Մելիքյանը` «անփորձ» կազմով խաղալու, նոր ֆուտբոլիստներ հավաքական հրավիրելու մասին
Սպորտ
Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան–Հունգարիա հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին․
«Թիմը հոգեբանորեն պատրաստ է այս խաղին։ Այո, ունենք որոշակի կորուստներ, սակայն մյուս կողմից դա հնարավորություն է տալիս տեսնելու նոր ֆուտբոլիստների խաղը։ Սա լավ հնարավորություն է նոր կազմով հանդես գալու, քանի որ նախորդ խաղերի համեմատ 4-5 ֆուտբոլիստ այս անգամ չեն մասնակցի։
Կհաղթենք վաղը, թե ոչ՝ կուզենայի, բայց թիմը պատրաստ է թե՛ հաղթանակի, թե՛ ոչ-ոքիի, թե՛ պարտության։ Կարևորը պայքարելն է։ Հոկտեմբերյան պարտությունները մեզ հնարավորություն տվեցին վերլուծելու և ուղղելու մեր սխալները։
Շանսեր ունենք, թեկուզ քիչ, բայց քանի դեռ կան՝ պետք է պայքարենք։ Ես չեմ եկել հավաքական՝ միայն այս աշնանը հարցեր լուծելու։ Ինչի համար որ եկել եմ, հենց դա էլ անում եմ՝ մարզչական շտաբի և թիմի հետ։ Արդյունք նույնպես ուզում եմ, դրա համար էլ կպայքարենք։
Վաղը մեկնարկային կազմում կլինեն հիմնականում Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ։ Չեմ հիշում, թե երբ վերջին անգամ նման բան է եղել։ Սա ինձ ուրախացնում է, քանի որ դա լրացուցիչ մոտիվացիա կտա մեր ներքին առաջնության խաղացողներին։ Ռիսկ կա՞ — այո՛։ Բայց ես չեմ վախենում պարտությունից, և մեծ ցանկություն ունեմ հաղթելու։
Առայժմ չեմ քննարկում Նորբերտո Բալեկյանին հրավիրելու հարցը, քանի որ Հայաստանի առաջնության գրեթե բոլոր խաղերին ներկա եմ եղել։ Դրսից հրավիրվող ֆուտբոլիստը պետք է արժանի լինի մեկնարկային կազմում խաղալուն։ Հակառակ դեպքում ներքին առաջնության ֆուտբոլիստները ժամանակի ընթացքում կմտնեն մրցակցության մեջ։
Ինչ վերաբերում է Բանդիկյանին՝ հրավիրել եմ, որովհետև նա 20 տարեկան է և ապագայում տեսնում եմ նրան հավաքականում։ Եթե առիթ լինի, չեմ վախենա վստահել նրան։ Նա մեր տեսադաշտից դուրս չէ, և ժամանակի ընթացքում ավելի վստահ կդառնա»,- նշել է Մելիքյանը։