«Ժողովուրդ». Արագածոտնի թեմի հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են եղել
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Հովհաննավանքում, Ստեփան Ասատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված պատարագի ընթացքում, Արագածոտնի թեմի հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են եղել։
Տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի՝ Հովհաննավանք գալուց եւ Ստեփան Ասատրյանի կազմակերպած պատարագին մասնակցելուց առաջ քաղաքացիական հագուստներով իրավապահները հսկողություն են իրականացրել Արագածոտնի թեմի տարբեր հոգեւորականների նստավայրերում, որպեսզի կանխեն նրանց հնարավոր այցը Հովհաննավանք։
Ոստիկանների պնդումները («100 տոկոս գնալու ենք», «էդ անվիճելի է»), դադարեցին Տեր Փառենի համառության շնորհիվ, եւ իրավիճակը հանգուցալուծվեց, երբ նրանք համոզվեցին, որ քահանան գնում է Սաղմոսավանք, ոչ թե Հովհաննավանք:
Սակայն, մինչ Տեր Փառենին հավատացել ու հանգիստ են թողել, հոգեւորականներից մեկի դեպքում իրավիճակը առավել մտահոգիչ է եղել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով անձինք (ըստ էության` իրավապահները) հոգեւորականի են մեքենայով առեւանգել։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանին քաղաքացիական հագուստով անձինք (ըստ էության՝ իրավապահները) մեքենա են նստեցրել, մոտ հարյուր մետր տարել են, ու երբ համոզվել են, որ նա Հովաննավանք չի գնում, իջեցրել են նրան մեքենայից, բայց միանգամայն այլ վայրում։
Ասել է թե՝ հոգեւորականին զրկել են ազատ տեղաշարժվելուց, ստիպողաբար նստեցրել են մեքենա, ըստ էության՝ առեւանգել, ու հետո որոշել են թողել ազատ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում