Իշխանությունն իրականում շարժվում է «կախյալ Հայաստանի» կոնցեպտով. Տիգրան Աբրահամյան
ՆերքաղաքականԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ վաշինգտոնյան պայմանավորվածություններով չեն սահմանափակվելու:
— Դրանք տասնամյակներով ծանր ազդեցություն են թողնելու Հայաստանի բնականոն ընթացքի, նրա շուրջ ձեւավորվող անվտանգության միջավայրի, ինքնիշխանության եւ տարածաշրջանում Հայաստանի տեղի ու դերի վրա: Հայաստանը կհաղթահարի այս ընթացքը միայն այն դեպքում, եթե պատերազմին նախորդած, բուն պատերազմի ու դրան հաջորդած ժամանակահատվածի դիվանագիտական, ռազմական, քաղաքական պայմանավորվածություններն ու դրվագները մանրամասն վերլուծվեն ու հանրայնացվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Հասկանալի է, որ գործող ռեժիմի իշխանավարման ընթացքում դա անհնար է, ինչը պայմանավորված է ոչ միայն այս իշխանության՝ իրավիճակի բերումով ստանձնած կարգավիճակով, այլ նաեւ նրանով, որ այս 5 տարիների իրադարձությունները ցույց են տվել, որ կառավարչի միակ նպատակը փաստերի ու իրական գործընթացների «սվաղումն» ու պատերազմի ողբերգական ելքն ըստ քաղաքական նպատակահարմարության օգտագործումն է: Պատերազմից 5 տարի անց պարտության գլխավոր պատասխանատունները ոչ թե բանտում են, այլ հոխորտում են, սպառնում են, շանտաժի ենթարկում սեփական հասարակությանը եւ որպես օրակարգ դիտարկում ոչ թե պատերազմի հանգամանքների պարզումն ու դրանից բխող իրավական գործընթացները, այլ իշխանության երկարաձգումը: Այս շղթայական պարտությունները մեր երկրին բերել եւ կանգնեցրել են մի կետում, որտեղ բոլոր ընտրությունները վատի ու վատթարագույնի միջեւ են: Հայաստանի իշխանությունն իրականում շարժվում է «կախյալ Հայաստանի» կոնցեպտով, որտեղ առաջնայինը ոչ թե երկրի պետական եւ ազգային շահերն են, այլ` նեղ կուսակցականը: Գործող կառավարչին այլեւս հետաքրքիր չէ սեփական երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը, որովհետեւ դա անորոշ հեռանկարով արդեն արտապատվիրակված է երրորդ կողմին, եւ որում ինքն ունի բացառապես լուռ լսելու եւ կատարելու գործառույթ:
