ՀՐԱՏԱՊ. Ձմռան շեմին արցախցիները կանգնած են ամենամեծ քննության առաջ
Օկուպացված Արցախի պետնախարարը արդեն տեւական ժամանակ է ահազանգում է , որ արցախահայերի վիճակը գնալով ծանրանում է եւ, որ չի բացառվում, որ ձմռան շեմին մի շարք ընտսնիքներ հայտնվեն ուղղակիորեն փողոցում։ Իրականում ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած այսօր արցախահայերը «Իրավունքին» մանրանասներ է ներկայացրել արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը.
- Արցախցին այսօր ապաստանել է Հայաստանում, բայց դեռ շատերը չունեն տուն, աշխատանք, և ամենակարևորը՝ վստահություն վաղվա օրվա հանդեպ։ Նրանք, ովքեր աշխատում են, այդուհանդերձ, վաստակած գումարը չի բավարարում կենսական խնդիրներ լուծելու համար։ Այո, կա ծրագիր մշակված կառավարության կողմից։ Սակայն ակնհայտ է, որ տվյալ բնակարանային ապահովման ծրագիրը ամենևին լիովին չի լուծում խնդիրները։Արցախի պետնախարարը հենց այնպես չէ բարձրաձայնում։ Շատ մարդիկ են դիմում Արցախի կառավարությանը սոցիալական խնդիրների լուծման հարցերով։ Ինչ կարող է անել պետնախարարը , եթե ֆինանսական միջոցներ չունի, ապա ստիպված է բարձրաձայնել։ Արցախցու համար սոցիալական վիճակը լուծելու կարևորությունը պայմանավորված է հայրենիքում մնալու տրամաբանության մեջ։ Շատերը ունենալով հնարավորություն ապրել օտար երկրներում, այնուամենայնիվ նախընտրում են մնալ հայրենիքում, քանի որ Արցախ վերադառնալու հույսը չի մարել՝ անկախ այն բանից, քաղաքական իրավիճակը հնարավորություն ընձեռում է թե ոչ։ Գիտեք , ես պետնախարարի ահազանգերի մեջ , ոչ միայն տեսնում եմ արցախցիների սոցիալական ահագնացող վիճակի նկատմամբ բացահայտ անհանգստություն, այլև, դրանում տեսնում եմ հայությանը ուղղված՝ արժանապատվորեն և միահյուսված, համատեղ ջանքերով հայրենիքում սոցիալական համերաշխությամբ ամուր ապրելու կոչ։
Վերջին հաշվով հիշյալ տրամաբանությունը մեր երկրի անվտանգության գաղափարում է տեղավորվում։ Այո ձմռան շեմին արցախցիները կանգնած են ամենամեծ քննության առաջ։ Մենք հյուր չենք Հայաստանում։ Եթե մենք չկարողանանք ապահովել տանիքով ու ջերմությամբ, ապա կսառչի ոչ թե մեր կյանքը, այլ մեր խիղճը։
