Ես Հենրիկ Մխիթարյանին համարում եմ լավագույն հայ ֆուտբոլիստը
ՌԴ Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) ակադեմիայի ավագ մարզիչ.
Հարցազրույց ՌԴ ԲԿՄԱ-ի ակադեմիայի ավագ մարզիչ Մխիթար Դավիդյանի հետ
– Բարև՛ Ձեզ, Մխիթա՛ր Արմաիսովիչ։ Դուք ներկայումս ԲԿՄԱ-ի ակադեմիայի ավագ մարզիչն եք, իսկ 2025 թվականի մայիսից դարձաք ԲԿՄԱ-ի մինչև 16 տարեկան պատանիների թիմի մարզիչը։ Ձեր գալուց հետո ի՞նչ փոփոխություններ եղան մարզումների գործընթացում։ Կարելի՞ է ասել, որ ԲԿՄԱ-ի թիմն ունի փոխարինող լավ կազմ։ Չէ՞ որ 16 տարեկան տղաները թիմի վաղվա օրն են։
–Ինչ վերաբերում է ԲԿՄԱ-ում իմ աշխատանքին, 2024 թվականի դեկտեմբերից ես ակադեմիայի ավագ մարզիչն եմ։ Դրանից առաջ ես չորսուկես տարի մարզել եմ 2007 թվականին ծնվածների թիմին։ Մենք նրանց ավարտեցրինք, և հիմա տղաները տեղափոխվել են փոխարինող թիմ՝ երիտասարդական կազմում։ Հունվարից ես ավագ մարզչի պաշտոնում եմ, իսկ մայիսին այնպես պատահեց, որ մարզիչներից մեկի պայմանագիրը չերկարացրին, և ես գլխավորեցի մինչև 16 տարեկանների թիմը։
Ինչ վերաբերում է «թիկունքին», Դուք ճիշտ նկատեցիք. մենք լավ «թիկունք» ունենք՝ ԲԿՄԱ-ի ակադեմիան։ Ներկա պահին թիմի կազմում արդեն ունենք 2005 թվականին ծնված չորս խաղացող։ Նրանցից երկուսը մեկնարկային կազմից են։ 16 տարեկանների վերաբերյալ խոսելիս ես այս հարցում էլ Ձեզ հետ համաձայն եմ։ Մեր կարծիքով՝ այս թիմում կան շատ տաղանդավոր, հեռանկարային տղաներ, որոնք մոտ ապագայում կհամալրեն ԲԿՄԱ-ի հիմնական կազմը։
– Ես նայեցի ԲԿՄԱ-ի պատանեկան թիմի խաղի արդյունքները։ 2025 թվականին 15 խաղից 11 հաղթանակ։ Կարծում եմ՝ դա շատ լավ արդյունք է։ Ինչպե՞ս եք գնահատում տղաների խաղերը։
– Այո՛, դա շատ լավ արդյունք է։ Մենք ունենք 2008–2010 թթ. ծնված պատանիների ֆուտբոլի լիգայի առաջնությունում խաղացող երեք ավագ տարիքային խումբ։ Այնտեղ կա 16 թիմ, և նրանք լիարժեք խաղում են առաջնություններում, ինչպես մեծահասակները՝ ուղևորություններով, թռիչքներով։ Մեր պատանիների ֆուտբոլի լիգա-1 թիմը ներկայումս պատանիների ֆուտբոլի լիգայի եռյակում է։ Ես կարծում եմ, որ ֆուտբոլիստները առաջընթաց են ապրում այն թիմերում, որոնք հաղթում են։ Նրանք պետք է զգան հաղթանակի ոգին։ Միայն այդպես կարելի է լավ ֆուտբոլիստ դառնալ։
– Իմ ընկալմամբ՝ ԲԿՄԱ-ի առաջնությունը նոր է սկսվել, և որքանով ես գիտեմ, լավ մեկնարկով։ Շատ չափանիշների և կանխատեսումների համաձայն ԲԿՄԱ-ն այս տարի ցանկանում է հայտնվել լավագույն եռյակում։ Որքանո՞վ է դա իրատեսական։
– Անցյալ տարի հայտնվել էր, այս տարի, հավանաբար, դա նույնպես իրատեսական է։ Բայց հաշվի առնելով մեր թիմի ներկայիս կազմը՝ կարծում եմ, որ այն պետք է մրցի բարձրագույն մեդալների համար։ Անցյալ տարի մենք նույնպես եռյակում էինք և նվաճեցինք Ռուսաստանի գավաթն ու սուպերգավաթը։ Ինչպես ասում են՝ ախորժակը բացվում է ուտելու ժամանակ. ուզում ես ավելի ու ավելի բարձր։ Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ այս տարի ԲԿՄԱ-ի մեր թիմը կպայքարի ոսկու համար։
– Ես էլ եմ այդպես կարծում։ Հաջողություն Ձեզ։ Մխիթա՛ր Արմաիսովիչ, ինձ համար հետաքրքիր էր ծանոթանալ Ձեր կենսագրությանը ինտերնետային կայքերի միջոցով, բայց ոչ մի տեղ չգտա Ձեր տոհմածառը։ Պատմեք, խնդրեմ, Ձեր արմատների, ծնողների, ընտանիքի մասին։ Դա միշտ հետաքրքիր է, հատկապես որ Դուք մեր հայրենակիցն եք։
– Իմ արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից։ Իմ նախապապը ծնվել է Ալաշկերտում։ Եվ երբ 1915 թվականին Թուրքիայում սկսվեցին հայերի ցեղասպանության հետ կապված իրադարձությունները, նրանք սկսեցին լքել իրենց հայրենի վայրերը և գնացին դեպի հյուսիս։ Այնպես պատահեց, որ մինչև Ստավրոպոլի երկրամաս հասնելը իմ պապը, որի պատվին ինձ անվանակոչել են, ծնվեց Լենինականում։ Տատիկս ծնվել է Կախեթիում։ Եվ այսպես, ճանապարհին ծնվեցին իմ նախնիները՝ նոր մարդիկ։ Այսպես նրանք հասան մինչև Ստավրոպոլի երկրամաս՝ Ստեպնովսկի շրջան, Մաքսիմովկա գյուղ։ Հայրս ծնվել է արդեն այնտեղ։ Մայրս ծնվել է Օրջոնիկիձե քաղաքում, այժմ դա Վլադիկավկազ քաղաքն է։
– Օսեթիայում։
– Այո՛, Օսեթիայում։ Ահա այնտեղից ենք մենք բոլորս։ Ես ծնվել եմ Պյատիգորսկում, ունեմ հարազատ կրտսեր եղբայր, նա նույնպես այնտեղ է ծնվել։ Կինս ազգությամբ հայ է, նույնպես Պյատիգորսկում է ծնվել։ Եվ հետոն նույնպես հետաքրքիր է. ես ունեմ երկու դուստր, մեկը ծնվել է Ժելեզնովոդսկում, իսկ մյուսն արդեն Կրասնոդարում, որտեղ ես աշխատում էի Կրասնոդարի «Կրասնոդար» ֆուտբոլի ակումբի ակադեմիայում։
– Շատ հաճելի էր իմանալ Ձեր ծնողների մասին։ Խնդրում եմ, ավելի մանրամասն պատմեք Ձեր հոր մասին։ Ինչո՞վ էր նա զբաղված, ի՞նչ էր աշխատում։
– Ծնողներս այլևս չկան։ Անցյալ տարի հուղարկավորեցի հորս, երկնային խաղաղություն իրեն։ Երբ պապիկս մահացավ ավտովթարից, հայրս մնաց ընտանիքի ավագ տղամարդը։ Եվ 19 տարեկանում նա ստիպված էր տեղափոխվել երեկոյան դպրոց ու աշխատանք փնտրել, որպեսզի օգնի մորը՝ մեծացնելու եղբայրներին ու քրոջը։ Նա աշխատանքի անցավ որպես ավտոմեխանիկ։ Կյանքի վերջին տասը տարիներին, երբ արդեն չէր կարողանում աշխատել իր մասնագիտությամբ, նա մնաց նույն գործարանում՝ աշխատելով ոչ գերատեսչական անվտանգությունում որպես ավագ աշխատակից։ Եվ մինչև թոշակի անցնելը նա այդ գործարանում այդպես էլ աշխատեց։
– Իսկական աշխատող մարդ։ Երկնային խաղաղություն Ձեր ծնողներին։ Դուք ասացիք, որ Ձեր երկրորդ դուստրը ծնվել է Կրասնոդարում։ Ի դեպ, Կրասնոդարի մասին։ Ֆուտբոլի «Կրասնոդար» ակումբը անցյալ մրցաշրջանում դարձավ Ռուսաստանի չեմպիոն։ Հասկանալի է, որ այդ գործում կա նաև Ձեր մեծ ավանդը։ Ինչո՞ւ։ Որովհետև հենց Դուք օգնեցիք պրոֆեսիոնալներ դառնալ այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ուտկինը, Սուլեյմանովը, Սպերցյանն և Իգնատևը։ Թեև վերը նշվածներից, որքան գիտեմ, վերջին կազմում միայն Սպերցյանն էր խաղում «Կրասնոդարի» կողմից։ Բայց Ռուսաստանում արդեն հայտնի այս բոլոր ֆուտբոլիստները Ձեր սաներն են։ Խնդրում եմ պատմեք այս տղաների մասին։
– Այո՛, ես գրեթե 10 տարի աշխատել եմ Կրասնոդարում, բայց այս տղաներին իմ անմիջական սաներն անվանելը փոքր-ինչ վերամբարձ է ասված։ Ես պարզապես ինչ-որ մի շրջան մասնակցություն եմ ունեցել նրանց մարզման գործում։ Այն թիմից, որը չեմպիոն դարձավ, ես հնարավորություն ունեցա աշխատելու նաև Սաշա Չեռնիկովի և Ստանիսլավ Ագկացևի (դարպասապահն է) հետ։ Ինչ անմիջականորեն վերաբերում է Սուլեյմանովին, Իգնատևին և Ուտկինին, դա իմ առաջին թիմն է Կրասնոդարում, որը ես գլխավորել եմ՝ 1999 թվականին ծնվածների թիմը։ Սուլեյմանովին անձամբ ես եմ հրավիրել այս թիմ։ Ես նրան տեսա մրցումների ժամանակ և հրավիրեցի թիմ։ Իսկ ինչ վերաբերում է Էդիկ Սպերցյանին, մենք միասին եկանք Կրասնոդարում աշխատելու։ Նա իմ անմիջական սանն է։
– Իսկ որտեղի՞ց եկաք։
– Պյատիգորսկից։
– Այսինքն՝ Սպերցյանը նո՞ւյնպես Պյատիգորսկից է։
– Էդիկ Սպերցյանը, այո՛, Պյատիգորսկից է։ Մի հետաքրքիր պատմություն կա. եթե կարելի է, երկու բառով կպատմեմ։
– Այո՛, իհարկե։
– Ես Պյատիգորսկում մարզիչ էի աշխատում, և իմ ամբողջ մարզագույքը պահում էի մեքենայի մեջ՝ բեռնախցիկում։ Եվ հերթական մարզումից հետո մոտեցա մեքենային, որպեսզի մարզագույքս տեղավորեմ, տեսա մի կնոջ երկու տղաների հետ, որոնցից մեկը՝ փոքրիկը, լաց էր լինում։ Հարցրի, թե ինչ է պատահել։ Ինձ պատասխանեցին, թե ուզում են գրանցվել ֆուտբոլի համար, բայց նրանց չեն ընդունում։ Իմ առջև կանգնել էր մի փոքրիկ տղա և լաց էր լինում։ Ես հարցրի նրա անունը։ Արցունքն աչքերին նա հազիվ կարողացավ պատասխանել, որ իր անունը Էդիկ է, իսկ մեծ եղբոր անունը՝ Էրիկ։ Ես առաջարկեցի, որ իմ թիմ բերեն մեծ եղբորը. նա տարիքով համապատասխանում է։ Իսկ այս փոքրիկին բերեն իմ հիմնական մարզումից մեկ ժամ առաջ, ես նրա հետ առանձին կաշխատեմ, հետո կտեսնենք ինչ կլինի։ Եվ ահա չորս տարի անց մենք ստուգման գնացինք «Կրասնոդարի» ակադեմիա։ Էդիկ Սպերցյանին հրավիրեցին այնտեղ որպես հեռանկարային, լավ ֆուտբոլիստի, իսկ ինձ առաջարկեցին այնտեղ աշխատել, քանի որ ես նրա առաջին մարզիչն էի։ Եվ ահա մենք երկուսով նույն օրը տեղափոխվեցինք Կրասնոդար։
– Դա ո՞ր թվականին էր։
– 2011 թվականին։ Էդիկը 11 տարեկան էր։
– Այո՛, պատմությունը, իհարկե, հետաքրքիր է։ Սպերցյանը ներկայումս խաղում է Հայաստանի հավաքականում, և նա գործնականում թիմի առաջնորդն է, եթե կարելի է այսպես ասել, կա ևս մեկ այլ առաջնորդ՝ Մխիթարյանը, որին չեն հրավիրում հավաքական։ Չգիտեմ ինչ պատճառով։ Հավանաբար ֆուտբոլի ֆեդերացիայի։ Ես տեսնում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ձախողված քաղաքականություն է վարում թե՛ ֆուտբոլիստների, թե՛ ակումբների առումով։ Այս մասին շատ տեղեկություններ կան։ Եվ ահա ֆեդերացիայի քմահաճույքների պատճառով Մխիթարյանին չեն ընդգրկում հավաքականում։ Այսպիսով, Սպերցյանը, ինձ թվում է, այսօր Հայաստանի հավաքական թիմի գլխավոր շարժիչ ուժն է։ Չնայած դրան՝ վերջերս տեղի ունեցավ հանդիպում Կոսովոյի հավաքականի հետ, և Հայաստանի հավաքականը պարտվեց 2 ։ 5 հաշվով՝ թեև Էդուարդը խփեց միակ գոլը (երկրորդը ինքնագոլ էր)։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը հավաքականում և ընդհանրապես Հայաստանի հավաքականի ելույթը, եթե, իհարկե, հետևում եք դրան։
– Այո՛, ես հետևում եմ Հայաստանի հավաքականի խաղերին, վաղուց եմ հետևում։ Ինձ համար շատ հետաքրքրիր է, և ցավում եմ թիմի համար, քանի որ ինքս հայ եմ։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը և սպորտին, ես՝ որպես մարզիկ, կարծում եմ, որ դրանք մեկը մյուսի հետ չպետք է խաչվեն։ Եթե կա մի ֆուտբոլիստ, որն արժանի է խաղալու հավաքականի կողմից, ապա իմ կարծիքով դա հենց Հենրիկ Մխիթարյանն է։ Նա ընդհանրապես հայկական ֆուտբոլի ողջ պատմության մեջ ամենաուժեղ և լավագույն ֆուտբոլիստն է։ Եթե դիտարկենք նրա նվաճումները և այն, որ նա այսքան տարի խաղացել է այդքան բարձր մակարդակով, այդպիսի մարդու առջև, ինչպես ասում են, միայն գլխարկ կարելի է հանել։
Դուք ճիշտ նկատեցիք, որ ներկա պահին Էդիկ Սպերցյանն այս հավաքականի շարժիչ ուժն է։ Ես հավատում եմ, որ նա կհաջորդի Հենրիկին, և այն ամենը, ինչ տեղի կունենա հավաքականում, պետք է ընկնի նրա ուսերին։ Ես կարծում եմ, որ նա կարող է հաղթահարել դա և կհասցնի թիմին բարձր արդյունքների։
– Մաղթենք հաջողություններ, ինչպես ասում են։ Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի հավաքականի մասին։ Դուք հիմա աշխատում եք Ռուսաստանում, գիտեք բոլոր մանրամասնությունները և լավ ծանոթ եք ոչ միայն ԲԿՄԱ-ին, այլև այլ ակումբներին։ Անձամբ ինձ հետաքրքրում է Ռուսաստանի ակումբային առաջնությունը, քանի որ արդեն մի քանի թիմեր են մրցում առաջնության և մրցանակային տեղերի համար։ Կարող եմ նշել «Զենիթը», «Կրասնոդարը», ԲԿՄԱ-ն, «Լոկոմոտիվը», «Սպարտակը» և «Դինամոն». սրանք այն թիմերն են, որոնք հավակնում են տեղ զբաղեցնել լավագույն եռյակում։ Դեռևս ոչ շատ վաղուց՝ մի քանի տարի առաջ, «Զենիթը» առաջ անցավ, և առաջնությունն այնքան էլ հետաքրքիր չէր։ Սա իմ անձնական կարծիքն է։ Բայց հավաքականը դեռևս հնարավորություն չունի խաղալու Ռուսաստանի և աշխարհի առաջնություններում, այդ պատճառով չգիտեմ ինչպես գնահատել Ռուսաստանի հավաքականի մակարդակը։ Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում և՛ հավաքականը, և՛ Ռուսաստանի ակումբային առաջնությունը։
– Դուք ճիշտ նկատեցիք, որ մեր առաջնությունը տարեցտարի ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում։ Մենք շատ ուժեղ թիմեր ունենք։ Եվ ամենաուշագրավն այն է, որ եթե դիտարկենք վերջին երկու առաջնությունները, չեմպիոն դառնալը որոշվել է վերջին մրցաշրջանում։ Բոլոր թիմերը ընթանում էին հավասար միավորներով, մրցախաղերը խաղացվել են զուգահեռաբար, և ոչ ոք չգիտեր, թե ով կդառնա չեմպիոն, ով կդառնա արծաթե մրցանակակիր և ով բրոնզե մրցանակակիր։ Սա խոսում է այն մասին, որ թիմերն այժմ գրեթե նույն՝ շատ պատշաճ մակարդակի վրա են՝ նույնիսկ եվրոպական չափանիշների համաձայն։ Որովհետև մենք ունենք արտասահմանցի բարձրակարգ, լավ խաղացողներ: Օրինակ՝ «Զենիթը», «Կրասնոդարը» և «Սպարտակը». այնտեղ հանդես են գալիս արտասահմանցիներ, որոնք խաղում են իրենց ակումբների հավաքականներում: Այդպիսի ֆուտբոլիստներով համալրված թիմերը չեն կարող թույլ լինել: Այդտեղ ամեն ինչ պետք է չափվի համեմատության միջոցով: Որոշակի հանգամանքների պատճառով մենք դեռ չենք կարող խաղալ համաշխարհային, միջազգային ասպարեզում: Իսկ մինչև այնտեղ չխաղաս, դժվար է գնահատել ազգային հավաքականի մակարդակը: Բայց հաշվի առնելով հավաքականում խաղացող ֆուտբոլիստներին՝ կարծում եմ, որ մեր հավաքականը ուժեղ է։ Եվ հենց հնարավորություն ունենանք փորձարկելու մեր ուժերը, կարծում եմ, որ մեր թիմը կդրսևորի իրեն, կցուցադրի իր բոլոր ուժեղ կողմերը:
– Մխիթար Արմաիսովիչ, ունե՞ք երազանք: Խոսքս, իհարկե, Ձեր աշխատանքի մասին է: Կամ գուցե ինչ-որ ավելի մեծ նպատակ:
– Ունեմ երազանք, ես միշտ խոսում եմ դրա մասին: Ես հայ եմ, բայց ծնվել եմ Խորհրդային Միությունում, և այն ժամանակ դա մեկ երկիր էր: Հիմա ես ապրում եմ Ռուսաստանում, և, որպես հայ, ունեմ երազանք, որի մասին պատմում եմ իմ բոլոր բարեկամներին ու ծանոթներին: Ես շատ կցանկանայի փորձել ուժերս Հայաստանի առաջնությունում, պրեմիեր լիգայում՝ որպես ավագ մարզիչ։ Եվ, ինչպես ցանկացած հայ, երազում եմ մարզել Հայաստանի հավաքականը։
– Դա շատ հետաքրքիր է։ Անկեղծ ասած, ես որևէ տեղ Ձեզնից չեմ լսել այդպիսի հայտարարություն։
– Ոչ ոք ինձ չի հարցրել։
– Հիանալի է։ Իսկ ի՞նչ առաջիկա ծրագրեր ունեք ԲԿՄԱ-ի պատանիների հետ աշխատանքի ուղղությամբ։ Ցանկություն ունե՞ք առաջ գնալու Ձեր մարզչական աշխատանքում։ Որովհետև «Վատ է այն զինվորը, որը չի ուզում դառնալ գեներալ»։
– Գիտե՞ք ինչ, ճիշտն ասած, իմ մի աստիճանը հաջորդում է մյուսին։ Իմ կյանքում ես աշխատել եմ սկսած 10 տարեկան երեխաներից և հասել եմ մինչև ֆուտբոլի ազգային լիգայի թիմ։ «Կրասնոդարում» ես երկու մրցաշրջան աշխատել եմ ֆուտբոլի ազգային լիգայի առաջնությունում ոչ թե որպես գլխավոր մարզիչ, այլ որպես գլխավոր մարզչի օգնական։ Դրանից հետո եկա աշխատելու ԲԿՄԱ-ում։ Ես ունեի 2007 թվականին ծնված պատանիների թիմ։ Նրանց ավարտացնելուց հետո ինձ առաջարկվեց ակադեմիայի ավագ մարզչի պաշտոնը։ Դա արդեն ավելի բարձր է։ Այնպես որ, ինչպես ասում են, ամեն ինչ ընթանում է հերթով։ Հուսով եմ, որ այդպես կամաց-կամաց ես միգուցե Աստծո օգնությամբ կհասնեմ իմ երազանքին։ Իսկ հիմա ես գոհ եմ այն պաշտոնից, որը զբաղեցնում եմ։ Ես շնորհակալ եմ այն ակումբին, որը վստահել է ինձ այս պաշտոնը։ Ուստի, ինչպես ասում են՝ մի՛ փնտրիր ավելի լավը, երբ ամեն ինչ արդեն լավ է։
– Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ՝ սա մեր առաջին հանդիպումն է, և վերջինը չի լինի։ Իսկ Ձեզ ցանկանում եմ մաղթել հաջողություններ Ձեր շատ անհրաժեշտ, հետաքրքիր աշխատանքում։
– Շատ շնորհակալություն հրավերի համար։
Հարցազրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը