Հելուենը՝ Հովհաննավանքում
ՎերլուծությունՀեղափոխական կեղծ ժպիտների եւ փլուզվող արժեքների այս ժամանակաշրջանում Հայաստանը, կարծես, ապրում է մշտական Հելուենի մեջ։ Դեմքերը փոխվում են, դիմակները մնում։ Իսկ կիրակի օրը Հովհաննավանքում տեղի ունեցածը դրա ամենաամբողջական խորհրդանիշն էր. քաղաքականությունը, աղանդը եւ կեղծ հավատը միախառնվել էին միգրոտեքսային բեմադրության մեջ, որտեղ քահանայի դերը ստանձնել էր կարգալույծ Ստյոպա Ասատրյանը, մի մոլի ՔՊ-ական՝ սարկավագի, աղանդավորը՝ հավատացյալի, իսկ արդարադատության Գալյանը՝ Սրբուհու։
Թվում էր՝ սա հեգնական ներկայացում է՝ իշխանության օրոք սրբապղծված իրականության մասին։ Բայց՝ ոչ, սա հենց իրականությունն էր։ Մենք իսկապես սկսել ենք ապրել Հելուենի մեջ։ Ամբողջ երկիրն է դարձել մեծ վախերի թատերաբեմ, որտեղ դեւերն իշխանության են, իսկ սրբությունը՝ մեղադրյալի աթոռին։
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, վաղուց արդեն դուրս է եկել քաղաքական պայքարի սահմաններից։ Մեր իրականությունը դարձել է բարոյականության դատապարտման տարածք։ Մինչեւ իշխանությունը «թավշյա հեղափոխություն» էր անվանում իր ճանապարհը, այսօր դա վերածվել է «թավշյա վախճանի»։ Մանկասպան հայրեր, աղանդավորական ծեսեր, հոգեւորականների կալանավորումներ. ահա իշխանության իրական դիմակը։
Գեղարքունիքում երեք տարեկան Տիգրան Օգանեսովին հոր կողմից խեղդամահ լինելու փաստից հետո հասարակությունը ցնցվեց, բայց` ոչ իշխանությունը։ Ո՛չ մի հրաժարական, ո՛չ մի պատասխանատվություն։ Մի երկրում, որտեղ մայրական արցունքն անգամ չի հուզում վերնախավին, ամեն ինչ դառնում է հնարավոր։ Եվ եթե դժոխքը գոյություն ունի, ապա այն սկսել է հենց այստեղ՝ մեզանում։
ԱՅԴ ՍՐԲԱՊԻՂԾ ԽԱՂԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Մինչ իրական հանցագործները շրջում են ազատ, իշխանական մեդիան ամբողջ ուժով աշխատում է մեկ ուղղությամբ՝ հայ եկեղեցու հեղինակազրկման։ Հովհաննավանքում տեղի ունեցածը, կարծես, խորհրդանիշ էր այդ հակաքրիստոնեական արշավի։
«Հովհաննավանքում հենց Նիկոլենք են քաղաքական արար բեմադրում։ Դա կրոնական ծես չէ, այլ մաքրամաքուր քաղաքական գործողություն, քաղաքական շոու: Այնտեղ չկա հավատքի որեւէ տարր, ինչպես չկար հայրենասիրության, ազգայնականության որեւէ տարր այն ժամանակ, երբ Նիկոլը Ստեփանակերտում իր ղժղժան ձայնով գոռում էր «Արցախը Հայաստան է եւ վերջ» , կամ երբ նիկոլականները «Աղդամը մեր հայրենիքն է» տեքստով նկարներ էին տարածում։ Վաղը այդ նույն մարդիկ, եթե դա բխի իրենց քաղաքական շահից, նամազ էլ կանեն։ Բնականաբար, բացարձակապես չհավատալով Ղուրանին։ Ըստ այդմ, բարեկամնե՛ր, Հովհաննավանքում կատարվողը խնդրում եմ չանվանել պատարագ, իսկ Նիկոլի դիջեյին քահանա», - հորդորում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Այդուհանդերձ, որքան էլ Փաշինյան Նիկոլը ճիգ ու ջանք է գործադրում, բայց ինչպես գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը. «Չի ստացվում մարդկանց հանել եկեղեցու դեմ, ոտաբոբիկ յոթ վանք էլ մտնի՝ չի ստացվելու։ Բուն ժողովուրդը տեսնում է՝ ով ես դու, եւ ինչ ես անում»։
Այո՛, ժողովուրդը տեսնում է։ Տեսնում է, որ այս իշխանությունը փորձում է աստիճանաբար փոխարինել հոգեւորին՝ շոուով, հավատը՝ քարոզչությամբ, իսկ եկեղեցին՝ կառավարական բեմով։ Բայց այդ սրբապիղծ խաղը վտանգավոր է ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ քաղաքական առումով։ Եկեղեցու հեղինակությունը ոչնչացնելը նշանակում է վերջնականապես կտրել ժողովրդին իր ինքնությունից, զրկել նրան դիմադրելու հոգեւոր ուժից։
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ՝ «ԱՐՏԵԼԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՆ»
Եվ մինչ Հովհաննավանքում «դերասաններն» էին խորանում, իսկ իշխանական քարոզիչները՝ ծնկած նրանց առաջ, Վաղարշապատում տեղի էր ունենում մի այլ ներկայացում՝ շատ ավելի վտանգավոր բովանդակությամբ։
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբայրը եւ եղբորորդին՝ Գեւորգ եւ Համբարձում Ներսիսյանները, ձերբակալվեցին մի պատմության համար, որը նույնիսկ քրեական տնազ չուներ։ Տեսանյութերն ապացուցում են՝ ոչ մի բախում, ոչ մի վեճ չի եղել։ Պարզապես հանգիստ զրույց։ Բայց Քննչական կոմիտեն, ինչպես միշտ, գործը «կարել է»՝ ըստ պատվերի։ Ինչպես ճիշտ նշել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակներից Արմինե Սնդոյանը. «Դուք գործ եք կարում` ըստ պատվերի։ Եթե ընդդիմադիր է՝ ուրեմն խուլիգան է, եթե հավատացյալ է, ուրեմն՝ հանցագործ»։
Սա արդեն իրավական համակարգ չէ. սա ձեռագործ արտադրամաս է, որտեղ օրենքը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի։ Իսկ երբ հավատացյալներին եւ հոգեւորականներին են կալանավորում՝ իբրեւ հանցագործներ, դա նշանակում է, որ իշխանությունը դադարել է տարբերել մեղքն ու մեղադրանքը։
ՆՎԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի «սադրանքը»՝ իբր Վեհափառի եղբայրն ու եղբորորդին խոչընդոտել են իր քարոզչությանը, բացահայտ քաղաքական պատվեր էր։ Տեղացիներն էլ, իրավապահներն էլ գիտեն՝ Ոսկեհատում ոչ ոք նույնիսկ չի միջամտել քարոզարշավին։ Բայց պետք էր հերթական անգամ զրպարտել եկեղեցուն, մատուցել «նվեր» Փաշինյան Նիկոլին:
«Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ եւ առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության ժամը՝16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետեւ մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գեւորգ Ներսիսյանը, երեքով խոսել են եւ խաղաղ բաժանվել: Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որեւէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան «Հանրապետություն» կուսակցության նախընտրական հանդիպումը: Հարգելի քննիչներ, եղբայրաբար հորդորում եմ` մի՛ թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը եւ տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի: Այս ամեն ինչը ժամանակավոր է», - նշել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Ակնհայտ է, որ նպատակը մեկն է եղել ցավ պատճառել Վեհափառ Հայրապետին՝ իր գահակալության տարեդարձի օրով եղբորն ու եղբորորդուն շինծու գործով ձերբակալելով, եւ այնքան են շտապել, որ արդյունքում ստացվել է քաղաքական փնթի պատվեր: Որքա՜ն խորն է իշխանության վախը հոգեւոր իշխանությունից։ Չէ որ այն միակն է, որ դեռ չի ծնկել, չի վաճառվել, չի դարձրել խիղճը մանդատի գին։
Թերեւս այս ամենի ֆոնին՝ Հովհաննավանքի «Հելուենը» դառնում է ոչ թե մշակութային անեկդոտ, այլ` պետական սիմվոլ։ Երբ հոգեւորականները բանտերում են, իսկ կեղծ հավատացյալները՝ բեմերում, երբ երեք տարեկան երեխան սպանվում է հայրական ձեռքով, իսկ նախարարները շարունակում են խոսել բարեփոխումներից, մենք այլեւս չենք կարող ասել՝ սա պարզապես ճգնաժամ է։ Սա բարոյական կործանում է։
Եվ գուցե եկեղեցիներն են այսօր միակ տեղը, որտեղ դեռ կարելի է փրկել հոգին՝ իշխանության չարակամ շնչից։ Անխոս, քանի դեռ հավատը չի մեռել՝ դեռ հույս կա։ Բայց եթե այս Հելուենը շարունակվի՝ դժոխքն այլեւս չի լինի խորհրդանշական։ Այն պարզապես կդառնա մեր իրականությունը։ Եվ երբ մի օր այս իշխանության բոլոր դիմակները պատռվեն, պատմությունը կարձանագրի, որ Հելուենը Հայաստանում չի տեւել մեկ գիշեր, այլ մի ամբողջ ժամանակաշրջան։ Բայց այդ ժամանակ արդեն դեւերը չեն լինի իշխանության, որովհետեւ ժողովուրդը կհիշի՝ ինչպես է կեղծ սրբության դիմակի տակ պղծվել իր հավատը։ Իսկ պղծությունը դեռ շարունակվում է, Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ հաջորդ կիրակի պատարագի կմասնակցի Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում, իսկ պատարագիչ կլինի դեռ կարգալույծ չեղած, բայց արդեն իսկ Հովհաննավանքում սրբապիղծ արարողության մասնակցած Տեր Թադեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
