Ինչու Քոչարյանը չէր բարեհաճում Նիկոլի մոտ գալ
ՎերլուծությունՀիշո՞ւմ եք «Մենք ենք մեր սարերը» լեգենդար ֆիլմում տեղ գտած հայտի արտահայտությունը. «Որ քեզ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանել, ընկեր մինիստր: Թե՞ սպասում էիր ետեւիցդ ինքնաթիռ ուղարկեն»: Ահա այս հարցադրումն է, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանն այլ ձեւակերպմամբ՝ հղել է «ընկեր» պատգամավոր՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին: Իսկ թե ինչ եղավ հետո, չափազանց հուզիչ է:
Առհասարակ, այն, ինչ այս շաբաթ կատարվում էր խորհրդարանում, գալիս է հուշելու, որ ՔՊ-ի ներիշխանական բուրգը սկսել է քանդվել՝ այն էլ ներսից: Ո՛չ, խոսքն ամենեւին էլ գաղափարական տարաձայնությունների մասին չէ, ՔՊ-ն ուր, հանուն գաղափարի ինչ-որ խժդժություններն ուր: Պարզապես, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական ցուցակների կազմելը բերել է ցուցակից դուրս մնացածների աբիժնիկային ցայտնոտի եւ ցուցակում հայտնվածների էյֆորիկ ագրեսիվությանը:
Այսպիսով՝ բանը հասավ նրան, որ իշխանական կուլիսներում ծագած հերթական «փոքրիկ միջադեպը» վերածվեց քաղաքական ցնցման` բացահայտելով ՔՊ-ի ներսում հասունացող ճեղքերը: ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` Փաշինյան Նիկոլի երբեմնի ամենավստահելի զինակիցներից մեկը, հանկարծ հայտնվեց վերջինիս հրապարակային դժգոհության կենտրոնում: Եվ դա ընդամենն ԱԺ նիստի ընթացքում բաց թողած ելույթի պատճառով: Սակայն, ինչպես հաճախ է լինում իշխանության ներսում, ձեւական պատճառները պարզապես պատրվակ են՝ խորքային խնդիրների համար:
ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱ՝ ՔՊ-ՈՒՄ
Դահլիճում ստեղծված աղմուկը եւ Փաշինյանի ակնհայտ զայրույթը ցույց տվեցին, որ իշխանական բուրգի ներսում լարվածությունը հասել է նոր մակարդակի: Փաշինյանի բացահայտ հանդիմանությունը Քոչարյանին, ապա նրա դեմոնստրատիվ հեռանալը խորհրդարանից՝ վկայում են ոչ միայն պատահական նյարդային պոռթկման, այլեւ առկա ավելի լուրջ խնդիրների մասին: ՔՊ-ի ղեկավարի համար, թերեւս, Քոչարյանի «պաշտպանական կարկառուն կերպարը» այլեւս վերածվել է բեռի:
Իհարկե, Անդրանիկ Քոչարյանը փորձեց մեղադրանքի սլաքն ուղղել ԱԺ քարտուղարությանը՝ իբր իրեն չտեղեկացնելու համար, բայց այդ արդարացումն ավելի շատ հիշեցրեց ինքնապաշտպանական բնազդ: Իսկ միգուցե հենց հատուկ էլ Անդրանիկ Քոչարյանը տապալել էր իր ելույթը՝ փորձելով Փաշինյան Նիկոլին ցույց տալ իր անձի կարեւորությունը ԱԺ-ում…Համենայնդեպս, քաղաքական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Անդրանիկ Քոչարյանի նյարդային պահվածքի պատճառը շատ ավելի խորքային է, քան բաց թողած ելույթը:
Ասում են, թե կուսակցության ընտրացուցակի նախապատրաստական աշխատանքների ընթացքում նա հայտնվել է «անորոշ ապագայի» գոտում: Թեեւ ոչ վաղ անցյալի «երաշխավորները» նրան խոստացել էին ապահով տեղ ընտրացուցակում, վերջին շաբաթներին այդ խոստումները, կարծես, ի չիք են դարձել: Փաշինյանի կողմից հայտարարված «քաղաքական նորացումը» նշանակում է նաեւ հին թիմի մի մասի՝ մեղմ ասած, հանգիստ, իսկ իրականում՝ հեռացում:
ՆԻԿՈԼԸ ՔՊ-ՈՒՄ ԷԼ ԱՖՏԱՐԻՏԵՏ ՉԻ
Ըստ էության, ՔՊ-ում արդեն խոսում են, որ Անդրանիկ Քոչարյանի՝ խորհրդարանում մնալու հավանականությունը գրեթե զրոյական է: Նրան «տրվել է» մինչեւ գարուն՝ իր գործերը հավաքելու եւ քաղաքական դաշտից հնարավորինս արժանապատվորեն հեռանալու համար: Թե որքանով «արժանապատվորեն» կստացվի, քմծիծաղ տանք ու անցնենք առաջ:
Իսկ թե ինչու Քոչարյանն, այդուհանդերձ, չբարեհաճեց ժամանակին գալ ԱԺ դահլիճ՝ Նիկոլի մոտ կարելի է հասկանալ: Փաշինյանին այլեւս պետք չէ հին թիմը, առավել եւս պատեհ-անպատահ խորհուրդներ տվողները, նրան այսօր պետք են ոչ թե փորձառու, այլ հլու-հնազանդ կատարողներ: Իսկ Քոչարյանի պես մարդիկ, հաստատ «հավատարիմ ենթակաների» թվում չեն եւ այլեւս տեղ չունեն Փաշինյանի նեղ շրջանակում: Այս մասին, բնականաբար, լավագույնս տեղյակ է Քոչարյան Անդրանիկը: Ուստի՝ նրա չբարեհաճելը ԱԺ դահլիճ ակնհայտորեն ոչ թե տեխնիկական բացթողում էր, այլ քաղաքական մետաֆոր. հին թիմն այլեւս չի տեղավորվում նոր իշխանական տրամաբանության մեջ: Իսկ եթե հաշվի առնենք ՔՊ-ի ներսում կուտակվող լարվածությունը, կարելի է կանխատեսել, որ սա միայն սկիզբն է՝ իշխանական վերնախավի ապագա պառակտման: Եվ մյուս կողմից Անդրանիկ Քոչարյանը չշտապեց Նիկոլի մոտ, որովհետեւ այլեւս չկա այն Նիկոլը, որի մոտ ՔՊ-ականները ոչ թե բարեհաճում, այլ շտապում էին գնալ: Իրականությունից չկտրվածները հասկանում են, որ հնարավոր արտահերթ կամ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններն այլեւս իրենց չեն բերելու այնքան մանդատ, որ շարունակեն կյանքը վայելել:
ԲՈԼՈՐԻ ՀԱՅԱՑՔԸ՝ ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
Այս համատեքստում շատ կարեւոր է, թե ինչ կլինի առաջիկա կիրակի օրը Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Ինչ խոսք, քաղաքացիների համար շատ հեշտ է կողմնորոշվել՝ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանն ու «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Նիկոլից ավելի Նիկոլ են, հետեւապես նրանց ընտրելը պետք է միանգամից բացառել: Ու այն էլ Սուրբ Էջմիածնում, որտեղ Մայր Աթոռի վրա հարձակվելու համար ատամները կրճտացնելով ՔՊ-ն ու իր գրպանային ուժերը դեռ ձեռքերն են շփում ու տաքացնում: Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերն ակնհայտ Նիկոլ չեն, նրանց թիկունքում կարելի է տեսնել ե՛ւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ականջները, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի 2018-ի «զինակից» Արթուր Վանեցյանի ու այլոց: Այնպես որ, այս իրավիճակում մնում է վաղարշապատցիներին ընտրել չարյաց փոքրագույնը՝ գոնե ո՛չ բացահայտ նիկոլականներին՝ հանուն առաջին քրիստոնյա ազգի արժանապատվության վերականգնման:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
