Այս պահին իշխանությունը վայելում է հասարակության շատ քիչ տոկոսի վստահությունը. Ղազարյան
ՆերքաղաքականՀայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների եւ արտաքին քաղաքական մարտահրավերների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է միջազգայնագետ-քաղաքագետ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆԱԿ ՓՈՐՁԻ ՆԵՐՔԻՆ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼ, ՆՊԱՍՏՈՒՄ Է ԴՐԱՆ»
— Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է գործող իշխանության ամենամեծ սխալը՝ թե՛ ներքին կառավարման, թե՛ արտաքին քաղաքականության իրականացման տեսանկյունից:
— Կարծում եմ՝ իշխանությունը երկու ուղղությամբ էլ սխալ է գնում: Առաջինը՝ ներքին քաղաքականության մեջ ենք ձախողում: Հաշվի առնելով նախ այն, որ երկրի ներսում պառակտված իրավիճակ է, կան խնդիրներ կադրային քաղաքականությունում, ներքին հանդուժողականության հետ կապված: Իշխանությունը փոխանակ փորձի այդ ներքին պառակտումը վերացնել, նպաստում է դրան, որը եթե նայենք մեր պետական շահերի տեսանկյունից, չկա ազգային օրակարգ:
Երկրորդը՝ արտաքին քաղաքականության մեջ, կարծում եմ, իշխանությունը որոշակի հարցերում շտապողականություն է դրսեւորում եւ որդեգրել է ծայրահեղ մոտեցումներ: Հատկապես արտաքին քաղաքականության մեջ միշտ դեմ եմ եղել հակաների: Ծայրահեղ ինչ-որ քաղաքականությունը երբեք պետության արտաքին քաղաքական հաջողությունների տեսանկյունից լավ բանի չի տանում: Աշխարհը շատ արագ զարգանում է, եւ այսօրվա բարեկամները վաղը կարող են դառնալ հակառակորդ, կամ հակառակը՝ թշնամին լինի գործընկեր: Արտաքին քաղաքականության մեջ այն մոտեցումները, որոնք իշխանությունը որդեգրել է՝ զսպման եւ հավասարակշռման, ըստ իս, իրենց հաշվարկների մեջ որոշակի սխալներ ունեն:
Նաեւ ամենամեծ խնդիրը, որը կածում եմ մեր բոլոր իշխանությունների պարագայում նկատելի է եղել, դա այն է, որ նրանք որոշակիորեն ազնիվ չեն եղել հասարակության հետ: Իրենք այլ օրակարգով, բառապաշարով են խոսում արտաքին դերակատարների հետ, բայց հասարակությանը ասում են այն, ինչ իրենց ականջին հաճո է: Հետագայում այդ թակարդը, որն իրենք փորձում են հասարակությանը գցել, իրենք՝ իշխանություններն են հայտնվում դրա մեջ: Օրինակ` հորինում են ստեր, որ ընտրություններից առաջ փորձեն ձայներ շահել եւ այլն՝ հետագայում չկարողանալով այդ ամենը ժողովրդի աչքին արդարացնել: Այսինքն՝ մի բան են ասում, սակայն այլ բան են բանակցում: Այդ փոսի մեջ է հայտնվել այս իշխանությունը:
Եւս մեկ կարեւոր դիտարկում. իշխանությունները չեն առաջնորդվում երկարաժամկետ ռազմավարական մոտեցումներով, այսինքն՝ ինչ-որ որոշումների բանակցություններ արվում են կարճաժամկետ հեռանկարով՝ օգուտներ կամ որոշակի շահեր սպասարկելու համար: Սակայն, երբ նայում ենք հեռանկարային եւ երկարաժամկետ կտրվածքով, որոշակի թերացումներ՝ ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, առնվազն ես նկատում եմ:
— Իսկ ո՞րն է ընդդիմության բացթողումը, որը հաճախ հասարակության կողմից մեղադրվում է պասիվ ու թույլ լինելու մեջ:
— Պատճառն առաջին հերթին՝ 2021 թվականին ընդդիմության չընտրվելն է: Ընդ որում՝ իր առջեւ կանգնած էր մի իշխանություն, որը ձախողել էր երեք ռազմավարական հարցերում: Առաջինը. Հայաստանի անվտանգության հետ կապված հարցերն էր, որից բխում էր Արցախի անվտանգությունը, երկրորդը՝ կապված էր տնտեսական քաղաքականության հետ, եւ երրորդը՝ մեր ազգային նշանակություն ունեցող հարցերի ձախողումը, մասնավորապես` Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված հարցերում:
2021 թվականին ընդդիմության դիմաց կանգնած էր մի թեկնածու, ում օրոք Արցախի զգալի հատվածն արդեն կորցրել էինք, բայց հասարակությունը նախընտրեց այս իշխանությանը, եւ ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ավելի շատ կապված էր ընդդիմության թեկնածուի առաջադրումով: Ես բազմաթիվ մարդկանց հետ խոսելով եւ նաեւ հետազոտություններ կատարելով՝ հանգել եմ այն եզրահանգման, որ շատերը ընտրություն կատարել են դեպի Փաշինյանը՝ հենց դրանով պայմանավորված:
Իհարկե, սա նաեւ իշխանության քարոզչամեքենայի աշխատանքի արդյունքն է, եւ նրանք ամեն բան անում էին, որ այդպես էլ լիներ՝ նախկիններին դարձնելով ամենատարբեր մեթոդներով վախենալու կերպարներ: Այդ ամենը գործի դնելով՝ ստացան այն արդյունքը, ինչը տեսանք, որն անձամբ ինձ համար զարմանալի էր: Ե՛վ 2021 թվականի խորհրդարանական, ե՛ւ Երեւանի ավագանու ընտրությունը խոսում է մեկ այլ կարեւոր փաստի մասին, որը, չգիտես ինչու, շատերը մոռացության են մատնում՝ ընտրության գնացել էր ընտրողների թվի բավականին քիչ տոկոս: Սա նշանակում է, որ ընտրողների մեծ մասը վստահություն չի տեսել ոչ մի ուժի մեջ: Այսինքն՝ այս պահին, իշխանությունը վայելում է հասարակության շատ քիչ տոկոսի վստահությունը, եթե միայն չոր հաշվարկ անենք ձայների տեսանկյունից: Սա այլ ճգնաժամի մասին է խոսում, որ քաղաքական դաշտում դեռեւս այլ հասուն ուժեր չեն կայացել, որպեսզի կարողանան ե՛ւ իշխանությանը ձեռնոց նետել, ե՛ւ վերցնել ընդդիմության աթոռը: Ամեն դեպքում, պետք է հաշվի նստել ընտրության արդյունքների հետ: Սա է ժողովրդավարության հիմնական մոդելի սկզբունքներից մեկը՝ իշխանափոխություն ընտրությունների միջոցով: Իհարկե, ժողորվրդավարության մասով բազում խնդիրներ կան, բազմաթիվ են եղել ե՛ւ վարչական լծակների կիրառումները, ե՛ւ քարոզչամեքենան է աշխատել, սակայն մեծ հաշվով 2021 թվականի ընտրություններում ունեցել ենք ընտրություններ եւ այս արդյունքը:
«ՌԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՄԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ»
— Վերջին շրջանում հաճախ են հնչում տեսակետներ, թե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները բարդ փուլում են, ու որոշ հարցերում նկատվում է սառնություն։ Արդյոք պահպանվել է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային մակարդակը:
— Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը շարունակվում են համարվել ռազմավարական եւ դաշնակցային: Բազմիցս խոսվել է Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ վարած քաղաքականության մասին եւ հակառակը, բայց եթե կենցաղային մակարդակից դուրս գանք եւ փորձենք քաղաքագիտական վերլուծության մակարդակում այս ամենը վերլուծել, կտեսնենք, որ, օրինակ, ՀՀ-ում ռուսերեն լեզվի առումով արգելք չի եղել, Հայաստանում շարունակվում է ռուս գրականության եւ մշակութային տարաբնույթ միջոցառումները, ռուսները Հայաստանում բավականին լավ մթնոլորտում շարունակում են ապրել եւ աշխատել: Այսինքն՝ երբ մարդիկ խոսում են, իբր Հայաստանը Ռուսաստանից հեռանում է եւ հակաքայլեր է անում, սա ես առնվազն քաղաքագիտական մակարդակում չեմ տեսնում: Նաեւ փոխադարձ այցելություններ ժամանակ, երկու կողմերը ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ երկու կողմերի միջեւ հարաբերությունների ընթացքը գոհացուցիչ է:
Այո՛, կան որոշակի խնդիրներ, բայց դեռեւս ամենաբարձր մակարդակով հարցերին լուծումներ տրվում են: Չեմ կարող ասել, որ Հայաստանում կամ Ռուսաստանում հարաբերությունների մասով խնդիրներ չկան, իհարկե կան, սակայն կարծում եմ՝ այդ խնդիրներն այս պահին գոնե առնվազն ռացիոնալ լուծումների դաշտում են, եւ երկու կողմերը, կարծես թե, պատրաստակամություն հայտնել են խնդիրների լուծման վերաբերյալ: Հայաստանը շարունակում է Ռուսաստանի հետ տնտեսական առումով իր քաղաքականությունը, ՌԴ-ն շարունակում է մնալ տնտեսական ամենագլխավոր գործընկերը: Հայաստանը շարունակում է օգուտներ քաղել ԵԱՏՄ-ից, արտոնյալ պայմաններով ապրանքներ է իրացնում եւ շրջանառության առումով խնդիրներ չի ունենում:
Ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը, այո՛, ռազմական համագործակցության ոլորտում որոշակի խնդիրներ կան, բայց դրանք ունեն ե՛ւ սուբիեկտիվ, ե՛ւ օբյեկտիվ պատճառներ: Ռուսաստանը, սեփական պատերազմով պայմանավորված, որոշակի պատասխանատվության գոտի տարածաշրջանում այլեւս չի կարողանում իր վրա վերցնել: Բայց էլի եմ շեշտում՝ չնայած նրան, որ ես տեսնում եմ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի խնդիրներ, հարաբերությունների բնույթը շարունակում է մնալ ռազմավարական: Ամեն դեպքում, Հայաստանը Ռուսաստանի հետ ամենակարեւոր պայմանագրերում շարունակում է համագործակցությունը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Երկու երկրների հայտարարությունների մակարդակում կողմերի միջեւ հարաբերությունների բնույթը շարունակում է մնալ բարձր մակարդակի:
— Այսօրվա բեւեռացված աշխարհի իրողությունները հաշվի առնելով՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հավասարակշռություն հնարավո՞ր է պահել:
— Մենք ծանոթ ենք «եւ-եւի» քաղաքականությանը, ու եթե մի քիչ հետ գնանք, կտեսնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարության տարիներին «եւ-եւի» քաղաքականությունը ավելի նկատելի էր: Այդ քաղաքականությունը պետք է այնպես մատուցել, որ մեկը մյուսի հաշվին չլինի: Իհարկե, կան որոշակի կարմիր գծեր, որոնք ցանկալի չէ հատելը, բայց կարծում եմ՝ այսօր էլ «եւ-եւի» քաղաքականությունը հնարավոր է: Զսպումն ու հավասարակշռումը մեզ նման փոքր պետությունների պարագայում ռազմավարական նշանակություն ունի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
