Թրամփի համար արդեն առաջնային է դառնում Մոսկվային եւ Կիեվին հաշտեցնելը
ՎերլուծությունԵվ այսպես, թեեւ Թրամփին այդպես էլ Նոբելյան մրցանակ չեն տալիս, բայց մեկ է, նա «ում բռնում, տեղում հաշտեցնում» է:
«Հաշտեցրեց» նաւե Իսրայելին եւ Գազայի պաղեստինցիներին: Թե որքան դա կտեւի, թերեւս, նաեւ Թրամփի համար դա չէ էականը: Այլ որ այս պահին գոնե ժամանակավոր ռազմական գործողությունները կանգնեցին, գերիներին բաց են թողնում, փախստականները վերադառնում են: Կարճ ասած, գոնե այս մի գլխացավանքից ներկա պահին Թրամփն ազատվեց:
Ու անմիջապես էլ սկսեց խոսել հաջորդ «հաշտեցման օբյեկտից»՝ ուկրաինական հակամարտությունից: Թե մտադիր է Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռների մատակարարման հարցը քննարկել... Պուտինի հետ: «Անկեղծ ասած, ես կարող եմ խոսել Ռուսաստանի հետ «Տոմահավկ»-ների մասին։ Արդյոք նրանք ուզո՞ւմ են, որ «Տոմահավկ»-ները թռչեն իրենց ուղղությամբ…»։ Իմաստը սա է՝ եթե չեն ուզում, ուրեմն թող դադարեցնեն պատերազմը: Սա, իհարկե, տեսանելի մասն է՝ «ծերուկն անտանելի է դարձել» արտաքուստ տեսքով:
Բայց իրականում, թերեւս շատ ավելի լուրջ պլաններ կան: Այսինքն, «Տոմահավկ»-ների այդ ճառի հետ մեկտեղ, նաեւ ակնարկ եղավ, որ Թրամփը Զելենսկուց պահանջել է քննել իր նախկին նախագահական ժամկետի վերջում օրակարգ բերված «իմպիչմենթի գործը»: Այն է, երբ Թրամփի նկատմամբ իմպիչմենթ սկսեցին, թե նա պահանջել է Զելենսկուց՝ ներկայացնել Բայդենի եւ նրա որդու մախինացիաներն Ուկրաինայում:
Թրամփը, ում «դաբրոյով», ի դեպ, Զելենսկին այն ժամանակ նախագահ դարձավ, իրականում քանիցս խոսել է այդ մասին, թե հայր եւ որդի Բայդեններն ինչ մեծ փողեր են «սարքել» Ուկրաինայում, նաեւ, որ հանուն դրա էլ Կիեւին մղեցին ծայրահեղ հակառուսականության դաշտ: Զելենսկին էլ իր հերթին, իհարկե, ժամանակին կարող էր այդ ամենը բացահայտել, որի դեպքում Բայդենն ԱՄՆ նախագահի աթոռին նստելու որեւէ տարբերակ չէր ունենա: Բայց նա այդ ժամանակ գերադասեց խաղալ գլոբալիստների դաշտում, որը խաղից դուրս թողեց հենց Թրամփին: Դեռ մի բան էլ՝ նրա նկատմամբ այդ նվաստացուցիչ իմպիչմենտը կազմակերպեցին:
Եվ ահա, Թրամփը հենց այդ պատմությունն է հիշեցրել Զելենսկուն: Այսինքն, որ կա´մ հիմա պետք է ջրի երես հանի այդ ամենը, կա´մ…
Այս երկրորդ «կամ»-ը հաստատ Զելենսկուն լավ բան չի խոստանում: Բանն այն է, որ բազում աղբյուրներ են մինչ այս ակնարկել, որ այդ ամենի պատճառով իրականում Թրամփն ատելությամբ է լցված Զելենսկու հանդեպ: Ու հիմա, երբ թեման բերում է օրակարգ, ապա դա Զելենսկու համար լրջագույն վտանգի տեսք ունի: Ավելի պարզ՝ կա´մ թողնում է ավելորդ խաղերն ու անում է վաշինգտոնյան հրամանները, կա´մ ստիպված կլինի այդ բոլոր «հին մեղքերի» համար պատասխան տալ:
Մյուս կողմից, ինչպես օրերս ակնարկել էր ուկրաինական տեղեկացված աղբյուրը, Զելենսկին իրական խաղաղության ուղղությամբ գործելու որեւէ տարբերակ չունի. հակառակ դեպքում գլոբալիստները նրան պարզապես կոչնչացնեն, շատ մեծ հավանականությամբ՝ նույնիսկ ֆիզիկապես: Ահա, մոտավորապես նույն կարգի վտանգ էլ Թրամփն է կախում Զելենսկու գլխին, ու թող հիմա որոշի, թե ումից է ավելի շատ վախենում: Ամեն դեպքում այն, որ նախօրեին Յուլյա Տիմոշենկոն հանկարծ սկսեց խոսել մոտակա խաղաղության մասին, թե՝ այդ մասին կոնկրետ տվյալներ ունի, պատահական չէր: Հաշվի առնելով նաեւ այն լուրերը, որ Վաշինգտոնն ակտիվ քննարկումների մեջ է Տիմոշենկոյի եւ Պորոշենկոյի հետ, որոնք կարող են հասցնել Ուկրաինայում իշխանափոխության:
Իսկ այն, որ իրոք այս պահին՝ Գազայի թեմայից հետո Թրամփի հիմնական օրակարգային հարցերից է դառնում ուկրաինական հակամարտությունը կանգնեցնելը, ենթադրելու առիթներ ունեցել ենք: Այսինքն, այս պահին Թրամփն ունի երկու առանցքային խնդիր. ներամերիկյան սրացումները, որոնք գնալով մոտենում են քաղաքացիական բախումների շեմին: Ապա չինական խնդիրը, որը լարվում է աչքի առաջ: Նախ, չեղարկվեց նախագահ Սիի հետ սպասվող հանդիպումը: Հաջորդը, նոյեմբերի 1-ից Թրամփը սահմանել է 100 տոկոսանոց մաքսատուրքեր, թեեւ այն առաջին հերթին հենց ԱՄՆ-ի համար է խնդիր: Երկու հիմնական ճակատ, որտեղ հաջողությունները քիչ սպասելի են, քանի դեռ լուծված չեն Ռուսաստանի հետ հարցերը: Ու հենց դրանք են, որ շատ մեծ հավանականությամբ, Գազայից անմիջապես հետո վերադառնալու են հիմնական օրակարգ:
