ՆԻԿՈԼԸ ՆՈՐԻՑ «ՃԻՇՏ ԷՐ». 5000 ԶԻՆՎՈՐԻ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՉԿՈՐՑՆԵԼ
ՄիջազգայինԻհարկե, քիչ սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը կբացահայտի Մինսկի խմբի (ՄԽ) առաջարկների մասին փաստաթղթերը, բայց դա փաստ է: Ուրեմն, ի՞նչ տվեց այդ փաստաթղթերի հրապարակումը:
«ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ» ՀԱՆՐԱՀԱՅՏԸ
Խոշոր հաշվով, նոր բան չկար. «բացահայտվեց» այն, ինչի մասին խոսել ենք 2018թ.-ից սկսած: Ավելի ճիշտ, դեռ 2016թ.-ի վերջերին էր հասկանալի, թե ինչ նոր մեխանիզմ են առաջ քաշում ՄԽ համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Սակայն քառօրյա պատերազմի պատճառով այդ ժամանակ բանակցային գործընթացը մի որոշ ժամանակ առհասարակ կանգնեց, ապա՝ ընտրությունների փուլ էր: Դրան էլ հաջորդեց նիկոլական հեղաշրջումը, հետո նորից ընտրություններ… Այսինքն, որ ՄԽ առաջարկի վերջնական տարբերակը թվագրված էր 2019թ.-ով, պատահական չէր: Ու այդ պահից արդեն միանշանակ էր, թե ինչի մասին է խոսքը՝ այսպես կոչված 5+2 սխեմայի, որի մասին բազմիցս է խոսվել: Փաստաթղթերի հրապարակումը պարզապես եկավ վերջնականապես ապացուցելու, որ իրականում այդ բոլոր խոսակցություններն համապատասխանում էին իրականությանը, եւ դրա հիմնական նշանակությունը հենց այդ փաստն է: Այսինքն, երբ ժամանակին Նիկոլն ասում էր, որ կարող էինք 5000 զինվոր չկորցնել, հիմա ապացուցվում է, որ նա շատ էլ ճիշտ էր ասում. կարող էինք չկորցնել, բայց կորցրինք:
Հաջորդը. թեեւ ներկայացված չէ փաստաթուղթ, թե Հայաստանը պաշտոնապես ինչպես է պատասխանել այդ առաջարկին կամ առհասարակ պատասխանե՞լ է, սակայն դրա կարիքն էլ չկա. այն, որ իրադարձությունները հասցրին 2020թ.-ի 44-օրյա պատերազմին, արդեն իսկ հուշում են, որ պատասխանը կա´մ բացասական էր, կա´մ չի եղել, որը նույն բանն է: Ընդ որում, կարելի է նաեւ հիշեցնել այդ փուլում Լավրովի մի շարք հայաստանյան այցերը, որոնց ժամանակ, ինչպես այդ փուլում քանիցս նշելու առիթներ ունեցել ենք, նա փորձում էր հիմնավորել, որ դա լավագույն տարբերակ է լինելու: Ավելին, Ալիեւը, թեեւ հիմա հասկանալի պատճառներով հակառակն է պնդում, բայց այն ժամանակ քանիցս հրապարակավ կողմ արտահայտվեց այդ նախագծին՝ դրանով մերժման պատասխանատվությունը դնելով հենց Հայաստանի վրա: Արդյունքը պատերազմն էր, որի անխուսափելիությունը տեսանելի դարձավ արդեն 2020թ. կեսերից, երբ նաեւ Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների ստեփանակերտյան հայտնի նիստում դրական որոշում չկայացվեց:
Իհարկե` տարօրինակ է, որ, օրինակ, Փաշինյանի այն ժամանակներում մերձավոր զինակից Էդմոն Մարուքյանը հիմա խոսում է, թե՝ 2019 թվականին ներկայացված պլանի մասին ոչ ոք իրազեկված չի եղել. Նման խոսակցությունները սովորական կեղծիքներ են, այդ մասին բոլորը գիտեին: Կամ վերջերս Ռուբինյանն էր ասում՝ «Ուղիղ հերքում եմ այն պնդումը, որն ընդդիմությունն է հնչեցնում, թե իբր 2019-ին եղել է որեւէ նոր առաջարկ ԼՂ հարցով եւ առավել եւս, թե մենք այդ նոր առաջարկին ասել ենք «ոչ»»: Դե հիմա էլ թող հերքի…
ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ
Իհարկե, Նիկոլը հիմա էլ կշարունակի արդարանալ, թե ինչու է մերժել այդ առաջարկը: Օրինակ, նման մտքեր է հնչեցնում. «Եթե կար տարբերակ՝ լուծելու Ղարաբաղի հարցը այնպես, որ Լեռնային Ղարաբաղը մնա հայկական, ապա թող ձեր ղեկավարները որոշեին նախորդ ժամանակաշրջաններում»: Բայց եթե առաջարկը պաշտոնապես ներկայացվել է 2019թ.-ին, ո՞վ պետք է «լուծեր». նախորդներն ի՞նչ կապ ունեն դրա հետ: Ապա Նիկոլը շարունակում է. «Վերլուծվել է Լեռնային Ղարաբաղի բանակցային փաթեթը, եւ ես եզրակացրել եմ, որ խոսքը ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մասին է, այլ այն մասին, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը գոյություն կունենա, թե՝ ոչ։ Մենք ընտրել ենք այն տարբերակը, որով Հայաստանի Հանրապետությունը գոյություն կունենա… Հարցն այն էր, թե ում գրպանում պետք է լինի Հայաստանը։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը ոչ մեկի գրպանում չէ»: Լո՞ւրջ: Չնայած` ճիշտ է ասում, Հայաստանն իրոք այսօր ոչ մեկի «գրպանում» չէ, այլ պարզապես մի կողմ շպրտված վիճակի է հասել, որին ով ուզենա, երբ ուզենա եւ ինչպես ուզենա, կհրամայի:
ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐ ՊԼՅՈՒՍ ԲԱՔՈՒ
Իրականում, կրկնենք, հիմա արդեն միայն պատմական հետաքրքրություն է ներկայացնում, թե ինչ էր առաջարկում արդեն լուծարված ՄԽ-ն, ով եւ ինչու դա մերժեց. այս ամենը վաղուց էր պարզ: Այդ թվում հիմնական իմաստը. տվյալ փաստաթղթով Ռուսաստանը զորքեր էր տեղակայելու շփման գծով մեկ, որն ավարտում էր Հարավային Կովկասի համար պայքարն Արեւմուտքի դեմ: Արեւմուտքն էլ իրականացրեց նման մի օպերացիա, եւ ունենք այն, ինչ ունենք այս պահին: Իրականում խնդիրն այս պահին մի փոքր այլ է: Այդ դիմակայությունն ավարտված չէ, այլ գործընթացներն Արցախից տեղափոխվել, հասել են Սյունիք: Այսինքն, այս պահի հիմնական խնդիրն այն է, թե ի՞նչ կարող է անել Հայաստանը, հաշվի առնելով, որ նույն Նիկոլը դեռ նստած է աթոռին:
Ընդ որում, վերջին շաբաթների իրադարձությունները գալիս են հուշելու, որ խաղը, որը դեռ այն ժամանակներից էին ծավալել գլոբալիստները, ներկա պահին, հաշվի առնելով նաեւ Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը (որին դեռ կհասնենք), զարգանում է նոր մասշտաբներով: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանն արդեն Եվրոպային է հրավիրում՝ մասնակցել «Թրամփի ուղու» նախագծում: Նույն Եվրոպան առանց թաքցնելու հայտարարում է, որ այդ հարցով բանակցում է ընդհուպ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. այ, սա է Նիկոլի քարոզած «անկախ Հայաստանը», Ադրբեջանի ու Թուրքիայի հետ են բանակցում մեր երկրի տարածքով անցնող ճանապարհների մասին:
Ոչ պակաս ակնառու օրինակ է, թե ինչպես է Եվրոպական դիվանագիտության ղեկավար, աշխարհով մեկ «հիմա աղջնակի» համարում ձեռք բերած Կալասը կոչ անում Հայաստանին՝ միանալ ԵՄ-ին եւ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. «Աշխարհակարգը ակնհայտորեն փոխվում է, եւ այդ պատճառով մեր գործընկերների ընդհանուր արտաքին եւ պաշտպանական քաղաքականության ռազմավարական համաձայնեցվածությունը կարեւոր է: Կարեւոր է հասկանալ, թե ում կողմից եք դուք… »: Ու երեւի նաեւ հասկանալով, թե հակառուսական պատժամիջոցներին միանալն ինչ կործանարար հետեւանքներ է խոստանում Հայաստանին, Կալասը փորձում է Նիկոլի «վախը բռնել», թե. «Ռուսաստանը եւ դրա հետ կապված կազմակերպությունները արդեն իսկ ակտիվացնում են ապատեղեկատվական արշավները Հայաստանում՝ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերի գործունեությունը Մոլդովայում. սցենարը ամբողջությամբ կրկնվում է: ԵՄ ֆինանսավորումը նույնպես կօգտագործվի արտաքին միջամտությունը բացահայտելու, վերլուծելու եւ հակազդելու համար»:
Այսինքն, որ Կալասի խելքի բանը չէ նման թեմաներից խոսելը, եւ հիմա ներկայացնում է գլոբալիստական սպասելիքները Նիկոլից, դա երեւի հասկանալի է: Պահանջը սա է՝ պետք է ոչ թե շարունակել հին խաղը, երբ փորձում էր գոյություն պահել երկու-երեք «աթոռի վրա» խաղալով, այլ պարտադրում են հստակ պատասխան՝ «ում կողմից եք դուք»: Միայն թե Նիկոլն էլ երեւի հասկանում է, որ այն, ինչի մասին խոսում է Կալասը, դեմ է ոչ թե միայն Մոսկվային, այլ նաեւ՝ թրամփյան Վաշինգտոնին: Էլ չասած, որ հարց է, թե ինչ խաղի մեջ է գլոբալիստներին «Թրամփի միջանցք» հրավիրող Բաքուն, ինչ խաղ է իր հերթին փորձում զարգացնել Անկարան…
Այս ամենին անդրադառնալու առիթներ ունեցել ենք եւ դեռ կունենանք: Այս պահին պարզապես ֆիքսենք, որ Նիկոլի վրա բազմակողմ ճնշումները գնալով միայն սրվում են, որը 2019թ.-ի առաջարկներին ընդառաջ չգնալու ուղիղ եւ շարունակվող հետեւանք է:
Չնայած, թե վերջնարդյունքում ինչ կոնֆիգուրացիա է ստեղծվելու, դա արդեն հաստատ Նիկոլից, ասենք նաեւ Ալիեւից կախված չէ:
Տես նաեւ https://t.me/iravunk/61728