ՈՍԿԻՆ ԴԱՐՁԵԼ Է ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
ՎերլուծությունԵվ այսպես, Թրամփը հերթական «խաղաղությունը հաստատեց»: Այս անգամ նա հաշտեցրեց Կամբոջային եւ Թաիլանդին: Բայց նաեւ հայտարարելով, որ իր մեծագույն երազանքը մնում է ռուսներին եւ ուկրաինացիներին հաշտեցնելը, նաեւ հերթական անգամ ընդգծելով, թե դա շատ մոտ է:
Այսպե՞ս է իրականում: Այն բանից հետո, երբ գլոբալիստներին հաջողվեց եթե ոչ ձախողել, ապա գոնե հետաձգել Հունգարիայում սպասվող Պուտին-Թրամփ գագաթաժողովը, ընդ որում՝ ԱՄՆ նախագահի դրդելով Մոսկվայի դեմ պատժամիջոցների, որոշակի հոռետեսության առիթ տալիս է, որ Ուկրաինայում խաղաղությունն այդքան մոտ է: Մյուս կողմից, այս օրերին լուրջ հարվածներ ստացան նաեւ գլոբալիստները. աչքի առաջ կորցրին Ճապոնիան, Իռլանդիան: Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում (եւ այդպես շարունակ) գլոբալիստ իշխանավորների ներքին դիրքերը հետեւողականորեն շարունակում են նվազել՝ հասնելով այն խայտառակորեն ցածր մակարդակի, որ առաջին իսկ հերթական կամ արտահերթ ընտրություններում իշխանությունը պահելն ընկալվում է անհավանական մի բան: Եղած ողջ պոտենցիալն էլ այս պահին ուղղել են Թրամփի դեմ պայքարին, եւ ակնհայտորեն արդեն նաեւ ուկրաինական թեման է ընկալվում` որպես դրա բաղադրիչ:
Մյուս կողմից, Թրամփի համար այս պահին շատ ավելի առաջնային թեմա կա, որի մոտ անգամ ուկրաինական բանակցություններն են խամրում: Նրա ասիական այս շրջայցի ավարտը` Հվ. Կորեայում առաջիկա օրերին նախատեսված Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների գագաթաժողովն է, որի գլխավոր առանցքը, իհարկե, դառնալու է Թրամփի եւ նախագահ Սիի հանդիպումը: Ինչ արդյունքներով այն կարող է ավարտվել, իհարկե, շատ դժվար է կանխատեսել: Սակայն այս հանդիպման շեմին ի հայտ եկան մեսիջներ, որոնք խոսում են, որ Թրամփն այդ հանդիպմանը կներկայանա թեեւ արդեն «ութ պատերազմ կանգնեցնողի», բայց ամենեւին էլ ոչ հաղթողի դիրքերից:
Այսպես, ըստ մասնագիտական Investing.com-ի տեղեկացման, այն ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, որը վարում է Թրամփը եւ որի հիմք է դարձրել աշխարհին պատժամիջոցներով սպառնալը, արդեն հասցրել է բումերանգի էֆեկտով հենց ԱՄՆ-ին հարվածել: Այն է՝ շարունակվում է ոսկու համաշխարհային գների թռիչքային աճը, որն արդեն իսկ շատ բանի մասին է ակնարկում:
Այսպես, եթե ընդամենը մեկ տարի առաջ ոսկու մեկ ունցիայի գները տատանվում էին 2600-2700 դոլարի սահմանում, ապա ներկայումս դրանք մի պահ գերազանցեցին անգամ 4400 դոլարը, սակայն վերադառնալով եւ կայունանալով +4000 մակարդակում: Իհարկե, մինչ այս էլ՝ Բայդենի օրոք ոսկու գների տեսանելի աճ կար: Բայց այն, ինչ կատարվեց այս մեկ տարում, այն է՝ Թրամփի ընտրվելուց հետո, դուրս է ամեն մի սպասելիքից: Մոտ 50 տոկոս աճ, այն է՝ դոլարի համարժեք անկում: Ու այն, որ դոլարի ինֆլյացիան համատարած չէ, դա ընդամենը հետեւանք է, որ այն դեռ համարվում է համաշխարհային թիվ մեկ արժույթ, ու առաջին հերթին՝ որպես պահուստային միջոց: Բայց հենց դա է, որ, ըստ հիշատակված մասնագիտական աղբյուրի, իր հերթին է կտրուկ փոխվում:
Այսպես, ոսկու բաժինը համաշխարհային արտարժույթի պահուստներում ընդամենը վերջին մի քանի ամսում 24%-ից աճել է մինչեւ 30%, ու թե որն է այդ աճի սահմանը, պատկերացում չկա: Փոխարենը, դոլարի բաժինը նվազել է մինչեւ 40%: «Եվ սրանք միայն շուկայական տատանումներ չեն»,- ընդգծում է աղբյուրը: Այսինքն, աշխարհի կենտրոնական բանկերը, վախեցած ամերիկյան պատժամիջոցներից, պակասորդներից եւ արժույթների տատանումներից, աննկատ համալրում են իրենց պահոցները ոսկով՝ զգալով մոտեցող փոթորիկը եւ ապահովագրելով իրենց խոցելիությունից: Մինչդեռ. «Ձեռքբերված ձուլակտորի յուրաքանչյուր տոննա քվեարկություն է դոլարի գերիշխանության հին կարգի դեմ, եւ այդ ձայները կուտակվում են ավելի արագ, քան որեւէ մեկը սպասում էր»:
Ո՞րն է սահմանագիծը. սա հասկանում են բոլորը՝ այն պահը, երբ ոսկով պահուստները կգերազանցեն դոլարայինը: Ե՞րբ դա կարող է լինել. եթե վերջին 3-4 ամսում ոսկին դոլարից «խլել» է հավելյալ 6 տոկոս, եւ նույն տեմպերը պահպանվեն, ապա եւս այդքան, եւ դիրքերը կհավասարվեն: Իսկ ահա Deutsche Bank-ի վերջին գնահատականների համաձայն, ոսկու համար ԱՄՆ դոլարին գերազանցելու եւ աշխարհի ամենամեծ պահուստային ակտիվը դառնալու շրջադարձային կետը մեկ ունցիայի համար մի փոքր ցածր է 5800 դոլարից: Այս մակարդակում ոսկին եւ ԱՄՆ դոլարը կկազմեին համաշխարհային ընդհանուր պահուստների մոտավորապես 36%-ը, ոսկունը՝ 37: Իսկ դա համարվում է միանգամայն իրատեսական սցենար արդեն, ասենք, առաջիկա կես տարվա կտրվածքով:
Իրականում կարելի է բերել այս իրողության մասին ամենատարբեր տեսություններ՝ «ոսկին վերահաստատել է իր դերը որպես միակ ակտիվ», «Բրետոն Վուդսի գործարքից հետո սերունդը աշխարհը կառուցել է վարկի եւ վստահության վրա: Ուկրաինայից հետո աշխարհը վերակառուցում է այն՝ հիմնվելով անվտանգության եւ գրավի վրա», «այն, ինչ թվում է ոսկու աճ, իրականում ինքնիշխանության վերագնահատում է» եւ այդպես շարունակ: Բայց իրականում ամեն բան շատ ավելի պարզ հարցերի է բախվում. կորցնելով իր առաջատարի դիրքը եւ նոր առաջատարի հանդեպ արժեզրկվելով մոտ մեկուկես տարում 100 տոկոսից ավել (մեկ ունցիայի՝ 5800 դոլար գնի պարագայում), դոլարը ինչպե՞ս է գոյատեւելու, որքանո՞վ է հավանական հիպերինֆլյացիան, ողջ աշխարհը չի՞ նետվի դոլարից ազատվելու, այդ դեպքում ի՞նչ է լինելու ԱՄՆ-ու եւ այդպես շարունակ:
Ահա այս հեռանկարներն աչքի առաջ ունենալով` Թրամփի համար, ըստ ամենայնի, կենսական է դառնում Սիի հետ պայմանավորվելը: Բայց ի՞նչ գնով…
