ՆԻԿՈԼԻ ԳԼՈԲԱԼԻՍՏԱԿԱՆ ԹԵՔՈՒՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՌԴ-Ի, ԱՅԼ ՆԱԵՎ՝ ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ Է ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ
ՎերլուծությունԵվ այսպես, մինչ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարում է, թե պատրաստվում է նորից ղեկավարել ՔՊ-ի ցուցակը՝ դեռ էն գլխից քարոզչության հիմքում դնելով «խաղաղության» օրակարգը, Ալիեւը հասցրեց եւս մեկ «ական» դնել այդ փորձերի տակ: Փորձենք հասկանալ, թե հիմա ինչ է ուզում Հեյդարովիչը «խեղճ ու կրակ» Նիկոլից:
ՀԻՄԱ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԼԻԵՎԸ
Խոսքը Ալիեւի հերթական հայտարարության մասին է, թե Հայաստանում եղած-չեղածն Ադրբեջանինն է: «Ադրբեջանցիները պետք է իմանան իրենց հարուստ պատմությունը, իրենց հին պետական ավանդույթները։ Մեր ժողովուրդը միշտ ապրել է ընդարձակ տարածքներում, եւ ադրբեջանցիները մինչ օրս բնակվում են մեր ներկայիս սահմանների երկու կողմերում… Ուստի ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդեն ասել եմ, որ մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով…»: Ու, որպես «ապացույց», Ալիեւը հուշում է՝ գնացեք, նայեք ռուսական կայսերական հին քարտեզները, որոնցում «պարզ երեւում է, որ ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն. չկա Սեւանա լիճ, կա Գյոյչա լիճ….»:
Ինչպես հասցրել է մեկնաբանել ռուսահայ հեղինակավոր արեւելագետ Սեմյոն Բաղդասարովը՝ մինչեւ 1918թ.-ն Ադրբեջան պետք է լիներ, որ մի բան էլ՝ հայկական բնակավայրերն ադրբեջանական լինեին: Բայց այս պահին Ալիեւին պատասխանելը չէ, որ խնդիրն է: Առավել եւս, որ Նիկոլի զինակիցներն առանց մեզ էլ անհասկանալի ակտիվությամբ սկսեցին մեկը մյուսի հետեւից Հեյդարովիչին արձագանքել, թե դու ո՞ւր էիր, որ Սեւանա լճի անունը Գեղամա ծով էր եւ այլն: Իսկ ահա Սիմոնյան Ալենը փորձեց մեկնաբանել Ալիեւին, թե գիտե՞ք. « Դա նախատեսված է իր ներքին լսարանի համար…»: Եվ, առհասարակ. Ալիեւը «ասում է՝ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլն: Ես չեմ հասկանում՝ ինչու եք դուք դա ազատագրել հասկանում։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ, մենք տանկերի մասի՞ն ենք խոսում»:
Բայց չէ, անգամ սրանով Ալենը սեփական շեֆի հանդեպ «մեղք» գործեց: Այսինքն, նրա ասած՝ «Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ» թեման առհասարակ չպետք է լինի ՔՊ-ի լեքսիկոնում: Համենայնդեպս, Նիկոլը պնդում է, թե. «Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետեւ դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին… Եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, դա նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղությանը»:
Ասել, որ բարձրաստիճան ՔՊ-ականներից եկած այս բուռն արձագանքը ազգային խայտառակությունից էլ բեթար է, կնշանակի ոչինչ չասել: Բայց դրանով հանդերձ էլ, բաց է մնում հարցը՝ Ալիեւի ինչին էր պետք նման հայտարարությունները, որոնք, ինչպես ցույց տվեց նիկոլականների նման բուռն ռեակցիան, նրանց հասցրեց հոգեկան ծայրահեղ լարվածության: Չնայած, այս հարցի պատասխանը, շատ նման է, որ աչքի առաջ է:
Այսպես, մինչ Նիկոլն ակտիվորեն պատրաստվում է «խաղաղության» հողի վրա նախընտրական քարոզչության՝ հույս ունենալով, որ եւս մեկ ժամկետով կվերցնի իշխանությունն ու մի որոշ ժամանակ էլ կազատվի արածների համար դատարան ներկայանալուց, Ալիեւը շարունակում է հիշեցնել իր տարածքային հավակնությունների մասին: Այսինքն, սրանով բառացիորեն ոտնատակ է տալիս նիկոլականների ողջ քարոզչական հիմքը: Առավել եւս, որ «խաղաղություն» ասվածն արդեն իսկ մեկ շատ պարզ հարցադրում է հիմնավորում. բա ո՞ւր է ձեր այդ գովերգած խաղաղության դավթարը, ինչո՞ւ Ալիեւն այդպես էլ չի ստորագրում: Ու Ալիեւն էլ շարունակում է աստիճանաբար թեժացնել թեման՝ հասկացնելով, որ եթե Նիկոլից ակնկալիքները չարդարանան, ապա դեռ ինչեր կարող են լինել մինչ ընտրությունները: Այսինքն, ընդհանրական իմաստով ունենք վատթարագույն իրավիճակը. Հայաստանում իշխանական համակարգի ձեւավորումը դարձել է կախված Ալիեւի քմահաճույքներից, ավելի ճիշտ՝ քաղաքական հաշվարկներից: Անկախ այն բանից, թե դեռ ինչքան Նիկոլը կփորձի արդարացնել թուրք-ազերիներին, այդ թվում՝ նրանց հետ թշնամության մեղավորությունը բարդելով ԿԳԲ-ի վրա:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ԱԿԱՆՋՆԵՐԸ»
Սակայն այս ամենը, ըստ ամենայնի, իրականության ընդամենը տեսանելի շերտն է, եւ նման է, որ արմատները եղել եւ մնում են շատ խորը:
Այսպես, Նիկոլի հասցեին ռուսական տարբեր աղբյուրների կողմից այս օրերին հղվող քննադատական հեղեղին զուգահեռ, Կրեմլին մոտ կանգնած ռուսական փորձագիտական աղբյուրը նաեւ Ալիեւին ուղղված հետաքրքիր մտքերով հանդես եկավ. «Ադրբեջանը, արտաքինից չեզոքություն պահպանելով հանդերձ, ավելի ու ավելի է ներքաշվում Ռուսաստանի շահերին ավանդաբար թշնամաբար տրամադրված պետությունների ուղեծիր։ Չնայած Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո Մոսկվայի հետ հրապարակային դիմակայության նվազմանը, Բաքուն ամրապնդում է իր ինստիտուցիոնալ եւ պաշտպանական կապերը Արեւմուտքի հետ… Վերջին քայլերից մեկը Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների կողմից 2026-2027 թվականների երկկողմ համագործակցության ծրագրի ստորագրումն էր։ Հաշվի առնելով Լոնդոնի դաշինքը Անկարայի հետ, ինչպես նաեւ Բրիտանիայի աճող ազդեցությունը Թուրքիայում, Հարավային Կովկասում եւ Սեւծովյան տարածաշրջանում, սա ազդարարում է Մոսկվայի դեմ դաշինքի ստեղծման մասին։ Միեւնույն ժամանակ, Բաքուն պատրաստում է ավելի խորը համագործակցության ձեւաչափ Միացյալ Նահանգների հետ, որը արդյունավետորեն կծառայի որպես քաղաքական եւ ռազմական արտաքին վերահսկողության միջոց: Ադրբեջանը նաեւ նշանակալի դեր է խաղում Թյուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ)։ Սա երկիրը դարձնում է կարեւոր օղակ գլոբալիստների ռազմավարության մեջ՝ Ռուսաստանին արտաքին սահմանին աշխարհաքաղաքականորեն շրջապատելու համար։ Միացյալ Նահանգները եւ Լոնդոնը Մեծ Կովկասը դիտարկում են ոչ միայն Մոսկվայի, այլեւ Թեհրանի հետ առճակատման համատեքստում, ինչը մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում եւ զգալիորեն նվազեցնում Բաքվի հետ համագործակցության հնարավորությունները»: Արդյունքում այս իրավիճակը. «Ոչ միայն մարտահրավերներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար, այլեւ փոխում է տարածաշրջանային քաղաքականության ընդհանուր համատեքստը։ Ավելին, նույնիսկ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ երկկողմ հարաբերություններում ժամանակավոր դեէսկալացիան չի փոխի Ռուսաստանի` Հարավային Կովկասից մեկուսացման երկարաժամկետ միտումը։ Այս պայմաններում Ռուսաստանը կամ ստիպված կլինի հարմարեցնել իր քաղաքականությունը…»:
Կարճ ասած, Մոսկվան ի ցույց է դնում, որ Ալիեւի վերջին մերձեցման փորձերը համարում է ընդամենը կրկնակի խաղ՝ «կառուցողական երկխոսության» քողի տակ՝ Բրիտանիայի եւ եվրագլոբալիստների օգտին: Եվ ահա այս ֆոնին, իհարկե, Բրիտանիայից նաեւ հայաստանյան ուղղությամբ դիրքերը պահելուն ուղղված քայլեր սկսեցին նկատվել: Այդ թվում՝ նոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի եւ Նիկոլի` օրերս կայացած հանդիպման տեսքով, որտեղ, գոնե ըստ պաշտոնական հաղորդման, քննարկումների հիմնական թեման էր «Երկկողմ հարաբերությունների բարձրացումը դեպի ռազմավարական գործընկերություն, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը»: Եթե սրան ավելացնում ենք նաեւ Ադրբեջանի ուղղությամբ բրիտանացիների ներկա ռազմական-ռազմավարական խորացումները, ապա պատկերը սկսում է դառնալ ավելի ամբողջական: Համենայնդեպս այն, որ Նիկոլը սկսել է գլոբալիստների օգտին վերջնական կողմնորոշման տարաբնույթ գործողություններ ի ցույց դնել, սկսած թուրք-ազերիների հետ թշնամությունը ռուսների վրա բարդելուց, վերջացրած եկեղեցու նկատմամբ հալածանքներով, թերեւս արդեն իսկ ազդակ է, որ բրիտանացիները համառորեն փորձում են առաջ տանել Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան առանցքի ստեղծման հին ծրագրերը: Ինչքանո՞վ կստացվի, հաշվի առնելով նաեւ Բրիտանիայի ներքին կատաստրոֆիկ իրողությունները, դա հարցի մի կողմն է: Բայց որ նման մի վերջին փորձ պետք է լիներ, դա սպասելի էր:
ԱՄՆ-ՈՒՄ ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՈՎ
Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա այս օրերին մեկ հետաքրքիր փաստ նկատվեց: Խոսքը «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի` ԱՄՆ մեկնելու եւ հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին հարցազրույց տալու մասին է: Կարլսոնը, հիշեցնենք, հայտնի է մի կողմից, որպես թրամփիստական շարժման կարկառուն ներկայացուցիչ եւ մյուս կողմից այն մակարդակի լրագրող, ով հարցազրույցներ է ունենում միայն ամենաբարձրաստիճան անձանց հետ: Թեկուզեւ կարելի է հիշեցնել Պուտինի հետ հարցազրույցը, որին հաջորդեց Թրամփի հետ սերտ գործակցության փուլը:
Այսինքն, եթե նաեւ Նարեկ Կարապետյանի հետ է նա զրուցում, ապա դա նշանակում է, որ որոշակի հետաքրքրություն «Մեր ձեւով» շարժումը, այն է՝ Սամվել Կարապետյանը ԱՄՆ-ում ներկայացնում է: Իհարկե, դեռ չասենք, որ դա ոչ թե լրագրողի, այլ՝ Թրամփի վարչակազմի հետաքրքրությունն է: Հաշվի առնելով, որ այդ դեպքում կնշանակի, որ Սպիտակ տունն ունի նաեւ հետաքրքրվածություն Նիկոլին հնարավոր փոխարինողի թեմայով, այն է՝ Փաշինյանի հետ կապված ինչ-որ հաշվարկներ այնտեղ այլեւս չունեն: Ընդ որում, այստեղ տրամաբանություն կարող է լինել. Նիկոլի գլոբալիստական ուղղվածությունը ոչ միայն Մոսկվայի, այլ նաեւ՝ Վաշինգտոնի համար է անընդունելի:
