Թուրքի գդալով կերած հավատը
Վերլուծություն2025 թվականի այս ամիսները հայության պատմության մեջ մնալու են որպես ամոթի մի էջ, երբ հերթով ազատազրկվեցին Հայ Առաքելական Եկեղեցու երեք թեմակալ առաջնորդներ։ Շիրակի, Տավուշի եւ Արագածոտնի թեմերի առաջնորդները, որոնցից երկուսը Բարձրագույն հոգեւոր խորհրդի անդամներ էին։ Սա սովորական քրեական պատմություն չէ։ Սա սիմվոլային եւ ռազմավարական գործողություն է պետական բարձր մակարդակով՝ ուղղված ազգային ինքնության կռվաններից մեկի՝ Եկեղեցու, կազմաքանդմանը։
Ցանկանո՞ւմ եք հասկանալ այս օրերի զարգացումների իրական պատճառը։ Ուշադիր նայեք դեպի Բաքու։ Ուշադիր լսեք Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլաշուքյուր Փաշազադեի՝ դեռեւս մայիսի 22-ի ելույթը։ Նա ի լուր աշխարհի հայտարարեց Կովկասի մահմեդականների Էրիվանի եւ Էջմիածնի թեմեր հիմնելու որոշման մասին։ Այսինքն՝ թուրքական աշխարհը ծրագրում է ոչ միայն հայոց հողերը, այլ նաեւ հոգեւոր տարածքը կլանել։
Եվ ինչպես պատահական չի եղել այս ելույթը, այնպես էլ պատահական չեն եղել դրան հաջորդող ձերբակալությունները։ Իրավիճակը ավելի քան պարզ է. հայկական պետականությունը միացել է այդ ծրագիրն իրագործողներին։ Հայ եկեղեցու դեմ բռնկված հալածանքը հրահանգավորված է Ադրբեջանից։ Դրա կասկածից վեր ապացույցներն առկա են՝ ամեն օր հնչող ադրբեջանական պաշտոնյաների «մտահոգություններում»՝ Հայ եկեղեցու ազդեցության ու դիրքավորման մասին։
Ի՞ՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊԱՏԱՀԵԼ ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ
Հայտնի սորոսական Դանիել Իոաննիսյանի հասարակական կազմակերպությունը հաղորդում է ներկայացնում դատախազություն՝ հիմքում ունենալով Հ1-ի մի հարցազրույց հոգեւոր եղբայրներին ուրացած դեռ քահանա Տեր Արամի հետ։ Թեմը՝ իբր հարկադրել է սույն անձնին ընդդիմադիր հավաքներին մասնակցել։ Եվ ահա հարցազրույցից գրեթե մեկ ամիս անց սկսվում են խուզարկությունները, ձերբակալությունները, բռնաճնշումները։ Ինչո՞ւ հենց հիմա, կհարցնեք դուք:
Դրա պատասխանները տվել են իրենք՝ ադրբեջանցիները։ Մեկ հայտարարություն՝ Փաշազադեի շուրթերով հայոց Եկեղեցու վտանգավորության մասին, եւ հաջորդ օրը սկսվում է ռեպրեսիան։ Ընդ որում՝ ամեն ինչ ռիտուալիզացված է՝ ձերբակալվում են 12 քահանա՝ ճիշտ Քրիստոսի առաքյալների թվաքանակով:
Հայ Առաքելական Եկեղեցին, անկախ իր ներքին խնդիրներից, մշտապես եղել է հայկական դիմադրության առանցք։ Այսօր, երբ Արցախի Հանրապետությունը դե յուրե վերացվել է, Եկեղեցին մնացել է վերջին այն կառույցը, որն աշխարհում խոսում է Արցախի, էթնիկ զտումների, գերեվարված հայրենակիցների, մշակութային ցեղասպանության մասին։ Դա է պատճառը, որ այն պետք է լռեցվի։
Ադրբեջանցի պատգամավոր Նասիբ Մահամալիևը հենց դա էլ նշում է՝ հայ հոգեւորականները չէին ցանկանում ընդունել պարտությունը, սերմանում էին «վրեժխնդրության ոգի»։ Այո՛, օկուպանտն ուզում է ոչ միայն ֆիզիկապես լռեցնել հային, այլ նաեւ հոգեբանորեն կոտրել նրան՝ եւ դրա համար ոչնչացնում է նրա հոգեւոր սյուները։
ՆԵՈՀՈՒԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Ի դեպ, Արագածոտնի թեմում տեղի ունեցած այս ամբողջ «գործի» առանցքում է գտնվում Տեր Արամ անունով հոգեւորականը, որը համաձայնել է «հուշումներ» տալ իշխանությանը՝ իր իսկ թեմի առաջնորդի եւ եղբայրների դեմ։ Ընդգծենք՝ նա է եղել այն աղբյուրը, որը փաստացի ցուցմունք է տվել իր երբեմնի հոգեւոր եղբայրների դեմ:
Ինչպես ժամանակին գրվել էր. «Հուդան էլ էր համբուրում, բայց հենց նա էլ դավաճանեց»։ Սա այն դեպքն է, երբ ոչ թե քահանան հոգեւոր հովիվ է, այլ իշխանական սադրանքի գործիք, որը հանձնեց սեփական հավատակիցներին։ Տաղանդաշատ Դովլաթովը ասում էր. «Մենք անվերջ քննադատում ենք ընկեր Ստալինին, եւ, իհարկե, իրավացիորեն։ Եվ, այնուամենայնիվ, ես ուզում եմ հարցնել. ո՞վ էր գրել այդ չորս միլիոն մատնագրերը»։ Դովլաթովի հարցն այսօր ամենեւին էլ հռետորական չէ, նեոհուդաները տալիս են դրա պատասխանը, թե ովքեր են եղել իրենց նախնիները:
Եվ այսօր մենք ունենք երեք բանտարկված առաջնորդ, տասնյակ մարդիկ՝ մեղադրանքների սպառնալիքի տակ են։ Բայց հանրային արձագանքը մնում է զուսպ։ Ինչո՞ւ։
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը միանշանակ պնդում է՝ հասարակությունը չի արձագանքում, քանի որ ընդդիմության բողոքները չեն վերածվում հստակ քայլերի։ Պատգամավորական հարցումներն արդյունք չեն տալիս։ Իրավապաշտպանները հնչեցնում են ահազանգեր, բայց համակարգը կույր ու խուլ է։
ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ. Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ
Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշում է, որ Հայաստանի պետական համակարգը ներսից քայքայվում է. «Ինչ հայերը կարող են անել հայերի հետ, չեն կարող անել նույնիսկ թուրքերը…»։ Եվ սա այլեւս պատկերավոր գեղարվեստական արտահայտություն չէ: Ովքե՞ր են բանտերում․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, Արագածոտնի առաջնորդ՝ Մկրտիչ սրբազանը, Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազանը։ Սա այլես իրավական խնդիր չէ։ Սա ազգային գոյաբանական ճգնաժամ է։ Երբ պետությունը՝ վարչապետի մակարդակով, բացահայտ ասում է, թե պետք է հեռացնել Հայ Եկեղեցու առաջնորդին՝ սա ոչ թե կարծիք է, այլ` հրահանգ։
Տպավորություն է, որ այսօր գործող իշխանությունը դավաճանել է ոչ միայն Սահմանադրությանը, այլեւ ժողովրդին՝ դառնալով միջազգային ծրագրերի տեղական գործակալ։ Եվ դրա համար էլ, կարծես, Արեւմուտքը նրան սիրում, գուրգուրում ու պաշտպանում է։
Հիշեցնենք, որ այս տարի Մոսկվայի Սրետենսկի վանքում նախատեսվում էր հարձակում իրականացնել եպիսկոպոսի վրա, եւ հարձակումը պլանավորում էին եպիսկոպոսի շրջապատի երկու հոգեւորական։ Սակայն հետագայում պարզվեց, որ այդ ամենը ծրագրավորվել էր դրսի հետախուզական կառույցների կողմից... Այնպես որ, ամեն ինչ էլ ավելի վատ է, քան միայն շարքային ուրացումը:
Նպատակը մեկն է՝ մաքրել տարածաշրջանը Ռուսաստանից, ապամոնտաժել հայկական ինքնությունը, ստեղծել լիովին վերահսկելի, արժեքազուրկ միջանցք տարածաշրջանում։ Այսօր խուզարկում են վանքերը՝ հույսով գտնելու զենք կամ ապացույց, ի՞նչ են գտնում։ Մատյաններ, խաչեր, մի քանի մեդալ ու դրամ։ Բայց իրականում նրանք ման են գալիս հայ ինքնությունը, որին չգիտեն ինչպես սպանել։ Իսկ Հայաստանն ու հայը դեռ շարունակում է պարտվել արտաքին մեծ ուժերին…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
