Միջնորդում եմ Նիկոլ Փաշինյանին հրավիրել հարցաքննության և ինքնախոստովանական ցուցմունք տալու հնարավորություն տալ. Էդգար Ղազարյան
Ներքաղաքական«ՍԴ դատավորների գործով» որպես մեղադրյալ անցնող հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեց հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանին և Արուսյակ Ջուլհակյանին:
Հիշեցնենք, որ Ղազարյանին մեղադրանք են առաջադրել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ «դատավորներին արատավորելն՝ իրենց գործունեության համար»:
Իր միջնորդությունը ներկայացնելիս Էդգար Ղազարյանն այսօր մեկ առ մեկ հիշեցրեց ՍԴ-ի հասցեին Փաշինյանի հայտարարությունները. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ ու որևէ կապ ունենալ ՍԴ հետ…», «ՍԴ-ն իր ողջ գոյության ընթացքում զբաղվել է միայն իշխանությունների որոշումների փաթեթավորմամբ, պետք է գնան», «ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է կոռումպացված իշխանությանը և պետք է հեռանա...» և այլն:
Ղազարյանը շեշտեց՝ Փաշինյանի այս հայտարարությունները Սահմանադրական դատարանի ու դատավորների հասցեին արատավորող տեղեկություններ են ու քրեական վարույթի հիմք.
«Եթե դատախազները ցանկություն ունեին Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացված արատավորող տեղեկությունների փաստով վարույթ նախաձեռնել, ապա այդ վարույթի գլխավոր հերոսները մեղադրյալի կարգավիճակով պետք է լինեին Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը և մյուսները: Միջնորդում եմ նրանց հրավիրել հարցաքննության ու հնարավորություն տալ հանդես գալ ինքնախոստովանական ցուցմունքով»:
Դատարանը մերժեց միջնորդությունը, նիստը հետաձգվեց: