11-ամյա Էդվարդը 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ խոշտանգվեց թշնամու կողմից. Սարսափի իրական «աչքերը»
ՀանդիպումՔրիստինե Քոչարովայի 11-ամյա որդին՝ Էդվարդը, մահացել է 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ՝ դեռևս չպարզված հանգամանքներում։ Ծնողները որդու և ընկերոջ մարմինը գտել են խոշտանգված և խեղդամահ արված։ Ընտանիքն այսօր էլ ունի հարցեր, սակայն դրանց պատասխանները այս տարիների ընթացքում չեն ստացել.
- Մենք մտածում ենք, որ դիվերսիոն հարձակում է եղել։ Երեխաս ընկերոջ հետ խաղալիս կորել է, ու գտել ենք նրանց խոշտանգված և գետում խեղդված։ Ողջ գյուղը խոսում էր, որ դա թշնամու ձեռքի գործ է:
Մենք Վերին Հոռաթաղ գյուղում էինք ապրում, ամուսինս հանքում էր աշխատում, 7 երեխա ունեինք։ Հիմա ապրում ենք այս վեցի համար։ Ես ամեն օր տեսնում եմ որդուս։ Գիշերները վեր եմ կենում, ու ինձ թվում է, թե կանչում է ինձ։ Էդվարդի մահը աղջիկներս շատ ծանր տարան։ Սաթենիկն էդ ժամանակ 17 տարեկան էր, մոտ մեկ ամիս զրկվել էր խոսելու ունակությունից։ Մենք բակում էինք, երբ իմացանք, որ մահացել է որդիս։ Աղջիկս երևի գոռոցներից վախեցավ։ Ես ինձ հավաքում էի, որ աղջկաս խնամեմ:
Մենք տանն էինք, պատրաստվում էինք ճաշել, երբ ամուսինս դուրս թռավ: Ես ինձ կորցրի, ողջ գյուղն իրար էր անցել: Դավիթենց էին փնտրում։ Գյուղացիներից մեկը զանգում է ամուսնուս, ասում՝ ինչ-որ տղայի է տեսել, գետի ափին։ Մեր տնից 7 կմ հեռավորության վրա։ Ամուսինս տեսնում է տղայիս, ջուրն է մտնում, որ փրկի, բայց արդեն ուշ էր. սիրտը կանգնել էր։ Էդվարդիս դեմքի վրա քերծվածքներ կային։ Ամուսինս ասում է՝ ոնց որ վախից սիրտը կանգնած լիներ: Էդվարդի մարմինը գետում գտնելուց հետո շուրջ 3 oր փնտրում են ընկերոջը՝ 14-ամյա Դավիթին: Նրան գտնում են ավելի վատ վիճակում՝ մարմինը խոշտանգված, անճանաչելի էր։ Որդուս հուղարկավորության ժամանակ ինձ գալիս ու ասում էին, որ ես գոնե լացելու տեղ ունեմ, մյուս երեխային չեն էլ գտել։ Ես չգիտեի՝ ինչ ասել։ Չգիտեի, թե ինչ եմ զգում:
44-օրյայի ժամանակ Քրիստինեի ընտանիքը ամենավերջինն է լքում գյուղը.
- Ինձ թվում էր, թե դավաճանում եմ տղայիս։ Մենք պետք է վերադառնայինք, որովհետև տղայիս գերեզմանը Արցախում էր։ Վերադարձանք, ու ես շարունակեցի աշխատել դպրոցում, որ կարողանամ գոնե ցավս մեղմել։ Պատերազմից հետո ես ու ամուսինս չէինք խոսում մեր կորստի մասին։ Աշխատում էինք ամեն մեկս մեր մեջ սգալ, որ կարողանանք ապրել մյուսների համար...
