«Խաչմերուկը» ոչ թե Հայաստանն է կամ Ադրբեջանը, այլ՝ Իրանը
ՎերլուծությունՆախօրեին ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Reuters-ը: Ըստ այդմ, նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության «որոշակի ստորաբաժանումներ» ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու գործընթաց:
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՎԱԾՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ
Սրան կարելի էր նաեւ ուշադրություն չդարձնել, եթե մեկ էական հանգամանք չլիներ: Այն է՝ «Մուսուլման եղբայրները» հանդիսանում է ոչ թե պարզապես Էրդողանի հետ որոշակի կապեր ունեցող կազմակերպություն, այլ Թուրքիայի առաջնորդի հիմնական աշխատանքային եւ գաղափարական հենասյունը Մերձավոր Արեւելքում՝ սիրիա-լիբանանական ուղղությամբ: Եվ այն, որ Թրամփը փորձում է լիովին խաղից հանել այդ համակարգը, այդ թվում՝ դրա մասնիկ հանդիսացող ՀԱՄԱՍ-ը, մեկ բան է նշանակում՝ հարվածն ուղղված է էրդողանական Թուրքիային:
Ընդ որում, ակնհայտորեն այդ նույն նպատակն ուներ նաեւ Սիրիան զավթած Ջուլանիին վերջերս Սպիտակ տուն հրավիրելու աղմուկ հանած պատմությունը, որը բազում փորձագետների մոտ այն պարզ հարցն առաջացրեց, թե իրականում Ջուլանին ու նրա ղեկավարած խմբավորումն ո՞ւմ օգտին է աշխատում՝ Անկարայի՞, թե Թել Ավիվի: Իսկ ահա տարածաշրջանային հարցերով իրանցի հեղինակավոր փորձագետ Ալի Հեյդարն այս հարցում ունի միանշանակ կարծիք. «Չնայած 2024 թվականի դեկտեմբերին Ասադի կառավարության անկմանը եւ Ահմադ ալ-Շարի իշխանության գալուն, Թուրքիայի հույսերը՝ Սիրիան ռազմավարական դաշնակից դարձնելու, չեն իրականացել: Տեղում ստեղծված իրավիճակը եւ Դամասկոսի նոր կառավարության մոտեցումը ցույց են տալիս, որ Անկարայի եւ նրա նպատակների միջեւ հեռավորությունն էլ ավելի է մեծացել»: Այսինքն, թեեւ Ջուլանիին հենց Թուրքիայի ամենաակտիվ դերակատարմամբ իշխանության բերեցին Սիրիայում, սակայն հիմա պարզվում է, որ Էրդողանի համար ավելի ձեռնտու կլիներ Ասադի մնալը, որը գոնե արեւմտյան ճնշումների տակ էր: Փոխարենը Ջուլանին նաեւ հենց Էրդողանի միջամտությամբ դուրս եկավ այդ արեւմտյան ճնշումներին, ու ավելին՝ հիմա արդեն ԱՄՆ-ի համար դարձավ պաշտոնական դաշնակից, որին Անկարան հարվածելու քիչ հնարավորություներ ունի, քան Ասադի պարագայում էր: Էլ չասած, որ ներկայիս սիրիական իշխանություն կոչվածը տեղից էլ չի շարժվում, երբ Իսրայելն է աստիճանաբար բոլոր շոշափուկները տարածում Սիրիայով մեկ՝ արդեն բացահայտ սպառնալով թուրքական ազդեցության մնացորդներին այդ երկրում:
Իսկ վճռական հարվածը կարող է դառնալ այն քայլը, որը ձեռնարկում է Թրամփը. «Մուսուլման եղբայրներին» ահաբեկչական համակարգ ճանաչելը: Հիմնավորումը միանգամայն պարզ է. «Նախագահ Թրամփը բախվում է «Մուսուլման եղբայրներ» միջազգային ցանցի հետ, որը խթանում է ահաբեկչությունը եւ անկայունացման արշավները՝ ուղղված ԱՄՆ-ի եւ դաշնակիցների շահերին Մերձավոր Արեւելքում»: Իսկ թե ով է «ԱՄՆ-ի դաշնակից» ասվածը Մերձավոր Արեւելքում, իհարկե, անիմաստ հարց է:
Ընդհանրական իմաստը եւս կարելի է հասկանալ, եւ դա միայն Սիրիան թուրքական ազդեցությունից վերջնականորեն հանելը չէ: Այս բոլոր քայլերը հարվածներ են տարածաշրջանում Անկարայի դիրքերին: Ընդ որում, կոնկրետ փորձագետներ արդեն իսկ կանխատեսում են հաջորդ հարվածը. դա կլինի Սիրիայի նոր Սահմանադրությունը, որը՝ «Ներկա պահին, պատկերավոր ասած, գրվում է Թել Ավիվում: Դա կլինի Սահմանադրություն, որը Սիրիան, ըստ էության, կվերածի կոնֆեդերացիայի՝ ազգային միավորներին տալով առավելագույն ինքնավարություն: Իսկ դա գործնականում վերջնական փուլ է տանում «Քուրդիստանի» նախագիծը, եւ այն «օրինական հիմքերով», որի դեմ Թուրքիան ոչինչ անել չի կարող: Իսկ դա, խոշոր հաշվով, Անկարայի մեծագույն մղձավանջն է»,- գրում է փորձագետը:
Սրան, թերեւս, պետք է գումարել նաեւ Էրդողանի ծանր հիվանդության եւ տեսանելի ապագայում քաղաքական օրակարգից դուրս մղվելու մասին վերաբացված խոսակցությունները: Նաեւ այն պնդումները, որ արդեն այս պահին է սկսվել պայքարը՝ Էրդողանի իրավահաջորդի դիրքում արեւմտյան (իսրայելյան) ազդեցության մեկին նստեցնելու համար: Ու եթե աշխատի այդ սխեման, ապա դա, իհարկե, էապես կարող է թուլացնել թուրքական պետականությունը, որի պարագայում Քուրդիստանի հարցը հնարավոր կլինի համարել լուծված՝ վերջացած:
ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԻՐԱՆԸ
Ահա այս ֆոնին էլ ի հայտ եկավ մեկ այլ գործոն, որը հուշում է, որ Էրդողանը, վաղը-մյուս օրը կհեռանա, թե՝ ոչ, բայց այս պահին դեռ խաղի մեջ է: Խոսքը օրերս Իրանի իշխանությունների՝ տրանսպորտի նախարար Ֆարզանե Սադեղի միջոցով արված, կարելի է ասել՝ սենսացիոն հայտարարության մասին է, որ Իրանը սկսում է ռազմավարական Մարանդ-Չեշմե-Սորայա երկաթուղու շինարարությունը, որն արդեն արագացված տեմպերով ընթանում է: Մանրամասնենք. խոսքը Իրանի երկաթուղային ցանցը Թուրքիայի հետ միացնող գծի մասին է, որը, ըստ իրանցի նախարարի, կստեղծի Չինաստանը Եվրոպային՝ Իրանի (եւ Թուրքիայի) միջոցով կապող չընդհատվող միջանցք:
Այն, որ իրանցի նախարարն այս մասին հայտարարեց Չինաստան-Եվրոպա երկրորդ երկաթուղային ֆորումին մասնակցելու համար Պեկին կատարած այցից հետո, շատ բանի մասին է ակնարկում: Այդ թվում, որ եթե թեման բերվում է հրապարակային դաշտ, ապա դա արդեն իսկ կան Պեկինի գործնականում բոլոր «դաբրոները»: Ընդ որում, հաշվի առնելով, որ Իրան-Թուրքիա մասշտաբային եւ կայուն կոմունիկացիոն կապը միշտ էլ եղել է անգլոսաքսոնների «աչքի գրողը», որի դեմ պատրաստ են ամեն գնով պայքարել: Ու հաշվի առնելով նաեւ այն մասշտաբային ռազմական օգնությունը, որը ներկայումս Թեհրանը ստանում է Պեկինից (նաեւ Մոսկվայից, որին դեռ կհասնենք), ապա կարելի է ենթադրել, որ չինական այդ «դաբրոները» նաեւ Իրանի ուղղությամբ սպասվող արեւմտյան ճնշումների մասով են:
Եվ ոչ միայն Իրանի ուղղությամբ: Անկարայից դեռ ամբողջական մեկնաբանություն չկա: Բայց չմոռանանք, որ միջպետական երկաթուղին մի այնպիսի բան է, որը կառուցելու, առավել եւս,՝ «արագացված տեմպերով» կառուցելու հարցը առնվազն երկու պետությունների պայմանավորվելու թեմա է: Այս դեպքում՝ կա՞ն այդ երկաթուղու մասին Իրանի եւ էրդողանական Թուրքիայի միջեւ պայմանավորվածությունները. անտրամաբանական կլիներ, որ չլինեին: Իսկ այդ դեպքում, սպասվող արեւմտյան հարվածները նաւե Թուրքիային է վերաբերում: Չնայած, հիշեցնենք, Անկարան առանց երկաթուղու թեմայի էլ, գնալով ամերիկյան բացահայտ դարձող հարվածների թիրախում է, եւ եթե ունի Թեհրան-Պեկին ուղղվածության պայմանավորվածություններ, ապա դա կարելի է համարել նաեւ Էրդողանի պաշտպանական մեխանիզմը՝ ամերիկա-իսրայելյան այդ ճնշումների դեմ:
Ասենք, այստեղ չմոռանանք նաեւ, որ ԱՄՆ-ն էլ իր հերթին ունի արեւելքից արեւմուտք տանող երկաթուղու ծրագիր՝ Հայաստանով անցնելիք «Թրամփի ուղին», որի ստորագրմանը, չմոռանանք, Էրդողանին անգամ չհրավիրեցին՝ ցույց տալով, որ նրա համար գլխավոր դեր այդտեղ չկա՝ գլխավոր վերահսկիչի ֆունկցիան ԱՄՆ-ն իրեն է վերապահում: Դա, թերեւս, հավելյալ շարժառիթ էր, որ Անկարան ավելի հակվեր Իրանի ուղղությամբ կոմունիկացիաների մասին: Առավել եւս, որ եթե անգամ այստեղ էլ գլխավոր դեր չունի, բայց մեկ է, խոսքը ֆինանսական իմաստով հեռանկարային նախագծի մասին է: Այսինքն, նախ այստեղ կա այդ բոլոր բեռների համար հանգուցակետ հանդիսացող երկրի՝ Չինաստանի «դաբրոն»: Երկրորդը. ինչպես նաեւ Ֆարզանե Սադեն արտահայտվեց՝ Իրան-Թուրքիա հանգույցի կառուցումից հետո «Մետաքսի ճանապարհի» հարավային ճյուղը կդառնա ժամանակակից, ինտեգրված երկաթուղային համակարգ, որը կապահովի ապրանքների արագ եւ մատչելի տեղաշարժը՝ նվազագույն կանգառներով: Այսինքն, կլինի նախապատվելի ուղի, քանի որ «Թրամփի ուղին», եթե անգամ հասնի Ադրբեջան, այնտեղ բախվելու է մեկ մեծ խնդրի՝ Կասպից ծով անվանումով, որտեղ ռուս-իրանական ռազմական վերահսկողությունն է տիրում: Վերջապես, եթե «Թրամփի ուղին» դեռ միայն խոսակցությունների փուլում է, իրանական ուղղությունն արդեն «արագացված տեմպերով կառուցման» մեջ է. շատ կարճ ժամանակ է պետք, որ այն սկսի եկամուտներ բերել:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այսպիսով, ծրագիրը, որն առաջին պլան բերեց Թեհրանը, իհարկե, միանգամայն ծանր հարված է ինչպես «Թրամփի ուղու», այնպես էլ՝ նիկոլյան «խաչմերուկի» հեքիաթներին ուղղված: Ավելին, եթե Ալիեւը ծաղրում է Նիկոլին, թե իրական լոգիստիկ խաչմերուկն Ադրբեջանն է, նա եւս չարաչար սխալվում է: Իրանական մեխանիզմը մեկ բան է ի ցույց դնում՝ խաչմերուկի դիրքում հենց Իրանն է, որը զարգացնում է ինչպես Արեւելք-Արեւմուտք, այնպես էլ՝ Հյուսիս-Հարավ համակարգը՝ դրանով վերածվելով տարածաշրջանային լոգիստիկ կենտրոնի: Իհարկե, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ՝ Հայաստանը կարող են այդ համակարգում, հատկապես դրա Հյուսիս-Հարավ ուղղության վրա որոշակի դեր ունենալ՝ Իրանը Ռուսաստանին եւ սեւծովյան գոտուն կապելու իմաստով: Բայց այդքանը. «Թրամփի ուղին», «Զանգեզուրի միջանցքը» կամ ինչ անուն էլ, որ դրան տան, ինչպես քանիցս ենք նշել, ունեն մեկ լրջագույն խնդիր, կրկնենք, Կասպից ծովը: Ալիեւը, թերեւս, դա վաղուց է հասկացել, եւ «Թյուրքական միջանցքի» մասին ճառերին զուգահեռ, ակտիվորեն աշխատում է Ադրբեջան-Իրան երկաթուղային կապի ուղղությամբ: Դա հասկացել են նաեւ Ղազախստանում՝ սկսելով ակտիվորեն ներգրավվել ՌԴ-Իրան կապող համակարգում:
Նիկոլի հարցը, թերեւս, շատ լուրջ է…
Տես նաեւ https://t.me/iravunk/61327
