Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Կովկասից մինչև Պարսկաստան. ռուսներն ու հայերը իրանական Մաշհադի պատմության մեջ

Վերլուծություն

2025 թվականի նոյեմբերի 18

Իրանի հայկական փոքրամասնությունը բնակվում է համախմբված ու տեղայնացված, փոքր կղզյակների պես՝ պահպանելով իր մշակույթը պարսկական օվկիանոսում: Հիմնական համայնքները կենտրոնացված են երեք շրջաններում՝ Թեհրանում, որտեղ մի ամբողջ հայկական Զեյթուն թաղամասը ապրում է իր չափված-ձևված կյանքով՝ շրջապատված եկեղեցիներով, մշակութային ու մարզական կենտրոններով, իրանական Ատրպատականում (Ադրբեջան), որտեղ հայերը վաղուց ձևավորել են կայուն համայնք՝ բազմաթիվ եկեղեցիներով, և Սպահանում՝ հայտնի Նոր Ջուղա շրջանում, որտեղ շահ Աբասը 1603 թվականին վերաբնակեցրել է ավելի քան 250,000 հայերի: Վերաբնակները արագ դարձան ակտիվ առևտրականներ՝ կապեր հաստատելով Հնդկաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ, որով նպաստեցին երկրի տնտեսական ծաղկմանը: Այսօր Նոր Ջուղան Սպահանի ամենահարմարավետ, խնամված ու ամենահարուստ շրջաններից է, իսկ համայնքի սիրտը Սուրբ Ամենափրկիչ Քրիստոսի տաճարն է, որն ավելի շատ հայտնի է որպես Վանքի տաճար՝ ապշեցուցիչ որմնանկարներով, արևելյան ու բարոկկո ոճերի խառնուրդով և ոգեղենության անհավանական մթնոլորտով:

Իրանում կա ընդհանուր առմամբ լավ վիճակում գտնվող մոտ 30 հայկական եկեղեցի և տաճար։ Դրանք ոչ միայն ճարտարապետական ​​հուշարձաններ են, այլև համատեղ կյանքի պատմության կենդանի վկայություններ։ Իրանցիները խնամքով են վերաբերվում այս սրբավայրերին և հայերին հաճախ անվանում են քրիստոնեության պահապաններ իսլամական հանրապետությունում։

Իրանում գործում են նաև Արևելքի ասորական եկեղեցին, Վրացական ուղղափառ եկեղեցին և Ռուս ուղղափառ եկեղեցու ծխական համայնքները, որոնք այստեղ են հայտնվել դեռևս Պետրոս Մեծի ժամանակներից։ Այսօր քրիստոնյաները կազմում են երկրի բնակչության մոտավորապես 0,155 %-ը, իսկ նրանց մեջ հայերը անկասկած մեծամասնություն են կազմում։

Պատմության կամքով հայերի առասպելական նախահայր Հայկի որդիները ցրվեցին ողջ աշխարհով՝ թողնելով իրենց ներկայության հետքերը ամենաանսպասելի վայրերում: Այդ հետքերը կարծես փոքրիկ փարոսներ են, որոնք փայլատակում են այնտեղ, որտեղ ամենաքիչն ես սպասում: Այդպես եղավ ինձ հետ Մաշհադում՝ Իրանի երկրորդ մեծ քաղաքում, որը հսկայական իսլամական կենտրոն է ու սրբավայր և ուխտագնացության քանակով զիջում է միայն Մեքքային: Հենց այստեղ է գտնվում ութերորդ շիա իմամ Ռեզայի դամբարանը՝ պայծառ, փայլփլող, վեհաշուք մի համալիր, որտեղ տարեկան այցելում է ավելի քան 11 միլիոն ուխտավոր: Դամբարան այցելելուց հետո իմ իրանցի ընկերները ինձ սկսեցին անվանել Մաշհադի Լենա. այդպես են անվանում բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ ուխտագնացություն են կատարել դեպի այս սրբավայրը:

Եվ այսպես, Մաշհադ։ Առաջին հարցը, որ տվեցի ժամանելուց հետո, պարզ էր և մի փոքր էլ միամիտ. «Իսկ այստեղ հայկական կամ ռուսական որևէ բան կա՞»։ Ռուսական գրեթե ոչինչ չկա։ Չնայած... Բայց այդ մասին ավելի ուշ։ Խորհրդային տարիներին Թուրքմենստանի հետ սահմանը հատելը դժվար չէր, ուստի աշխուժորեն առևտուր էր ընթանում, և Մաշհադում ապրանքներ ու մարդիկ էին լինում, իսկ որոշ տեղացիներ նույնիսկ լավ ռուսերեն էին խոսում։

Մաշհադի, ինչպես նաև ամբողջությամբ վերցված Պարսկաստանի պատմության մեջ հավերժ մնացել է մի մարդու անուն, որը դարձել է երկու աշխարհների՝ Ռուսական կայսրության և պարսկական Արևելքի միջև կապող օղակը։ Նրա անունը Սամսոն Մակինցև էր կամ Սամսոն խան (1776 թ. Ռուսական կայսրություն – 1849 թ. Ղաջարական պետություն), և այդ անունը հիշեցնում է նրա անցած դրամատիկական ուղու մասին՝ զինվորի որդուց մինչև Ղաջարական բանակի գեներալ, ռուս հեծյալ վերակայից (վախմիստր), մինչև բարձրաստիճան սպա օտար երկրում, որտեղ նրան սպասում էին հարգանքով, բայց նաև դատապարտմամբ։

Սամսոնը ծնվել է 1776 թվականին Կովկասում, ծագումով՝ մալոռուս։ Դեռևս երիտասարդ տարիքից նա եղել է ռուսական բանակի շարքերում՝ որպես Նիժնի Նովգորոդի հեծելագնդում շարքային և մասնակցել է կովկասյան արշավանքներին։ 1802 թվականին, լինելով հեծյալ վերակա, Սամսոն Մակինցևը, չկարողանալով դիմանալ ճնշմանը, լքել է հայրենիքը և անցել թշնամու կողմը։ Նա մտել է Երևանի պարսկական հետևակային գունդ, որտեղ արագ նվաճել է թագաժառանգ Աբբաս-Միրզայի վստահությունը։ Շնորհիվ իր վճռականության և մարտունակ ստորաբաժանումներ ստեղծելու ունակության՝ նա դարձել է գնդապետ, իսկ շուտով՝ նաև գեներալ։ Սամսոն խան անունը ստանալով՝ նա գլխավորել է ռուս դասալիքներից ու ռազմագերիներից կազմված գունդը։ Այնուամենայնիվ, Սամսոնը պահպանել է իր ուղղափառ հավատքը և նույնիսկ եկեղեցի է կառուցել Սուրգյուլում՝ Թավրիզից ոչ հեռու։

«Ռուսները մեր հարևաններն ու թշնամիներն են. վաղ թե ուշ նրանց հետ պատերազմն անխուսափելի է, այդ պատճառով մեզ համար ավելի լավ է ծանոթանալ նրանց ռազմական ուսմունքին, քան անգլիացիների ուսմունքին»,- ասում էր Աբբաս- Միրզան՝ ընդգծելով փորձառու ռուս զինվորականների կարևորությունը։

Սակայն Սամսոն խանի ճանապարհը միայն հաղթանակներով չէր պատված։ 1813 թվականին՝ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, նրա գունդը Ասլանդուզում ոչնչացվեց գեներալ Պյոտր Կոտլյարևսկու զինվորների կողմից, իսկ ինքը հազիվ փախավ գերեվարումից։ Հետագայում Սամսոն խանը կտրականապես հրաժարվեց կռվել իր հայրենակիցների՝ ռուսների դեմ։

Դասալիքները նրա հրամանատարությամբ նշանակալի ծառայություններ մատուցեցին պարսկական կառավարությանը Քրդստանում, հատկապես 1820–1821 թվականներին՝ Թուրքիայի հետ պատերազմի ժամանակ, երբ նրանք նպաստեցին գլխավոր հրամանատար (սերասկեր) Չոպանօղլուի դեմ տարած հաղթանակին Թոփրախ կալեում: Սակայն, չնայած Պարսկաստանին իր նվիրվածությանը, Սամսոն խանը կտրականապես հրաժարվեց կռվել ռուսների դեմ: «Մենք երդվեցինք Սուրբ Ավետարանի վրա,- ասաց նա,- չկրակել մեր հավատակիցների վրա և չենք դավաճանի մեր երդմանը»: Եվ Աբբաս Միրզան, հարգելով նրա հավատարմությունը երդմանը, չսկսեց պնդել:

Մակինցևը մտադիր էր մնալ Թավրիզում՝ պաշարման դեպքում քաղաքը պաշտպանելու պատրվակով, սակայն Աբբաս Միրզան նրան տարավ արշավանքի՝ խոստանալով, որ Սամսոն խանի գունդը կմնա պահեստազորում, իսկ նրա հրամանատարը կլինի իր խորհրդականը։ Սարդարապատի գրավումից հետո և մինչև ռուսական զորքերի Թավրիզ մտնելը Սամսոն խանն ապրում էր մերթ Մարաղայում, մերթ Քրդստանում։

1832 թվականին Սամսոն խանը իր գնդի հետ ուղեկցում էր Աբբաս Միրզային Հերաթի դեմ նրա ռազմական արշավանքի ժամանակ։ Գրոհներից մեկի ժամանակ աֆղանցիները ծանր պարտություն կրեցին, որից հետո նրանք ստիպված եղան պատսպարվել Ռոուզ գահ ամրոցում, որը ոչ միայն ռազմավարական կարևոր օբյեկտ էր, այլև տեղացիների համար պաշտամունքի սրբազան դամբարան։ Այս ամրացված դիրքը գրավելու համար ընտրվեց Սամսոն խանը, որն առանց մեծ դժվարության տիրեց ամրոցին։ Գրոհի ժամանակ նա սարսափ ու խուճապ առաջացրեց պաշարվածների մեջ։ Լուսաբանելով այդ պահը՝ Հերաթի հայտնի կառավարիչ Ռեզա Քուլի խանը գրել է, որ աֆղանցիները խիստ վախեցած էին «բարձրահասակ և բազմագույն սուլթաններից, որոնց նրանք ընկալել էին որպես էշի պոչերի»,- այդպես էին նրանք ընկալում ռուսական գումարտակի սաղավարտների անսովոր զարդարանքները։

Ռուսաստանը, իհարկե, փորձեց վերադարձնել փախստականներին, այդ թվում՝ 1819 թվականին ռուսական առաքելության քարտուղար Ալեքսանդր Գրիբոյեդովի հետ բանակցությունների միջոցով, սակայն դրանք ավարտվեցին սկանդալով։ Աբբաս Միրզայի առաջարկով խորհրդակցությանը հրավիրվել էր Սամսոն խանը, սակայն Գրիբոյեդովը կտրականապես հրաժարվեց հանդիպել նրա հետ. «Ոչ միայն ամոթալի կլիներ այդ սրիկային յուրայինների մեջ ունենալը, այլև ավելի ամոթալի կլիներ նրան ազնիվ ռուս սպային ցույց տալը... Թեև նա ձեր գեներալն է, բայց ինձ համար նա ստոր սրիկա է, և ես չպետք է տեսնեմ նրան»։ Չնայած պաշտոնական բանակցությունների ձախողմանը՝ Գրիբոյեդովին հաջողվեց մասնավոր կերպով 158 մարդու համոզել վերադառնալ Ռուսաստան։

1837 թվականին Նիկոլայ I կայսրը, ճանապարհորդելով Կովկասով, այցելեց Երևան, որտեղ նրան դիմավորեց պարսկական պատվիրակությունը։ Նա ցանկություն հայտնեց, որ ռուս դասալիքների գումարտակը լուծարվի, իսկ զինվորները վերադառնան տուն։ Մահմեդ շահը համաձայնվեց՝ հրամայելով հավաքել բոլոր դասալիքներին ու հանձնել ռուս հյուպատոս, կապիտան Ալբրանդտին։ Չնայած ճնշմանը՝ Սամսոն խանը, վախենալով հաշվեհարդարից, մնաց Պարսկաստանում։

Կապիտան Ալբրանդտի հետ հանդիպումը վճռորոշ դարձավ հետագա իրադարձությունների համար։ Ալբրանդտը համոզեց Սամսոն խանին չխոչընդոտել գումարտակի վերադարձին Ռուսաստան, իսկ նա, գիտակցելով, որ կկորցնի իր ազդեցությունն ու հարստությունը, կտրականապես հրաժարվեց վերադառնալ Ռուսական կայսրություն։

Սամսոն խանը շարունակեց ծառայել Պարսկաստանում նաև Աբբաս Միրզայի մահից հետո։ Նա աջակցեց ժառանգորդ Մոհամմեդ միրզային՝ դառնալով նրա ռազմական խորհրդականը և անձնական պահակախմբի հրամանատարը։ Այս պաշտոնում նա մասնակցել է մի շարք ռազմական արշավների, այդ թվում՝ Խորասանում և Թուրքմենստանում, որտեղ դրսևորել է իրեն որպես փորձառու և վճռական հրամանատար։ Նրա վերջին նշանակալի հաջողություններից մեկը 1849 թվականին Մաշհադի գրավումն էր։ Սակայն շուտով՝ նույն թվականին, Սամսոն խանը վախճանվեց 73 տարեկան հասակում։

Նրա հակամարտություններով ու դժվար որոշումներով լի կյանքը ավարտվեց Սուրգյուլում՝ Թավրիզից ոչ հեռու, որտեղ նա թաղվեց իր կառուցած եկեղեցում: Սամսոն խանի մահից հետո Իրանում այլևս ռուսական ռազմական ստորաբաժանումներ չեղան, և նրա կերպարը դարձավ ողբերգական ընտրության և գործին նվիրվածության խորհրդանիշ՝ չնայած նրա անցած ուղու հակասականությանը:

Սամսոն խանը ամուսնացած է եղել երեք անգամ։ Նրա առաջին կինը հայուհի էր Կիզիլջա գյուղից, մահացել է նրա ձեռքով՝ անհավատարմության համար։ Նրա երկրորդ կինը՝ վրաց արքայազն Ալեքսանդրի ապօրինի դուստրը, նրան պարգևել է որդի և դուստր, սակայն այս ամուսնությունն էլ է ողբերգականորեն ավարտվել։ Նրա երրորդ կինը, որը քաղդեացի էր, անզավակ մնաց։ Մալոռուս և Ռուսական կայսրության նախկին հպատակ Սամսոն խանի կյանքն ու մահը մնում են առեղծված՝ լի ցավով և զոհողություններով։ Նրա անունը պատմության մեջ հավերժ կմնա որպես բարդ ճակատագրի և ողբերգական ընտրության խորհրդանիշ։

Մաշհադում հայերի պատմությունը բոլորովին այլ է՝ նույնպես խորհրդավոր և հետաքրքիր։ XVIII դարում պարսից շահ Նադիր Աֆշարը Մաշհադում վերաբնակեցրել է հայ և հրեա ընտանիքների, քանի որ այստեղ հաճախ էին գալիս վաճառականներ Երևանից, Նախիջևանից ու Ղարաբաղից, և բանակցություններ վարելու ընդունակ մարդկանց կարիք կար։ Հայերը այս հողի վրա ապրել են երկու դար, իսկ հետո… անհետացել։ Ինչպե՞ս։ Ինչո՞ւ։ Մի՞թե ոչ մի հետք չի մնացել։ Չափից ավելի անհավանական է։

Հետքեր, իհարկե, մնացել են՝ անխոս, համեստ, բայց կենդանի։ Որոնումները հանգեցրին նրան, որ մի շրջանում հայտնաբերեցինք հայկական եկեղեցի, մյուսում՝ մատուռ ու գերեզմանատուն։

Սուրբ Մեսրոպ հայկական եկեղեցին գտնվում է 10-րդ օրվա փողոցում՝ թվում է կենտրոնից ոչ հեռու, բայց այնքան հմտորեն է թաքնված, որ փողոցից միայն գմբեթն է տեսանելի։ Բարձր ցանկապատը, որի հետևում խշշում են ճյուղաշատ ծառերը, թաքցնում է վերանորոգման մնացորդները՝ բետոնե սալիկներ, քարեր և շինարարական աղբ։ Մենք շրջեցնք եկեղեցու շուրջը՝ փորձելով գտնել այլ մուտք։ Նրա կողքին մզկիթ է, և նրա աշխատողները հազվագյուտ սիրալիրությամբ թույլ տվեցին մեզ մտնել ներքին բակը։ Քարե պատի վրա երևում էր եկեղեցու նախկին մուտքը, որն այժմ փակ է։ Մենք փորձեցինք ներս նայել ամեն տեղից՝ հարևան տան ձեղնահարկից, Թուրքմենստանի դեսպանի նստավայրից, նույնիսկ բարձր սյունից՝ հարուցելով անցորդների մեծ զարմանքը։ Բայց գմբեթը միակ բանն էր, որ առայժմ գրավել է մեր ուշադրությունը։ Ստիպված ենք վերադառնալ։ Շատ կուզենայինք տեսնել եկեղեցին  ներսից և հատկապես գրադարանը, որտեղ, հնաբնակների պատմելով, պահվում է մոտ հազար գիրք հայերենով և ռուսերենով։ Գրադարանը պաշտոնապես գրանցվել է 1961 թվականին, և մինչև 1978-1979 թվականների իսլամական հեղափոխությունը այնտեղ կանոնավոր կերպով պատարագներ են մատուցվել։ Ավելի ուշ հայերը աստիճանաբար լքել են Մաշհադը՝ տեղափոխվելով Թեհրան, Թավրիզ և Սպահան: Այժմ նրանք այստեղ են գալիս միայն մեծ տոներին՝ հիշելու, աղոթելու և անցյալի հետ կապը պահպանելու համար:

Հայկական գերեզմանատունն ու ժամատունը՝ մատուռը, գտնվում են Շահիդ Քարիմիի և Խոր-ե-Ամելի փողոցների խաչմերուկում։ Մենք այնտեղ հասանք մայրամուտին՝ ներս մտնելու գրեթե հույս չունենալով։ Գերեզմանատունը շրջապատված էր ցանկապատով, դռան վրա զանգ կար։ Սեղմեցինք այն։ Մի րոպե անց դուրս եկավ Ռամին անունով մի բարյացակամ երիտասարդ՝ հիշողության պահապանը։ Իմանալով, որ մենք քրիստոնյա ենք և եկել ենք Հայաստանից, նա հարգանքով մեզ ներս հրավիրեց։ Մուսուլմանների մուտքն արգելված է, բացատրեց նա։

Մինչ մենք քայլում էինք նեղ ծառուղով, Ռամինը պատմեց, որ այստեղ հաճախ են գալիս հայեր, ռուսներ և լեհեր՝ իրենց նախնիներին հիշելու համար: Մթնշաղը արագ վրա հասավ, և խիտ միահյուսված սաղարթներով բարձր ծառերը կարծես միմյանց շշնջում էին՝ նայելով մեզ: Այդ ժամանակ Ռամինը բերեց մեծ լապտեր, և մենք սկսեցինք դիտումը:

Փոքր տարածքում կա մոտ 200 գերեզման, հիմնականում հայկական։ Բայց այստեղ հանգչում են նաև Լեհաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Կանադայի և Ֆրանսիայի քաղաքացիներ։ Տապանաքարերը խոսում են հայերեն, լեհերեն, ռուսերեն, անգլերեն, արամեերեն, պարսկերեն և ֆրանսերեն. գերեզմանատունը վերածվում է երկրների և ճակատագրերի համր արխիվի։

Ահա Մարո Հակոբյանի գերեզմանը, որը ծնվել է Ուրմիայում 1911 թվականին և մահացել Մաշհադում 1985 թվականին։ Կողքին Պետրոսն է՝ նրա ամուսինը՝ ծնված 1901 թվականին Սպահանում։ Ահա Սարգիս Քեշիշչյանի գերեզմանաքարը, որն ապրել է համեստ ու աշխատասեր կյանքով։ Ահա Թեհրանում ծնված Մելքոն Հարությունյանի գեղեցիկ տապանանաքարը։ Այնուհետև ռուսական գերեզմաններն են։ Ազգանունների մեջ մեքենայորեն փնտրում եմ ինչ-որ հարազատ բան, բայց ոչ՝ չհամընկավ։

Առանձնանում են 24 խնամված գերեզմաններ, որոնց հետևում է լեհական համայնքը՝ կոկիկ, մաքուր, ներդաշնակ։ Իսկ կողքին ԱՄՆ-ի քաղաքացի Լևիս Ֆ. Էսելստինի՝ Խորասանի առաջին միսիոների տապանաքարն է, որը 1895 թվականին երեք տեղացիների դարձրեց քրիստոնյա։ Մի փոքր ավելի հեռու ֆրանսիացի արյունաբան Պոլ Շևալյեի գերեզմանն է։ Եվ շատ ուրիշների՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ, իր լռությամբ, իր ճշմարտությամբ։

Մատուռի պատին կախված է բոլոր թաղվածների մեծ ցուցակը, որը հիշողությունների յուրատեսակ գրացուցակ է (կատալոգ)։

Մատուռի մուտքի վերևում գրված է. «Մատուռը կառուցվել է 1947 թվականին՝ Սուրբ կույս Կատարինայի պատվին, Արփենիկ և Մելքոն Հարությունյանների կողմից՝ մայր և զոքանչ Կատարինա Հովհաննիսյանի հիշատակին, որը հանգչում է այստեղ»։

Հյուրերի գրքում մաղթանքներ և շնորհակալական խոսքեր են տարբեր լեզուներով։ Դրանք քիչ են, բայց յուրաքանչյուրը նման է դեպի անցյալ ձգվող փոքրիկ կամրջի։ Գրառումների մեջ անսպասելիորեն գտանք նաև Հայաստանից ծանոթ ազգանուն. Աշխարհը փոքր է, նույնիսկ Մաշհադի գերեզմանատանը։

Մենք նույնպես երախտագիտության խոսքեր թողեցինք այն մարդկանց հասցեին, ովքեր այդքան խնամքով պահպանում են Մաշհադում երբևէ ապրած հայերի, ռուսների, լեհերի և այլոց հիշատակը։

Թեհրանի հայկական եկեղեցու թեմական խորհրդի ջանքերով հայկական մատուռն ու գերեզմանատունը ներառվեցին Իրանի ազգային ժառանգության օբյեկտների ցանկում։ Եվ սա պարզապես կարգավիճակ չէ։ Սա նշան է հարգանքի, ճանաչման և այն բանի, որ հիշողությունը չի վերանա,  եթե նույնիսկ թվա, թե  մարդիկ անհետացել են։

 

Ելենա Շուվաևա

Լուսանկարը՝ հեղինակի

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված