Ինչպես ՌԴ քաղաքացիներն ապրեն Հայաստանում առանց խնդիրների
ԻրավականՈրքանո՞վ է հեշտ ստանալ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ Հայաստանում, ի՞նչ պայմաններով է հնարավոր ձեռք բերել բնակարան կամ բացել բանկային հաշիվ: Սրանք հարցեր են, որոնք առաջնահերթ հուզում են այս կամ այն պատճառով Հայաստանում հայտնված ՌԴ քաղաքացիներին: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ «Իրավունք»-ը պարզել է փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ զրույցում:
— Որքա՞ն ժամանակ կարող է ՌԴ քաղաքացին գտնվել Հայաստանում առանց վիզայի կամ արտոնագրի։
— Օտարերկրացիները մուտք են գործում ՀՀ պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա։ Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում:
— Արդյո՞ք ռուսները կարիք ունեն բնակության թույլտվության, եթե պլանավորում են երկար ժամանակ ապրել Հայաստանում:
— Այո, կարիք ունեն։ Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն ՀՀ տարածքում մեկ տարի եւ ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել ուսումը, աշխատանքի թույլտվության առկայությունը, ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը, ՀՀ-ում քաղաքացու կամ մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, մերձավոր ազգականը եւ այլն: Ինչպես նաեւ ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, ազգությամբ հայ լինելը, եւ օրենքով սահմանված այլ դեպքեր:
— Ինչպե՞ս երկարաձգել օրինական կեցությունը Հայաստանում, եթե ՌԴ քաղաքացի ես:
— Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
— Ինչպե՞ս ստանալ մշտական բնակության կարգավիճակ։
— Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա ապացուցում է ՀՀ-ում քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների առկայությունը: Վերջինս պետք է լինի ապահովված բնակարանով ու գոյության միջոցներով եւ մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելը՝ օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվի ՀՀ-ում։ Հաջորդ դեպքը, եթե օտարերկրյա քաղաքացին ազգությամբ հայ է կամ ՀՀ-ում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն: Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
— Արդյո՞ք հնարավոր է ստանալ ՀՀ քաղաքացիություն եւ ինչ պայմաններով։
— ՀՀ քաղաքացիություն կարող է ձեռք բերել 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ հետեւյալ հիմքերի առկայության դեպքում. ազգությամբ հայ լինելու, օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին մշտապես ՀՀ-ում բնակվելու, վերջին 2 տարվա ընթացքում գրանցված ամուսնության մեջ ՀՀ քաղաքացու հետ եւ այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերով բնակություն հաստատած ՀՀ-ում, ՀՀ քաղաքացի զավակի կամ ծնողի 1995թ. հունվարի 1-ից հետո իր դիմումի համաձայն ՀՀ քաղաքացիությունը դադարեցրածի, ՀՀ-ում փախստականի կարգավիճակի, ՀՀ-ում բնակվող քաղաքացիություն չունեցող անձի ծնողների կամ նրանցից մեկի նախկինում ՀՀ քաղաքացիություն ունենալու եւ օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու դեպքերում։
— Ի՞նչ անել, եթե վիզայի ժամկետը անցել է, կամ մուտքի կանոնները խախտվել են։
— Հարկավոր է դիմել եւ փորձել ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ, հակառակ դեպքում առկա է ՀՀ-ից արտաքսվելու ռիսկ, թեեւ պրակտիկայում օտարերկրացիները ՀՀ-ից հազվադեպ են արտաքսվում։
— Կարո՞ղ է ռուս քաղաքացին գնել բնակարան կամ հող Հայաստանում։
— Ընդհանուր կանոնի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում օգտվում են այն բոլոր իրավունքներից, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիների համար, բացառությամբ, եթե տվյալ իրավունքն ուղղակիորեն նախատեսված է միայն ՀՀ քաղաքացու համար։ Բնակարան գնելու հարցում որեւէ սահմանափակում առկա չէ: Այո, ՌԴ քաղաքացիները ՀՀ-ում կարող են ձեռք բերել բնակարան։ Հողի մասով առկա է բացառություն. ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ:
— Ի՞նչ պետք է իմանալ անշարժ գույք ձեռք բերելիս՝ իրավական տեսանկյունից։
— Ամենակարեւորը, հարկավոր է իմանալ, որ անշարժ գույքի ձեռքբերման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման եւ ՀՀ Կադաստրի կոմիտեում պետական գրանցման։ Այս պայմանը չպահպանելու դեպքում նման գործարքն առոչինչ է։ Հաջորդիվ, հարկավոր է իմանալ, որ ՀՀ-ում անշարժ գույք կարելի է գնել միայն անկանխիկ եղանակով, այսինքն՝ գումարը հարկավոր է վճարել վաճառողին բանկային փոխանցման միջոցով։ Կանխիկ եղանակով գումարը վճարել հնարավոր չէ։
— Ի՞նչ ռիսկեր կան` գույք գնելու պայմանագրերի հետ կապված։
— Բացի գործարքի նոտարական ձեւի պահպանման եւ ՀՀ Կադաստրի կոմիտեում պետական գրանցման խնդիրը, կարող են խնդիրներ առաջանալ ինքնին անշարժ գույքի հետ, մասնավորապես՝ դրա տեղադիրքը, փաստացի եւ գրանցված մակերեսների տարբերությունը, գույքի վերաբերյալ վեճի առկայությունը եւ այլն։ Խիստ ցանկալի է մինչեւ անշարժ գույք գնելը իրավաբանի միջոցով ուսումնասիրել անշարժ գույքի կադաստրային գործը՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով։
— Ինչպե՞ս ստանալ սեփականության իրավունքի գրանցում՝ որպես օտարերկրյա քաղաքացի։
— Անշարժ գույքի առուվաճառքի, նվիրատվության կամ փոխանակման պայմանագիրը, որը վավերացված է նոտարի կողմից, հարկավոր է ներկայացնել ՀՀ Կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման համար։ Բացի պայմանագիրը, ներկայացվում են նաեւ անձը հաստատող փաստաթուղթը, օտարերկրացիների դեպքում՝ դրա թարգմանությունը։ Պետական գրանցման համար վճարվում է պետական տուրք։ Եթե գործարքը պարզ գործարք է, գնորդը եւ վաճառողը մեկական անձ են, բաժնային սեփականություն չէ, նման պայմանագիր կարելի է կնքել նաեւ ՀՀ Կադաստրի կոմիտեում՝ առանց նոտարի։
— Կարո՞ղ է ՌԴ քաղաքացին բացել բանկային հաշիվ Հայաստանում։
— Այո, կարող է, որեւէ արգելք չկա։ Մինչդեռ, պրակտիկայում առեւտրային բանկերը պահանջում են կացության կամ ձեռնարկատիրական բնույթի փաստաթղթեր, իրենց ներքին անվտանգության բաժնում ստուգում են փողերի լվացման վտանգի ռիսկերը՝ ըստ իրենց ներքին չափորոշիչների։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
