Առանց հանդիսատես՝ մենք ոչինչ ենք. Բորիս Պեպանյանը դարձավ 75 տարեկան
Մշակութային75 տարի է անցել այն օրից, երբ Լոռու լեռներում ծնվեց մի տղա, որի անունը պիտի հնչեր բեմի լույսի պես՝ Բորիս Պեպանյան…
Տատիկի հետ փոքրիկ տղան հաճախ էր գնում դիտելու իր քեռու՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի բեմական ելույթները եւ հենց այդ ներկայացումներից մեկը՝ «Բոռը», դարձավ նրա կյանքում շրջադարձային։ Նա դեռ 5-6 տարեկան էր, բայց երբ նստեց դահլիճում եւ առաջին անգամ տեսավ բեմի լույսը, երաժշտությունը, խոսքը, զգաց, որ սա պարզապես խաղ չէ։ Սա մի այլ աշխարհ է, իրականությունից ավելի կենդանի, ավելի ճշմարիտ։ Այդ օրվանից նրա սրտում ապրեց թատրոնը։
Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Բորիս Պեպանյանը շուրջ 53 տարի շարունակ աշխատում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 1972 թվականից նա հանդիսանում է թատրոնի մշտական դերասանական կազմի անդամ։ Բազմաթիվ բեմադրություններում նրա կերպարները դարձել են հանդիսատեսի սիրելի դերասանական աշխատանքներից։ «Այս տղան ծնվել է մեր ժանրի համար»,- ժամանակին դերասանի մասին ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի կատակերգակ Կարպ Խաչվանքյանը։ Տարիներ անց ասվածը վերահաստատել է նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը. «Ինչ տառապանքով, ինչ չարչարանքով, ինչ անքուն գիշերներով նա ստեղծել է մոտ 100-ից ավելի կերպարներ։ Բորիս Պեպանյանը զարմանալիորեն պրոֆեսիոնալ մարդ է։ Նրա համար շատ կարեւոր է զգեստը, ռեկվիզիտը, կահույքը, երաժշտությունը, ամեն ինչ։ Բորիս Պեպանյանն իսկապես այս թատրոնի դերասանն է»։
Բացի թատերական գործունեությունից, Պեպանյանը նկարահանվել է «Հայֆիլմ» եւ «Լենֆիլմ» կինոստուդիաներում, հանդես է եկել հեռուստաթատրոնում եւ վարել է գրական հաղորդումներ դպրոցականների համար։
Այսօր 75-ամյա Բորիս Պեպանյանը ժպտում է, երբ պատմում է իր կյանքի մասին։ Նրա աչքերում փայլում է նույն լույսը, ինչ տարիներ առաջ Ալավերդու փոքրիկ դահլիճում, որտեղ առաջին անգամ տեսավ բեմը։ Բորիս Պեպանյանի կյանքը թատրոն է` լի մարդով ու հավատով։ Նա ոչ միայն խաղում է բեմում, այլ ապրում` դարձնելով այն իր կյանքի ամենագեղեցիկ դերը։
«ՊԵՊԱՆՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ ՕՐԻՆԱԿ Է ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԵՄԻ ՀԱՆԴԵՊ ԱՆՍՊԱՌ ՍԻՐՈ»
Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանի հոբելյանական երեկոն՝ նվիրված ծննդյան 75-ամյակին։ Ցուցադրվեց դերասանի կենսագրությանն ու ստեղծագործական ուղուն նվիրված ֆիլմ։ Դերասանի գործընկերները հանդես եկան երաժշտական եւ հումորային համարներով: Շնորհավորական համարներով հանդես եկան նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի ուսանողները, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը, ՀՀ վաստակավոր արտիստ Ավո Խալաթյանը եւ այլք, ապա շնորհավորական խոսքեր հնչեցրեցին ՀՀ վաստակավոր արտիստներ Ջուլիետա Ստեփանյանը եւ Սամվել Բաղինյանը:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, թատերագետ ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆՆ ասաց, որ իրեն է վստահված Բորիս Պեպանյանի 75-ամյակի առթիվ ընթերցել ինստիտուտի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «Ձեր ստեղծագործական հարուստ ուղին, բեմական բեղուն գործունեությունը նշանակալի ներդրում է հայ ժամանակակից արվեստի համայնապատկերում: Ձեր արվեստը օրինակ է նվիրվածության, աշխատանքի եւ բեմի հանդեպ անսպառ սիրո։ Ձեր բազմաթիվ դերակատարումներն առանձնանում են վառ կերպարայնությամբ, համապարփակ արտահայտչամիջոցներով, բարձր պրոֆեսիոնալիզմով։ Ձեր արվեստով Դուք ոգեշնչում եք թե՛ հանդիսատեսին, թե՛ երիտասարդ դերասանին։ Տարիներ առաջ Ձեզ բախտ է վիճակվել լինել երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի մեծ վարպետ Կարպ Խաչվանքյանի երիտասարդ խաղընկերը, իսկ այսօր նույնպիսի պատվի են արժանանում Ձեր երիտասարդ խաղընկերները Ձեզ հետ, Ձեր կողքին նույն բեմը կիսելով, սովորելով Ձեզնից: Ձեր ստեղծագործական ուղին երիտասարդների համար օրինակ է բեմին, թատրոնին, արվեստին եւ հանդիսատեսին նվիրվելու ու անձնվիրաբար ծառայելու։ Մաղթում ենք Ձեզ առողջություն, անսպառ ոգեշնչում, ստեղծագործական նոր հաջողություններ եւ նոր նվաճումներ»:
ԱՐՏԻՍՏՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՀԹԳՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ՝ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻՆ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահի տեղակալ ՍՈՆԱ ՄԵԼՈՅԱՆԸ հոբելյանական երեկոյի ժամանակ Բորիս Պեպանյանին ՀԹԳՄ-ի անունից հանձնեց ոսկե մեդալ՝ թատերարվեստին անբասիր ծառայության համար:
«Քանի որ պարոն Ղազանչյանը արտերկրում բեմադրություն է անում, այսօր ես պատիվ ունեմ Բորյային շնորհավորելու: Սա իսկապես պատիվ է, որովհետեւ այսօր, ցավոք սրտի, քիչ են դերասանները, որոնք ոչ թե աստղեր են, ոչ թե մի հատ սուպերմեն են խաղացել, այլ տարիներ, տասնամյակներ շարունակ եղել են ոչ միայն առաջատար բեմի ու թատրոնի հերոս, այլ եղել են թատրոնի կոնկրետ ժամանակաշրջանի էսթետիկայի կրողը: Երբ դեռ 10 տարի առաջ այդ տերմինը չկար՝ սինթետիկ դերասան, որը ամեն ինչ կարող է, Բորյա Պեպանյանը երբեք չգիտեր եւ կարծեմ հիմա էլ չգիտի, որ ինքը հենց սինթետիկ դերասան է», - ընդգծեց Մելոյանը՝ հիշելով Բորիս Պեպանյանի բուլգակովյան տրանսֆորմացիաներով դերակատարումներից մեկը:
«ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄԸ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՎԵՑ. ՊԵՊԱՆՅԱՆԸ ԾՆՎԵԼ ԷՐ ԲԵՄԻ ՀԱՄԱՐ»
Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ հոբելյանական երեկոյի ընթացքում ընկավ հիշողությունների գիրկը եւ մի փոքրիկ դիպված պատմեց:
«Բորիսն ինձնից մեծ է: Իրենց կուրսում խաղում էին Սուխովո-Կոբիլին Վասիլեւիչի «Հարսանիքը» ներկայացումը, որտեղ հանկարծ նրանց կուրսի ղեկավարը` Սարգիս Ավետիչ Քոչարյանը՝ հրաշալի մի ազնիվ մարդ, թատրոնի խորը գիտելիքներ ունեցող անձնավորություն, ինձ հրավիրեց նույնպես խաղալ այդ դիպլոմային ներկայացման մեջ: Ես առաջին կուրսում էի սովորում, մի փոքրիկ էպիզոդ էր` իրենք ինձնից մեծ էին, բայց ես պիտի ծերունի խաղայի: Հաստ գրիմ արեցին, ես էլ շատ նիհար էի, ինչ-որ սարսափելի մի մարդուն նմանվեցի, վախեցած դուրս եկա բեմ, չէի կարողանում տեքստս ասել։ Բորյան էլ անընդհատ կողքից փորձում էր օգնել, որովհետեւ շատ էի կաշկանդվել: Այդտեղից սկսվեց մեր ընկերությունը: Մեր տան քեֆերից մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում ծնունդս էր, սեւ ռոյալ ունեինք տանը, Բորյան նվագում էր ու երգում: Այդ պահին հայրս մտավ, ասաց՝ ո՞վ է այս տղան: Ասացի՝ ընկերս է: Բորիսը, որ գնաց, ասաց՝ այդ տղան օպերետային հրաշալի դերասան կդառնա: Հաջորդ օրն առավոտյան հագնվեց, գնաց Պարոնյան թատրոնի շենք, որն արդեն կիսաքանդ վիճակում էր։ Թատրոնի գլխավոր ռեժիսորը Կարպ Խաչվանքյանն էր, տնօրենը` Արտաշես Բաբայանը։ Հետները խոսել էր, եկավ ու ասաց` ընկերոջդ ասա թող գնա, Կարպը թող իրեն լսի։ Բորյան եկել էր, Կարպը լսել էր, հետո զանգեց մեր տուն եւ հորս ասաց. «Էդգար ջան, շնորհակալություն, շատ լավ նվեր մատուցեցիր ինձ»։ Կանխագուշակումը վարպետների կատարվեց. Բորիս Պեպանյանը ծնվել էր բեմի համար, եւ նա վայելեց բեմում այն ամենն, ինչն այս տարիների ընթացքում հնարավոր էր վայելել», - պատմեց Էլբակյանը, իսկ վերջում շնորհավորելով հոբելյարին՝ խոստացավ. «Եթե բախտ վիճակվի, մեծ ուրախությամբ քեզ համար բեմադրություն կանեմ»։
ՊԱՐՈՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԹԻՎ ՄԵԿ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԸ ԲԱԺԻՆ ՀԱՍԱՎ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ
Բորիս Պեպանյանին շնորհավորելու էին եկել նաեւ հայրենի Ալավերդիից: «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն ՀՐԱՉՅԱ ՊԱՊԻՆՅԱՆԸ փառատոնի կազմկոմիտեի անունից 75-ամյա արտիստին հանձնեց «Թատերական Լոռիի» այս տարվա գլխավոր մրցանակը՝ Հայաստանի թատերարվեստի զարգացմանը մատուցած ծառայությունների, անմնացորդ նվիրումի, փոքր հայրենիքի՝ Ալավերդու մշակութային հեղինակությունը բարձր պահելու եւ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Եվ սա դեռ ամենը չէր, Բորիս Պեպանյանը թատերարվեստին մատուցած նշանակալի ծառայությունների եւ հոբելյանի առթիվ պարգեւատրվեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Ոսկե մեդալով։
Իսկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ հոբելյարին հանձնեց թատրոնի առաջին պատվո մեդալը, որն օրերս է թողարկվել:
«Ինձ համար շատ մեծ պատիվ էր սահմանել թատրոնի անունը կրող հուշամեդալ եւ թիվ մեկ համարը շնորհել մեր սիրելի արտիստ Բորիս Պեպանյանին», - ընդգծեց Լիլիթ Պետրոսյանը:
Երեկոն սկսվեց եւ ավարտվեց հենց հոբելյարի՝ Բորիս Պեպանյանի օպերետային կատարումով: Նա եւս մեկ անգամ ապացուցեց, որ գտնվում է բեմական լավ «մարզավիճակում», իսկ մաղթանքները նորանոր ներկայացումների ու ստեղծագործական վերելքների մասին, լոկ խոսքեր չեն: Նա վերջում շնորհակալություն հայտնեց երեկոյի կազմակերպիչներին, թատրոնի նվագախմբին, արտիստներին, ապա հավելեց. «Եվ, իհարկե, շնորհակալություն իմ շատ սիրելի հանդիսատեսին՝ առանց ձեզ մենք ոչինչ ենք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
