Զոհը իր հաշվին տեսնում է փոքր քանակությամբ Bitcoin կամ այլ կրիպտոարժույթ. Բացահայտում ենք համացանցային խարդախների գայթակղիչ թակարդները
ՀանդիպումՎերջին շրջանում խաբեբայական սխեմաները ակտիվորեն թիրախավորում են ՀՀ քաղաքացիներին՝ խոստանալով արագ և բարձր եկամուտներ կրիպտո ներդրումներից։ Հանցավոր խմբերը ստեղծում են իրական կայքերի նմանվող ներդրումային հարթակներ և ակտիվորեն տարածում դրանք սոցիալական ցանցերով, զանգերի միջոցով կամ նույնիսկ այլ հեղինակավոր մարդու անունից,-այս մասին անդրադառնալով համացանցային հանցագործությունների մեծ թափով զարգացման միտումներին, ասաց Տեղեկատվական անվտանգության հայտնի փորձագետ Արսեն Լեվոնյանը, ընդգծելով.
-Սկզբում քաղաքացիներին առաջարկվում է փոքր ներդրում կատարել։ Մի քանի օր անց զոհը իր հաշվին տեսնում է փոքր քանակությամբ Bitcoin կամ այլ կրիպտոարժույթ․ սա արվում է վստահություն ստեղծելու և մարդկանց մոտ «հաղթողի զգացողություն» առաջացնելու համար։ Այնուհետև քաղաքացուն համոզում են կատարել արդեն զգալի ներդրումներ՝ խոստանալով բազմակի բարձր շահույթ։ Երբ գումարներն արդեն մեծանում են և մարդիկ փորձում են դուրս բերել իրենց շահույթը, կայքը հանկարծ անհետանում է, URL-ը ջնջվում է, կապը կորչում է, իսկ ներդրողի գումարներն ընդմիշտ կորում են։ Այսպիսի դեպքերը օրեցօր ավելանում են։ Որոշ քաղաքացիներ կորցնում են հազարավոր, իսկ երբեմն՝ տասնյակ հազարավոր դոլարներ։ Խաբեբաները աշխատում են շատ կազմակերպված և թիրախավորում են հատկապես տեխնիկական գիտելիքներ չունեցող մարդկանց։
-Ինչպե՞ս պայքարել հանցաագործների դեմ, կա՞ն հստակ գործիքներ, որոնք թույլ կտան շրջանցել հանցավոր միտումներ ունեցող խաբեբաներին:
-Մի վստահեք կայքերին, որոնք խոստանում են արագ և երաշխավորված եկամուտ։ Ստուգեք կազմակերպության լիցենզիան, իրական հասցեն, թիմը, իրավաբանական փաստաթղթերը։ Երբեք մի ընդունեք անհայտ խողովակներից եկող «ներդրումային առաջարկներ»։ Եթե արդեն կասկածելի կայքում գումար եք ներդրել՝ անմիջապես դադարեցրեք փոխանցումները և դիմեք իրավապահ մարմիններին։
Ես՝ Արսեն Լևոնյանս, արդեն ավելի քան մեկ տասնամյակ աշխատում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, աջակցում եմ կազմակերպություններին և շարքային օգտատերերին IT անվտանգության հարցերում։ Այս խնդիրը իրական և լուրջ վտանգ է մեր հասարակության համար։ Իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն է․ մարդկանց պետք է սովորեցնել տարբերել իրական տեխնոլոգիական ներդրումային նախագծերը կեղծ ռազմավարություններից։
Իմ դռներն ու խորհուրդները միշտ բաց են բոլորի համար, ովքեր ցանկանում են վստահ լինել իրենց թվային անվտանգության մեջ։ Որպես ոլորտի մասնագետ՝ ես շարունակելու եմ բարձրաձայնել նման կիբերախաբեությունների մասին և աջակցել քաղաքացիներին պաշտպանելու իրենց ֆինանսները և տվյալները։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
