ՀԱՊԿ-ից դուրս գալու արհեստածին օրակարգը ոչինչ մեզ չի տալիս. Հարությունյան
ՆերքաղաքականՏեղի ունեցավ ՀԱՊԿ-ի հերթական գագաթաժողովը, որին նորից Հայաստանը չմասնակցեց: Ի՞նչ է դա մեզ տալիս կամ վերցնում: «Իրավունք»-ը զրուցել է 1992-1993 թթ.-ին ՀՀ վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի արդյունավետությանը:
— Նախ հենց ՀԱՊԿ-ը մեծ իմաստով, որքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ, որպես ռազմաքաղաքական կառույց, առանձնապես կայացած չէր: Գիտեք, ես ինքս շուրջ վեց տարի եղել եմ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ արտաքին հարաբերությունների, միջպետական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ բավականին լավ ներսից գիտեմ ՀԱՊԿ-ը: Այն ունի երեք «սուրբ» ռեգիոն՝ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս եւ արեւմտյան ուղղությունը՝ Բելառուս եւ Ռուսաստան։ Իրականում հենց սա է ՀԱՊԿ-ի էությունը: Իհարկե, կենտրոնում միշտ Ռուսաստանն է։ Ամեն մեկն իր խնդիրներն ու ցավերն ունի, եւ իրար նկատմամբ բացարձակապես հետաքրքրություն չկա, ինչպես մեզ չեն հետաքրքրում նրանց խնդիրները: Ինչպես մեզ չեն հետաքրքրում ռուսաստանյան, բելառուսական կամ արեւմտյան հարաբերությունները, այնպես էլ նրանք էլ չեն հետեւում Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական հարաբերություններին:
Եթե նայենք ՀԱՊԿ-ի պայմանագրերը, կհասկանանք, որ ընտրովի իրավական առումով լուրջ երաշխիքներ անդամ պետությունների միջեւ անվտանգության ոլորտում մենք տեսնել չենք կարող. այնտեղ հիմնականում նշվում են ցանկություններ, մտադրություններ կամ հնարավորություններ, բայց ոչ պարտադրանք: Սա շատ էական է:
Օրինակ, վերջերս Թրամփը իր մոտ հրավիրեց Կենտրոնական Ասիայի հինգ ղեկավարներին՝ մեկ հանդիպմամբ վերահսկելու տարածաշրջանի անվտանգային հարցերը: Ռուսաստանյան կողմը դա չի գիտակցում կամ չի կարող գնահատել լրջորեն: Ռուսաստանյան ինստիտուցիոնալ կարողությունները ոչ միշտ բավարար են նման ճգնաժամերի դիմակայելու համար, քանի որ ներկայիս ռազմավարական ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում…
Ռուսաստանի դիրքը ՀԱՊԿ-ի շրջանակներում դժվար է գնահատել որպես արդյունավետ: Փափուկ ուժի կոնցեպտը, որը պետք է ապահովեր անդամ պետությունների միջեւ հարաբերություններն ու ազդեցությունը, հաճախ չկիրառվեց: Այս պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները պետք է թարմացվեն: Անկեղծ զրույցի անհրաժեշտություն կա. եթե հայ-ռուսական հարաբերությունները չթարմացվեն, ապա ոչինչ չի ստացվի: Մենք ռազմավարական գործընկերներ ենք, եւ մեր ազդեցությունը տարածաշրջանում պետք է պահվի՝ պահպանելով հավասարակշռություն եւ իրավունք կառուցել հարաբերություններ երկրորդ ու երրորդ պետությունների հետ, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում:
Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու արհեստածին օրակարգը ոչինչ մեզ չի տալիս: Եթե ՀԱՊԿ-ը կենսունակ չէ, այն ինքն իրեն կհանգեցնի: Մենք պետք է հարաբերություններ կառուցենք բոլոր երկրների հետ՝ ճանաչելով միմյանց շահերը եւ ապահովելով բնական, կենսունակ համագործակցություն: Ռուսաստանյան կողմը մեր թշնամին չէ, եւ մենք պետք է նպաստենք դրան՝ անկեղծ զրուցելով եւ հարգելով ռազմավարական գործընկերության սկզբունքները:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
