Ժամանակին ֆիկտիվ կուսակցական էիր, հիմա էլ ֆիկտիվ հավատացյալ. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԶարմանալի է, բայց փաստ. Հովհաննավանքում վերջերս տեղի ունեցած կեղծ պատարագին ոչ միայն մասնակցել է Կադաստրի կոմիտեի ղեկավար ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, այլեւ այժմ թեմատիկ մեկնաբանություններ է տալիս հոգեւոր ոլորտի վերաբերյալ: Այո՛, ճիշտ եք կարդում՝ Կադաստրի ղեկավարն է այսօր գնահատում, թե որ քահանան ինչպես պետք է մատուցի պատարագ եւ որքանով է «ֆուլ» ծառայություններ մատուցում: Պաշտոնյան, ով, ըստ օրենքի, պիտի զբաղվի հողամասերի, շենքերի եւ սեփականության գրանցմամբ, հիմա արդեն գրեթե աստվածաբանի դիրքերից հայտարարում է. «Տվյալ քահանան (նկատի ունի կարգալույծ Ստեփան Ասատրյանին, -խմբ) այնտեղ իր պարտականություններն էր կատարում, մատուցեց բավականին հագեցած ծառայություն, որի համար շնորհակալ ենք իրեն: Պատարագ է մատուցել համապատասխան սպասավոր»։ Ահա այսպես էլ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ պետական պաշտոնյաները ոչ միայն եկեղեցու հարցերում են գնահատականներ տալիս, այլեւ ըստ երեւույթին, իրենք իրենց համար սահմանում են, թե ով է «համապատասխան սպասավոր»։ Ինչեւէ, եթե այսպես շարունակվի, շուտով Կադաստրի կոմիտեի ղեկավարը գուցե արդեն սկսի նաեւ «սրբերի ցանկ» հաստատել կամ նոր կանոնագիր կազմել՝ սեփականության իրավունքի եւ հոգեւոր ծառայության համադրման մասին։
Թերեւս, հոգեւոր դաշտում Կադաստրի կոմիտեի ղեկավարն ավելի մեծ գործ արած կլիներ, եթե գնահատականներ հնչեցնելու փոխարեն՝ նախ նույն կեղծ պատարագին մասնակցած ՀՀ էկոնոմիկայի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻՆ խաչակնքվել սովորեցներ: «Հովհաննավանքում Նիկոլի կազմակերպված շաբաշ֊ միջոցառման ժամանակ Գեւորգը խաչակնքել է ՀԱԵ-ում չընդունված ձեւով: ՀԱԵ-ում ընդունված չէ խաչակնքել ձախ ձեռքով եւ ձախից աջ են խաչակնքվում, այլ ոչ թե հակառակը....Տպավորություն է, որ սա առաջին անգամ էր երկեղեցի եկել...», - նկատել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Էհ, Պապոյան, Պապոյան… Ժամանակին ֆիկտիվ կուսակցական էիր, հիմա էլ ֆիկտիվ հավատացյալ:
Իսկ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, գիտությունների թեկնածու ՍԱՀԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ իրենից անկախ պատճառներով այլեւս չի կարող դասավանդել մայր բուհում: Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իր բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է նրան ազատել աշխատանքից։ Այսպես է մեկնաբանել տեղի ունեցածը Մանուկյանը: Ինչ խոսք, Մանուկյանի բախտը բերել է, որ մի հատ էլ չեն կալանավորել, բայց որ սա ժողովրդավարության, ուղղակի, բռնաբարություն է, այլեւս փաստ է: «Լինելով ԵՊՀ դասախոս՝ պարտքս եմ համարում բարձրաձայնել Մայր բուհում ակադեմիական ազատության առերեւույթ խախտման մասին։ Մասնավորապես, ինձ հասանելի ու վստահելի աղբյուրներից տեղեկանալով դասախոս Սահակ Մանուկյանին ԵՊՀ-ից հեռացնելու «փաստական հիմքին»՝ եկել եմ այն եզրահանգման, որ դասախոսը որեւէ կերպ դուրս չի եկել «լսարանային էթիկայի» սահմաններից։ Ակնհայտ է, որ նրա «մեղքը» սոսկ այն է, որ կոնկրետ օրինակով փորձել է ուսանողներին բացատրել «վիրավորանք» եւ «զրպարտություն» հասկացությունների տարբերությունը։ Հուսով եմ՝ հանրային դիրք ու լսարան ունեցող համալսարանականներն ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ չեն մնա խնդրի վերաբերյալ կարծիք արտահայտելուց՝ ապահովելով «լսարանային էթիկայի» վերաբերյալ բաց հանրային քննարկումը», - ընդգծել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
