ԱՄՆ-ն կհաղթի ցանկացած պատերազմում, «ինչպես ոչ ոք երբեք չի հաղթել».Թրամփ
ՄիջազգայինԱՄՆ-ն կնախընտրեր ձեռնպահ մնալ ցանկացած պատերազմից, բայց եթե նրան ստիպեին մասնակցել, հեշտությամբ կհաղթեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ դիմելով ամերիկյան զորքերին USS George Washington միջուկային ավիակիր նավի վրա, որը տեղակայված էր Տոկիոյի հարևանությամբ գտնվող Կանագավա պրեֆեկտուրայի Յոկոսուկա ռազմածովային կայանում։
«Այսուհետ, եթե մենք պատերազմի գնանք, մենք կհաղթենք այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի հաղթել։ Գիտեք, եթե մենք պատերազմի գնանք, մենք կռմբակոծենք երկրներ։ Իհարկե, ավելի լավ է չգնալ պատերազմի, դա շատ ավելի լավ է։ Բայց գիտեք, եթե մենք պատերազմի գնանք, մենք կհաղթենք», - հայտարարել է նա։ Թրամփը խոստովանել է, որ նման լեզուն «քաղաքականապես կոռեկտ չէ», բայց ընդգծել է, որ այսուհետ «Միացյալ Նահանգների պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերում դրանք քաղաքականապես կոռեկտ չեն լինի»։
Թրամփի հոկտեմբերի 27-29-ը Ճապոնիա կատարած այցը նրա երկրորդ ժամկետի առաջինն էր և ընդհանուր առմամբ՝ չորրորդը։ Հոկտեմբերի 27-ին ամերիկացի նախագահը հանդիպեց կայսր Նարուհիտոյի հետ, իսկ հոկտեմբերի 28-ին՝ բանակցություններ վարեց Սանաե Տակաիչիի հետ, ով հոկտեմբերի 21-ին դարձավ Ճապոնիայի առաջին կին վարչապետը։ Բանակցություններից հետո Թրամփը և Տակաիչին, ի թիվս այլ բաների, ստորագրեցին համաձայնագիր ԱՄՆ-Ճապոնիա դաշինքի «նոր ոսկեդարի» մասին։
