Նպատակը պետք է մեկը լինի՝ այս իշխանության հեռացումը. Մովսիսյան
Ներքաղաքական«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք Երեւանի ավագանու անդամ, «Արդար Խոսք» կուսակցության նախագահ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ:
— Ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս նեքաղաքական դաշտը՝ հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու առկա մարտահրավերները:
— Կարծում եմ՝ Հայաստանում գոյություն չունի ներքաղաքական վիճակ, քանի որ գոյություն չունի քաղաքականություն՝ ո՛չ ներքաղաքական եւ ո՛չ էլ արտաքին քաղաքական, ինչը եւ հիմնական պատճառ դարձավ հիմնելու «Արդար Խոսք» կուսակցությունը: Այդ բացակա ներքաղաքական իրավիճակի պատճառով, մենք այսօր չունենք Արցախ եւ ունենք բռնի տեղահանված արցախցիներ, ովքեր զրկված են իրենց ամսական վճարներից: Այդ չեղած քաղաքականության արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչպես է թանկանում ամեն բան: Իսկ արտաքին քաղաքականության մեջ, միանշանակ ձախողում ենք: Մի այնպիսի կարգավիճակում ենք հայտնվել, որ արեւմտամետ, եվրոպամետ, ռուսամետ խոսույթները դարձել են հիմնական սկզբունք, սակայն մեր առաջնահերթությունը պետք է լինի հայամետության մեջ, առաջնորդվենք մեր ժողովրդի շահերով: Իսկ փոխարենը տեսնում ենք, որ յուրաքանչյուր օրենք ու նախագիծ, ինչը կյանքի է կոչվում, չի բխում ժողովրդի շահերից: Օրինակները բազում են: Լինելով Երեւան քաղաքի ավագանու անդամ` կարող եմ ասել, որ նույնիսկ քաղաքապետարանում, որեւիցե նախագիծ ի շահ քաղաքացու չի լինում: Դա լինի աղբահանության, կարմիր գծերի, գույքահարկի, թե տրանսպորտի թանկացումները: Նույն բանը կատարվում է Ազգային ժողովում՝ նախագծերի հետ կապված: Հետեւաբար, ներկայիս քաղաքականությունը, չի բարելավում ժողովրդի կարգավիճակը, այլ, կարծես, օգուտ է տալիս թշնամի պետությանը:
— Այսինքն` ներկայիս իշխանությունը ծառայում է ա՞յլ ուժերի:
— Ներկայիս իշխանությունն իր քայլերով չի թողնում այլ կարծիք: Ամեն օր քարոզում են թշնամու հետ բարեկամություն եւ խաղաղություն, սակայն լավ գիտենք, որ Ադրբեջանի հետ մենք որեւիցե խաղաղություն չենք կարող ունենալ, քանի որ մեր զոհերի արյունը երբեք չի չորանա: Մենք Բաքվում ունենք գերիներ, ունենք անհետ կորածներ: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Իհարկե, ցանկացած գիտակից մարդ ձգտում է խաղաղության, սակայն ամենից կարեւորն այն է, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, սակայն կզած վիճակում խաղաղություն չեն մուրում: Դա խոսում է հայի կարգավիճակի մասին՝ արտաքին քաղաքականության մեջ:
—Արցախցիների վնասը փոխհատուցելու հարցում Ձեր կուսակցությունը դիմեց Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան: Ի՞նչ փուլում է այդ գործընթացը:
— Այո, իրավացի եք, մենք դիմեցիքն ՄԻԵԴ` վնասի գոնե որոշակի փոխհատուցման հայցով, սակայն ներկայիս իշխանությունը խնդիր առաջացրեց: Խնդիրն այն էր, որ Եվրադատարանից մեզ տեղեկացրին, որ ձեր երկիրը գտնվում է խաղաղության բանակցությունների մեջ, եւ որեւէ տարաձայնություն չկա: Այնպես որ, այդ իրենց ներկայացրած խաղաղությունը պարզապես միֆ է:
— Ինչպե՞ս կորակեք Եկեղեցու եւ եկեղեցականների դեմ իշխանության կողմից իրականացվող արշավը:
—Սկսեմ այնտեղից, որ ազատ խոսքի իրավունքը վերացել է Հայաստանում, եւ դա վերացրել է իշխանությունը: Այսինքն, իրենք կարող են ասել ինչ կկամենան եւ առանց պատասխանատվություն կրելու, իսկ մեկը, ով կարտահայտի նույնիսկ իր դիրքորոշումը կարող է դատապարտվել: Մենք տեսնում ենք, թե ինչպես են համայնքապետեր եւ եկեղեցականներ կալանավորովում այս օրերին: Եվ դա սկսվել էր վաղուց: Հիշենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արշավը սկսելու է Էջմիածնից, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում էլ փորձի ավարտին հասցնել ի շահ իր ծրագրերի: Նիկոլ Փաշինյանը Վեհափառին մեղադրում է կուսակրոնությունը խախտելու մեջ: Հակառակ կողմից, այսինքն՝ Վեհափառի կողմից, որեւիցե խոսք, հակադարձում չի հնչել, որը բոլորս ցանկանում ենք լսել: Հուսով եմ, որ Վեհափառն իր խոսքը վերջապես կասի, քանի որ երբ դպրոցական դասագրքերից հանեցին եկեղեցու պատմությունը, Վեհափառը լռեց, իր ամանորյա ուղերձը Հանրայինով հանեցին, էլի լուռ էր, հիմա էլ արշավը հասել է «Շողակաթ» հեռուստաընկերությանը, կրկին լռում է: Անշուշտ, լավ է եւ պարտադիր, որ ժողովուրդը պայքարում է եկեղեցու համար, սակայն Վեհափառի խոսքը, որն ամենակարեւրը պետք է լինի՝ չկա: Նա պետք է ամեն կերպ խնդիրը լուծի եւ չտանի քաղաքացիների բախման, քանի որ նախադեպն արդեն ունենք՝ ի դեմս Հովհաննավանքի: Կարգալույծ եղածը պատարագ է տալիս, որը խայտառակություն է եւ մեզ հարիր չէ: Սա պետք է շտկվի՝ Վեհափառի խոսքով, միջամտությամբ: Լռությունը շատ երկարեց:
— Երկու տասնյակից ավել կուսակցություններ 2026 թվականի ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել: Եթե նրանց նպատակը մեկն է՝ հեռացնել ներկայիս իշխանությանը, արդյո՞ք առավել արդյունավետ չէր լինի, որպեսզի միավորվեին եւ չկրկնեին 2021-ի ընտրությունների սխալը:
— Այո՛, նպատակը պետք է մեկը լինի՝ այս իշխանության հեռացումը: Սակայն եկեք հասկանանք մեր ներքաղաքական հիմնական խնդիրը որն է. ըստ իս, ներկայիս ընդդիմության կազմն է: Տեսնում ենք, թե ԱԺ-ում ինչ է կատարվում: Ընդդիմությունն իր դերակատարությունը չի ունենում եւ հետեւաբար կաղում է` մեղմ ասած: Ու նկատենք, որ պայքարը ոչ միայն ընդդիմությունն ընդդեմ իշխանության է, այլ նաեւ ընդդիմությունը ընդդիմության հետ է: Երբ «Արդար Խոսք» կուսակցությունը Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար կազմակերպեց մեծ հանրագումար, ոչ մի ընդդիմադիր լրատվական այն չլուսաբանեց՝ բացի «Իրավունք» թերթից: Սա շատ բանի մասին է խոսում:
— Այնուհանդերձ, ի՞նչ եք կարծում՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման հնարավորություն դեռ կա՞:
— Կարծում եմ՝ այո: Կլինեն դաշինքներ, սակայն դրանք կլինեն դուստր կուսակցությունների հետ, որոնք հատուկ հենց այդ պահի համար էլ ստեղծվել են: Մինչ 2026 թվական, դեռ շատ խմորումներ կլինեն, սակայն ընտրություններից առաջ կկազմվեն դաշինքներ եւ կներկայանան որպես ընդդիմադիրներ, ինչպես եղավ քաղաքապետի ընտրություններին: Սակայն բոլորս էլ լավ տեսնում ենք, թե ինչ է կատարվում, օրինակ, քաղաքապետարանում:
— Ձերբակալվեցին համայնքապետեր, վերջինը՝ Մասիսի համայնքապետ Դավիթ Հարութունյանն էր: Աղմուկ բարձրացավ, բոլորը հավաքվեցին, իրենց բողոքի խոսքն ասացին: Ու վերջ՝ աղմուկը մարեց: Ինչո՞վ է այս անտարբերությունը բացատրվում, ինչո՞ւ մինչեւ վերջ մարդիկ չեն պայքարում:
— Մեր կուսակցության հիմնասյուները երեքն են՝ ազատություն, արդարություն եւ ամենակարեւորը՝ արժանապատվություն: Թե ինչու եմ Ձեր հարցին այսպես պատասխանում, բացատրեմ: Այսօր իշխանությունը փորձում է խլել այս երեք արժեքները ժողովրդից, որը կարող է շատերին դարձնել անտարբեր: Պետք է ամեն կերպ վերականգնել ժողովրդի մեջ պայքարի ուժը, քանի որ տեսնում ենք, թե ցանկացած երեւույթ, որը կարող է ի վնաս ազդել մեր պետականության, ինքնության վրա, ժողովուրդը դրա դեմ պայքարում է 1-2 օր: Դա անտարբերության հետեւանքն է, որը ստեղծել է իշխանությունը: Պետք է օրինական դաշտով՝ ընտրությունների միջոցով հասնել նրան, որ շատերը հասկանան՝ պետությունը խամաճիկ չէ, քաղաքացին էլ տուգանքի մատերիալ չէ:
— «Արդար Խոսք» կուսակցությունը մասնակցելո՞ւ է 2026-ի ընտրություններին:
— Այո, մասնակցելու ենք եւ նոյեմբերի 23-ին ունենալու ենք ժողով, որից հետո կհրապարակենք մեր կուսակցության վարչապետի թեկնածուի անունը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
