Հաջողությունների և հիասթափությունների տարի հայ սամբիստների համար
Սպորտ
2025 թվականը հայ սամբիստների համար բազմաթիվ միջազգային մրցումներով հագեցած տարի էր՝ սկսած Եվրոպայի առաջնությունից և վերջացրած վերջերս Բիշքեկում ավարտված աշխարհի առաջնությամբ։
Ապրիլին Լիմասոլ քաղաքում (Կիպրոսի Հանրապետություն) անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները լավ ներկայացված էին բոլոր տարիքային կարգերում՝ ինչպես մարզական, այնպես էլ մարտական սամբոյում: Նրանք շատ լավ հանդես եկան, Հայաստանի հավաքականը բոլոր տարիքային խմբերում նվաճեց 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե՝ մեդալների հաշվարկով զիջելով միայն Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Բելառուսի հավաքականներին:
Տղամարդկանց մարտական սամբոյի մրցումներում կրկին փայլուն հանդես եկավ Ստեփանակերտում ծնված 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն Արման Ավանեսյանը: Մինչև 98 կգ քաշային կարգում արցախցին նվաճեց ոսկե մեդալ՝ եզրափակչում ժամանակից շուտ հաղթելով խորվաթ Մարինո Դուգանզիչին՝ 9։1 հաշվով: Եզրափակիչ դուրս գալու ճանապարհին նա վստահորեն հաղթեց ուկրաինացի Եվգենի Մակարովին, ապա կիսաեզրափակչում 8։0 հաշվով դարձյալ ժամանակից շուտ հաղթեց 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, խառը մարտարվեստի ռուս չեմպիոն կազանցի Մահոմեդ Հասանովին:
Ավանեսյանի ոսկե մեդալից բացի, Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը մեդալների իր հավաքածուին ավելացրեց ևս չորս բրոնզե մեդալ՝ Համլետ Սուքիասյանի (58 կգ), Մհեր Մերջանյանի (71 կգ), Արթուր Մալխասյանի (79 կգ) և Ավետիք Պողոսյանի (88 կգ):
Սպորտային սամբոյում առանձնացավ միայն Դավիթ Հովսեփյանը՝ 58 կգ քաշային կարգում նվաճելով բրոնզե մեդալ։ Իսկ կանանց մրցումներում մնացինք առանց մրցանակների։
Հաջորդ կարևորագույն մրցումը Աշխարհի գավաթն էր, որն անցկացվեց երկու փուլով՝ հունիսին Երևանում և սեպտեմբերին Դուշանբեում։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակի համար Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվեց «Գազպրոմ Արմենիա»-ի մարզադահլիճում: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 196,000 ԱՄՆ դոլար: Հաղթողները ստացան 3000-ական դոլար, արծաթե մեդալակիրները՝ 2000-ական, բրոնզե մեդալակիրները՝ 1000-ական դոլար:
Մարտական սամբոյում մրցագորգի տանտերերի թիմից արծաթե մեդալ նվաճեցին Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ), իսկ բրոնզե մեդալ՝ Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (98 կգ-ից բարձր): 79 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Եվրոպայի փոխչեմպիոն և այժմ արդեն աշխարհի կրկնակի գավաթակիր, Կոստրոմայի մարզից ռուսաստանցի Հովհաննես Աբգարյանը:
Սպորտային սամբոյում մեր հաղթողներն էին Կարեն Սարգսյանը (58 կգ) և Գոռ Հարությունյանը (88 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճեց Բորիս Շատվերյանը (79 կգ)։
Կանանց մարտական սամբոյում բրոնզե մեդալներ նվաճեցին Մարիամ Ստեփանյանը (50 կգ), Իրենա Պետրոսյանը (50 կգ) և Արփինե Մնացականյանը (54 կգ): Ոսկե մեդալակիրներ դարձան աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Անժելա Գասպարյանը (80 կգ-ից բարձր) Կալինինգրադից և 21-ամյա Վալենտինա Արուտյունովան (72 կգ), որը մինչ այդ դարձել էր գրեպպլինգի (ջիու-ջիթսու մարտարվեստի եվրոպական տարբերակը) աշխարհի չեմպիոն:
Օգոստոսին Չինաստանի Չենջու քաղաքում անցկացված 2025 թվականի Սամբոյի աշխարհի խաղերի մրցաշարում հանդես եկան հինգ հայ մարզիկներ։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, արցախցի Արման Ավանեսյանը նվաճեց ոսկե մեդալ՝ վճռորոշ մենամարտում հաղթելով ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Մահոմեդ Հասանովին։ Մեր մյուս սամբիստները մեդալ չնվաճեցին։
Արմանը ճանաչվեց մրցաշարի լավագույն սամբիստը։ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱՍ՝ ФИАС) նախագահ Վասիլի Շեստակովը և Համաշխարհային խաղերի միջազգային ասոցիացիայի (IWGA) ղեկավար Խոսե Պերուրենան նրան շնորհեցին հատուկ մրցանակ և հուշամեդալ։
Մրցանակաբաշխությունից հետո Արման Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես հաղթեցի Եվրոպայի առաջնությունում, Աշխարհի խաղերում... բայց ամենամեծ հաղթանակը որդուս ծնունդն է։ Ինձ համար սա իսկապես հաղթանակի տարի է։ Հիմա գլխավոր նպատակը նոյեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնությունն է»։
Ավանդույթի համաձայն մեծահասակների աշխարհի առաջնությունից առաջ անցկացվում են երիտասարդների և պատանիների առաջնությունները: Այս անգամ դրանք անցկացվեցին Ինդոնեզիայում՝ Արևմտյան Ճավայի գեղատեսիլ վայրում՝ Բոգորում, “JSI Resort Megamendung” հանգստավայրում: Հայաստանի հավաքականը նվաճեց ութ մեդալ: Պատանիների մրցումներում Նարեկ Սիմոնյանը (58 կգ) և Գոռ Շատվերյանը (71 կգ) դարձան բրոնզե մեդալակիր: Երիտասարդական մարզական սամբոյի մրցումներում Ռոբերտ Սիմոնյանը (58 կգ) նվաճեց ոսկե, Սեյրան Սարուխանյանը (88 կգ)՝ արծաթե, իսկ Մհեր Օհանյանը (71 կգ) բրոնզե մեդալ: Մարտական սամբոյում Արմեն Սաֆարյանը (79 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Տիգրան Գրիգորյանը (58 կգ) և Վադիս Համբարձումյանը (71 կգ) բրոնզե մեդալ:
2025 թվականի նոյեմբերին Սամբոյի աշխարհի առաջնությունը պատմության մեջ երկրորդ անգամ անցկացվեց Բիշքեկում։ Առաջնությանը մասնակցեցին մոլորակի բոլոր ուժեղագույն սամբիստները։ Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 341,000 ԱՄՆ դոլար։ Բոլոր մարզաձևերում նախատեսված էին հավասար վճարումներ՝ ոսկե մեդալի համար 4,000 դոլար, արծաթե մեդալի համար՝ 3,000 դոլար և բրոնզե մեդալի համար՝ 2,000-ական ԱՄՆ դոլար յուրաքանչյուր մրցանակակրին։
Ռուս սամբիստները չեզոք կարգավիճակում հանդես եկան հավաքական կազմի պատմության մեջ որպես գրեթե ուժեղագույնները։ Կազմում ընդգրկված էին և՛ մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Անժելա Գասպարյանը (80 կգ-ից բարձր), և՛ սպորտային սամբոյի միջազգային կարգի սպորտի վարպետ, Ռուսաստանի չեմպիոն և աշխարհի կրկնակի գավաթակիր Վլադիմիր Մնացականյանը (64 կգ) Կուրգանինսկից։
Հայաստանի հավաքականը Բիշքեկում ներկայացված էր հետևյալ կազմով. մարզական սամբո՝ Դավիթ Հովսեփյան (58 կգ), Կարեն Սարգսյան (64 կգ), Կառլեն Մախինյան (71 կգ), Բորիս Շատվերյան (79 կգ), Գոռ Հարությունյան (88 կգ), Արսեն Խանջյան (98 կգ) և Աննա Այվազյան (50 կգ), մարտական սամբո՝ Համլետ Սուքիասյան (58 կգ), Մայիս Ներսեսյան (64 կգ), Արսեն Ավետիսյան (71 կգ), Մկրտիչ Վարդանյան (79 կգ), Ավետիք Պողոսյան (88 կգ), Արման Ավանեսյան (98 կգ) և Արփինե Մնացականյան (50 կգ): Հավաքականը Բիշքեկ է մեկնել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Միքայել Հայրապետյանի և ազգային հավաքականի ավագ մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Վովիկ Խոջայանի գլխավորությամբ։
Այս անգամ հայ սամբիստները հանդես եկան իրենց հնարավորություններից ցածր՝ նվաճելով ընդամենը երկու բրոնզե մեդալ։ Մարտական սամբոյում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, արցախցի Արման Ավանեսյանը հաղթեց ղազախստանցի Եվգենի Կոնդրատենկոյին և մոնղոլ Ծերենտոգ Նարանյարգալին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց կամերունցի Սեյդու Նըջի Մուլուխից՝ նվաճելով բրոնզե մեդալ։
Վանաձորցի Գոռ Հարությունյանը (88 կգ) մարզական սամբոյի մեկնարկային փուլում վստահորեն հաղթեց թուրք Ահմեդ Գոքբայրաքին և ամերիկացի Արթուր Փարշինին։ Սակայն կիսաեզրափակչում նա պարտվեց ռուս Սերգեյ Կիրյուխինից, որն անցավ եզրափակիչ, և Գոռին հնարավորություն տրվեց պայքարելու բրոնզե մեդալի համար, ինչը նա փայլուն կերպով իրականացրեց։ Սփոփիչ մենամարտերում Գոռը վստահորեն հաղթեց հայտնի ղազախ Նուրբոլ Սերիկովին (աշխարհի և Ասիայի փոխչեմպիոն) և վրացի Բեկա Ձագանիշվիլիին՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Նշեմ, որ Գոռի մարզիչը սամբոյի աշխարհի հնգակի չեմպիոն և Հայաստանի վաստակավոր մարզիչ Գագիկ Ղազարյանն է։
Բրոնզե պարգևին մոտ էր նաև Մայիս Ներսեսյանը, որը մեկնարկային մենամարտում հաղթանակ տարավ ամերիկացի Արթուրո Ռոդրիգեսի նկատմամբ, սակայն հաջորդ մենամարտում պարտվեց ինդոնեզացի Հանդեսկու Վակտորիասից։
Առաջնությունում կրկին փայլուն ելույթ ունեցավ գերծանրքաշային կարգում (80 կգ-ից բարձր) Ռուսաստանի չեպիոն Անժելա Գասպարյանը՝ վստահորեն հաղթելով ուզբեկ Գուլմիրա Ուսմատովային և բելառուս Վալերիա Խրուշչևային, իսկ եզրափակչում՝ թուրքմեն Սաբինա Աղաջանովային։ Այսպիսով, Անժելան դարձավ մարտական սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մինչ այդ նա նաև սպորտային սամբոյի աշխարհի չեմպիոն էր (2017 թ., Սոչի)։ Անժելան երկու անգամ դարձավ նաև Եվրոպայի չեմպիոն։ Նրա անձնական մարզիչներն են Սերգեյ Ռոբերտի Մկրտչյանը և Սերգեյ Սերաֆիմովիչ Բիստրովը։
Թիմային մեդալների հաշվարկում, ինչպես միշտ, առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանը (FIAS 1) ՝ 21 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ։
Աշխարհի առաջնության շրջանակներում Բիշքեկում տեղի ունեցավ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱՍ) 37-րդ ընտրական համագումարը: Օրակարգի հիմնական կետերն էին նոր գործադիր խորհրդի ընտրությունները և նոր անդամների ընդունումը: Պատվիրակները քվեարկեցին կազմակերպություն ընդունվելու օգտին հինգ նոր ազգային ֆեդերացիաների՝ Բոսնիա և Հերցեգովինայի, Նիգերիայի, Տոգոյի, Մալդիվյան կղզիների և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության: Համագումարը նաև հաստատեց ՖԻԱՍ-ի գործադիր խորհրդի նորացված կազմը, որի 17 մասնակիցների թվում ընդգրկվեց նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Համագումարից հետո նորընտիր գործադիր խորհուրդը անցկացրեց իր առաջին նիստը: Վասիլի Շեստակովի առաջարկությամբ ՖԻԱՍ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար նշանակվեց ֆեդերացիայիի գործադիր տնօրեն Ալեքսանդր Կորսիկը:
Քվեարկության արդյունքներով Սերգեյ Ելիսեևը պահպանեց ՖԻԱՍ-ի առաջին փոխնախագահի իր պաշտոնը, իսկ Ռոբերտո Ֆերարիսը և Վլադիմիր Յապրինցևը ընտրվեցին կոմիտեի պատվավոր անդամներ: Սամարղանդ քաղաքը (Ուզբեկստան), որտեղ, հավանաբար կանցկացվի աշխարհի հաջորդ առաջնությունը, հաստատվեց որպես 2026 թվականին նախատեսված հաջորդ համագումարի անցկացման վայր:
