Պուտին-Թրամփ եվ Սի-Թրամփ հանդիպումները կլինե՞ն
ՎերլուծությունՇատ փորձագետներ այն մտքին են, թե ներկայիս գլոբալ ծայրահեղությունների հանգուցակետ կարող է դառնալ Բուդապեշտում սպասվող Պուտին-Թրամփ հանդիպումը: Միգուցե, ըստ այդմ էլ, թերեւս պատահական չեն թվում, որ գլոբալիստական աղբյուրները սկսել են ակտիվ քարոզարշավ, թե այդ հանդիպումը հետաձգվում է: Օրինակ, CNN-ի պնդմամբ, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը լավ չի ընթացել, որը հետաձգում է ինչպես Լավրովի ու Ռուբինոյի, այնպես էլ՝ Պուտին-Թրամփ գագաթաժողովը։ Ընդ որում, նույն աղբյուրներն ավելի վաղ պնդում էին, թե Թրամփն ու Պուտինը հանդիպելու են հոկտեմբերի 30-ին կամ 31-ին, այսինքն, եթե այդ օրերին հանդիպում չլինի, ապա եւս մեկ քարոզչական շոու հաստատ կսարքեն:
Բայց ահա, Սպիտակ տունը ներկայացրեց առաջիկա օրերին նախագահի գրաֆիկը, որն արդեն իսկ բացառում է հոկտեմբերի 30-ին կամ 31-ին հանդիպումը Պուտինի հետ: Արդեն վաղուց կազմված ծրագրով Թրամփը հոկտեմբերի 26-ին կմեկնի Մալազիա, ապա՝ Ճապոնիա, որտեղ կմնա մինչեւ հոկտեմբերի 28-ը: Հոկտեմբերի 29-ին Թրամփը կմեկնի Հարավային Կորեա՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ից մինչեւ նոյեմբերի 1-ը: Ընդ որում, այս գագաթաժողովը կարող է ոչ պակաս կարեւոր լինել, քան Պուտինի հետ հանդիպումը: Այն է՝ դեռ այդպես էլ վերջնական լուծում չկա՝ այս գագաթաժողովի շրջանակներում լինելո՞ւ է Թրամփի եւ նախագահ Սիի հանդիպում: Ընդ որում, հանդիպման հավանականությունը շատ մեծ է, այն կլինի շատ լուրջ գագաթաժողով, եւ նման է, որ հենց այդ պայմանավորվածությունների կամ՝ պայմանավորվածությունների բացակայության հիմքով էլ տեղի կունենա հանդիպումը Պուտինի հետ: Այսինքն, կարելի է նաեւ չբացառել, որ, կապված Սիի հետ հանդիպման ելքից, նաեւ կարող է անիմաստ դառնալ Պուտինի հետ հանդիպումը: Կարճ ասած, սա մի իրավիճակ է, երբ ամեն տարբերակ դառնում է հնարավոր:
Առավել եւս, որ ներկա պահին հիմնական ուղղություններից մեկում՝ Մերձավոր Արեւելքում, նորից սրացումների հիմքեր են նկատվում, ինչը կարող է երեք առաջնորդների ընդհանրական պայմանավորվածությունների կամ, ինչպես ասում են, «երկրորդ Պոտսդամի» հարցը նորից հետաձգել: Նախ, սրացումներ կան Իրանի շուրջ ու էլի ոչ առանց եվրագլոբալիստների միջամտության: Այն է՝ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան Իրանից համագործակցություն պահանջելով, սպառնում են հակառակ դեպքում «հաջորդ ամիս Իրանի միջուկային ծրագիրը ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հնարավոր ռազմական գործողությունների քննարկման համար»: Ռուսաստանը եւ Չինաստանը, բնական է, արձագանքեցին՝ պաշտոնապես դիմելով ՄԱԿ-ին՝ պահանջելով չեղարկել, այսպես կոչված, «պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը»: Առաջին հայացքից՝ ինչ-որ «տափակ» վեճ. Ռուսաստանը եւ Չինաստանը կարող են ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո կիրառել, եւ վերջ: Չնայած դրան, հիմքում ավելի խորամանկ խաղ է զգացվում. սա միջոց է, որ ԱՄՆ-ին ներքաշեն Իրանի հետ ռազմական հռետորաբանության դաշտ, որի դեպքում, բնական է, խնդիրները կսրվեն Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին առանց այդ էլ բարդ հարաբերություններում: Ամեն դեպքում, Մոսկվայից եկավ հերթական ռեակցիան: «Իրանը Ռուսաստանի գործընկերն է, երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ Մոսկվան պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Թեհրանի հետ բոլոր ոլորտներում»,- հայտարարեց Պեսկովը:
Ահա այս ֆոնին, կարեւոր հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը. «Մենք, անշուշտ, տեսնում ենք, որ եվրոպական ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստվում են մեր երկրի դեմ պատերազմի։ Խնդիր է դրվել արագորեն ապահովել այդ նպատակով նախատեսված ՆԱՏՕ-ի դաշնակից արձագանքման ուժերը բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով… Բայց մենք նաեւ գիտենք, որ մնում է հիմնարարորեն չլուծված հարցը՝ որտեղ գտնել բավարար թվով մոբիլիզացիոն անձնակազմ՝ անհրաժեշտ ֆիզիկական, բարոյական եւ հոգեբանական պատրաստվածությամբ։ Եվրոպական էլիտայի համար մեկ այլ գլխացավանք է տարածված սոցիալական անտարբերությունը եւ դժգոհությունը իշխող էլիտայի նկատմամբ, հատկապես երիտասարդների շրջանում։ Բրյուսելը, Փարիզը եւ Բեռլինը նույնպես անվստահ են, որ Վաշինգտոնը կկատարի Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունները, եթե պատերազմ սկսվի Ռուսաստանի հետ…»:
Ակնարկն առավել քան թափանցիկ է. եվրագլոբալիստներն ուզում են պատերազմ, առանց ԱՄՆ-ի ոչինչ անել չեն կարող, այսինքն, հիմա Թրամփի որոշելիքն է՝ որ ուղղությամբ է գնալու: Այսինքն, կա´մ կարող է Եվրոպայի այդ կուրսով շարժվել՝ հեռանկարում ունենալով Ռուսաստանի հետ պատերազմելու տարբերակը: Կամ պետք է գնա պայմանավորվածությունների, ու խոսքը, իհարկե, ընդհանրական Մոսկվա-Պեկին առանցքի մասին է (դաշնակիցները ներառյալ)՝ մտածելով նաեւ եվրագլոբալիստներին վերջնականապես խաղից դուրս բերելու մասին:
Ամեն դեպքում, Պեսկովը եւս հաստատեց, որ Պուտին-Թրամփ գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքները շարունակվում են, բայց եթե այն տեղի չունենա արդեն այս շաբաթ, ապա կմնա արդեն նոյեմբերի առաջին օրերի տարբերակը:
