«ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻ, ՈՐ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՄ ՉԵՄՊԻՈՆ». ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՀԵ ԱՂԱՍՅԱՆ
Վերջերս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Ձյուդոյի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթող է ճանաչվել մեր երկրի ներկայացուցիչ ՎԱՀԵ ԱՂԱՍՅԱՆԸ։
Նա եզրափակչում պարտության է մատնել ազգությամբ վրացի Մատե Գոգոբերիշվիլիին։ Սա շատ երկար սպասված հաղթանակ էր, 2003-ին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Արմեն Նազարյանը։
Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել Եվրոպայի չեմպիոնի հետ։
- Շնորհավորում ենք, Վահե, փայլուն հաղթանակի առթիվ։
- Շնորհակալ եմ։ Հաղթեցի բուլղարացի Հրիստո Հրիստովին իսպանացի Լոպես Բարոսոյին, Մոլդովացի Վլադիմիր Իակոմիին, կիսաեզրափակչում բելգիացի Օլիվիե Նայերին։ Այս հաղթանակը շատ սպասված էր, հավատում էի, որ պիտի դառնամ չեմպիոն։ Եթե սպասելիքները չլինեին, շատ բարդ կլիներ այս նվաճմանը հասնել։ Բնական է, որ սպասելիքներն ծնվում են մարզիչների լավ աշխատանքի շնորհիվ։ Տրամադրված էինք, բոլորս էլ գիտեինք, որ արդյունքը գալու է, ուղղակի չգիտեինք, թե երբ կգա։ - Վահե, որ գոտեմարտը կարող ես առանձնացնել։
- Ընդհանուր 5 գոտեմարտ եմ անցկացրել։ Բոլորն էլ դժվար անցան։ Մինչև 23 տարեկանների պայքարում թույլ ձյուդոիստ չկա։ Ամենադժվարը երկրորդ գոտեմարտն էր իսպանացի մրցակցի հետ։ Նա շատ արագաշարժ ու անհարմար մրցակից էր։ Մի պահ եղավ, որ նկատողություններով ես պարտվում էի նրան, սակայն կարողացա գոտեմարտը հետ բերել ու «ոսկե գցումով» հաղթել։ Իսպանացու հետ երկրորդ անգամ էի հանդիպում մրցագորգում։ Որքան գոտեմարտ ես անցկացնում ու հաղթում, այնքան եզրափակչին ավելի ուրիշ ոգևորությամբ ես պատրաստվում, ու այդպես դուրս գալիս մրցագորգ։ Եզրափակչում ավելի վստահ էի, որ պիտի ես հաղթեմ։ Վրացին ինձ շատ հարմար հակառակորդ էր, թեև նրա հետ առաջին անգամ էի մրցակցում։
- Ինչպիսի պայքար էր ընթանում։
- Պայքարն իսկապես շատ թեժ էր, մեծ մրցակցություն կար։ Իմ քաշային կարգում 2024-ի Մ23 հաղթողը երկրորդ գոտեմարտից դուրս թռավ. նա ադրբեջանցի էր։ Շատ կուզեի նրա հետ գոտեմարտել, սակայն Աստված կամեցավ, որ այդպես լինի։ Նրանից բացի, շատ ուժեղ մարզիկներ կային, որ չհասան մեդալային պայքարին։ Սա ցույց է տալիս ձյուդոյի բարդությունները։
- Քո զգացողությունները հաղթանակից հետո։
- Աննկարագրելի են, ինձ համար ամենակարևոր պահն էր այս առաջնությանը։ Գլխավոր նպատակս էր, որ մեր դրոշը բարձրանա, հիմնը հնչի։ Այդ պահին ես հուզվել եմ։ Չեմ կարող բացատրել, թե ինչ հույզեր ապրեցի։ Հետո զգացողություններս կրկնապատկվեցին հայրենիքում, երբ մեզ դիմավորեցին օդանավակայանում։ Երբ տեսնում ես թե մեր ժողովուրդը ինչպես է ուրախացել այս հաղթանակով, հպարտանում է ինձանով, ուրախանում եմ ու ավելի շատ ձգտում բարձր հաղթանակների։
- Ինչպես ես սկսել զբաղվել սպորտով։
- Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից եմ։ Ձյուդոյի հաճախել եմ 6 տարեկանից, հայրս է ինձ տարել պարապելու։ 14 տարեկանում առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դարձա, ընդգրկվեցի այդ տարիքային խմբի հավաքական ու լուրջ զբաղվեցի։ Անձնական մարզիչս հայրս է, նա և հավաքականի մյուս մարզիչները մեծ ներդրում ունեն իմ հաղթանակում։ Հայրս շատ անհամբեր սպասում էր այս նվաճմանը։
- Շնորհակալություն, Վահե, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սպասենք արդեն քո հաջորդ հաղթանակին։
- Շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
