուր լսել, մենք աշխատում էինք դրա մասին չխոսել, որովհետեւ նա իր ողջ կյանքը դրել էր Արցախի ազատագրման համար, հետո էլ իր քրոջ տղան իր կյանքը նվիրեց Արցախին: Կարծես, մեր ընտանիքի ողջ կյանքն ամբողջովին կապված է Արցախի հետ՝ առաջին ազատագրական շարժումից մինչեւ արցախյան 44 օրյա պատերազմ: Արցախի կորուստը մեր համար զավակին կորցնելու նման մի բան էր: Պատկերացրեք, թե ինչ ահավոր է, երբ ողջ կյանքդ նվիրում ես Արցախի ազատագրմանը, հետո քրոջդ որդին է նվիրում եւ հետո տեղի ունենում այն, ինչ տեղի ունեցավ: Ահավոր էր, նա չդիմացավ քրոջ որդու՝ ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի եւ Արցախի կորստին:
— Եթե այսօր ունենայիք հնարավորություն՝ Ձեր հայրիկի ծննդյան օրը շնորհավորելու, ի՞նչ կցանկանայիք ասել գեներալին:
— Ուղղակի կասեի, որ ինքն արել է իր հայրենիքի համար ամեն ինչ: Իր համար կյանքում առաջնայինը հայրենիքն էր, եւ ես հպարտ եմ դրա համար: Իհարկե, փոքր ժամանակ մի օր ասացի՝ ես չեմ սիրում Ղարաբաղը, ուզում եմ մնաս, ինձ մոտ լինես եւ ստացա իմ առաջին եւ վերջին ապտակը նրանից: Բայց ես հիմա չեմ ափսոսում, որ ինքն իր կյանքը դրել է հայրենիքի համար: Եվ եթե նա երկրորդ անգամ էլ ծնվեր, կուզենայի որ հենց այդպես լիներ: Հպարտ եմ, որ նա է իմ հայրը՝ մարդ, որը ապրել է հայրենիքի համար, արարել է եւ պատմություն է կերտել: Շնորհավոր ծնունդդ:
«ԱՅՆ, ԻՆՉ ՀԻՇԵՑՐԵՑ ՊԱՊԻԿՍ, ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԵՂԱՎ»
Գեներալ Պետրոսյանի ավագ թոռնիկը՝ ԼԱՈՒՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էլ պատմեց, որ նա շուրջ մեկ տարի ապրել է պապիկի ու տատիկի մոտ, միշտ նրանց հետ է եղել ու լացել է, երբ իրենց մոտից տարել են իրեն:
— Պապիկն անգամ իր սպայական միջոցառումներին է ինձ տարել, երբ դեռ մեկ-երկու տարեկան եմ եղել: Հիշում եմ, որ ամեն ծննդյանս օրը նա սիրում էր «Բրաբիոն» ծաղկի սրահից ունիկալ ծաղկեփունջ ընտրել, անպայման գեղեցիկ երկտող գրել ու ուղարկել: Արցախյան վերջին պատերազմի ժամանակ նա ինձ իր հետ տարել էր «Կարմիր խաչ», որ թարգմանեմ ինչ-որ պատվիրակության ներկայացուցչի, որն անգլիացի էր: Ու ես հենց իր մահվանից առաջ իմ մասնագիտությունը փոխեցի: Փոքր ժամանակ իր մարտական ընկերներից հարցազրույց էի վերցնում, եւ պապիկս ինձ հիշեցրեց, որ ես ամբողջ կյանքում սիրել եմ դա: Շատ շրջադարձային եղավ սա իմ կյանքում, ու ես որոշեցի փոխել մասնագիտությունս եւ ընդունվեցին ժուռնալիստիկայի ֆակուլտետ, կարծես, իմ տեղը գտա այս կյանքում:
— Իսկ ինչպե՞ս էր վերաբերում գեներալ Պետրոսյանն ընտանեկան հավաքույթներին, ծննդյան տարեդարձներին:
— Սիրում էր ընտանեկան տոներ նշել: Այս պահին հիշեցի իր ամենավերջին ծնունդը, երբ բոլոր թոռնիկներն իր շուրջն էին, անգամ տեսանյութ կա: Տանը հավաքվել էինք բոլորով: Ուրախ-ուրախ տորթ էր փչում:
— Եթե այսօր կրկին հնարավորություն ունենայիք Ձեր պապիկի տարեդարձը շնորհավորելու, ի՞նչ կասեիք նրան:
— Երեւի թե, կասեի այն, ինչ չեմ ասել՝ շատ հպարտանում եմ, որ իմ պատմությունը հենց նրանով է սկսվել եւ իր թոռնիկն եմ ես, որովհետեւ ավելի հատուկ մարդու թոռնիկ չէի կարող լինել: Իր գենետիկան, իր պատմությունն ամբողջ կյանքիս վրա մեծ ազդեցություն է թողել, իմ ինքնությունն իրենից է սկսվում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

