Ով է հաջորդը…
ՎերլուծությունՆիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ձեւավորվել է մի ոչ պաշտոնական, բայց հստակ գործնականում կիրառվող կանոն՝ եթե համայնքի ղեկավարն ընդդիմադիր է կամ, պարզապես, չի պատկանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակարգին, ապա նրա իշխանության շրջանը չափվում է ոչ թե տարիներով, այլ` ամիսներով։ Այն պահից, երբ քաղաքապետը համարձակվում է ընտրությունների միջոցով դուրս գալ ՔՊ-ի կառավարչական շղթայից, նրա հանդեպ սկսում է գործել մեխանիզմների ամբողջ ցանց՝ քրեական գործեր, դատավարություններ, կալանքներ, եւ ի վերջո՝ պաշտոնանկություն։
Այս միտումը, որ արդեն վաղուց վերածվել է քաղաքական իրականության, ոչ միայն իրավական համակարգի անկախության խնդրի ցուցիչն է, այլեւ խորքային պատկերի բացահայտում. Հայաստանում ընդդիմադիր լինելու գինը դարձել է ազատազրկումը։ Թեեւ իշխանությունը մշտապես հայտարարում է «արդարադատության անաչառության» եւ «օրենքի գերակայության» մասին, իրականում այդ հայտարարությունները կոտրվում են այն փաստերի վրա, որոնք արդեն բազմիցս արձանագրել են թե՛ իրավապաշտպան կառույցները, թե՛ հասարակությունը:
Վերջին տարիներին մենք ականատես եղանք մի ամբողջ շարք դեպքերի, երբ հենց ընդդիմադիր համբավ ունեցող համայնքապետերն էին դառնում քրեական հետապնդման թիրախ։
ԵՐԲ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Դեռեւս 2021 թվականի հուլիսին սկսվեց Գորիսից եկող ալիքը՝ երբ ձերբակալվեցին Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, ապա Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։ Հետո հերթը հասավ Վանաձորին՝ որտեղ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չհասցրեց անգամ իր պաշտոնավարման լիարժեք մեկնարկը տեսնել՝ դարձավ կալանավոր։
Դե իսկ Ալավերդին դարձավ հատուկ օրինակ՝ երբ համայնքի ավագանու նիստը փաստացի անցկացվեց ոստիկանության պաշարման տակ, եւ ՔՊ-ական թեկնածուն՝ Դավիթ Ղումաշյանը, ընտրվեց ընդդիմադիր Արկադի Թամազյանի հաշվին։ Սա արդեն ոչ թե միայն իրավական, այլ քաղաքական ճնշման ակնհայտ դրսեւորում էր՝ երբ «ժողովրդի կամքը» ձեւավորվում է ոստիկանական ներկայության ներքո։
Այս շարքին վերջերս ավելացավ նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի ձերբակալությունը, կարծես, նախապես գրված սցենարի շարունակությունն էր։ Իսկ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորումը հենց օդանավակայանում, լրիվ աբսուրդի ժանրից էր:
ՆԻԿՈԼԻ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔԸ
Այս ամբողջ պատկերը հիշեցնում է մի այլ պետության՝ Թուրքիայի փորձը, որտեղ ընդդիմադիր քաղաքապետերը, հատկապես Ստամբուլում եւ Անկարայում, իշխանական ճնշումների մշտական թիրախ են։ Ի տարբերություն Թուրքիայի՝ որտեղ դա գոնե բացահայտ է ու կանխատեսելի, Հայաստանում այն իրականացվում է «օրենքի շրջանակում» ձեւակերպման ներքո՝ կարծես ամեն բան իրավական ընթացակարգ է, բայց արդյունքը միշտ նույնն է՝ ընդդիմադիր ղեկավարի ձերբակալություն, դատավարություն, եւ իշխանական թեկնածուի ընտրություն։
Այսօր ընդդիմադիր համայնքապետ լինելը Հայաստանում ոչ թե քաղաքական գործունեություն է, այլ էքստրիմ, անգամ հնարավոր է մահվան ելքով։ Ամեն օր՝ համայնքապետարանի դռան ետեւում, կարող է կանգնած լինել քննչական խումբը։ Ամեն հայտարարություն կարող է վերածվել «իշխանության ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի», իսկ ամեն հաշվետվություն՝ «չարաշահման»։ Արդյունքում, քաղաքական մրցակցությունը վերածվում է վարչական հաշվեհարդարի՝ որտեղ հաղթողը նախապես հայտնի է։
Այստեղ գործ ունենք ոչ միայն կոնկրետ անձանց ճակատագրերի, այլ պետության ինստիտուցիոնալ առողջության խնդրի հետ։ Երբ ընդդիմադիր լինելը հավասարազոր է մեղադրյալի կարգավիճակ ունենալուն, էլ չասենք, որ տեղական ինքնակառավարման համակարգը կորցնում է իր էությունը։ Քաղաքապետը դառնում է ոչ թե համայնքի առաջնորդ, այլ` իշխանական կամքի կատարող։ Իսկ այն պահից, երբ նա հրաժարվում է այդ դերից, սկսվում է հետապնդումը։
Այս է չգրված օրենքը՝ ընդդիմադիր քաղաքապետի համար բանտը անխուսափելի է: Ու սա դարձել է Փաշինյանի վարչակարգի ամենաբնորոշ հատկանիշներից մեկը։ Այն, ինչ ժամանակին թվում էր պատահականություն կամ առանձին դեպք, այսօր արդեն հաստատված գործելաոճ է։ Մինչդեռ քաղաքական միատեսակության ապահովումը՝ վարչական ճնշումների եւ քրեական գործերի միջոցով, ի վերջո, ոչ միայն խեղդում է ժողովրդավարությունը, այլ նաեւ խորացնում հանրային անվստահությունը իշխանության նկատմամբ։ Եվ մինչեւ այդ չգրված կանոնը շարունակի գործել, ցանկացած նոր ընտրված ընդդիմադիր քաղաքապետ պետք է նախ ոչ թե ծրագրի իր համայնքի զարգացման ռազմավարությունը, այլ պատրաստի փաստաբանի համար լիազորագրերը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
