Մեսրոպ Մեսրոպյանը չի հասկանում, որ վաղը իրեն որպես թրաֆիքինգի զոհ փուռն են տալու. Գեղամ Մանուկյան
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, լրագողների հետ զրույցում խոսելով ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման մասին, դիմեց Վաղարշապատ համայնքի այն բնակիչներին, որոնք իրենց քվեն տվել են ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանին:
«Չասեք՝ չենք զգուշացրել, այն կուլակաթափության մասին, որն այս ամիսներին արվում է ՀԷՑ-ի հետ, և վաղը ՀՀ-ն միլիոնավոր դոլարների տուգանքի վճարման առաջ է կանգնելու, որը վճարելու է Վաղարշապատի այն բնակիչը, որը քվե է տվել ՔՊ-ին: Այն բնակիչները, որոնց մտքով անցնում է Փաշինյանին և ՔՊ-ին ձայն տալու մասին, այդ բոլորը կոպեկ առ կոպեկ իրենց քթերից բերելու են, որովհետև անօրինական ճանապարհով բոլոր կուլակաթափություններն արվում են Փաշինյանի կամակորությամբ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Ըստ նրա ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չի հասկանում, որ վաղը իրեն որպես թրաֆիքինգի զոհ փուռն են տալու:
«Օրենքը փոխեցին, որ միայն Մեսրոպյանի ստորագրությամբ կարողանան որոշում կայացնել, միլիոնավոր դրամներ աշխատելու համար Ռոմանոս Պետրոսյանին նշանակեցին: Վաղը բոլորը չքմեղանալու են և ասեն՝ գնացեք, էն հրազդանցի հարիֆից պահանջեք, մենք ինչ կապ ունենք: Բոլորը պատասխան են տալու»։
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը զրկվեց գործունեության լիցենզիայից։
Որոշումն ընդունվել է հանձնաժողովի հերթական նիստում՝ հիմք ընդունելով օրենսդրությամբ սահմանված մի շարք խախտումներ և ընկերության կողմից նախկինում ներկայացված պահանջների չկատարումը։
Ըստ ՀԾԿՀ-ի՝ որոշումը նպատակ ունի ապահովելու էներգետիկ համակարգի կայուն ու անվտանգ գործունեությունը։
