ԻՆՉ ԵՆ ՌՈՏՇԻԼԴՆԵՐԸ ԾՐԱԳՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ԳԱԼԻՔ ՏԱՐԻ
ՄիջազգայինՌոտշիլդների խոսափողը՝ The Economist-ը, ներկայացրեց արդեն ավանդական դարձած կանխատեսումները գալիք տարի աշխարհում սպասվող հիմնական իրադարձությունների մասին: Այլ կերպ ասած՝ գլոբալիստների` 2026 թվականի «կանխատեսման շապիկը»:
Թե ինչ են The Economist-ի այդ ամենամյա «գուշակություններն» իրենցից ներկայացնում, շատ է խոսվել: Հիմնական վարկածներից է, թե դրանով «համաշխարհային կառավարությունը» ռեբուսային տեսքով բացահայտում է իր ծրագրերը՝ ով խելք ունի, թող հասկանա իմաստով: Կա նաեւ հակառակ կարծիքը, որ դրանով գլոբալիստները փորձում են ցույց տալ, թե իրենք են դրության տերը՝ ասում են ու կանեն: Վարկածներից մեկն էլ այն է, որ դա իրենից բան չի ներկայացնում. եթե գլոբալիստներն այդքան կանխատեսող լինեին, ներկայիս վիճակում չէին հայտնվի, եւ այդպես շարունակ: Բայց մեկ բան հաստատ է՝ անգամ այդ կանխատեսումներին չհավատացող շատ փորձագետներ համառորեն ուսումնասիրում են The Economist-ի հերթական տարվան նվիրված շապիկը՝ բացատրելով. «Սա կարող է պատկերացում տալ, թե համաշխարհային հիմնական ուժերից մեկը՝ գլոբալիստներն ինչ ծրագրեր ունեն»: Ուրեմն, ի՞նչ ծրագրեր ունեն գլոբալիստները 2026թ.-ին…
ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍ
2026 թվականին վերաբերող The Economist-ի ռեբուսում (էջ 5) ամենագլխավորը, թերեւս, աչքի առաջ է, բայց մնալով մի տեսակ քիչ ընկալելի: Դա ռեբուսի ընդհանուր տեսքն է՝ մոլորակը ներկայացված է որպես ֆուտբոլիստի կողմից հարվածվածից հետո թռչող գնդակ։ Այն, որ միանգամից տեսանելի է, բայց առաջին պահին՝ քիչ ընկալելի, ուղղորդված հարվածի պատկերն է. ֆուտբոլիստն ուժգին հարվածով գնդակ-մոլորակ հետագծի հստակ կարմիր գծերով ուղղում է իրեն ցանկալի ուղղությամբ: Բնականաբար, գլոբալիստները, կոնկրետ դեպքում՝ ի դեմս ռոտշիլդների, հազիվ թե բացի իրենցից մեկ ուրիշին տեսնեն մոլորակի զարգացումներին ընթացք տվողի՝ գնդակին հարվածող ֆուտբոլիստի դերում: Ակնարկը կարծես թե պարզ է՝ ռոտշիլդները փորձում են ցույց տալ, որ ինչքան էլ խոսվում է գլոբալիստների դիրքերի թուլացման մասին, բայց իրենք են մնում համաշխարհային գործընթացների հիմնական, ավելի ճիշտ՝ միակ ուղղորդողի դերում, ամեն ինչ իրենց մտահղացումների հիման վրա է տեղի ունենում: Իրականում այդպե՞ս է, թե՞ դրանով ընդամենը փորձում են մյուս ուժերին կամ մարդկությանը հուսահատության դոզա ներարկել, թե մեկ է, մենք ենք խաղավարը, ոչ մեկը ոչ մի բան չի կարող անել: Սա արդեն կախված է նրանից, թե ով ինչպես է ընկալում ռոտշիլդական այս ռեբուսները:
Նույն՝ գլոբալիստների կողմից ամեն բան որոշելու մասին մեկ այլ ակնարկ է, այսպես ասենք, գնդակ-մոլորակի վրա փոքր մանրամասների առատությունը, որը քաոսի տպավորություն է թողնում: Ավելի ճիշտ՝ կառավարելի քաոսի, հաշվի առնելով, որ գնդակի թռիչքն արդեն իսկ կառավարելի է պատկերված: Իսկ կառավարելի քաոսը (որում, օբյեկտիվորեն նկատենք, գտնվում է մեր ժամանակակից աշխարհը), հենց գլոբալիստների սիրած ռազմավարությունն է:
ԵՐԿՈՒ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ՄԱՆՐ
Բուն գնդակ-մոլորակի վրա առաջինը, որն անմիջապես աչքի է ընկնում, ռազմական տեխնիկայի առատությունն է: Տանկեր (երկու մեծ եւ մի քանի փոքր), հրթիռներ, ռմբակոծող ինքնաթիռներ, անօդաչուներ եւ ցամաքային ինքնակառավարվող մարտական համակարգեր, կարելի է նաեւ սուզանավ նկատել, ու հենց կենտրոնում՝ ամենաաչքի ընկող հատվածում, երկու խաչված սրերն են: Գումարած հրթիռներ ակնարկող առեւտրային կոնտեյներային նավը, որը, թերեւս, ամենապարզ ակնարկն է, որ բացի ընդհանուր պատերազմական տրամադրություններից, թեժ բախումները շարունակվելու են նաեւ տնտեսական ճակատում: Ասենք, տնտեսական գրաֆիկի վրա գտնվող խաչված սրերը նույն բանի մասին են խոսում՝ տնտեսական հարցերի լուծումները ռազմական դաշտում են տրվելու:
Ավելի դետալային իմաստով, երկու մեծ տանկը կարող է գալիք տարի սպասվող երկու հիմնական պատերազմի մասին ակնարկել: Որո՞նք են դրանք: Գլոբալիստական թեւի բոլոր ձգտումներն այն ուղղությամբ են, որ այս տարի ուկրաինական պատերազմի ավարտը բացառվի: Ու ենթադրելի է, որ 2026թ.-ի երկու մեծ պատերազմներից մեկը հենց ուկրաինականն են համարում: Միայն թե ավելի շատ ռուսականի նմանվող տանկերից մեկը շարժվում է կրակների մեջ գտնվող եւ անկյուն քաշված Զելենսկու վրա: Նա ձեռքին հեռադիտակ ունի, բայց ցած իջեցրած. այլեւս հեռուներում հույս փնտրելու կարիք չունեցողի վիճակ: Նրա ուղղությամբ շարժվող հունականի նմանվող նավը կարող էր Եվրոպայից եկող փրկության ակնարկ համարվել. չմոռանանք, որ հին հունական քաղաքակրթությունն է ներկայիս Եվրոպայի հիմքը համարվում: Միայն թե նավում գտնվող զինվորականի ձեռքին կա հին հունական աճյունասափոր: Այս տարբերակով, սափորը ձեռքին զինվորականը կարող է նաեւ մահացածների հոգիները տեղափոխող դիցաբանական Քարոնը լինել: Ամեն դեպքում, Թրամփը շատ հեռու է Զելենսկուց եւ մեջքով շրջված է: Սա արդեն ներկայիս Կիեւի համար ծայրահեղ մռայլ տպավորություն է թողնում: Առավել եւս, որ մոտակայքում որեւէ գործող եվրոպացի լիդեր չկա. Զելենսկին միայնակ է մնացել: Հանրագումարում, եթե ենթադրվող երկու մեծ պատերազմներից մեկն ուկրաինականն է, ապա, դատելով գլոբալիստական կանխատեսումներից, 2026թ.-ն այդ պատերազմի վերջին տարին է լինելու:
Այդ դեպքում ո՞րն է սպասվող երկրորդ մեծ պատերազմը: Ամենահավանական տարբերակներից կարող է լինել Վենեսուելան, կարող է լինել Իրանը, Թայվանը… Բայց այդ մասին հստակ, տեսանելի ակնարկներ չկան: Չնայած, դատելով ներկա սրացումներից, ամենահավանականը մնում է Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակումը: Բայց նաեւ կա վարկածը, որ ներկա բոլոր խնդիրների պարագայում Թրամփը կարող է եւ ցուցադրական սպառնալիքներից այն կողմ չանցնել:
ԱՄՆ-Ի 250-ԱՄՅԱԿԸ ԿՀԱՐԱՄՎԻ
Չնայած, ամենեւին էլ չբացառենք, որ երկրորդ մեծ պատերազմը վերաբերում է բացառապես ԱՄՆ-ին: Ռեբուսի կենտրոնական հատվածի մեծ տորթը, իհարկե, հիշեցում է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի մասին։ Դա հաստատում են նաեւ տորթի հարեւանությամբ գտնվող ամերիկյան դրոշը, հրթիռները` որպես այդ երկրի հզորության խորհրդանիշ: Բայց մեկ խորհրդանիշ էլ կա այստեղ, այն էլ՝ հենց ամերիկյան դրոշի ֆոնին: Հեղափոխությունները խորհրդանշող ձեռնաշղթայով բռունցքը, կարելի է ընկալել, որ Թրամփը կշարունակի «ազատությունների սահմանափակումը»: Բայց կարելի է նաեւ ընկալել` որպես Թրամփի դեմ սկսված հեղափոխական պատերազմի նշան: Կա նաեւ այն հարցը, թե ո՞ւմ են պատկանում բռունցքին զուգահեռ պարզված հրթիռները՝ թրամփյան իշխանությունների՞ն, թե հակաթրամփյան թեւին՝ գլոբալիստներին:
Ու նաեւ նկատենք, որ կոնտեյներատար նավի հրթիռներն ուղղված են հենց ամերիկյան տորթին: Սա մի կողմից, կարելի է ընկալել, որպես Չինաստանի հետ առեւտրային պատերազմների խորհրդանիշ: Այն է, երկրորդ մեծ պատերազմը կարող է նաեւ ընթանալ տնտեսական հարթությունում: Բայց նաեւ 250-ամյա ԱՄՆ-ին ուղղված հրթիռները կարող են ընկալվել պետական փլուզման մասին ակնարկ՝ մի քանի գործոնների ազդեցությամբ: Ներքին հեղափոխության, արտաքին տնտեսական հարվածների: Ամեն դեպքում, ռեբուսում պատկերված քայքայվող դոլարի նշանը արդեն իսկ Նահանգների հետ կապված չարաղետ կանխագուշակում է: Ամեն դեպքում, ռոտշիլդները կարծես թե պարզ ակնարկում են, որ ԱՄՆ-ի 250-րդ տարելիցը կհարամվի:
ԹՐԱՄՓԻ ՄԱՍԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻՑ ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ
Բուն կենտրոնում Թրամփն է՝ սրերով բաժանված նախագահ Սիից: Ավելի կոնկրետ, մի թեւում ԲՐԻԿՍ-ի առանցքային դեմքերն են՝ Սին, Պուտինը եւ դա Սիլվան: Հակառակ կողմում՝ Թրամփը: Այստեղ է նաեւ Մոդին, ով, թերեւս, իրականում վաղուց է առաջին բլոկում, բայց գլոբալիստների համար կարեւոր է Հնդկաստանին իրենց կողմը գրավել:
Ամենահետաքրքիր պահերից մեկը. Թրամփի հետ չեն, ավելի ճիշտ՝ առհասարակ գալիք տարվա «աշխարհի քարտեզից» բացակայում են Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, խոշոր հաշվով՝ Բրյուսելը: Այսինքն, գլոբալիստները կարծում են, որ Եվրոպան առհասարա՞կ է խաղից դուրս մնում, թե՞ ակնարկը վերաբերում է միայն լիդերներին՝ Սթարմերին, Մակրոնին եւ Մերցին, ասենք նաեւ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին: Դատելով ներկա իրողություններից, նրանք իրոք կարող են գալիք տարի (եթե ոչ մինչեւ այս տարեվերջ) հայտնվել պատմության աղբամանում: Արդյունքում, գլոբալիստները, նման է, որ հիմնական պայքարը տեսնում են երկու հիմնական բլոկների միջեւ: Իսկ իրենց այստեղ չեն տեսնում, քանի որ հարվածող ֆուտբոլիստի դերո՞ւմ են…
Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահի թիկունքին հայտնվել է միայն իտալուհի Մելոնին: Իսկ դա ակնարկ է, որ Թրամփը գործնականում միայնակ է մնացել: Ասենք, ներկա իրողություններն էլ են այդ մասին խոսում. Թրամփի թիմում հերթական անգամ մեծ կռիվ է սկսել, շատերն են նախագահին մեղադրում իր իսկ սկզբունքներին դավաճանելու մեջ, որը մեծ հարց է, թե մինչեւ ուր կհասցնի:
Ճիշտ է, գլոբալ ուղեղների կառավարման վահանակը դեռ Թրամփի կողքին է: Բայց փաթաթված նախագահ Սիի սրին, որը սպառնում է այն կտրել ցանկացած պահի: Իսկ նրանց միջեւ գտնվող տնտեսական գրաֆիկի անկումային հատվածը հենց Թրամփի կողմն է, աջինը՝ Սիի: Այն է, տնտեսական պատերազմներում գլոբալիստները նախապատվություն են տալիս չինացիներին, թեեւ, կրկնենք, այդ թեւում ԲՐԻԿՍ-ի հիմնական հատվածն է:
ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ ՆՈՒՅՆԸ, ԻՆՉ ԱՅՍ ՏԱՐԻ ԷՐ
Ռեբուսի վրայի մնացած դետալները կարելի է համեմատաբար ավելի կանխատեսելի համարել: Դեղահաբերի, ներարկիչներ առատությունը մի կողմից խոսում է հիվանդությունների բարձր մակարդակի մասին: Բայց նաեւ այն հսկայական եկամուտների, որոնք ստանում է դեղագործության ոլորտը:
Պարզ տեսանելի է նաեւ ռոբոտների մեծ քանակությունը, ինչը, իհարկե, նաեւ արհեստական բանականության հետագա վախի մասին է ակնարկում: Ընդ որում, քիչ չեն տարբեր աշխատանքներով զբաղվող ռոբոտները, որը դարձել է աշխատաշուկայի հետագա կրճատման մասին վատթարագույն կանխատեսումների խորհրդանիշ: Բայց զգացվում է, որ այդ դինամիկան միայն ավելի ցայտուն է դառնալու:
Հալվող սառցաբեկորների պատկերը եւս կարելի է հասկանալ. առանց գլոբալ տաքացման օրակարգի գլոբալիստները չեն կարող:
Բայց խոշոր պատվերների թվում կան մի քանիսը, որոնք տարաբնույթ մեկնաբանություններ են առաջ բերել: Նախ, կենտրոնական հատվածում տեսանելի է Սալը, որը գրեթե կոտրվել է մուրճի հարվածներից: Որոշ մեկնաբանություններում, դա միջազգային իրավունքի հետագա քայքայումն է, այլ տարբերակով՝ «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» ոչնչացումը: Կա նաեւ մեկնաբանություն, թե դա պետք է ընկալել, որպես արեւմտյան դաշինքի քայքայում, որի տարրերը ներկայումս պարզ տեսանելի են: Մեկ այլ վարկածով, դա պետք է համարել դարակազմիկ փոփոխությունների խորհրդանիշ, հաշվի առնելով, որ հենց դրա կողքին է քայքայվող դոլարի նշանը, նաեւ «դեմ» քվեարկող ինչ-որ մեկը:
Տարբեր մեկնաբանություններ է առաջացրել նաեւ խոշոր տիեզերանավ բարձրացնող հրթիռի պատկերը: Ոմանք դա կապել են Մասկի տեխնոլոգիաների հետ, ոմանք կարծում են, որ գլոբալիստները գալիք տարին համարում են տիեզերական նոր դարաշրջանի մեկնարկային կետը, երբ խոշոր նավերը կսկսեն թռչել դեպի մոտակա տիեզերական օբյեկտներ՝ Լուսին, Մարս եւ այլն, բայց սա չկապելով միայն Մասկի հետ: Առավել եւս, որ մոլորակի հակադիր հատվածում կա նաեւ տիեզերական հեռավոր կապի անտենայի նմանվող ինչ-որ սարքավորում:
Բայց, ընդհանուր առմամբ, թեեւ ողջ ռեբուսը մռայլ տպավորություն է թողնում, սակայն եղած ակնարկներն այն մասին են, որ կունենանք մոտավորապես այնպիսի քաղաքական տարի, ինչպիսին 2025թ.-ն էր՝ սուր լարվածություններ, պատերազմներ, միաբեւեռ աշխարհի քայքայում եւ այն: