ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՈՒՐՎԱԳԾՎԵԼ ԱՊԱԳԱ ԽՈՇՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԼՈԿՆԵՐԸ
ՎերլուծությունԻնչպես եւ սպասվում էր, Հայաստանը ՀԱՊԿ-ի հերթական գագաթաժողովին եւս չմասնակցեց: Ալեն Սիմոնյանը նախօրեին տվեց հին եւ անհամ բացատրություն՝ դա ճոխացնելով նոր համեմատականներով, փորձելով համոզել, թե դա ամենեւին էլ հակառուսական գործողություն չէ. «ՀԱՊԿ-ից դուրս գալը հակառուսականության մասի՞ն է խոսում: Եկեք վերանանք անուններից. եթե մի կազմակերպության ես անդամագրվում, օրինակ, ինչ-որ միության, ենթադրենք՝ Ժուռնալիստների միության, Մսավաճառների միության, եւ այդ կազմակերպությունն իր պարտավորությունները չի կատարում, դու ուզում ես դուրս գալ դրանից, դու հակալրագրո՞ղ ես, չէ՞»:
ԻՆՉ ՉՏՎԵՑ ՀԱՊԿ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՉԳՆԱԼԸ
Բայց սրանով հանդերձ, արձագանքելով հարցին, թե վերջապես ինչու Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Սիմոնյանը մեկնաբանեց. «Փաստացի դուրս եկած ենք, ինչ վերաբերում է մնացածին, դա էլ թողեք մեր քաղաքական նպատակահարմարությանը»: Իհարկե, այստեղ կա այն հարցը, որ կազմակերպության մյուս անդամ-երկրներն էլ ունեն իրենց նպատակահարմարությունը, բայց դա երեւի Ալենին քիչ կհետաքրքրի:
Չնայած, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, լիովին հակասում է Ալենի խոսքերին: Ըստ Սաֆարյանի` Հայաստանը ոչ միայն «փաստացի դուրս եկած» չէ ՀԱՊԿ-ից, այլ անգամ այս փուլում չի դիտարկում դուրս գալու հարցը. «Այսպիսի խնդիր մեր առջեւ դեռ չի դրվել։ Եթե նման զարգացումներ լինեն, բոլորը կիմանան»:
Թե Ալենի ասած որ «պարտավորությունը չի կատարել» ՀԱՊԿ-ը, հին ու հայտնի պատմություն է, անիմաստ կլիներ նորից դրան վերադառնալը: Ներկա պահին միանգամայն այլ հարց է օրակարգում. ՀԱՊԿ-ը հիմա ի՞նչ կարող է տալ Հայաստանին, դա մեզ օգո՞ւտ է, թե՝ ոչ: Այսինքն, եթե կան հնարավոր օգուտներ, այդ հին ու տափակ բացատրությունները (ՀԱՊԿ-ի կողմից մեր սահմանները ճանաչել-չճանաչելու մասին, երբ դրանից հետո մի գլուխ սահմանազատումից են խոսում) եւ այդ հիմքով կազմակերպությունից «փաստացի դուրս եկած» լինելը մեր երկրին վնա՞ս է, թե՝ օգուտ:
Դեռ մինչ այս գագաթաժողովը կային խոսակցություններ, որ Ռուսաստանը պատրաստվում է, ՀԱՊԿ-ի պոտենցիալի փոփոխության հետ կապված, մի շարք առաջարկություններ ներկայացնել: Այդ թվում, ինչպես ընդունվող որոշումների տեսքով, այնպես էլ՝ կուլիսային քննարկումներում: Թե խորքային իմաստով խոսքն ինչի մասին է, դեռ կհասնենք: Մինչ այդ ֆիքսենք, որ կազմակերպության անդամների մարտունակության բարձրացմանը միտված միանգամայն կոնկրետ առաջարկներ պաշտոնապես ներկայացվեցին: Այսպես, իր ելույթում ՌԴ նախագահը հայտարարեց՝ սկսել ՀԱՊԿ ուժերը ժամանակակից ռուսական զենքերով զինելու ծրագիր, որոնք ապացուցել են իրենց էֆեկտիվությունը ռեալ ռազմական գործողությունների ժամանակ: Այդ թվում, խոսքը ավիացիոն եւ ՀՕՊ համակարգերի մասին է: Նաեւ պետք է սկսել այդ համակարգի մեջ ներգրավված ուժերի ծավալուն ուսումնավարժական գործընթաց:
Այս ամենը, երբ ինչ-որ տարբերակով շփվում ես ռեալ փորձություն անցած պատերազմական փորձին եւ ռազմական տեխնիկային, որը կարող է դոմինոյի էֆեկտով տարածվել անդամ-պետությունների զինված ուժերում, կարո՞ղ է նպաստել նաեւ հայկական բանակի մարտունակության նկատելի բարձրացմանը. Առնվազն տարօրինակ կլիներ այլ կարծիք ունենալը: Այսինքն, նույնքան տարօրինակ է, երբ անկախ ինչ-ինչ քաղաքական «բացատրությունենրից» ելնելով, հրաժարվում ես քո սեփական պոտենցիալը բարձրացնելու հնարավորություն տվող մի գործընթացից, որը հազիվ թե մեկ ուրիշ կողմից առաջարկող լինի: Ընդ որում, այս դեպքում անգամ «խաղաղության ենք գնում» կարգախոսը որեւէ արդարացում չի կարող լինել. Ադրբեջանն էլ է «խաղաղությնա գնում», բայց շարունակելով ամեն մի հնարավորություն օգտագործել իր բանակի մարտունակությունը բարձրացնելու համար: Իսկ երբ քեզ նվիրում են, իսկ դու հրաժարվում ես, թե գիտե՞ք, ՀԱՊԿ-ը չի ճանաչել մեր սահմանը, որը դեռ միայն սահմանազատում ենք, ապա դա, իհարկե, միայն դիտավորություն կարող է լինել:
ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԳԼՈԲԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐ
Ամեն դեպքում, անկախ Հայաստանի դիրքորոշումից, Պուտինի այդ հայտարարությունը մեկ բանի մասին է խոսում՝ Ռուսաստանը փորձում է ՀԱՊԿ-ը վերածել շատ ավելի լուրջ ռազմական միավորի, քան կա: Ընդ որում, Պուտինն իր խոսքում մեկ այլ ուշագրավ նյուանս եւս ներկայացրեց: Խոսքը Եվրասիական ընդհանուր անվտանգության ճարտարարապետության գաղափարի մասին է, որը Մոսկվան նախատեսում է արդեն գալիք տարի առաջ մղել: Այստեղ ծրագրվում է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ նաեւ «բարեկամական երկրներին եւ միավորումներին»:
Առաջին հայացքից, դեռ քիչ բան ասող այդ գաղափարին զուգահեռ, արժե հիշել վերջին ժամանակներս Իրանից եկող տարբեր հայտարարությունների մասին: Այսպես, վերջերս իրանական որոշ փորձագիտական աղբյուրներ սկսեցին խոսել այն մասին, թե՝ «Ռուսաստանը առաջարկեց ստեղծել նոր ռազմական դաշինք՝ որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք»: Կամ այս տեսքով. «Ռուսաստանը առաջարկեց կնքել պաշտպանական պայմանագիր «նման մտածողությամբ երկրների» համար, իսկ Իրանը հաստատեց, որ նախնական բանակցություններն արդեն ընթացքի մեջ են: Այս խոսակցություններին նախօրեին միացավ նաեւ իրանցի հեղինակավոր քաղաքական փորձագետ Հայալ Մուազզին՝ գրելով. «Ըստ լուրերի՝ Չինաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են պաշտպանական պայմանագիր կնքել Իրանի հետ: Եռակողմ դաշինք, որը ցնցում է Վաշինգտոնը եւ ներկայացնում է Թել Ավիվի պատմության մեջ ամենալուրջ գոյաբանական սպառնալիքը: Աշխարհը փոխվում է.
Թեհրան-Մոսկվա-Պեկին առանցքը ազդարարում է անվիճելի ամերիկյան գերիշխանության դարաշրջանի ավարտը: Եվ ուղերձը բյուրեղյա պարզ է. Իրանի դեմ ցանկացած պատերազմ նշանակում է նաեւ բախում երկու միջուկային տերությունների հետ»:
Իրանցի փորձագետները, ելնելով նաեւ պատմական փորձից, սովորաբար մեծ դժկամությամբ են խոսում տարբեր դաշինքների մասին, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է իրենց երկրի անվտանգության հարցերին: Անվտանգության ուղղությամբ, որպես կանոն, իրանցիների մոտ գերիշխո՞ւմ է ցանկացած թշնամու ինքնուրույն «կջարդենք-կփշրենք» կարգի տերմինաբանությունը: Այսինքն, այս հերթական հարտարարությունները Ռուսաստանի, ապա նաեւ Չինաստանի մասնակցությամբ դաշինքների կամ պաշտպանական պայմանագրերի մասին, այդ ստանդարտ տերմինաբանությունից կտրուկ շեղում է, եւ, թերեւս, կարելի է մտածել «առանց կրակի ծուխ չի լինում» տրամաբանությամբ: Առավել եւս, երբ դրան հաջորդեց նաեւ Պուտինի ակնարկը «Եվրասիական ընդհանուր անվտանգության» մոդելի մասին: Ընդ որում, դժվար չէ կռահել, թե այդ հարցով Մոսկվան ում է համարում «բարեկամական երկրներ»: Հաստատ ոչ Եվրոպային, որի արտգործնախարար, մեղմ ասած՝ «տարօրինակ» մտածելակերպով քանիցս ծիծաղելի վիճակում հայտնված Կալասը երեկ հերթական գլուխգործոցը ներկայացրեց, թե՝ պետք է կրճատել Ռուսական բանակը եւ ռազմական բյուջեն: Իհարկե, անիմաստ է խոսել այն մասին, թե ինչպես է նա պատրաստվում նման հարված հասցնել 5-6 հազար միջուկային մարտագլխիկ ունեցող տերությանը, եւ նայենք այս կողմից: Հասկանալի է, Կալասին տերերն ասել են, նա էլ հայտարարում է: Տերերը, իհարկե, հասկանում են, որ դա անել չեն կարող, եւ Կալասի հայտարարությունը հերթական հաստատումն է, որ անկախ նրանից, թե ինչ ավարտ կունենա ուկրաինական համակարտությունը, Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ բարիկադները կմնան: Նշանակում է, որ ներկա պահին արդեն թեման վերաբերում է այդ բարիկադներից արեւելք ընկած տիրույթում ձեւավորվելիք ռազմական համակարգի մասին, որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Նման է, որ հենց այդ ապագա բարիկադավորման մասին է, որ միանգամայն թափանցիկ ձեւով հայտարարեց ՌԴ նախագահը: Եվ, ինչպես ավելի վաղ ներկայացնելու առիթ ունեցել ենք, այս թեման, ըստ մի շարք փորձագետների գնահատման, նաեւ ՀԱՊԿ այս գագաթաժողովի կուլիսային քննարկման թեմա է եղել: Եվ ոչ միայն գագաթաժողովի, այլ դրա համատեքստում Պուտինի երկկողմ հանդիպումների:
Հայաստանի բացակայությունն այս դեպքում նշանակո՞ւմ է, որ նիկոլյան ռեժիմն արդեն իսկ շատ հստակ եւ վերջնական ընտրություն է կատարել, թե որ թեւում է իրեն տեսնում: Սա, թերեւս, դեռ վաղ է ասել, հաշվի առնելով, որ այս գործընթացը նոր է միայն քննարկւոմների փուլ մտնում, դրանք, ըստ ամենայնի, կշարունակվեն նաեւ հաջորդ ամիս Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ ղեկավարների հանդիպմանը եւ նման այլ միջոցառումներում: Ընդ որում, թե ուր է այդ զարգացումները տանելու, թերեւս, առաջնային կախված է ուկրաինական պատերազմի ավարտից եւ վերջնարդյունքից:
Տես նաեւ https://t.me/iravunk/61413
