«Թավշյա» անցողիկ իշխանությունների դիվային մոլեգնությունը Հայ եկեղեցու նկատմամբ բացատրվում է իշխանությունը կորցնելու վախով
ԹեմաԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿՈՍՅԱՆ, Երևան
Թեև երեք ամսից ավել անազատության մեջ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանն այդպես էլ չընդունեց իր մեղքը, Երևանի քրեական դատարանը հոկտեմբերի 3-ին նրան դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»։ Ուշադրություն չդարձնելով դահլիճում գտնվող մարդկանց, որոնք վրդովված «Ամո՜թ» էին վանկարկում կոռումպացված երրորդ իշխանության հասցեին, դատավորը մեղադրական դատավճիռը թողեց ուժի մեջ։
Միքայել Աջապահյանի փաստաբանների խոսքով՝ դատավարության պատվերով քաղաքական բնույթ ունենալը ի սկզբանե հասկանալի էր, ուստի դատավճիռը նույնպես կանխատեսելի էր, թեև մեղադրող կողմը այդպես էլ չկարողացավ ապացուցել իշխանության զավթման և սահմանադրական կարգի բռնի տապալման կոչերի առկայությունը՝ հենվելով երկու տարի առաջ oragir.news-ին իրենց պաշտպանյալի տված հարցազրույցի վրա, և որն այսօր դրվել է «թավշյա» հաշվեհարդարի հիմքում։ Ամեն դեպքում, հանրությունը հենց այդպես գնահատեց այն, ինչը կատարվում էր հայկական արդարադատության տաճարում։
«Դատավարության ընթացքում պաշտպանական կողմը բառացիորեն մատների վրա ապացուցեց Միքայել արքեպիսկոպոսի անմեղությունը, քանի որ երկիրը փրկելը հանցագործություն չէ։ Սակայն, ցավոք, այս գործով որոշումը դատարանի շենքում չի կայացվում։ Դատավորը, ինչպես երևում է, չի առաջնորդվում մարդու տարրական իրավունքներով, այլ գտնվում է լուրջ ճնշման տակ»,- կարծում է արքեպիսկոպոսի փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նմանատիպ կարծիք հայտնեց նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հայտարարելով, որ «վարչապետի մոտ ստրկության մեջ» գտնվող դատաիրավական համակարգը Քննչական կոմիտեի ղեկավարի, գլխավոր դատախազի և այլ պաշտոնյաների միջոցով միայն կատարել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը։
Սա ավելի ակնհայտ դարձավ, երբ վարչապետն ինքը ակտիվորեն միացավ սոցցանցերում հալածանքներին՝ արքեպիսկոպոսին մեղադրելով աստվածաշնչյան տասը պատվիրաններից մեկի խախտման մեջ, որն իբր եկեղեցուն պատվիրում է ենթարկվել իշխանություններին, այսինքն՝ իրեն։ Բայց ինչպես նշեցին Մայր աթոռում, հայտնի քարասալիկներում, որոնց վրա գրված են սուրբ պատվիրանները, նման բանի հետք անգամ չկա։ Շատ շուտով Փաշինյանն անցավ արքեպիսկոպոսի բարոյական կերպարին՝ պնդելով, որ նա «խուսափում է իրավապահ մարմիններից՝ վախենալով, որ եթե դատարանը մեկ-երկու ամսով կալանք նշանակի, ապա այդ ժամանակ ինքն ինչպես է ապրելու առանց կնոջ»։
Ինտիմ թեման, ըստ երևույթին, Հայաստանի վարչապետի վաղեմի ցավոտ սիրած թեման է, քանի որ ժողովուրդը դեռ հիշում է նրա հունիսյան սպառնալիքները՝ ցույց տալու Ամենայն հայոց կաթողիկոսին իր վերարտադրողական օրգանները: Փաշինյանից հետ չմնաց իրեն առաջին տիկնոջ կարգավիճակ վերագրած Աննա Հակոբյանը, որը նույնպես վիրտուալ տարածքում գրառում կատարեց. «Արքեպիսկոպո՛ս, Դուք ընդհանրապես գիտե՞ք, թե ինչ է ոգեղենությունը»։ Եթե Փաշինյան-Հակոբյան զույգն իմանար, թե ինչ է ոգեղենությունը, ապա մինչեւ այս թեմաներով ճամարտակելը կսրբագործեր իր ամուսնությունը եկեղեցում։ Կամ էլ, առնվազն, կգրանցվեր մոտակա զագսում և ոչ թե կապրեր մեղքի մեջ, եկեղեցական կանոններից և քաղաքացիական իրավունքից դուրս՝ ամբողջ երկրի աչքի առաջ: Եվ ամենակարևորը, չէր մրցի Հայ առաքելական եկեղեցու հետ, որի «որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում» ամրագրված է աշխարհիկ Հայաստանի սահմանադրության մեջ առանձին կետով։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը և Փաշինյանի կողմից Գարեգին Բ-ին (որին նա անվանում է բացառապես նրա աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան) տապալելու և նրան սեփական խամաճիկով փոխարինելու շարունակական կոչերը լայն արձագանք առաջացրին ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։
Տեղական ԶԼՄ-ներն ավելի կտրուկ կերպով ցցուն դարձրին իշխանության հակամարտության խնդիրը եկեղեցու հետ՝ հիմնական շեշտերը դնելով իրենց նյութերի վերնագրերում. «Ահազանգ Էջմիածնի շուրջ», «Մայր Աթոռ Էջմիածինը ճնշման տակ», «Անաստվածների փորձը՝ ինքնահաստատվելու հայրենասերների հաշվին», «Մեծ քաղաքականության նահատակները», «Ապստամբ հոգևորականներ»։ Եվ եթե հայոց պատմության մեջ քրիստոնյա քահանաները հալածվել ու կալանավորվել են հիմնականում հեթանոսների կողմից, ինչպես, օրինակ, Հայաստանի քրիստոնեացման մեջ առանցքային դեր խաղացած Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ապա անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ նման բարձրաստիճան հոգևորականը ժամկետով կալանավորվում է։
«Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրաստիճան հոգևորականը բանտ ընկավ իր խոսքի ու համոզմունքի համար, ինչը մեր նորագույն պատմության ամենախայտառակ էջերից է։ Հոգևոր առաջնորդի նկատմամբ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման աղաղակող օրինակ է»,- ասվում է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարության մեջ։
Ըստ փորձագիտական հանրության՝ դատավորը դատապարտել է ոչ միայն Աջապահյանին, եկեղեցուն, այլև ողջ երկրին։
«Ես չեմ անհանգստանում արքեպիսկոպոսի տոկունութան համար, քանի որ վստահ եմ նրա վրա, ինձ շատ ավելի մտահոգում է Մայր աթոռ Էջմիածնի դեմ այսօր ծավալված խելահեղ արշավի ստեղծված նախադեպը»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Թավշյա» պատահական ու ժամանակավոր իշխանությունների դիվային մոլեգնությունը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ բացատրվում է իշխանությունը կորցնելու վախով։ Ինչպես ցույց տվեց դատավարությունը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տոկունության պակաս իսկապես չունի։ Դատավճռի հրապարակման հաջորդ օրը նա ընդդիմադիր պատգամավորների միջոցով գրավոր դիմում է փոխանցել, որում ասվում է. «Չարի իշխանությունը, որը բաղկացած է միջակություններից ու կատարյալ ոչնչություններից, ինչպես նաև նրանց սպասարկող ողորմելի կամակատարներից, ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ ինձ ապօրինաբար դատապարտելով շինծու գործով։ Սա կլինի գործող «չիշխանության» խայտառակությունը։ Խոստանում եմ դառնալ ավելի վտանգավոր, քան մինչև հիմա էի»։
Ու թեև ուժային ճամբարում խոսում են եկեղեցին միայն «հավատուրացներից» «մաքրելու» մասին, այնուամենայնիվ, մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե՝ «Ես առաջնորդելու եմ եկեղեցու ազատագրումը հակաքրիստոսից», քաղաքագետները տեղի ունեցողը անվանում են կեղծ հեղափոխության հերթական անօրինությունը, այնպես, ինչպես 2018 թվականին «թավշյա» անվան տակ։ Ի դեպ, դեռևս այն ժամանակ նոր իշխանությունների թողտվությամբ «թավշյա հեղափոխականները» սատանայական ծես կազմակերպեցին Սուրբ Էջմիածնի պատերի ներսում։
Փորձագիտական հանրության շրջանում կարծում են, որ Փաշինյանի անձնական թշնամանքը Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ կապված է եկեղեցու հեղինակության ֆոնին իշխանության ղեկը կորցնելու վախի և, համապատասխանաբար, նրանց գրպանային խամաճիկներով փոխարինելու ցանկության հետ։ Սակայն հայ հասարակության մեջ իշխանությունը վաղուց չի համարվում ժողովրդի կամքի արտահայտիչը, հատկապես արտաքին քաղաքականության մեջ ուղղվածությունը դեպի Եվրոպա և թուրք-ադրբեջանական տանդեմ: Ընդ որում, վերջին տեսակետն արդեն ունի բավական հստակ ուրվագծեր, որոնք տեսանելի են անզեն աչքով։
Վերջին ժամանակներս «թավիշին» միացել են իրենց չբավարարված ամբիցիաների պատճառով կանոնական դաշտից դուրս մնացած մի քանի կարգալույծներ։ Մասնավորապես, Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Արամ Ասատրյանը և նրա «գործընկեր» Տարոն Հունանյանը, որոնք հանդես են գալիս հակաեկեղեցական հայտարարություններով և ամբողջապես պաշտպանում են ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը։ Իսկ կարգալույծ հոգևորական Խորեն Հովհաննիսյանը (աշխարհիկ անունը՝ Նշան), հայկական հեռուստատեսության «առաջին կոճակով» Գարեգին Երկրորդ կաթողիկոսի դեմ ելույթ ունենալուց հետո շուտով նույնիսկ ստացավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի խորհրդականի պաշտոնը։
Ամեն դեպքում աղանդավորներն իշխանությունների կողմից կօգտագործվեն Սուրբ Էջմիածնի դեմ արշավի հետ կապված հերթական սադրանքներում և նոր դատավարությունների խառնաշփոթի մեջ։ Պատահական չէ, որ Փաշինյանը վերջերս սոցցանցերում կոպիտ արտահայտություններ էր հրապարակել, որոնցում սպառնում էր «զսպել անառակ հոգևորականներին», «քրեաօլիգարխիկ հոգևորականներին» և նրանց «անառակ բարերարներին»։ Խոսքը ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի մասին է, որը «համարձակվել» է պաշտպան կանգնել Հայ առաքելական եկեղեցուն։ Ինչպես նշել է նրա փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, միմիայն ի պաշտպանություն հավատքի ասված հրապարակային հայտարարությունների պատճառով միլիարդատիրոջ և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահի կալանավորումը աննախադեպ է միջազգային իրավական պրակտիկայի տեսանկյունից։
«Մեղադրանքը սարքվել է Դիսնեյլենդում, և իշխանությունները դա շատ լավ հասկանում են։ Իմ գործունեության 45 տարիների ընթացքում ես դեռ ոչ մի անգամ չեմ տեսել երկրի այնպիսի ղեկավարի, ինչպիսին Փաշինյանն է, որը եկեղեցու վերաբերյալ նման բառամթերք օգտագործեր»,- ընդգծեց գործարարի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը՝ միաժամանակ նշելով, որ այս քայլով իշխանությունները ևս մեկ անգամ ցուցադրեցին սեփական անվստահությունն ու ներքին անկայունությունը։
Հակառակ դեպքում հայոց «արդարադատության» զնդաններում արդեն չորս ամիս չէր տառապի ևս մեկ հոգևորական՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանի ասելով՝ արքեպիսկոպոսին մեղսագրում են ահաբեկչություն, անկարգություններ և իշխանության յուրացում՝ հոդվածներ, որոնք քննադատությանը չեն դիմանում, ընդգծեց փաստաբանը։ Սրբազանի շահերը ներկայացնող փաստաբան Հովհաննես Խուդոյանը նույնպես նշեց, որ այստեղ կան իշխանության ներկայացուցիչների և իրավապահ մարմինների կողմից կեղծ տեղեկությունների ուռճացման, նյութերի կեղծման հատկանիշներ և ձայնագրությունների մոնտաժ։ Ի դեպ, Գալստանյանի ձերբակալությունից երկու օր առաջ վարչապետը «Տելեգրամի» իր ալիքում դիտավորյալ թե պատահաբար նյութ է տեղադրել իբր պատրաստվող «իշխանության ահաբեկչական զավթման» մասին՝ այն անվանելով «սրիկաների հեղաշրջման փորձ»։
Մի շարք փորձագետների կարծիքով՝ պարտված պատերազմից հետո Հայաստանը հայտնվեց «անկարող երկրի» կարգավիճակում և այժմ գտնվում է արտաքին վերահսկողության տակ, իսկ Փաշինյանն ու նրա իշխող թիմը պարզապես տեղապահներ են, որոնք աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների քաղաքական պատվերներն են կատարում, որտեղ արտաքին հիմնական կառավարիչները Թուրքիան և Ադրբեջանն են։ Իր յոթ տարվա կառավարման սխալների ու ձախողումների բացահայտման վախը Փաշինյանին հանգեցրեց այն համոզման, որ աշխարհում ոչ ոք իրեն չի օգնի, բացի Բաքվից ու Անկարայից, որոնք ուղղակիորեն շահագրգռված են, որ նա մնա իշխանության։
Սա հատկապես սուր է զգացվում 2026 թվականի ընտրություններից առաջ։ Դրա հետևանքով հոկտեմբերի կեսերին իշխանությունները բռնաճնշումների հերթական ալիքը ծավալեցին եկեղեցու դեմ։ Հոկտեմբերի 15-ին ուժայինները ձերբակալեցին 13 հոգևորականների, այդ թվում՝ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Պարեն քահանա Առաքելյանին և Արագածոտնի թեմի առաջնորդ, կաթողիկոսի քրոջ որդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Նույն գիշերը դատարանը Մկրտիչ Պռոշյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու որոշում կայացրեց։
«Թավշյա» բռնաճնշումները, ամենայն հավանականությամբ, արդեն թևակոխել են Հայ առաքելական եկեղեցու դեմ պատժիչ գործողությունների իրենց ակտիվ փուլը։
Սակայն վտանգը սպառնում է ոչ միայն քահանաներին, որոնց ուժայինները կարող են ցանկացած պահի ձերբակալել, այլև նրանց, ովքեր պաշտպանում են նրանց։ Մասնավորապես, սեպտեմբերի 17-ին Շենգավիթ վարչական շրջանի դատարանի շենքից դուրս գալիս փաստաբանական պրակտիկայում առաջին անգամ կալանավորվեց հայտնի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որը մասնակցում էր արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և «Սրբազան պայքար» շարժման նրա տասնյոթ համախոհների գործով նիստին։
ԱԱԾ-ի դիմակավորված աշխատակիցները Կոչուբաևին գետնին են գցել, իսկ հետո տարել անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը»։ Քրեական դատարանի որոշմամբ Կոչուբաևին կալանավորել են երկու ամսով։ Առիթը փաստաբանի գրառումն էր սոցցանցերում, որում քննադատում էր իշխանություններին և իրավապահ մարմիններին՝ Արագածոտնի թեմի առաջնորդի և դիվանապետի կալանավորման առնչությամբ։ Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ՝ փաստաբանի նկատմամբ նման գործողությունները բացարձակապես անընդունելի են։ «Սա շատ լուրջ մարտահրավեր է փաստաբանական անձնակազմին։ Մենք պահանջում ենք հարգանք մեր մասնագիտության նկատմամբ։ Ընդհանրապես անընդունելի է մարդուն և հատկապես փաստաբանին նման ֆաշիստական մեթոդով կալանավորելը։ Ակնհայտ է, որ սա քաղաքական թելադրանք է»,- ընդգծեց նա:
«Թավշյա» պատահական ու ժամանակավոր իշխանությունների դիվային մոլեգնության վերաբերյալ վատագույն կանխատեսումները սկսեցին կյանքի կոչվել ստալինյան բռնաճնշումների լավագույն ավանդույթներով: Ու թեև նման բռնության հիմնական նպատակը սպասվող հատուցման առջև իրենց վախերի պատճառով ժողովրդի մեջ վախ սերմանելն է, փողոցային «ուսապարկերի» այս ռազմավարության մեջ կան մեծ բացեր: Եկեղեցին հայերի համար մնում է ազգի դարերով փորձված ուղնուծուծը, և մարդիկ եկեղեցուն ավելի շատ են վստահում, քան իշխանություններին:
«Հուդայի համբույրը»։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հայ առաքելական եկեղեցու աղանդավոր Արամ Ասատրյանը
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բազմամարդ ակցիաների ժամանակ
«Սրբազան պայքար» շարժման գործով նիստին մասնակցած հայտնի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է հոգևորականների ձերբակալման առնչությամբ սոցիալական ցանցերում իշխանություններին քննադատելու համար
Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը դատավարության ժամանակ