Եթե լսենք քաղաքապետին, կարելի է նստել Աջափնյակի մետրոն եւ գնալ Նուբարաշենի աղբավայր. Գրիգոր Երիցյան
ՆերքաղաքականԱռաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու արդեն իսկ հայտ են ներկայացրել ավելի քան 20 կուսակցություն: Արդյոք Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի ընտրություններին, «Իրավունք»-ը պարզեց «Նոր ուժ» կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին ղեկավար ԳՐԻԳՈՐ ԵՐԻՑՅԱՆԻՑ:
— «Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելո՞ւ է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին:
— Այո, նման ծրագրեր կան, պատրաստվում ենք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս պահին, իմ մասնակցության մասով դեռեւս վերջնական որոշում չունեմ, սակայն քննարկման փուլում է եւ, ամենայն հավանականությամբ, ինքս եւս կմասնակցեմ:
— Պարոն Երիցյան, դաշինքո՞վ հանդես կգաք, թե՞ առանձին:
— Այս պահին դաշինք կազմելու վերաբերյալ որեւէ որոշում չունենք, քանի որ դեռ շուտ է եւ պարբերաբար քննարկումներ են լինում, սակայն մեր օրակարգում չենք էլ բացառում դաշինք կազմելը: Այնուհանդերձ, մեր մասնակցության մասով վստահ ենք, իսկ միավորման մասին դեռեւս վաղ է խոսել:
— Իսկ եթե որոշեք միավորվել, ո՞ր քաղաքական ուժի հետ եք հնարավոր համարում: Օրինակ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի՞, գործարար Սամվել Կարապետյանի՞, թե՞ մեկ գործչի կողմից ձեւավորվող ուժի:
— Մի բան հստակ կասեմ՝ մենք վստահաբար դաշինքի եզրեր չենք տեսնում ներկա եւ նախկինում իշխանության եղած եւ իրենց հետ որեւէ կապ ունեցող կուսակցությունների արբանյակների, իրեն տարբեր ներկայացուցիչների հետ: Նաեւ ադ պատճառով է մեր կուսակցությունը կոչվում «Նոր ուժ»: Մենք ցանկանում ենք այլընտրանք առաջարկել: Այսինքն, նախկինում վարկաբեկված, ներկայում վարկաբեկվող ուժերի հետ չենք տեսնում համագործակցության եզրեր, քանի որ մեր մասնակցության նպատակն է քաղաքական դաշտը մաքրել այդ ուժերից, ինչու ոչ, նաեւ վերջ դնել նախկին-ներկա անդադար շարունակվող դիսկուրսին, որը մեր կարծիքով՝ միայն օգուտ է տալիս այս պահին գործող իշխանություններին, եւ այս պահին գործող ընդդիմությանը: Իրենք այդ խոսույթի շնորհիվ իրար վերարտադրում են, համագործակցելով մնում են իրենց սրտի իշխանություն եւ իրենց սրտի ընդդիմություն:
— Նուբարաշենի աղբավայրը այրվեց արդեն 12-րդ անգամ: Ի՞նչ կասեք այս մասին:
— Սա հերթական ապիկարության, տգետության ու անգործության հետեւանքն է քաղաքային իշխանության, որի մասին մենք մշտապես ահազանգում ենք: Դրա մասին ահազանգում էի, երբ ավագանու կազմում էի, ինչը իրենց այդքան էլ դուր չեկավ եւ բոլոր քննադատներից քիչ-քիչ ազատվեցին: Շատ տարակուսելի էր այն հայտարարությունը, թե միտումնավոր այրել են: «Միտումնավոր» հասկացողություն չէր լինի այն դեպքում, եթե քաղաքային իշխանությունը արդեն 12-րդ անգամ իմանալով, որ նման բան է կատարվում, չդներ տեսախցիկներ, վերահսկողություն չսահմաներ եւ թույլ չտար, թեկուզ միտումնավոր նման երեւույթներ տեղի ունենար: Այսինքն՝ սա շատ թույլ արդարացում է: Նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել, եւ ես առավել քան վստահ եմ, որ այս անգամ էլ չեն ձեռնարկի: Ինչ-որ մի պատճառ կգտնեն՝ գնումները տեղի չեն ունենա, տեսախցիկ չեն գտնի եւ այլն: Լավ, ենթադրենք, որ պարիսպապատեն աղբավայրը, այնուհանդերձ, այն ներկայացնում է վտանգ քաղաքացիների առողջությանն ու կյանքին: Ընդհանրապես, 21-րդ դարում զարգացած քաղաքը չպիտի ունենա մի աղբավայր, որտեղ կուտակվում են թունավոր մետաղներ եւ այլն: Այսինքն, եթե անգամ այն չայրվի, ապա, միեւնույնն է, դա վտանգավոր է առողջության համար: Եվ ոչինչ չձեռնարկել վերամշակման գործարան հիմնելու ուղղությամբ, ոչինչ չանել նոր աղբավայրի ուղղությամբ, պարզապես, կառուցապատել եղածը, դրանով հարցը չի լուծվում:
— Տիգրան Ավինյանի խոսքով՝ ծրագրում են վերամշակման գործարան կառուցել: Չե՞ք հավատում քաղաքապետի խոսքին:
— Դե եթե լսենք քաղաքապետին, կարելի է նստել Աջափնյակի մետրոն եւ գնալ Նուբարաշենի աղբավայր, կամ միանգամից ճոպանուղիով գնալ: Իրենց, որ լսենք արդեն ակադեմիական քաղաքը կա, մետրոն կա եւ այլն: Ես լուրջ չեմ վերաբերվում, որովհետեւ 7 տարի իշանության են, որից 5 տարին այս կազմով, հիմք է տալիս չհավատալու: Այս 5 տարվա ընթացքում ի՞նչ մեգանախագիծ եք տեսել, որ ասեն եւ անեն, ինչպես իրենք են ասում: Իհարկե, այս նախընտրական փուլում ե՛ւ վերամշակման գործարան կխոստանան, ե՛ւ մետրոյի մի քանի կայարան, ե՛ւ ճոպանուղի: Սակայն, ակնհայտ է, որ սրանք ընդամենը նախընտրական զեղումներ են: Եթե ընտրություններին մեծամասնությունը վերցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հետո քաղաքում Ավինյանի խմբակը, պարզ է, որ որեւէ ռեֆորմ քաղաքում չի իրականացվելու, քանի որ այս քաղաքապետը քաղաքն օգտագործում է սեփական շահերի համար:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

