ՌԴ ԱՀԾ-ն Նիկոլին բռնել է հայերիս (եւ ոչ միայն) հանդեպ յուրօրինակ հանցանքի վրա
ՀրապարակախոսությունՌուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) նոյեմբերի 12-ին տեղեկացել է ռուսական հացահատիկի մատակարարումից հրաժարվելու Հայաստանի, ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի պլանների մասին։ Ըստ գերատեսչության տեղեկությունների` Երեւանը փոխարենը մտադիր է Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնել։
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը, ռուսական հետախուզության հաղորդագրությունը չկարդալով, այն անվանել է «բացարձակ անհեթեթություն»: Մինչդեռ Կրեմլում ընդգծել են, որ ԱՀԾ հայտարարությունները երբեք մերկապարանոց չեն լինում։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության
մամուլի բյուրոն, Հայաստանը ծրագրում է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի, որն ավելի թանկ է: Գերատեսչությունն ուշադրություն է դարձրել, որ Հայաստանը երկար տարիներ հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Սակայն այժմ «Երեւանը պատրաստ է թուլացնել եւս մեկ կապող թել Մոսկվայի հետ»։
Դե ինչ, զարմանալ կարելի է ՌԴ վերոնշյալ ծառայության այս մեղմ, փաղաքուշ ձեւակերպման վրա: Ի՞նչ թուլացնել... Ի՞նչ խոսք կարող է լինել Մոսկվայի հետ կապող թելը թուլացնելու մասին, երբ խոսքն ակնհայտորեն այդ կապող թելը կացնահարելու՝ կացնով կտրելու մասին է:
«Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն հայտնում է, որ, ըստ ԱՀԾ- ում ստացված տեղեկությունների, Կէ դ'Օրսե- ի վրա գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարությունում տարակուսած են»,- նշված է ԱՀԾ մամուլի բյուրոյի 12.11.2025թ. հաղորդագրության մեջ, - «Մի կողմից՝ կա առիթ հաղթանակ տոնելու. Կէ դ'Օրսեի վրա տեղեկություններ են ներսողացել, որ Երեւանը պատրաստ է թուլացնել եւս մեկ կապող թել Մոսկվայի հետ։ Երկար տարիներ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներից ելնելով, «ուզում են կտրվել» Մոսկվայից եւ օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի անհրաժեշտ ծավալների մի մասը ձեռք «նեզալեժնայայից» (Ուկրաինայի ոչ պաշտոնական անվանումը.- Ա. Հ.): Բայց ահա ձախողմունք. ուկրաինական հացահատիկն ավելի քան կիսով չափ թանկ է»:
Այստեղ Ռուսաստանի ԱՀԾ հաջորդ, բայց արդեն կոպտագույն սխալն ենք տեսնում. ոչ թե հայերն են ցանկանում, այլ թուրք Նիկոլ հայադավը եւ իր ոհմակը (չարախումբը), ներառյալ՝ Նիկոլին սատարող «Քաղաքացիական պայմանագիրը»: Շատ վատ է գործում Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը, որ հայերին ու հակահայերին չի զանազանում միմյանցից եւ նույնականացնելով, թույլ է տալիս, մեղմ ասած, այսպիսի վրդովեցուցիչ ձեւակերպումներ: Հուսանք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կիսում պարոն Նարիշկինի ղեկավարած գերատեսչության վերոնշյալ ձեւակերպումը:
ԱՀԾ- ն միաժամանակ ճիշտ է նկատել, որ ռուսական հացահատիկից հրաժարվելու նպատակը, քաղաքական նկատառումներից ելնելով, Ռուսաստանից անջատվելն է եւ հացահատիկն Ուկրաինայից գնելով, նրան օգնություն ցուցաբերելը, այսինքն՝ ուկրաինական բանակի հետագա զինման եւ ՌԴ-ի դեմ պատերազմը շարունակելու համար ֆինանսավորում ապահովելը: Ճիշտ է նաեւ ԱՀԾ հետեւյալ դիտարկումը՝. «...անհաջողությունն այն է, որ ուկրաինական հացահատիկն ավելի քան կիսով չափ թանկ է»: Սակայն հավելենք՝ անհաջողությունն առայժմ... Այդ խնդիրը կարող է լուծվել, եթե Արեւմուտքը կամ Եվրոպան, ի վերջո, կարողանան հափշտակել ՌԴ արտասահմանյան պահուստները, որոնց հիմնական մասը պահվում է Բելգիայում:
ԱՀԾ-ն ընդգծել է. «Հիմնական հարցը՝ որտեղից գումարը վերցնել: Եվրամիության երկրները ուկրաինական հակամարտության եւ Ռուսաստանին պարտության մատնելու ձգտման պատճառով հայտնվել են սոցիալ-տնտեսական ճգնաժամի շեմին, բյուջեները դատարկ են։ Լավ կլիներ Ուկրաինական հացահատիկի համար վճարել գողացված ռուսական ակտիվներով»։ Բրյուսելին առաջարկվում է փոխհատուցել ուկրաինական հացահատիկի արժեքի գերազանցումը։
Ծառայության հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ ԵՄ-ն չի կարողանա ուկրաինական հացահատիկի գնի տարբերության դիմաց վճարել սառեցված ռուսական ակտիվներով, քանի որ Բելգիայի դիրքորոշման պատճառով դրանք դեռ չեն կարողանում հափշտակել: Բրյուսելում մտավախություն ունեն, որ ռուսական միջոցների օգտագործման դեպքում ԵՄ երկրները պետք է Ռուսաստանում եւ նրա բարեկամ երկրներում արեւմտյան ակտիվների դեմ պատասխան միջոցների պատրաստվեն:
«Եվրամիությունը կարծում է՝ լավ կլիներ վճարել եւ մոռանալ, ինչպես Նոր Կտակարանի հայտնի սյուժեում,- նշված է ԱՀԾ հաղորդագրության մեջ,- Բայց Երեւանը ստիպված կլինի վճարել մշտական հիմունքներով։ Ահա այսպիսին է Երեւանի համբույրը»:
Այսինքն՝ ԵՄ-ն կցանկանար ընդամենը մեկ անգամ (կամ առավելագույնը՝ սկզբնական շրջանում) վճարել գնային տարբերությունը, իսկ հետո ասպարեզից դուրս գալ, ինչպես ասում են, խաղից թռնել՝ վճարման հետագա բեռը թողնելով Հայաստանի, նրա բնակչության վրա, որը դրանից հետո հարկադրված կլինի վճարել մշտական հիմունքներով:
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը, ինչպես տեղեկացրել է «Sputnik Արմենիան», հայտարարել է, թե Հայաստանը մտադիր չէ հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի:
«Նման բան չի կարող լինել, բացարձակ անհեթեթություն,- խորհրդարանում լրագրողների հետ շփման ժամանակ արձագանքել է նա ԱՀԾ հայտարարությանը։- Ես առաջին անգամ խախտում եմ իմ սկզբունքը եւ մեկնաբանում այն, ինչ անձամբ չեմ կարդացել: Բայց, հազար ներողություն, դա բացարձակ անհեթեթություն է»:
Նկատենք, որ Նիկոլն այսպիսի հապշտապ արձագանք է դրսեւորել այն պարզ պատճառով, որ ԱՀԾ բացահայտմամբ բռնվել է հայերիս դեմ ուղղված յուրօրինակ հանցանքի վրա:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ռուսական հացահատիկի փոխարեն ուկրաինական հացահատիկ ձեռք բերելու պաշտոնական Երեւանի պլանների մասին ԱՀԾ նախազգուշացումը, նշել է, որ Ռուսաստանի ԱՀԾ հաղորդագրությունները «երբեք մերկապարանոց չեն լինում»: Այնուամենայնիվ, Մոսկվան հույս ունի, որ երկկողմ համագործակցությունը կշարունակվի։
«Մենք երկկողմ համագործակցության օրակարգում շատ հարցեր ունենք,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը,- Մենք հույս ունենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի»:
Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնել ոչ միայն «երկկողմ հիմքի վրա», այլեւ «ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավաստել է, որ Մոսկվան «դա կանի նաեւ հետագայում»։
Մի կծող հարց. Ռուսաստանը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներո՞ւմ էլ է զարգացնում փոխգործակցությունը...
«Բարձր մակարդակով հաճախակի շփումներ են իրականացվում»,- հավելել է Պեսկովը:
Եվ ի՞նչ՝ ԱՀԾ հաղորդագրությամբ ներկայացվա՞ծն է այդ բարձր մակարդակով իրականացված հաճախակի շփումների արդյունքը... Կարող եք պատկերացնել, թե ինչպես կկարմրեր Պեսկովի դեմքը, եթե հնարավորություն ունենայի այս հարցն առերես նրան տալու, բայց միաժամանակ, հանուն ճշմարտության, հարկ է նշել, որ Պեսկովն այլ բան չէր էլ կարող ասել, որովհետեւ քանի դեռ ուկրաինական, ավելի ճիշտ, Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունն ավարտված չէ ՌԴ հաղթանակով, Մոսկվան հարկադրված է քաղաքականություն խաղալ Երեւանի հետ, եւ ոչ միայն Երեւանի, այլեւ Բաքվի, Անկարայի եւ մի շարք այլ պետությունների հետ:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շարունակելի…
