«ԴԱԺԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ ՍՏԱՑՎԵՑ, ՆՐԱ ԱՄԲՈՂՋ ԴԵՄՔԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԷԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՆՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՍպորտՎերջերս Երևանում կայացած Բռնցքամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել ծնունդով Արցախցի կաշվե ձեռնոցի խոստումնալից մարտիկ ՄԱՆՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։
Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է նրա հետ։
- Շնորհավորում ենք, Մանվել, հաղթանակի կապակցությամբ։
- Շնորհակալ եմ։ Հանդես եկա 63 կգ քաշային կարգում։ Առաջին մենամարտում 4։1 հաշվով հաղթեցի ազգությամբ չեխ մրցակցիս, նա Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էր, ապա 5։0 հաշվով պարտության մատնեցի Մոլդովայի ներկայացուցչին։ Եզրափակչում մրցակիցս ռուս մարզիկն էր, նա նաև պրոֆեսիոնալ ռինգում է հանդես գալիս։ Դաժան մենամարտ ստացվեց, նրա ամբողջ դեմքին վնասվածքներ էին, 3։2 հաշվով ես կարողացա հաղթել նրան։ Շատ ուրախ եմ, որ կարողացա Հայաստանում ծածանել մեր Եռագույն դրոշը։ Կուզենայի, որ այս հաղթանակս տանեի Արցախ, քանի որ Արցախը առաջին անգամ է ունենում Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Շատ ուրախ եմ ու հպարտ, որ իմ տանջանքները, տքնաջան պարապմունքները տվեցին իրենց պտուղը։ Քանի որ հայրենիքում էի մասնակցում մրցաշարին, ուստի ամոթ կլիներ, որ հանկարծ պարտվեի։ Այս հաղթանակով ես մեծ քայլ կատարեցի դեպի մեծ բռնցքամարտ։ Ես հետագայում շատ անելիքներ ունեմ դեռ, ինչու չէ նաև պրոֆեսիոնալ ռինգում հանդես կարող եմ գալ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
