Ռուսաստանի հարավային սահմաններին ձևավորվում է ՆԱՏՕ-ի «թյուրքական» նմանօրինակը
ՎերլուծությունՀոկտեմբերի 6-7-ը Ադրբեջանի հյուսիսում՝ Գաբալա քաղաքում, անցկացվեց Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 12-րդ գագաթաժողովը, որում, Թուրքիայից և Ադրբեջանից բացի, ընդգրկված են Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունները, ինչպես նաև Հունգարիան և խամաճիկային «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»՝ որպես դիտորդներ։ Չնայած «անխախտ բարեկամության ու եղբայրության» մասին հավաստիացումներին ու երդումներին՝ ֆորումն ի ցույց դրեց մասնակիցների միջև որոշակի տարակարծություններ. եթե Բաքուն ու Անկարան շեշտը դնում էին անվտանգության հարցերի և թյուրքական պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման վրա, ապա Աստանայում ու Տաշքենդում առաջարկում են կենտրոնանալ տնտեսական նախագծերի վրա՝ խուսափելով իրենց համար խորթ` վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշվելուց։
«Մեր պատմական և էթնիկ արմատների ընդհանրությունը, մեր լեզուները մեզ միավորում են որպես մեկ ընտանիքի»,– բացելով միջոցառումը՝ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ առաջարկելով 2026 թվականին իր երկրի տարածքում անցկացնել ԹՊԿ-ի համատեղ զորավարժություններ: Միայն անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան անցկացրել են 25 երկկողմ և բազմազգ զորավարժություններ, այնպես որ՝ այս ամենը թույլ է տալիս ընդլայնել ձեռք բերած զգալի փորձը: Համաշխարհային անվտանգության ընթացիկ մարտահրավերները ի ցույց են դնում համատեղ գործողությունների անհրաժեշտությունը, համոզված է Ադրբեջանի ղեկավարը. «Թյուրքական պետությունների համար չափազանց կարևոր է գործել որպես միասնական ուժ այն սպառնալիքների առաջ, որոնց բախվում է աշխարհը»: ԹՊԿ-ն դուրս է եկել համագործակցության պարզ հարթակի շրջանակից՝ փոխակերպվելով համաշխարհային մասշտաբի ազդեցիկ աշխարհաքաղաքական կենտրոնի: Ալիևը չմոռացավ խոսել նաև «Զանգեզուրի միջանցքի» և միասնական թյուրքական այբուբենի մասին, որը եռանդուն կերպով առաջ է մղում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Իրեն բնորոշ վերամբարձ ելույթում թուրք առաջնորդը վստահություն հայտնեց «միասնական դիրքորոշմամբ ամեն ինչին (սկսած ահաբեկչությունից ու անօրինական ներգաղթից մինչև կիբերսպառնալիքներ ու կլիմայի փոփոխություն) դիմակայելու և մեր անվտանգությունը մեր ընդհանուր հովանու ներքո ամրապնդելու...» ունակությանը։ «Մենք պատրաստ ենք ներդրում կատարել բոլոր ուղղություններով, հատկապես անվտանգության ոլորտում: Այս ուղղությամբ կարևոր քայլ դարձավ հուլիսին տեղի ունեցած ԹՊԿ-ի պաշտպանական արդյունաբերության հաստատությունների հանդիպումը»: Դժվար թե պատահականություն լինի այն, որ առաջարկվում է հաջորդ տարի Բաքվում անցկացնել ԹՊԿ-ի մասնակիցների պաշտպանական արդյունաբերության գերատեսչությունների ղեկավարների երկրորդ նիստը, որոնք արդեն ռազմական արտադրանքի թողարկման ընդհանուր ծրագիր են իրականացնում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։
Այստեղ հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի հոկտեմբերին, Անկարայում ԹՊԿ-ի քարտեզագրական հաստատությունների ղեկավարների առաջին հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին ստեղծել «թյուրքական աշխարհի միասնական քարտեզ» և համապատասխան աշխատանքային խումբ, որում ընդգրկվեցին ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական քարտեզագրական հաստատությունների աշխատակիցներ։
Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է, որ Հայաստանի արևելյան և արևմտյան հարևանների իշխող վերնախավի պատկերացումներում ԹՊԿ-ն առաջին հերթին ռազմական միություն է: Սակայն համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ Ալիևի առաջարկը հանրային աջակցություն չգտավ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևի կողմից, որոնք պաշտպանում են իրենց սեփական օրակարգերն ու ազգային շահերը: Այս տրամաբանությանը հետևելով՝ այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ԹՊԿ-ն կամ «ԹՊԿ պլյուսը», որի մասին կխոսվի ստորև, դիտվում են որպես լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու միջոց, բայց հազիվ թե որպես գործիք՝ Թուրքիայի զավթողականձգտումները կամ էլ Ադրբեջանի ու նրա առաջնորդի նկրտումները իրականացնելու համար:
Մասնավորապես, Տոկաևը կոչ արեց առավելագույնս օգտագործել համատեղ նախագծերի զարգացմանն ուղղված 2023 թվականին հիմնադրված Թյուրքական ներդրումային հիմնադրամի հնարավորությունները։ Մինչև տարեվերջ Թուրքեստանում պետք է անցկացվի Թյուրքական ներդրումային հիմնադրամի մասնակից պետությունների տնտեսության և առևտրի նախարարների հերթական հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում է Աստանայի նախաձեռնությամբ ներկայացնել հատուկ տնտեսական «Թուրան» գոտին և համաձայնեցնել վերոհիշյալ հիմնադրամի կողմից առաջնահերթ ֆինանսավորման ենթակա նախագծերի ցանկը:
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ 2020-2024 թվականներին Թուրքիան Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան է արտահանել ընդհանուր արժողությամբ 36,6 միլիարդ դոլարի ապրանքներ, մինչդեռ այդ երկրներից ներմուծումը կազմել է մոտ 26 միլիարդ դոլար։ Այս ժամանակահատվածում Թուրքիայի ամենամեծ արտահանման ծավալը բաժին է ընկել Ադրբեջանին՝ 12,8 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը կազմել է 5,3 միլիարդ դոլար։
Այս ֆոնին ԹՊԿ-ի որոշ անդամների՝ միավորման շրջանակներում սակագնային քաղաքականությունը միասնականացնելու ուղղությամբ աշխատելու ծրագրերը առաջացնում են ոչ միանշանակ արձագանքներ, քանի որ Ղազախստանն ու Ղրղզստանը ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության մեջ: Որոշ փորձագետների կարծիքով՝ գագաթաժողովից գագաթնաժողով ԹՊԿ-ի որոշ մասնակիցներ հասունացնում են անիրատեսական ծրագրեր և ոչ պակաս ֆանտաստիկ ամբիցիաներ՝ քողարկելով իրական հակասությունները խաբուսիկ «թյուրքական եղբայրության» թեմայով հռետորաբանությամբ:
Ոչ պակաս կարևոր է նաև ոչ թյուրքական պետությունների՝ ԹՊԿ-ին այս կամ այն ձևաչափով ենթադրական միանալու և փոխգործակցության ավելի լայն ձևաչափերի ստեղծման թեման, ինչի մասին խոսել են Գաբալայի ֆորումի շատ մասնակիցներ։ «Մենք պետք է կարողանանք իրականացնել մի տեսլական, որը ի ցույց կդնի մեր ձայնն ու ուժը՝ փոխգործակցելով այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների և դաշինքների հետ։ Այս համատեքստում ես անկեղծորեն հավատում եմ, որ մեր կողմից այսօր համաձայնեցված «ԹՊԿ պլյուս» ձևաչափը նոր շունչ կտա երրորդ կողմերի հետ մեր համագործակցությանը»,– այս առումով իր կարծիքն է արտահայտել «Ակ Սարայի» (Աստանայի նախագահական պալատը) տերը։
Բացի Հունգարիայից՝ մտքեր են արտահայտվել «թյուրքական» ինտեգրման ձևաչափին այս կամ այն ձևով Պակիստանի, Իրանի, ԱՄԷ-ի, Վրաստանի և, հնարավոր է, ոչ միայն նրանց, միանալու մասին։ Միևնույն ժամանակ ոչ թյուրքական պետությունների հաշվին ԹՊԿ-ի ընդլայնման գաղափարը չի ներդաշնակվում Բաքվի և Անկարայի մտադրությունների հետ՝ հզորացնելու ռազմաքաղաքական բաղադրիչը՝ Ռուսաստանի հարավային սահմաններին ինչ-որ «թյուրքական» ՆԱՏՕ-ի նմանօրինակը ստեղծելու նպատակով։ Այս սցենարը դժվար թե իրագործելի լինի որևէ տեսանելի ապագայում, սակայն վեկտորը հստակ նշվել է և առաջ է մղվում շահագրգիռ ուժերի կողմից, այդ թվում՝ վերլուծական համայնքների միջոցով։
Գաբալայի ֆորումի նախաշեմին Ադրբեջանի մայրաքաղաքում հավաքվել էին հատուկ կազմակերպված համաժողովում թյուրքական պետությունների առաջատար փորձագիտական-վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները: Հետաքրքիր էր միջոցառման կազմակերպիչ, Բաքվի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևի հայտարարությունն այն մասին, որ որոշ միջազգային կազմակերպություններ լուրջ բարեփոխումների կարիք ունեն, ի հայտ են գալիս որոշ բացեր, որոնք ԹՊԿ-ն իբր թե ի վիճակի է լրացնելու:
Կազմակերպության ամրապնդումը Բաքվի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, և իզուր չէ, որ «հենց Ադրբեջանը առաջինը հատկացրեց լրացուցիչ 2 միլիոն դոլար ԹՊԿ-ի քարտուղարության բյուջեին և հանդես եկավ ոչ պաշտոնական գագաթաժողովներ անցկացնելու նախաձեռնությամբ»։ Այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսին է ՄԱԿ-ը (և ոչ միայն) ակնհայտ ճգնաժամի պայմաններում նմանատիպ հայտարարությունները արժանի են խիստ սևեռուն ուշադրության, ինչպես նաև համաժողովի հայտարարված թեման, այն է՝ «Թյուրքական պետությունների կազմակերպությունը՝ որպես տարածաշրջանային դերակատար՝ գլոբալ անորոշության պայմաններում»։
«Թյուրքական աշխարհն ունի լայնարձակ աշխարհագրություն, հզոր ռազմական ներուժ, հարուստ ռեսուրսներ, տրանսպորտային միջանցքներ և երիտասարդ բնակչություն։ Անհրաժեշտ է միավորել մեր ջանքերը, որպեսզի ԹՊԿ-ն դառնա ազդեցիկ խաղացող և ուժի կենտրոն համաշխարհային ասպարեզում»,– ասել է ԹՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Օմեր Կոջամանը՝ նշելով թյուրքական աշխարհում Ադրբեջանի առանձնահատուկ դերը՝ որպես կամուրջի։ Իր կողմից Հունգարիան պատրաստ է կամուրջ դառնալ թյուրքական երկրները Եվրոպային և Եվրամիությանը ինտեգրելու համար, հայտարարել է Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար հետազոտող Լասլո Վասան։ Նրա խոսքով՝ «Միջին միջանցքը կամրջի դեր կկատարի ինչպես Արևելք-Արևմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ տարածաշրջանների համար»։ Հատկանշական է, որ գրեթե նույն ոգով արտահայտվեց նաև վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Եվրամիությանն առաջարկելով «ԱՊՀ-ն և Կենտրոնական Ասիան դիտարկել որպես իրենց կարևորագույն ռազմավարական գործընկերները։ Հունգարիան դա արել է, և Կենտրոնական Եվրոպան դա գիտակցում է»։
Գաբալայում կայացած հանդիպման արդյունքների հիման վրա ընդունված հռչակագրում լիակատար հավանություն գտավ «Թրամփի ճանապարհի» (TRIPP) գաղափարը, որի մասին, ինչպես ավելի վաղ գրել էինք, հայտնի դարձավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպումից հետո։
Սպասվածից ավելի արտահայտվեց աջակցությունը «անդամ պետությունների շարունակական ջանքերին՝ Զանգեզուրի միջանցքը շահագործման հանձնելու և զարգացնելու, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ներուժը առավելագույնս օգտագործելու իրենց տրամադրվածությունը վերահաստատելու, ինչպես նաև անդրկասպյան Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային երթուղու (միջին միջանցք) կարևորությունը ընդգծելու համար»։ ԹՊԿ-ի գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի ասելով՝ ապագա «Թրամփի ճանապարհը» զգալիորեն կամրապնդի թյուրքական աշխարհը և կստեղծի նոր տարանցիկ հնարավորություններ. «Մեր երկրների տնտեսությունները կազմում են 2,1 տրիլիոն դոլար, իսկ մեր ապրանքաշրջանառությունը 1,1 տրիլիոն դոլար։ Ընդ որում, մենք օգտագործում ենք մեր ներուժի միայն 7 %-ը»։
Ֆորումի արդյունքների հիման վրա արված հատուկ հայտարարության մեջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է ԹՊԿ-ի շրջանակներում անվտանգության, ռազմատեխնիկական, տնտեսական, մշակութային- մարդասիրական համագործակցության ընդլայնման վերաբերյալ խորհրդակցությունների շարունակման նպատակահարմարության մասին: Բացի դրանից, աջակցություն կստանան արհեստական բանականության, տիեզերական տեխնոլոգիաների և թվային փոխակերպումների ոլորտներում նախաձեռնությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը: Որոշվել է ամրապնդել «Թյուրքսոյ» (TURKSOY) թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը: Կոնկրետ միջոցառումների շարքում է 1926 թվականին Բաքվի թուրքագիտական կոնգրեսի հիշատակումը, որտեղ որոշվեց այբուբենի լատինատառացման մասին, ինչը մեկ դար անց կարող է «երկրորդ շնչառությունը» ստանալ:
ԹՊԿ-ի հաջորդ գագաթաժողովը պետք է անցկացվի 2026 թվականի աշնանը Թուրքիայում, իսկ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը՝ Ղազախստանում նույն տարում։ Կարելի է ենթադրել, որ ռազմական բաղադրիչի վրա շեշտադրմամբ Անկարայի և Բաքվի կողմից «էթնիկ դիվանագիտության» վրա խաղադրույք կատարելը կհավասարակշռվի Կենտրոնական Ասիայի պետությունների կողմից ավելի հավասարակշռված և իրատեսական դիրքորոշմամբ։
ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎ, Մոսկվա
