ԵՎՐՈՊԱՆ ԵՎՍ ՈՐՈՇԵՑ ԶՈՀԱԲԵՐԵ՞Լ ԶԵԼԵՆՍԿՈՒՆ
ՄիջազգայինՈւկրաինայում այս օրերին ծավալվող եւ խորացող կոռուպցիոն գերսկանդալը, իհարկե, չես համարի միայն այդ պետության ներքին խնդիրը: Ասենք, դա ի սկզբանե էր ակնհայտ, հաշվի առնելով այն խոսակցությունները, որ սկանդալի հիմքերում կանգնած է ամերիկյան ՀԴԲ-ն, որն արդեն իսկ հեռուն տանող ենթադրությունների տեղիք է տալիս:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՎԻՃԱԿԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԽԱՌՆ Է
Խոսքը հետեւյալի մասին է: Վլադիմիր Զելենսկու հին ընկերոջը եւ նրա հիմնական «դրամապանակի» համարում ունեցող Թիմուր Մինդիչին մեղադրում են աննախադեպ մասշտաբի կոռուպցիոն սխեմաների մեջ, ընդ որում` խոսքը դրսից Ուկրաինային հատկացված փողերի մասին է: Թեման դեռ շոշափում է էներգետիկան, բայց այն, որ երկրի նախկին պաշտպանության նախարար, ներկայումս Անվտանգության խորհրդի քարտուղար, Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Ումերովն անհեթեթ պատճառաբանությամբ, Մինդիչի օրինակով «թռավ» երկրից, հուշեց, որ էներգետիկայից այդ թեման անցնելու է ռազմական ոլորտ: Վերջապես, Ուկրաինայի նախագահի մտերիմ անձի անձնական պահոցում հայտնաբերեցին դոլարային հսկա զանգված՝ փաթեթավորված եւ կոդավորված այն տեսքով, որով ամերիկյան Դաշնային պահուստային համակարգից գումար փոխանցվում է ստացող կողմին՝ բացառապես դրա համար թույլտվություն ունեցող տեղական բանկերի միջոցով: Իսկ դա, բացի այն ապացուցողական նշանակությունից, որ ԱՄՆ-ից Ուկրաինայի համար եկած փողերն ուղղակիորեն թալանել են, նաեւ հնարավորություն է տալիս ՀԴԲ-ին՝ պաշտոնապես ներգրավվել այս գործընթացի մեջ:
Զելենսկին այս ու այն կողմ է նետվում՝ «ջրից չոր դուրս գալու» համար, արդեն ինչ-որ նախարարների է հրաժարական պարտադրել: Բայց արդեն ուկրաինական պատգամավորների մակարդակով են խոսում, որ Ուկրաինայում «իշխանությունը կարող է փլուզվել», ինչպես, օրինակ, արտահայտվեց Ռադայի պատգամավոր Գոնչարենկոն: Ու նա ճիշտ է, հաշվի առնելով, որ այս սկանդալի ֆոնին Զելենսկու վարկանիշը հետեւողականորեն մոտենում է զրոյական մակարդակին: Նաեւ այս ամենին պետք է գումարել ռազմաճակատներում ուկրաինական բանակի մասշտաբային անհաջողությունները՝ համեմված հսկայական կորուստներով, դասալքության նոր «ռեկորդներով», ինչը միանգամայն իրատեսական է դարձրել, որ ամբողջական ճակատներ են արդեն փլուզվում: Ընդ որում, այդ մասին խոսում են նաեւ արեւմտյան աղբյուրները:
Այսինքն,ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ միայն հանրությունը կարող է վերջապես դուրս գալ Զելենսկու դեմ, այլ որ շատ ավելի վտանգավոր է նրա համար, նաեւ` բանակը: Մինչդեռ բանակ ասվածն էլ մոնոտար գործոն չէ. այն բաղկացած է ինչպես ծայրահեղ ազգայնամոլական՝ նեոնացիստական թեւից, այնպես էլ ընդամենը սեփական երկրի մասին մտածող զինվորականությունից, եւ չի բացառվում, որ Զելենսկու դեմ դուրս գալու դեպքում, այս ուժերը կարող են նաեւ իրար մեջ բախումներից չխուսափել: Իսկ թե այդ դեպքում ինչ կարող է տեղի ունենալ ռազմաճակատներում, ռուսները ուր կհասնեն, դա էլ հաջորդ գերխնդիրն է:
Ահա, մոտավորապես այս իրավիճակում էլ եւս մեկ «տարօրինակ» դրվագ սկսեց ցայտուն դառնալ: Եթե ի սկզբանե կար այն տպավորությունը, թե ներքին կոռուպցիոն սկանդալը պայթեցնելով, Թրամփը փորձում է Զելենսկուն պարտադրել՝ ստորագրել այն խաղաղության պայմանագիրը, որը նրա առաջ դրված է, եւ որը համառորեն թույլ չեն տալիս ստորագրել եվրագլոբալիստները՝ Բրիտանիայի գլխավորությամբ, ապա հիմա սկսել են որոշ հստակ գործոններ նկատվել, որոնք մի տեսակ համահունչ չեն այդ վարկածին: Այն է՝ Զելենսկուն սկսել են բառացիորեն տրորել նաեւ գլոբալիստական առաջնատար լրատվամիջոցները, ասենք նաեւ գլոբալիստական համակարգի մաս կազմող կառույցներն ու գործիչները:
«ԵՎ ԴՈՒ, ԲՐՈՒՏՈՍ»
Մինչ գլոբալիստներին հասնելը` նկատենք, որ ենթադրությունները, թե ամերիկացիներն ու ռուսները ունեն որոշակի պայմանավորվածություններ, որի դրվագներից մեկն էլ ուկրաինական ուղղությունն է, կար Ալյասկայում Թրամփի եւ Պուտինի հանդիպումից ի վեր: Եվ երեւի պատահական չէր, որ ներկա զարգացումների ֆոնին, ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ վարչության պետ Ալեքսեյ Պոլիշչուկը որոշ փակագծեր բացեց՝ հայտարարելով, որ ԱՄՆ գագաթաժողովում Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ ձեռքբերված համաձայնությունները կասկածի տակ չեն դրել Ղրիմի, Դոնբասի եւ Նովոռոսիայի պատկանելությունը Ռուսաստանի Դաշնության կողմից: Ավելին, անգամ գագաթաժողովի արդյունքները չեն անդրադարձել «Ղրիմի, Դոնբասի եւ Նովոռոսիայի պատկանելության հարցին»:
Այն է, Վաշինգտոնին առանձնապես չի էլ հետաքրքրում, թե ռուս-ուկրաինական ապագա սահմանը կանցնի, ասենք, մի 100 կմ ա՞յս, թե՝ այն կողմ, այլ հիմնական նպատակն է, որ Մոսկվայի հետ պայմանավորվածություններ լինեն: Եվ, հաշվի առնելով, որ Զելենսկին, մեծ հաշվով, տորպեդահարեց այն սխեման, որի հետ Մոսկվան սկզբունքորեն համաձայն էր, եւ Թրամփին մնում էր միայն ուկրաինական կողմին այդ դաշտ բերել, ապա այն, որ դրան պետք է հաջորդեր Կիեւի հանդեպ նման ճնշումները, էն գլխց էր սպասելի: Ընդ որում, եթե անգամ Զելենսկին մի կերպ կարողանա դիմանալ այս կոռուպցիոն սկանդալին, ապա ենթադրելի է, որ Վաշինգտոնը կարող է գնալ նաեւ ամենածանր հարվածին՝ պարզապես չճանաչել Զելենսկու լեգիտիմությունը, որի բոլոր հիմքերը կան:
Այստեղ սա չէ անսպասելին, այլ այն, որ գլոբալիստները, որոնք Զելենսկուն համառորեն պահեցին Թրամփին մերժելու կուրսի մեջ, հիմա իրենք են թիկունքից սկսել հարվածել, թե տեսեք՝ Զելենսկին գողացել է փողերը: Մի բան, որն ի սկզբանե բոլորը գիտեին: Օրինակ՝ ռոտշիլդական Bloomberg-ը հասավ մինչեւ այն մտքին, թե. «Ուկրաինային չպետք է օգնել. ցանկացած գումար կգողանան»: Կամ,՝ ուկրաինացի ժողովուրդը չի վստահում իր կառավարությանը՝ դա «պայթուցիկ, քաոսային եւ անարդյունավետ համակարգ» է: Ու սա այս օրերին գլոբալիստական ցանցի կողմից Զելենսկուն ուղղված բազում նման եւ անգամ ավելի թունդ հարվածներից ընդամենը օրինակ է: Այստեղ, իհարկե, ցնցողն այն չէ, որ Զելենսկուն եւ նրա շրջապատին համաշխարհային մասշտաբի հանցագործներ են համարում. դա միայն արեւմտյան աղբյուրները մինչ այս «չէին տեսնում»` Զելենսկուց դեմոկրատիայի հիմնասյուն, Եվրոպայի պաշտպան կերտելով: Ցնցողն այն է, որ հիմա են տեսնում: Իսկ դա, իհարկե, մեկ բան է նշանակում՝ քաղաքական կուրս է փոխվել:
Իհարկե, կարելի է ամենապարզ վարկածն առաջադրել, թե ինչո՞ւ են լիբերալները միացել Թրամփից եկող ճնշմանը: Այն է՝ հասկանում են, որ Զելենսկուն հազիվ թե կարողանան պահել իրենց դաշտում, քանի որ նա ստիպված է լինելու կատարել Թրամփի պահանջը: Ուստիեւ, եկել է նրան զոհաբերելու ժամանակը: Առաջ կմղեն մեկ ուրիշին, ասենք՝ Զալուժնիին, ինչը կարող է հնարավորություն տալ դեռ մի որոշ ժամանակ պատերազմը շարունակել: Սա հնարավոր տարբերակ է, միայն թե մեկ նյուանս որոշակիորեն այլ դաշտ է տեղափոխում այս ողջ պատմությունը:
ԻՆՉ-ՈՐ ԲԱ՞Ն Է ՓՈԽՎԵԼ
Նախ, իհարկե, մեծ հարցականի տակ է, թե գլոբալիստները կհասցնե՞ն Զելենսկուն այլ անձով փոխարինել: Հիշեցնենք, ռուսները հարձակվում են, եւ ներուկրաինական ճգնաժամը կբազմապատկի այդ հարձակման թափը: Ու մինչ Զելենսկուն կհանեն, Զալուժնիին կբերեն, մեծ հարց է, թե Ուկրաինայից եւ ուկրաինական բանակից ինչ կմնա, ռուսները չե՞ն հասցնի դիրքավորվել, ասենք, Դնեպր գետի ողջ երկայնքով մեկ, հարավում էլ հասնել Օդեսային, անգամ՝ Մերձդնեստրին: Որը, ի դեպ, ռուսական կողմի համար լավագույն սահմանային կոնֆիգուրացիան կարող է լինել:
Բացի այդ, հայտնի դարձավ, որ այս օրերին բրիտանացիներն են կապի մեջ մտել Մոսկվայի հետ, ինչը եւս մի տեսակ համահունչ չէ Զելենսկու փոխարեն այլ անձի բերելու եւ պատերազմը շարունակելու սխեմայի հետ: Իհարկե, կարող է նաեւ բրիտանացիները մտածում են, թե Մոսկվային հույսեր կներշնչեն, հարձակումը կթուլացնեն, մինչեւ ներուկրաինական այդ օպերացիան կավարտվի: Բայց սա միամիտ տարբերակ կլիներ:
Ամեն դեպքում, ինչպես պնդում է Financial Times-ը, Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը զանգահարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին՝ փոխանցելու Լոնդոնի եւ ԵՄ երկրների դիրքորոշումը՝ մի փոքր «բամբասելով» Թրամփից: Ու այն, որ նման զրույց իրոք եղել է, հաստատում է նաեւ Պեսկովը: Զրույցը, թեեւ չի հաջողվել, բայց «Financial Times»-ն այդ փաստի հիմքում մի ամբողջ վարկած է դնում: Ըստ այդմ, որ այս պատմության հիմնական հարցը ոչ թե բուն այդ զանգն է, այլ այն եւս մեկ անգամ ի ցույց է դնում Արեւմուտքի ներքին ճգնաժամը, որը դադարել է լինել միասնական քաղաքական միավոր: «Ըստ էության, «Financial Times»-ը փաստաթղթավորում է հազվագյուտ դեպք՝ Արեւմտյան դաշինքի ներսում «մեղմ ապստամբության» դրսեւորում»,- մեկնաբանում է ռուսական աղբյուրը, եւ դա իր տրամաբանությունն ունի: Փաստն այն է, որ Թրամփը Եվրոպայի համար դարձել է ամենաքիչը ոչ կանխատեսելի լիդեր, որի կուրսն ուղղված է բացառապես ամերիկյան շահերին, անկախ նրանից, թե դա ինչ կարող է նստել իր դաշնակիցների վրա: Դրա ցայտուն օրինակն էլ ուկրաինական թեման է, որտեղ Թրամփն ակնհայտորեն գնում է «ավարտել պատերազմը» եւ «համաձայնության գալ Պուտինի հետ» սխեմայով, որն այդպես էլ եվրագլոբալիստներին չհաջողվեց ձախողել: Եվ այն, որ պատերազմից հետո նաեւ Եվրոպայի հետագա ճակատագիրն է մնում Թրամփ-Պուտին երկկողմ պայմանավորվածությունների դաշտում, դա եւս արդեն սկսել է ուրվագծվել: Այս պայմաններում Լոնդոնն ու Բրյուսելը տրամաբանական կլիներ, որ փորձեին իրենց հերթին միակողմանիորեն կառուցել իրենց սեփական կապերը Մոսկվայի հետ՝ սեփական շահերը պաշտպանելու համար: Թերեւս նաեւ հաշվի առնելով, որ Ռուսաստանի հետ անվերջ առճակատումը չի լուծում մայրցամաքի որեւէ ռազմավարական խնդիր:
Բայց այն, որ բրիտանացիների այս փորձը Մոսկվան մերժեց, քանի որ Մոսկվան ներկայումս ակնհայտորեն շահագրգռված չէ քաղաքական երաշխիքներով չուղեկցվող բանակցությունների մոդելավորմամբ, սպասելի էր: Այս դեպքում կմնա Մոսկվային կոնկրետ երաշխիքներ տալ, որի տարբերակներից մեկն էլ Զելենսկուն հեռացնելն է: Ընդ որում, դա պետք չէ նաեւ թուլության նշան համարել. պարզապես աշխարհաքաղաքական իրողություններն են փոխվել, եւ Ռուսաստանի հետ երկխոսությունը, անկախ նրանից՝ դուր է գալիս ինչ-որ մեկին, թե՝ ոչ, դառնում է անհրաժեշտ:
