Վատիկանը նորի՞ց է «նեղ պահին» աչքը տնկել հայ եկեղեցու վրա
ՎերլուծությունԱյն, որ Հռոմի պապ Լեւոն XIV-ն իր առաջին պաշտոնական այցը կատարեց Թուրքիա, իհարկե, բազում հարցերի տեղիք տվեց: Դա, իհարկե, պատահական լինել չէր կարող, հաշվի առնելով, որ Պապը, իհարկե, ոչ միայն կրոնական, այլ՝ աշխարհաքաղաքական առաջնորդ է:
ԿԱՇԽԱՏԻ ՎԱՏԻԿԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԴԱՇԻՆՔԸ
Ուրեմն, ի՞նչ էր Պապին այդքան շտապ պետք Թուրքիայում: Մի կողմից, Թուրքիան համարվում է Վատիկանի համար կարեւոր աշխարհաքաղաքական գործընկեր եւ յուրօրինակ միջնորդ իսլամական աշխարհի հետ հարաբերություններում: Թուրքիայի համար էլ Վատիկանը կապի կարեւորագույն օղակ է եվրոպական ուղղությամբ, հատկապես՝ Եվրոպայի ավանդական թեւի: Գումարած, Լեւոն XIV-ը համարվում է Թրամփի հետ սերտ կապեր ունեցող գործիչ, ավելին, որ պապական աթոռին հասավ ԱՄՆ նախագահի ամենաուղղակի աջակցությամբ: Այն է՝ Պապի հետ ներկայիս շփումները Էրդողանի համար ունեն նաեւ Վաշինգտոնի հետ հարաբերությունների ուղղվածության բնույթ: Իսկ դա հենց այս պահին Էրդողանի համար պետք է որ չափազանց կարեւորվի, հաշվի առնելով, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ընդգծված իսրայելամետ ներկայիս քաղաքականությունն գնալով ավելի է ստանում Անկարայի համար վտանգավոր բնույթ:
Այսպիսվ, որ Պապի եւ Էրդողանի հանդիպման շրջանակներում տարածված առնվազն հրապարակային պաշտոնական հայտարարություններն ու գնահատումները հիմնականում աշխարհաքաղաքական ուղղվածության մեջ էին, իհարկե, խոսում է, որ նրանց կուլուարային շփումներում եւս այդ ամենը առանցքային էր: Ամեն դեպքում, Էրդողանն այդ մասին նաեւ ողղակի ակնարկեր հնչեցրեց, օրինակ, որ Հռոմի պապի այցը տեղի է ունենում տարածաշրջանային եւ համաշխարհային լարվածության պայմաններում խիստ կարեւոր պահին: «Ես կարծում եմ, որ Թուրքիայից (Հռոմի պապ Լեւոն XIV-ի հետ) ուղերձները կհասնեն թուրք-իսլամական եւ քրիստոնեական աշխարհներին եւ կամրապնդեն խաղաղության հույսը ամբողջ աշխարհում»,- գեղեցիկ փաթեթավորում տվեց Էրդողանն իր խոսքին:
Ընդ որում, ակնարկը միայն Մերձավոր Արեւելքին չէր վերաբերում, այլ նաեւ ուկրաինական ուղղությանը, հաշվի առնելով Թուրքիայի նախագահի այն միտքը, թե՝ Հռոմի պապի խաղաղության եւ երկխոսության կոչերը չափազանց կարեւոր են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում դիվանագիտական գործընթացի հաջողության համար: Եվ դա բնական է, հաշվի առնելով վերջերս սկսված այն գործընթացը, որը Էրդողանին թերեւս լրջորեն մտահոգում է: Խոսքը թուրքական ափերի մոտ դեպի Ռուսաստան գնացող կամ այնտեղից եկող նավերի վրա հարձակումների մասին է, որի պատասխանատվությունն ուկրաինական կողմը շտապեց վերցնել իր վրա: Թուրքիան, որ սկզբնական պահին լռում էր, երեւի փորձելով իրավիճակից գլուխ հանել, այնուհետեւ սկսեց բավականին նյարդային ռեակցիա ի ցույց դնել: Ըստ Էրդողանի. «Մենք ոչ մի դեպքում չենք կարող ընդունել այս հարձակումները, որոնք սպառնում են նավարկության անվտանգությանը, շրջակա միջավայրին եւ մեր բացառիկ տնտեսական գոտում ապրող մարդկանց։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը հստակ հասել է այն փուլին, երբ սպառնում է Սեւ ծովում նավարկության անվտանգությանը… Մենք անհրաժեշտ նախազգուշացումներ ենք անում շահագրգիռ կողմերին…»: Իսկ ովքե՞ր են այս դեպքում «շահագրգիռ կողմերը»: Ռուսները հաստատ շահագրգիռ չեն, որ իրենց նավերի վրա հարձակումներ լինեն: Ուկրաինայի համար եւս սա լուրջ խնդիր է. անգամ ուկրաինական դեռ խելամիտ աղբյուրներն են պարզ խոսում, որ նման հարձակումներով գործնականում ոչինչ չստանալով, Կիեւը (կամ ուկրաինական իշխանությունների թեւերից մեկը» կարող է հասնել նրան, որ Ռուսաստանը լիակատար ծովային բլոկադա սկսի Սեւ ծովում՝ Ուկրաինա գնացող-եկող նավերի համար: Իսկ դրա «կողմնակի էֆեկտը» կարող է դառնալ Անկարայի հետ Կիեւի հարաբերությունների անկանխատեսելի սրացումը: Չնայած, ուկրաինական աղբյուրները նաեւ հնարավոր են համարում, որ դա կարող է ձախողել ներկայիս խաղաղության բանակցությունները, որն ուղիղ ակնարկ է, որ նավերի վրա ուկրաինական անօդաչու լողամիջոցների թիկունքում պետք է փնտրել հիմնական «շահագրգիռ կողմին»՝ Բրիտանիային: Այսինքն, որ նման գործողություններով բրիտանացիները նաեւ շարունակում են Թուրքիային ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու փորձերը: Կարճ ասած, որ այս թեմայով Էրդողանը Թրամփի մտերիմ Լեւոն պապի հետ քննարկելու լուրջ հարցեր ուներ, դա պարզ է:
Մյուս թեման, որն ընդգծեց Էրդողանը, Մերձավոր Արեւելքն էր: Ու հաշվի առնելով, որ Պապը Թուրքիայից մեկնում էր Լիբանան, դա եւս տրամաբանական տեսք ունի: ««Որպես մարդկության ընտանիք, մեր ամենամեծ պարտքը պաղեստինյան ժողովրդին արդարությունն է: Այս պարտքը մարելու միջոցը երկու պետությունների լուծման իրականացումն է՝ հիմնված 1967 թվականի սահմանների վրա»,- ասաց Էրդողանը՝ հիշեցնելով, որ Գազայում թիրախավորվել են նաեւ քիրստոնեական, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներ:
Պապի արձագանքը եւս հետաքրքիր էր. «Պարոն նախագահ, թող Թուրքիան լինի ժողովուրդների միջեւ կայունության եւ մերձեցման աղբյուր՝ արդար եւ երկարատեւ խաղաղության ծառայության համար։ Այսօր ավելի քան երբեւէ մեզ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կխթանեն երկխոսությունը եւ կկիրառեն այն՝ ամուր կամքով եւ համբերատար վճռականությամբ»: Ինչքանո՞վ այս տեսլականը լսելի կլինի Թրամփի կողմից, դեռ կտեսնենք: Բայց այն, որ Էրդողանի եւ Պապի միջեւ նկատվեցին եթե ոչ դաշնակցային, ապա գոնե սերտ գործընկերային հարաբերությունների ցուցադրական նշաններ, դա ցայտուն էր:
ԴԱ ՈՉ ԹԵ ՈՂՋՈՒՅՆ ԷՐ, ԱՅԼ` ԱՌԱՋԱՐԿ
Բացի գլոբալ հարցերից, Լեւոն պապի այցը Թուրքիա աչքի ընկավ նաեւ Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցում պատարագի մասնակցությամբ եւ աղոթքով, որի ժամանակ եւս ուշագրավ մտքեր լսվեցին: Այդ թվում, Պապը ողջույններ հղեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որը, իհարկե, կարելի է ընկալել` որպես ներհայաստանյան ներկայիս իրավիճակում Վեհափառին ուղղված աջակցություն: Միայն թե այստեղ մեկ տարօրինակ դետալ, այնուամենայնիվ, կա:
Եթե Պապը ցանկանում էր աջակցել Վեհափառին, ապա պետք է նաեւ մատնանշեր, թե ինչի՞ց: Ենթադրվում է, որ նրա նկատմամբ իրականացված ճնշումներից: Բայց եթե իրոք այդպես է, Պապը նաեւ պետք է դա մատնանշեր: Ավելին, որ տեղի է ունենում պետության կողմից Եկեղեցու գործերին կոպիտ միջամտություն, ինչն անթույլատրելի է: Իսկ դա այնպիսի հարց է, որի հետ կապված Հռոմի պապի գնահատումը, թերեւս, պարտադիր պետք է լինի: Այնպես, ինչպես, օրինակ, գնահատում տրվեց Ռուս Ուղղափառ եկեղեցուն՝ մատնանշելով հենց այդ փաստը՝ պետության կողմից Եկեղեցու գործերի միջամտությունը: Իսկ առանց դրա, Հռոմի պապի ողջույնները կարող են միանգամայն այլ երանգներ ունենալ:
Այսպես, բացի ողջունելուց ու Աստծուն գոհունակություն հղելուց՝ «Հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար պատմության ամբողջ ընթացքում, հաճախ՝ ողբերգական պայմաններում», Լեւոն XIV-ը հիշեցրել է, որ Հռոմի պապը հիշեց նաեւ պատմությունը: Այդ թվում, որ Պողոս VI պապի եւ Վազգեն I կաթողիկոսի ստորագրած հռչակագրով՝ «Աստծո շնորհով, մեր եկեղեցիների միջեւ «գթասրտության երկխոսությունը» ծաղկում է ապրել»: Իսկ ապագայի մասով նա այս տեսլականն ունի. «Մենք պետք է ոգեշնչվենք վաղ եկեղեցու փորձից՝ լիակատար հաղորդությունը վերականգնելու համար, որը չի ենթադրում կլանում կամ տիրապետություն, այլ մեր եկեղեցիների կողմից Սուրբ Հոգուց ստացված պարգեւների փոխանակում՝ Հայր Աստծո փառքի եւ Քրիստոսի մարմնի կառուցման համար»:
Բայց ինչո՞ւ հանկարծ Պապը որոշեց խոսել «կլանման կամ տիրապետության» մասին, որի փորձեր Հռոմը Հայոց եկեղեցու նկատմամբ բազմիցս է արել: Նաեւ՝ տեսնես ի՞նչ է հասկանում «Սուրբ Հոգուց ստացված պարգեւների փոխանակման» անվան տակ: Ու հենց այն ժամանակահատվածում, երբ Հայ եկեղեցին ակնհայտորեն իր լավագույն օրերը չի ապրում՝ կապված իշխանական ճնշումների հետ: Ու փոխանակ դրա կանխմանը բացահայտորեն նպաստի, Պապն ընդամենը «պարգեւների փոխանակո՞ւմ» է առաջարկում, թե՝ մենք այլեւս չենք փորձում ձեզ «կլանել կամ տիրապետել»: Ու ի՞նչ, եթե հանկարծ պարզվի, որ այդ «պարգեւների փոխանակումը» «կլանելու կամ տիրապետելու» ինչ-որ ժամանակակից տարբերակ է: Ամեն դեպքում, դրա արդյունքում հաստատ Հայ եկեղեցին (անկախ ներկա հոգեւորականներից) այլեւս չի լինի այն, ինչ կար: Իսկ այդ դեպքում Վեհափառին հղված ողջույններն ավելի նման չե՞ն առաջարկի՝ եկեք «պարգեւներ փոխանակենք», որ աջակցություն լինի: Ամեն դեպքում, երբ Պոնտիֆիկոսը հույս հայտնեց, որ Կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելյան ուղղափառ եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսության միջազգային համատեղ հանձնաժողովը շուտով կվերսկսի իր աշխատանքը, թերեւս ակնարկ էր, որ Գարեգին երկրորդը լավ կանի, որ օրհնի այդ նախաձեռնությունը:
Մյուս կողմից, իհարկե, չպետք է նաեւ մոռանալ այն սերտ կապերի մասին, որն ունի Վատիկանը Բաքվի հետ: Այդ թվում, այն աղմուկ հանած ակնհայտ հակահայկական միջոցառումների մասին, որոնք պարբերաբար Բաքուն կազմակերպում է Վատիկանի տանիքի տակ: Ասենք նաեւ այն մասշտաբային ֆինանսավորման մասին, որը երկար տարիներ «Հեյդար Ալիեւ» հիմնադրամը ցուցաբերում է Վատիկանին: Այս համատեքստում, որ հայկական եկեղեցու դեմ այս արշավները միանգամայն Բաքվի սրտով են, նոր բան չէ: Այդ դեպքում, ինչո՞ւ Ալիեւը չփորձի նաեւ իր կողմից ֆինանսավորվող Վատիկանից օգնություն ստանալ, որ Հայ եկեղեցին իր ավանդական տեսքով վերանա: Պետք է ընդամենը «պարգեւների փոխանակում» սկսել, եւ վերջ:
Թուրքիայի համար էլ լավ. այդ «նորացված» Հայ եկեղեցին երեւի նաեւ Ցեղասպանության մասին կդադարի խոսել: Իսկական Հայաստանի «չորրորդ հանրապետությանը» արժանի գործընթաց:
