Ի՞նչ է փոխվում սպառողների համար. օնլայն գնումների նոր կանոններ
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում Էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնք էական փոփոխություններ են ներմուծում սպառողների պաշտպանության համակարգում՝ ապահովելով բարձր մակարդակի իրավական երաշխիքներ հեռակա (օնլայն) գնումների, ապրանքների երաշխիքային սպասարկման և գովազդի թափանցիկության ոլորտներում։
Ինչու՞ են անհրաժեշտ փոփոխությունները
Հայաստանը Եվրոպական միության հետ կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնել է պարտավորություն՝ սպառողների պաշտպանության ոլորտում մոտարկել ազգային օրենսդրությունը ԵՄ ստանդարտներին։ Ներկայումս գործող օրենսդրությունը չի կարգավորում հեռակա գնումների, թվային ապրանքների և անարդար պայմանագրային պայմանների հետ կապված մի շարք կարևոր հարցեր։
Հեռակա գնումներ՝ 14 օր հրաժարվելու իրավունք
Նախագծով առաջին անգամ Հայաստանում սահմանվում է հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի հստակ կարգավորումներ։ Հեռակա պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որը կնքվում է առանց վաճառողի և սպառողի միաժամանակյա ֆիզիկական ներկայության՝ ինտերնետի, հեռախոսի կամ այլ հեռավար հաղորդակցության միջոցների օգտագործմամբ։
Սպառողը ստանում է առանց որևէ պատճառաբանության հրաժարվելու իրավունք՝ 14 օրվա ընթացքում։ Ծառայությունների դեպքում ժամկետը հաշվարկվում է պայմանագրի կնքման օրվանից, ապրանքների դեպքում՝ ապրանքը փաստացի ստանալու պահից։ Եթե պատվիրել եք մի քանի ապրանք, որոնք առաքվում են առանձին, 14 օրը սկսվում է վերջին ապրանքը ստանալուց հետո։
Հրաժարվելու համար սպառողը պարտավոր է տեղեկացնել վաճառողին։ Վաճառողը վերադարձնում է վճարված բոլոր գումարները՝ ներառյալ առաքման ծախսերը, ոչ ուշ քան 14 օրվա ընթացքում։ Սպառողը պարտավոր է հետ վերադարձնել ապրանքը նույն ժամկետում։ Սպառողը կրում է միայն ապրանքը վերադարձնելու ծախսերը, եթե վաճառողը նախապես տեղեկացրել է այդ մասին։
Սակայն կան բացառություններ։ Հրաժարվելու իրավունքը չի գործում, եթե ծառայությունը ամբողջությամբ մատուցվել է սպառողի համաձայնությամբ, ապրանքի գինը կախված է ֆինանսական շուկայի տատանումներից, ապրանքը պատրաստվել է սպառողի անհատական պահանջով, կամ եթե դա սննդի մատակարարման, հանգստի կազմակերպման, զբոսաշրջային փաթեթի պայմանագիր է։
Երկու տարվա պարտադիր երաշխիք
Նախագծով սահմանվում է, որ վաճառողը պարտավոր է սահմանել ապրանքների, այդ թվում թվային բովանդակությամբ ապրանքների համար առնվազն երկու տարվա երաշխիքային ժամկետ։ Երաշխիքային ժամկետի ընթացքում ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում վաճառողը պարտավոր է բավարարել սպառողի պահանջները՝ վերանորոգել, փոխարինել, նվազեցնել գինը կամ լուծել պայմանագիրը։
Օգտագործված ապրանքների համար վաճառողը կարող է սահմանել ավելի կարճ երաշխիքային ժամկետ, սակայն ոչ պակաս քան մեկ տարի։ Եթե թվային բովանդակությամբ ապրանքների պայմանագիրը նախատեսում է շարունակական մատակարարում ավելի քան երկու տարով, վաճառողը պատասխանատու է ամբողջ մատակարարման ժամանակահատվածում։
Կարևոր է, որ սպառողին ապրանքի առաքման պահից մեկ տարվա ընթացքում ապրանքի անհամապատասխանության հայտնի դառնալու պարագայում ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը։ Սա նշանակում է, որ սպառողը չի պետք ապացուցի, որ թերությունը եղել է ապրանքը ձեռք բերելու պահին։
Թվային ապրանքների և ծառայությունների հատուկ պաշտպանություն
Նախագծով առաջին անգամ կարգավորվում են թվային տարրեր պարունակող ապրանքների համապատասխանության պահանջները։ Թվային տարր պարունակող ապրանք է համարվում այն ապրանքը, որը ներկառուցված կամ փոխկապակցված է թվային բովանդակության կամ թվային ծառայության հետ այնպես, որ դրանց բացակայությունը կհանգեցնի ապրանքի գործառույթների իրականացման անհնարինության։
Վաճառողը պարտավոր է ապահովել, որ սպառողը տեղեկացված լինի և հնարավորություն ունենա ստանալու անհրաժեշտ թարմացումները, այդ թվում անվտանգության թարմացումները, որոնք անհրաժեշտ են ապրանքի համապատասխանության պահպանման համար։ Սպառողն իրավունք ունի ստանալու վաճառողի տրամադրած թարմացումները՝ օգտագործելու թվային տարր պարունակող ապրանքը պայմանագրի պահանջներով սահմանված ֆունկցիոնալությամբ։
Ամբողջությամբ՝ ravaban.net

