Առաջին հոնորարով մայրիկիս վերարկու գնեցի, որ էլ չմրսի կարկատած բաճկոնի տակից. Ֆուտբոլի լեգենդը 77տ. է
Տեսանյութեր52 տարի առաջ հայկական ֆուտբոլում գրվում էր պատմություն, որը սերունդների համար պետք է դառնար սեփական «ես»-ից առավելագույնը պահանջելու, ձգտելու, փոխելու, նոր բարձունքներ գրավելու օրինակ: Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը փոխում էր հայկական ֆուտբոլի ընթացքը` պատմության մեջ թողնելով ոսկե ազգանուններ, որոնց թվում էր «ամենահայ» ուկրաինացի` լեգենդար 7 համարի մարզաշապիկը կրող, ռեկորդային 392 խաղի, 32 խփած գոլերի հեղինակ ՍԵՐԳԵՅ ԲՈՆԴԱՐԵՆԿՈՆ. «Մինչեւ այդ փառահեղ թվականը, մենք հինգ տարում «Արարատի» բոլոր տարիների պարտության «պարտքերը մարեցինք»,- հպարտությամբ փաստում է լեգենդը:
52 տարի անց էլ Սերգեյ Բոնդարենկոն նույն եռանդուն, կյանքով լեցուն լեգենդն է: Այո, տարիները` 77 տարի պարզապես անցել են լեգենդի կողքով` բացի երջանկությունից, այլ որեւէ հետք չթողնելով: «7 համարը ինձ համար եղել է սիմվոլիկ, այն իմ հաջողության պատմության թվանշանն է, այսօր արդեն երեք 7-երի կրողն եմ, փաստորեն»,- հպարտանում է նա:
Հայաստանում մեծացած եւ ապրած ֆուտբոլիստն այսօր էլ երախտագիտությամբ բարձրաձայնում է.
ՄԵՐ ԲԱԿ ԵՆ ՄՏԵԼ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐ, ՄԱՅՐԻԿԻՍ ՁԵՌՔԵՐՈՎ ՕԴ ԵՆ ԹՌՑՐԵԼ
- Ամեն անգամ Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ հայերի հետ եմ ապրել, որ այսօր ամեն հայի նման կարոտում եմ Հայաստանը: Հայաստան եկել ենք 1952 թվականին, երբ ես 4 տարեկան էի: Սովորել եմ Երեւանի թիվ 77 դպրոցում, հետո ավարտել Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
- Ֆուտբոլի Ձեզ տարա՞ն, թե՞ դուք գնացիք:
- Այն տարիներին ամեն դպրոց իր թիմն ուներ: Ես խաղում էի մեր դպրոցի թիմում: Ընդունվեցի ֆուտբոլի դպրոց, որտեղ մարզիչս Չալիկյանն էր: Մեր թիմը մասնակցեց դպրոցականների ԽՍՀՄ առաջնությանը, որն անցկացվում էր Բելառուսում: Մենք հաղթեցինք: Այնուհետեւ խաղացել եմ «Արաքս» գործարանի թիմում, որը հանդես էր գալիս Հայաստանի առաջնության Բ խմբում: Այդ ժամանակ «Արարատի» մարզիչը Արտյոմ Ֆալյանն էր, նա ինձ վերցրեց թիմի փոխարինող կազմում: Առաջին գնդակը խփել եմ Ալմա-Աթայի «Կայրաթի» դարպասը, երբ Ֆալյանը Զանազանյանի փոխարեն ինձ դաշտ մտցրեց:
Ես որոշել էի դեռ մանկուց, որ մի օր անպայման դառնալու եմ հայտնի, որ տանջված, միշտ արցունքն աչքերին մայրիկիս հպարտության արցունքներ եմ նվիրելու: Ու պատահական չէ, որ առաջին հոնորարովս մայրիկիս վերարկու գնեցի, որ այլեւս չմրսի կարկատած վերարկու տակից...
- Ինչպե՞ս եք հիշում այդ փառահեղ 1973 թվականը:
- Մինչ այդ փառահեղ թվականը, մենք հինգ տարում «Արարատի» բոլոր տարիների պարտության «պարտքերը մարեցինք»: Մենք հաղթարշավ էինք անցկացնում մոսկովյան ակումբների նկատմամբ: Մոտ 3 տարի մենք Մոսկվայի չեմպիոնն էինք: Անկեղծ ասեմ, մոսկվացիները մարզադաշտում մեզ էին երկրպագում: Արտագնա խաղերում միշտ հաղթում էինք: Մոսկվայում կայացած գավաթի խաղից հետո մենք Երեւան չվերադարձանք, մեկնեցինք Դոնեցկ՝ առաջնության հերթական հանդիպմանը «Շախտյորի» հետ: Այստեղ էլ գործը հասավ 11 մետրանոց հարվածներին: Հաղթեցինք: Երեւան վերադարձանք` որպես ԽՍՀՄ գավաթակիր եւ Բարձրագույն խմբի առաջատար:
Ծով ժողովուրդ էր հավաքվել օդանավակայանում: Հանրապետության բոլոր շրջաններից մարդիկ ինքնակամ եկել էին: Մայրս պատմեց, որ գավաթը նվաճելուց հետո մեր բակ են մտել ֆուտբոլասերներ, մայրիկիս ձեռքերով օդ են թռցրել: Միամիտ կինը վախեցել էր: Մնացածի մասին շատ ասվեց եւ գրվեց, այդ սերունդը չի մոռացվում:
- Դուք «Արարատի» ամենաշատ` 392 հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն եք: Հինգ տարի խաղացել եք առանց փոխարինման: Արդյոք այլ թիմերից հրավերքներ չե՞ք ունեցել:
- Իհարկե, ունեցել եմ, հատկապես ուկրաինական ակումբներից, որոնք շատ էին մրցաշարային աղյուսակում եւ առաջնակարգ տեղերում էին: Երկու շաբաթով եմ հեռացել <<Արարատից>>: Երբ Ֆալյանը գնաց Պետերբուրգի «Զենիթը» մարզելու, մեր թիմից մի քանիսին տարավ իր հետ: Ինձ էլ վերցրեց: Անկեղծ ասած, ես երկու շաբաթ մնացի «Զենիթում»: Առանց Ֆալյանին ասելու, տեղյակ պահելու, գաղտնի վերադարձա Երեւան:
ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ
- Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը ե´ւ սպորտում, ե´ւ մարդկային հարաբերություններում:
- Ամենաճիշտ բանը` նպատակաուղղվածությունն է ու նվիրյալ լինելը, պետք է շատ սիրես այն, ինչով զբաղվում ես։ Ճիշտ է, իմ դեպքում ես կնոջս եմ սիրում ավելի շատ, իսկ ֆուտբոլը հարգում եմ: Հաջողությանս գրավականը երեւի նպատակային ու ոչ մի անգամ ձեռքերը չիջեցնելն էր: Ատամներդ պետք է սեղմես ու հաղթես: Դրա համար էլ մարդը կոչվում է ուժեղ մարդ: Հաջողությունը քո ուժից է գալիս, միշտ պետք է մտածես, եթե դու չէ, ապա ով պետք է անի:
- Ո՞վ չի կարող լինեն Ձեր ընկերը;
- Իմ ընկերը չի կարող լինել այն մարդը, ով որ վատ մտքեր ունի։ Իմ ընկերը պետք է առաջին հերթին կամեցող լինի:
- Իսկ ո՞վ է այն մարդը, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները:
- Ամենաշատը, եթե սուտ չասեմ, կինս է: Շուտով կլրանա մեր ամուսնության հիսուն ամյակը, այդքան երկար կյանք ենք ապրել: Գաղտնիք չկա մեր մեջ, որովհետեւ մենք խոսում ենք: Չենք նստում հեռուստացույցի դեմն` իրար չնայելով: Խոսում ենք, ոչ թե պլաններ ենք կազմում, ուղղակի օրվա մեջ երեխեքի կարոտցից, առօրյա հոգսերից իրար հետ կարողանում ենք խոսել։
- Հաճա՞խ եք արտասվում: Եվ եթե արտասվել եք, ապա վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Երբ որ կորցնում եմ իմ մոտիկ մարդուն կամ անարդար բան եմ տեսնում, որ չեմ կարող օգնեմ, ուժերիցս վեր է: Անտանելի ցավ եմ ապրում, երբ մարդուն վիրավորում կամ նեղացնում են։
- Հաշվի առնելով Ձեր փորձը, կյանքի փորձը, Ձեր կենսագրությունը, Ձեր հաջողությունները, կասե՞ք՝ որն է այն գրավականը, որ սերը երբեք չծերանա: Ի՞նչ պետք է անել, որ սերը երբեք չծերանա, չկորի:
- Մարդիկ մտածում են, որ սերը առօրյա ինչ- որ ճաշ եփելուց կամ երեխա ունենալուց է ծնվում: Չէ, սերը այն է, որ դու գիտես, որ դա քեզ Աստծո լույս է տալիս: Սերը ես այդպես եմ պատկերացնում, Աստծո լույս է: Սիրո գաղտնիքը` բարությունն է, որ մարդը բարի է լինում, իր հետ շատ հեշտ է ապրել:
- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
- Ես տաս տարի գրախանութի տնօրեն եմ եղել Պրոսպեկտի վրա` «Հեքիաթ» խանութն էր: Ես նրանցից չեմ, որ կանգնեմ ու ասեմ՝ «Պատերազմ եւ խաղաղություն» եմ կարդացել: Սիրում եմ Շիրազի, Վիսոցկիի մասին կարդալ: Ես Շիրազի եւ Վիսոցկիի երկրպագուն եմ: Ինձ համար այդ երկուսը անհասանելի բարձունք են:
- Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:
- Ես երազում եմ Սովետական Հայաստանի վերադարձի մասին: Այն ժամանակ, որ ես գրախանութում աշխատում էի՝ գիշերները հերթ էին կանգնում, որ Շիրազ գնեին, կամ Հովհաննես Թումանյանի հեքիաթները, էլ չեմ ասում բաժանորդական գրքերը: Ահա այդպիսի կրթված ժողովուրդ էին Սովետական Հայաստանում։ Այն ժամանակ Առնո Բաբաջանյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ժան Նշանյան, Շաքե Թուխմանյանի նման մարդիկ էին սերունդ ու մշակույթ կրթում, որոնց ամեն խոսքն օդից պետք է բռնեիր: Շիրազի հետ էի մոտիկացել, երջանկությունը դա է: Մարդիկ երազում էին Շիրազին բարեւեին, ես իրենց տուն էի գնում: Ես ուկրաինացի տղա, բայց պատիվ ունեի իրենց տուն գնալու: Ուզում եմ ասել՝ ամեն ասպարեզի մեջ էլ ես մարդամոտ մարդ եմ: Ամեն ասպարեզի մեջ ես համարյա թե ծանոթներ ունեի: Հիմա, ցավոք, նայում եմ քաղաքում նույնիսկ իմ լավագույն ընկերներից Կավալենկոն, Զանազանյանը չկան: Գիշերվա երկուսին կարող էի զանգել, ասել՝ Հովհաննես ջան, կամ Սուրեն ջան, քունս չի տանում, արի սուրճ խմենք: Հիմա ես կարո՞ղ եմ գիշերվա մեկին զանգել: Կասեն` գժվել է այս տղեն: Էլի լիքն են, էլի շատ է ընկերությունը, մանկության ընկերները, բայց գնալով, քչացել են: Երեք-չորս դասընկեր են մնացել, երկու մանկության ընկեր: Մթնոլորտն է փոխվել: Հիմա սիրում են հեռախոսներն առնեն. վեց հոգի նստած են, վեցն էլ հեռախոսով խոսում, խաղում են, դու չես մասնակցում: Ես դրա մեջ չկամ:
- Եվ վերջին հարցը` ինչի՞ համար եք ափսոսում: Կա՞ մի բան, որ հետադարձ հայացք նետելով` ափսոսում եք:
- Փոշմանում եմ, որ ես հայտնվեցի ԱՄՆ-ում: Դա իմ տեղը չէր: Ես այս կրթությունից, այդ հոյակապ մարդկանցից հետո այդ անգրագետ գել ու գազանների մեջ հայտնվեցի: Ինձ Ամերիկան ի՞նչ: Ամերիկան իմ տեղը չէ: Ես կյանքում չեմ սիրել մեկուսացված գնամ, մահճակալի տակը հավ կամ բուտերբրոդ ուտեմ, որ մարդ չտեսնի: Մեր այստեղի կենցաղը լրիվ մարդկային ճիշտ կերպարով էր դրված: Գիշերվա մեկին, որ գնում եմ Օպերայի մոտ նստում, տեսնում եմ հայ աղջիկը կալյասկով երեխային լճի մոտ ման է տալիս… Աշխարհում մի պետություն չկա, որ այդպես լինի…
Հ.Գ.- Ամբողջական զրույցը դիտեք CV-TV յութուբյան ալիքում:
