Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

Ռոբերտ Սահակյանց. հիպիից մինչեւ մուլտիպլիկատոր

Մշակութային

«ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՔԵԶ»

Երեւանի Մոսկվայի տանը տեղի ունեցավ «Ճանապարհ դեպի քեզ» («Дорога к себе») հոբելյանական միջոցառումը՝ նվիրված ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, մուլտիպլիկատոր, ՀՀ ժողովրդական արտիստ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ծննդյան 75-ամյակին (ծնվել է Բաքվում 1950 թ.): Միջոցառման հյուրը եւ վարողը ռեժիսորի որդին՝ Դավիթ Սահակյանցն էր:

Հանդիպման ընթացքում ցուցադրվեցին «Աղվեսագիրք», «Խոսող ձուկը» եւ «Սեղմակոճակ» մուլտֆիլմերը։ Այս ֆիլմերը արտացոլում են Ռոբերտ Սահակյանցի ստեղծագործությունների ու ներաշխարհի բազմաշերտ ու խորքային մոտեցումները եւ դրսեւորում հեղինակի անկրկնելի ձեռագիրը։

Ստեղծագործական հուշ-երեկոն միավորել էր Ռոբերտ Սահակյանցի բարեկամներին, գործընկերներին եւ պարզապես երկրպագուներին։ Նրանք բոլորը հիշում ու պատմում էին անիմացիայի մեծ վարպետի արկածների, հումորային պատմությունների եւ վառ գույներով լցված մուլտֆիլմների ու կյանքի մասին։

«ՀԱՅՐՍ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԷՐ, ՈՐԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ»

Հոր անցած ուղին ներկայացրեց ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ՝ նշելով, որ նրա ստեղծագործական կյանքն ու թողած ժառանգությունը բաժանվում են երեք փուլի. Ռոբերտ Սահակյանցը եղել է պատմող, եղել է քաղաքացի եւ հետո դարձել ուսուցիչ։ Այդ բոլոր որոնումներն արտահայտվել եւ արտացոլվել են արվեստագետի բոլոր ստեղծագործություններում. «Սկզբից նա հեքիաթասաց էր։ Տարիների ընթացքում հայրս ձեւավորվեց որպես սկզբունքային քաղաքացի, որը չէր կարող լռել, քանի որ կարծում էր, որ լռությունը վախկոտություն է։ Իսկ կյանքի վերջին տարիներին հայրս ուսուցիչ էր։ Յուրաքանչյուր ժամանակաշրջանում նա ուներ իր սեփական արտահայտչամիջոցը, սեփական ձեռագիրն ու անձնական ճշմարտությունն ու ազնվությունը։ Նա երբեք իրեն չէր կրկնում, նրա ֆիլմերը կարելի է անվերջ դիտել՝ ամեն անգամ բացահայտելով նոր մանրուքներ»։

Եղբոր մասին իր հետաքրքիր հուշերը պատմեց նաեւ Ռոբերտ Սահակյանցի քույրը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ։ Նա հիշեց ապագա ռեժիսորի մանկական արկածները, նաեւ այն, թե ինչպես եղբայրն ընտրեց մուլտիպլիկացիայի աշխարհը։

Վաղ տարիքից սկսած՝ Ռոբերտ Սահակյանը սիրել է նկարել, պլաստիլինից փոքրիկ արձանիկներ ծեփել, եւ նրա աշխատանքները շատ են դուր եկել Պիոներ պալատի ուսուցչին։ Սակայն, շուտով ուսուցիչը փոխվել է, եւ վերջինիս առաջին գործը եղել է այն, որ հերթով հարցրել է, թե երեխաներից ով ինչ ազգության է պատկանում։ Իմանալով, որ Ռոբերտը հայ է, առանց ծանոթանալու նրա աշխատանքներին, ասել է, թե նա շնորհք չունի, Պիոներ պալատը նրա տեղը չէ եւ նրանից ոչ մի բան դուրս չի գա։ Մայրը ամուսնուն հորդորել է տեղափոխվել Հայաստան՝ ասելով, որ այդ երկրում իրենց երեխաները ապագա չունեն։ 1964-ին ընտանիքը տեղափոխվել է Երեւան։ Դպրոցն ավարտելուց հետո Սահակյանցն ընդունվել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ։

Կարինե Սահակյանցը հիշեց, որ այդ տարիներին մայրը մի թերթում պատահաբար կարդացել էր, որ «Հայֆիլմ» ստուդիան փնտրում է նկարիչների։ Պատանի Ռոբերտ Սահակյանցը շատ լավ էր նկարում, եւ մայրն առաջարկել է տղային փորձել ուժերն ու դիմել «Հայֆիլմ» ստուդիայի հայտարարած մրցույթին։ «Հայֆիլմում» Ռոբերտին առաջարկեցին տանը ձի նկարել ու մի քանի օրից բերել ստուդիա։ Սակայն պատանին առարկեց եւ որոշեց տեղում նկարել, քանի որ հակառակ դեպքում չէին հավատա, որ ինքն է նկարել։ Պատանին անմիջապես տեղում նկարում է ձի՝ ընթացքի մեջ, կանգնած, տարբեր դիրքերում եւ զարմացնում ապշահար ներկաներին։ Ռեժիսորներից մեկն ասում է ճակատագրական հետեւյալ բառերը. «Այս հիպին հիանալի մուլտիպլիկատոր կդառնա»։ Ռոբերտ Սահակյանցին նույն օրն ընդունում են աշխատանքի։

«ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԻ ՎԵՐՋԻՆ ՀԻՊԻՆ»

Տարիների ընթացքում այդ հիպին իսկապես զարմացրեց ու հիացրեց շատերին ու դարձավ, ինչպես իր ընկերներն էին նրան անվանում՝ «Վարդագույն քաղաքի վերջին հիպին»։ 1972 թվականին Ռոբերտ Սահակյանցը բեմադրեց իր առաջին անիմացիոն «Լիլիթ» ֆիլմը։ Իսկ 1975 թվականին նա մարտահրավեր նետեց ամբողջ Խորհրդային Միության գրաքննադատությանը՝ ստեղծելով լեգենդար «Աղվեսագիրքը»։

Ռոբերտ Սահակյանցի անիմացիոն ձեռագիրը հաճախ ցնցում էր իշխանության վերին ատյանների ներկայացուցիչներին։ Նման ֆիլմերից էր Վարդան Այգեկցու եւ Մխիթար Գոշի միջնադարյան առակների հիման վրա ստեղծված «Աղվեսագիրքը», որտեղ միատեղվել էին ռոք երաժշտությունը, սյուրռեալիստական ձեռագիրն ու անկրկնելի երգերը։ Ֆիլմում, օրինակ, առակի հերոսներից մեկի կրծքին դաջված էր Ջիմի Հենդրիքսի գլուխը։

70-ականներին հայկական անիմացիայում սկսվեց վարդագույն քաղաքի վերջին հիպիների դարաշրջանը։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ «Հայֆիլմի» մուլտարտադրությունում համախմբվել էին ըմբոստ, կենսուրախ բիթլզասեր երիտասարդներ, որոնք ստեղծեցին նոր, տարբերվող ֆիլմեր։

ԱՅՍՕՐ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ՍՏՈՒԴԻԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ

Այդ մասին էին խոսում եւ պատմում հուշ-երեկոյի հյուրերը։ Դավիթ Սահակյանցը հիշեց նաեւ իր հոր երկրորդ ամենամեծ սիրո՝ ֆուտբոլի մասին։ «Հայրս պլաստիլինից պատրաստած իր սեփական ֆուտբոլային թիմն ուներ, որի բոլոր ֆիգուրներն անձամբ էր պատրաստել՝ հաշվի առնելով բոլոր մանրուքները։ Նրա բոլոր բարեկամները, ընկերներն ու հարազատները մասնակցում էին ֆուտբոլի հնարովի եւ իրական առաջնություններին։ Պլաստիլինե թիմից զատ՝ Ռոբերտ Սահակյանցը ստեղծել էր նաեւ «Հայֆիլմ» ստուդիայի սեփական թիմը, որի անունն էր «Աչքերի հմայք» («Очей очарованье»)։ Այսպես հաճախ նա թիմակիցների հետ մրցում էր ԽՍՀՄ-ի, Անգլիայի եւ այլ երկրների մուլտիպլիկատորների այլ թիմերի հետ»։

Իսկ Կարինե Սահակյանցը պատմեց, թե ինչպես էր եղբայրը իրեն՝ 9-10 տարեկան աղջնակին, սովորեցնում ֆուտբոլային թիմերի անգամ փոխարինող կազմի ֆուտբոլիստների անուն-ազգանունները եւ քննում քրոջ գիտելիքները այդ ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում հյուրերը շատ պատմություններ հիշեցին։ Հատկանշական էր, որ շատերը նշում էին նաեւ, որ Ռոբերտ Սահակյանցը ոչ միայն ռեժիսոր էր, այլեւ շատ սկզբունքային, ազնիվ ու անկեղծ քաղաքացի։ Նրա քաղաքական հայացքների հայելանման արտացոլումն էր «Սեղմակոճակ» մուլտֆիլմը։

Ֆիլմում չկան երկխոսություններ, միայն հնչում է Խորհրդային Միության մասին Դունաեւսկու հայտնի երգը («Широка страна моя родная»), եւ գլխավոր հերոսն անընդհատ կոճակ է սեղմում տարբեր իրավիճակներում։ Ամեն անգամ սեղմելով կոճակը՝ քաղաքում պայթյուն է առաջանում, սակայն գլխավոր հերոսն անտարբեր ապրում է պաշտոնյայի ամենօրյա կյանքն ու մեքենայի պատուհանից անտարբեր հետեւում փլուզվող աշխարհին։

Պատմում են, որ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Երեւանում Խորհրդային բանակը փակել էր ճանապարհները, իսկ երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն։ Այդ պայմաններում հանդիսատեսը 10 րոպե շարունակ հոտնկայս ծափահարում էր համարձակ ռեժիսորին։

Սակայն անցան տարիներ, Ռոբերտ Սահակյանցը հայ ժողովրդի հետ միասին հաղթահարեց մութ ու ցուրտ տարիների ճգնաժամը։ Այդ տարիներին նա արտերկրից եւ հատկապես Մոսկվայից ստանում էր առաջարկներ, բայց նա հավատարիմ մնաց իր հայրենիքին։ Հաղթահարեց դժվարություններն ու ստեղծեց սեփական ստուդիան։

Ռոբերտ Սահակյանցի որդին նշեց, որ այսօր Ռոբերտ Սահակյանցի ստուդիան խնդիր ունի։ «Չէի ուզում այսօր խոսել տխուր իրադարձություններից, բայց ստուդիան զրկվել է տարածքից, սակայն մենք չենք հիասթափվում եւ շարունակում ենք աշխատել»։

Այսօր Դավիթ Սահակյանցը շարունակում է ստեղծագործել ու շարունակել հոր գործը։ Նա թիմակիցների ու բարեկամների հետ ստեղծում է անիմացիոն նոր ֆիլմեր, պատրաստվում է կազմակերպել նոր ցուցահանդեսներ եւ նոր գրքեր հրատարակել, սակայն այդ ամենի համար անհրաժեշտ են ռեսուրսներ, որոնց հայթայթումը ժամանակ ու համբերություն է պահանջում։

ՍՏԵԼԼԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Արման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված