ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԹՐԱՄՓԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ԿՐԿՆԱԿԻ ԽԱՂԸ
ՎերլուծությունԱյս փուլում հնարավոր կլինի հասնել ուկրաինական պատերազմի ավարտին (Տես նաեւ https://iravunk.com/?p=328520&l=am), թե՝ ոչ, դեռ կտեսնենք: Բայց այն գործընթացները, որոնք ներկայումս ծավալվում են, եկան հերթական անգամ հուշելու, որ հիմնական հարցն ամենեւին էլ ուկրաինական պատերազմն ավարտվել-չավարտվելը չէ: Ընթանում է շատ ավելի խորքային գործընթաց, ինչը տեսանելի էր` սկսած Ալյասկայում Պուտինի եւ Թրամփի հանդիպումից: Ըստ այդ ուկրաինական պատերազմի` այս նոր «Թրամփի ծրագիրը», որը, ի վերջո, կհանգեցնի ոչ թե ընդամենը այդ հակամարտության ավարտին, այլ նաեւ կտա հարցի պատասխանը՝ թե ուր են գնում ռուս-ամերիկյան հարաբերությունները: Իսկ ամենագլոբալ իմաստով՝ դա կարող է շրջադարձային կետ լինել կայուն համաշխարհային կարգի հաստատման հարցում։
Թրամփը, իհարկե, դեռ դերի մեջ է՝ մի կողմից հայտարարելով, թե կեցցե Ռուսաստանը, ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու համար: Ու անմիջապես էլ հիշում է, որ «հիասթափվել է Պուտինից»: Ու այս արդեն սովորական դարձած «կրկնակի խաղը» ուր է տանում…
Ամեն դեպքում, այս նոր «Թրամփի ծրագրի» հետ կապված, շրջանառվում են այն խոսակցությունները, որ այն մշակվել է եւ համաձայնեցվել Ուիտկոֆի եւ ուկրաինական ուղղությամբ Պուտինի ներկայացուցիչ Դմիտրիեւի բանակցությունների արդյունքում: Ու չմոռանանք, որ վերջերս Դմիտրիեւը տեւական ժամանակ ԱՄՆ-ում էր: Ընդ որում, ինչպես պնդում են արեւմտյան աղբյուրները, ԱՄՆ-ում Դմիտրիեւի մի շարք փակ հանդիպումներում քննարկվել է ոչ միայն 28 կետից բաղկացած ծրագիրը, այլ նաեւ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների վերագործարկման գերխնդիրը: Ու դատելով նրանից, որ ուկրաինական 28 կետանոց համաձայնագիրը հայտնվեց շրջանառության մեջ, ենթադրելի է, որ գոնե հիմնադրույթների տեսքով համաձայնեցված է նաեւ ռուս-ամերիկյան հետագա հարաբերությունների հարցը:
Թե այդ ապագա հարաբերությունների տակ ինչ դետալներ են դրված, իհարկե, այս պահին հնարավոր է միայն ընդհանրական ենթադրություններ հայտնել: Սակայն որոշակի նյուանսներ այս պահին էլ են նկատելի: Նախ ֆիքսենք փաստը, որ ողջ գործընթացը շրջանցում էր ոչ միայն Ուկրաինային, այլ նաեւ՝ Եվրոպային: Ու դա արդեն իսկ ցուցիչ է, որ ինչպես Վաշինգտոնը, այնպես էլ Մոսկվան Եվրոպային չեն տեսնում, որպես գլոբալ մակարդակում որոշում կայացնող կենտրոն, գործոն: Եվրոպան, իհարկե, մնում է ամերիկյան աշխարհաքաղաքական ազդեցության գոտում: Ասենք, այդ մասին են ակնարկում նաեւ այն լուրերը, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ձեռք բերել ինչպես «Հյուսիսային հոսքի» գազամուղները, այնպես էլ Ուկրաինայով անցնող էներգետիկ գծերը՝ դառնալով ռուսական էներգակիրները գնող-եվրոպացիներին վաճառող միջնորդ: Ըստ այդմ էլ` էներգետիկայի միջոցով հսկողության տակ պահելով եվրոպական ողջ տնտեսությունը:
Այս համատեքստում, չմոռանանք նաեւ Ալյասկայից Ռուսաստան ստորջրյա թունելի ծրագրի եւ ռուսական «Հյուսիսային ծովային ուղի» ծրագրում ամերիկացիների ներգրավվածության մասին խոսակցությունները (այդ թվում, որ ԱՄՆ այցելելով, Դմիտրիեւը հայտնեց թունելի ծրագրի հարցով սկսված նախնական աշխատանքների մասին): Այսինքն, ամերիկացիները ցանկանում են իրենց բաժինն ունենալ Չինաստան-Եվրոպա առեւտրային հարաբերություններում, որը նորից Եվրոպային վերահսկելու միջոց է:
Գլոբալիստները, իհարկե, փորձում են «խաղաքարերը խառնել»: Բայց այն, որ երեկ Թրամփը ստորագրեց Էպշտեյնի գործը գաղտնազերծող օրենքը», նշանակում է, որ նա սկսում է գլոբալիստների ուղղությամբ հակահարձակումը, համենայնդեպս՝ նրանց զրկում է իր վրա ազդելու էական գործոններից մեկին:
Եվրոպայից զատ, ռուս-ամերիկյան հարաբերությունների առանցքային ուղղություններից է Մերձավոր Արեւելքը: Թերեւս շատ ավելի էական, քան անգամ Ուկրաինան: Այս ուղղությամբ մի կողմից՝ Մոսկվան անգամ ԱՄԿ ԱԽ մակարդակով չխոչընդոտեց, որ Գազայում Թրամփի ծրագիրը մտնի օրակարգ: Մյուս կողմից, հետեւողականորեն զարգանում են ռուս-իրանական հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական ուղղությամբ, մինչդեռ Թրամփը կտրուկ նվազեցրել է Թեհրանի հանդեպ ռազմատենչությունը: Ու սա տանում է այն մտքին, որ Մերձավոր Արեւելքի մասով եւս հստակ պայմանավորվածություններ կան:
Ու ասել, թե այս ուղղությամբ պայմանավորվածությունները կշրջանցեն Ռուսաստանից Իրան տանող լոգիստիկ ուղիները, այդ թվում՝ Հարավային Կովկասով անցնող, դա եւս միամտություն կլիներ: Իհարկե, այստեղ կա նաեւ Թուրքիայի գործոնը: Բայց սա արդեն այլ՝ ռուս-թուրքական հարթությունում գտնվող թեմա է:
Ամեն դեպքում, Նիկոլի հանկարծակի մեկնումը Ղազախստան, մի կողմից, կարելի է թյուրքական աշխարհ այցի տեղ ընդունել: Մյուս կողմից, Տոկաեւի վերջին այցը Մոսկվա եւ այնտեղ ստորագրված փաստաթղթերը ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության մասին, Նիկոլի այս այցին կարող է միանգամայն այլ երանգ տալ. դեռ սպասենք ենթադրություններում:
Ամեն դեպքում, մեկ բան կարծես թե հաստատ է. ակնհայտորեն վերին կուլուարներում ընթացող, կարելի է ասել՝ դարակազմիկ քննարկումներով պայմանավորված, քաղաքական անդորրն ավարտվել է: Եվ միայն դա արդեն նշանակում է, որ որոշումները կայացված են, ու սկսվում են մեծ իրադարձություններ՝ ուղղված գլոբալ մասշտաբներով ռազմավարական կայունության նոր շրջանակի ի հայտ գալուն:
Tes naeu https://t.me/iravunk/61115
