Какая боль, какая боль: Պորտուգալիա-Հայաստան՝ 5 : 0
ՍպորտԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Երևան
Սեպտեմբերի սկզբին, երբ ամպերը չքացան Երևանի վրայից, և օդի ջերմաստիճանը գրեթե քառասուն աստիճան էր, ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Պորտուգալիայի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականի համար էքստերեմալ «ֆիննական սաունա» սարքեց՝ ամոթալիորեն ջախջախելով դաշտի տերերին։
Սակայն դեպքերից առաջ չեմ ընկնի և կսկսեմ հայկական ֆուտբոլի հերթական անկման մասին տխուր պատմությունը՝ սկսած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի և նրա օգնական Արոն Վինտերի հրաժարականից, որոնց Հոլանդիայում, այս տարվա մարտին, ըստ երևույթին, էժան վարձել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) անմիտ ղեկավարությունը Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ։
Հոլանդացիները մեր ազգային հավաքականին «մարզեցին» ընդամենը չորս ամիս, և այդ կարճ ժամանակահատվածում թիմը հասցրեց կրեց ջախջախիչ պարտություններ Վրաստանի ազգային լիգայի հետ երկու խաղերում (0:3 և 1:6), Կոսովոյի հետ ընկերական խաղում (2:5), և ոչ-ոքի ևս մեկ ընկերական խաղում՝ Չեռնոգորիայի հետ (2:2): Նրանց ղեկավարությամբ Հայաստանի հավաքականը ցուցադրեց այնպիսի անմիտ խաղ, որ նույնիսկ մեր անգործունակ կառավարությունը դա նկատեց և, հավանաբար, հրաման տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իր վասալներին գրողի ծոցն ուղարկել արտասահմանյան գործիչներին:
ՀՖՖ-ի ագահ պաշտոնյաները երկար ժամանակ այս ու այն կողմ էին շրջվում և վերջապես որոշեցին հեռու չգնալ թանկ արժեցող մասնագետների հետևից, այլ վարձել յուրային մեկին՝ տեղականին, այն էլ քմահաճ մեկին, որպեսզի հերթական ձախողման դեպքում հայկական ֆուտբոլի բոլոր անհաջողությունները բարդեն նրա վրա: Այդպիսի քավության նոխազի ստիպված չէին երկար փնտրել. նրանց խայծը կուլ տվեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որը մինչև վերջերս հայտնի բարերար և հայկական ֆուտբոլի գլխավոր ներդրող Արթուր Սողոմոնյանի հետ ՀՖՖ-ի հիմնական քննադատողներն էին։
Սողոմոնյանի «Փյունիկի» նշանակալի հաղթանակներից հետո Մելիքյանը մի փոքր սկսեց տառապել ինքնահավանությունից ու գոռոզամտությունից։ Նա մի կողմ դրեց ՀՖՖ-ի փաշինյանական հովանավորյալների հետ բոլոր սկզբունքային տարաձայնությունները՝ դավաճանելով դրանով ոչ միայն իր իսկ գաղափարներին, այլև Սողոմոնյանին, որը ՀՖՖ-ի ամենաթողության պատճառով գրեթե մեկ տարի առաջ արդեն լքել էր հայկական մեծ ֆուտբոլը։ Նա չսկսեց շողոքորթել ֆեդերացիայի պաշտոնյաների հետ դաշինքին՝ հիմնավորելով այդ անսպասելի միությունը խուսափողական կանխադրույթով՝ասելով, թե «դուք գիտեք, որ ես քննադատել եմ ֆեդերացիային և բարձրացրել կարևոր հարցեր։ Ես կշարունակեմ դա անել, քանի որ այս աշխատանքը ստանձնելով՝ ես անմիջապես սկսեցի մտածել ինչպես լուծել այդ խնդիրները։ Ես հիանալի հասկանում եմ, թե ինչքան բարդ խնդիրներ են մեր առջև ծառացած։ Բայց վստահ եմ, որ մենք ունենք կամք և հավատ, որպեսզի ամեն ինչ հաղթահարենք։ Վերջնարդյունքում ամեն ինչ լավ կլինի։ Ֆուտբոլը գոյություն ունի երկրպագուների համար։ Ես հրաշալի հասկանում եմ նրանց և ուզում եմ ազգային հավաքականի կողքին լինել նրանց հետ միասին։ Երկրպագուները պահանջներ ունեն. նրանք սպասում են հաղթանակների և շատ են կարոտել դրանց։ Այդ պատճառով ես որոշեցի հույս տալ նրանց. ուզում եմ նրանց արժանի հաղթանակներ նվիրել։ Գուցե դա միանգամից չհաջողվի, բայց ես կփորձեմ փոխել նրանց տրամադրությունը։ Ես այստեղ եկել եմ աշխատելու»։
Մելիքյանը «Փյունիկից» իր հետ ազգային հավաքական բերեց Ստեփան Դեմիրճյանին (դարպասապահների մարզիչ), Ռոման Մոնարևին և Աղվան Այվազյանին (երկուսն էլ նրա օգնականներն են)։ Հավաքականի նախորդ ղեկավար կազմից իրենց պաշտոնները պահպանեցին երկու իսպանացիներ՝ ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Խավիեր Մինյանոն և գլխավոր բժիշկ Պաբլո Լյանեսը։
Մելիքյանի նշանակումից անմիջապես հետո թիմի ավագ և գլխավոր պաշտպան Վարազդատ Հարոյանը հրաժարվեց խաղալ ազգային հավաքականի անունից։ Նա լարված հարաբերություններ ուներ Եղիշեի հետ դեռևս «Փյունիկում», որտեղից նա ստիպված էր եղել տեղափոխվել հունգարական «Կազինբարչիկի» ակումբ։ Մելիքյանի գլխավորությամբ ազգային հավաքականում խաղալուց հրաժարվելը նա մեկնաբանեց այսպես. «Մի անգամ ես փորձել եմ աշխատել հավաքականի նոր գլխավոր մարզչի հետ։ Երկրորդ անգամ չեմ ուզում փորձել, քանի որ առանց դրա էլ պարզ է, որ չի ստացվի»։
Նշեմ, որ մեր ազգային հավաքականի այն խաղերում, որոնցում Հարոյանը բացակայում էր վնասվածքի պատճառով, թիմի ավագի տեղը զբաղեցնում էր Ռուսաստանի պրեմիեր լիգայի լավագույն խաղացող և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդար» թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Հայաստան-Պորտուգալիա խաղից մեկ օր առաջ Վարազդատը ռուսական հայտնի «Չեմպիոնատ» կայքի թղթակցի այն հարցրին, թե նրա փոխարեն ով կլինի Հայաստանի հավաքականի ավագը, պատասխանեց. «Էդուարդ Սպերցյանը։ Էդիկը ազգային հավաքականում էլ է արժանի ավագի թևկապին»։ Պորտուգալիայի հետ խաղին Եղիշե Մելիքյանը կամային որոշմամբ Հայաստանի հավաքականի ավագի թևկապով դուրս բերեց Տիգրան Բարսեղյանին։ Առանց Հարոյանի այդ խաղում մեր թիմը անճանաչելի էր. պաշտպանությունում կոպիտ տեխնիկական սխալներ, գծերի միջև կապը խախտվել էր, թիմակիցները դադարել էին միմյանց հասկանալուց, չնկատվեցին նույնիսկ առաջատարները՝ Սպերցյանն ու Սելարայանը...
Հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն էր (14,000 նստատեղի տարողունակությամբ մարզադաշտի տոմսերի համար ավելի քան 470,000 հայտ էր ներկայացվել), լեցուն էին նաև անցումները, ակնհայտ է՝ այն երկրպագուներով, որոնց կեղծ տոմսեր էին հասել, ինչի մասին այդքան շատ և ապարդյուն ահազանգում էր ով ասես։
Մարզադաշտի ֆուտբոլային խոտածածկը, որտեղ մեկ ամիս առաջ կայացել էր Ջենիֆեր Լոպեսի համերգը, և որից հետո խոտածածկի մի մասը փչացել էր, դեռևս դեղին խոտազուրկ հատվածներով էր։ Մեծ գումարների հետևից ընկնելով՝ Հայաստանի ներկայիս ագահ կառավարիչները մոռացել էին ավելի կարևոր արժեքների՝ երկրի հեղինակության մասին։ Դեռ լավ է, որ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը, գնահատելով դաշտի որակը, բարեհաճորեն համաձայնություն տվեց անցկացնել այդ կարևոր խաղը։
Խաղի առաջին իսկ րոպեներից թիմերը սկսեցին միմյանց վրա ճնշում գործադրել։ «Եվրոպացի բրազիլացիները», ինչպես արդեն վաղուց են հարգանքով կոչում պորտուգալացի ֆուտբոլիստներին, ավելի ուժեղ ճնշում գործադրեցին՝ ստիպելով մեր պաշտպաններին սխալներ կատարել։ Առանց Հարոյանի՝ պաշտպանությունը ճաքեր էր տալիս՝ վերածվելով փտած մաղի, որի բազմաթիվ անցքերից պորտուգալացիները հեշտությամբ ներթափանցում էին։ Գնդակին տիրապետելու առավելությամբ նրանք անմիջապես նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին։ Տեխնիկական գերազանցության շնորհիվ պիրենեյցիները հեշտությամբ հաղթեցին մեր եզրային պաշտպաններին, հատկապես պաշտպանության ձախ կողմում՝ փոխանցումներ ուղարկելով հայ պաշտպանների մեջքի հետևում, որտեղ նրանց վիրտուոզ հարձակվողները գնդակներն ուղղում էին դեպի մեր դարպասը։ Մոտավորապես այս կերպ խփվեցին հինգ գոլերը։ Ժոաո Ֆելիքսը և Կրիշտիանու Ռոնալդուն խփեցին երկուական գոլ, իսկ Ժոաո Կանսելոն՝ մեկ։ Կրիշտիանուի երկրորդ գոլը գլուխգործոցներից էր՝ թնդանոթի հեռահար հարվածի պես՝ ոտքի դրսային մասով։
Երևանում կայացած խաղը 40-ամյա Ռոնալդուի համար 150-րդն էր Պորտուգալիայի հավաքականի կազմում։ Հայաստանը նրա համար հաճելի հավաքականներից է։ Ռոնալդուն նրա հետ ունեցած հինգ խաղերում խփել է յոթ գոլ։ Բացի ներկայիս երկու գոլից և 2015 թվականի հեթ-տրիկից՝ պորտուգալացին ևս երկու անգամ գոլ է խփել մեր հավաքականին՝ 2007 և 2014 թվականներին։
Պորտուգալացիները կարող էին ավելի շատ գոլեր խփել այս խաղում, բայց որոշ դեպքերում գնդակը դիպավ դարպասաձողին կամ նրան կիպ կպած` դուրս թռավ դաշտի սահմաններից, մյուս դեպքերում դարպասապահ Հենրի Ավագյանը ցուցադրեց գերազանց ռեակցիա։ Եղիշե Մելիքյանի այս դեբյուտային խաղը իր համար անհաջող եղավ, իսկ իր թիմի համար՝ դաժան պարտություն։
Խաղից հետո Մելիքյանը չսկսեց արդարանալ ստորացուցիչ պարտության համար՝ ասելով, թե մրցակիցն ուժեղ էր, ճիշտ և արագ արձագանքեց մեր գաղափարներին: Մեզ համար դժվար էր դուրս գալ ճնշումից: Մենք ունեինք երկու կամ երեք խաղային պլան, բայց դրանք չաշխատեցին: Եթե թիմը պարտվել է 0։5 հաշվով, ապա մենք բոլորս ենք սխալներ թույլ տվել, առաջին հերթին՝ ես: Ես շատ տխուր եմ: Թեև մրցակիցը Պորտուգալիան էր, բայց 0։5 հաշիվը տհաճ է, հատկապես տանը: Ներողություն եմ խնդրում:
Երեք օր անց Հայաստանը հյուրընկալեց միջին մակարդակի Իռլանդիային, որը Հունգարիայի հետ խաղից հետո (ավարտվել է 2։2 հաշվով) Բուդապեշտից մինչև Երևան մոտ 10 ժամում էր հասել, ինչը ազդեց մեր հավաքականի հետ իռլանդացիների խաղի տոնուսի վրա, հատկապես երկրորդ խաղակեսում։
Մերոնք հաղթեցին Իռլանդիային 2։1 հաշվով՝ փոքր-ինչ մեղմացնելով պորտուգալացիներից կրած ամոթալի պարտության վիրավորանքը։ Այս հաղթանակը ՀՖՖ-ի ղեկավարության համար, որի հրաժարականը հայ հանրությունը վաղուց է պահանջում, դարձավ թարմ օդի փրկող շունչ։
Ընդգծեմ, որ մեր թիմը հաղթեց իռլանդացիներին հիմնականում հայկական սփյուռքում ծնված Էդուարդ Սպերցյանի, Նաիր Թիկնիզյանի, Սերգեյ Մուրադյանի և Գեորգի Հարությունյանի, գերմանացի Հրանտ-Լեոն Ռանոսի և արգենտինացի Լուկաս Սելարայանի հրաշալի խաղի շնորհիվ։
Նրանց առանձնացրել է նաև հայտնի “Sofascore Football” կայքը. Էդուարդ Սպերցյանին համարել են լավագույն խաղացողը՝ 8,4 միավորով, որն առաջին խաղակեսի վերջում ճշգրտորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը (դա նրա 10-րդ գոլն էր Հայաստանի հավաքականի կազմում)՝ Սելարայանին գետնին տապալելու համար Ռանոսի ճշգրիտ փոխանցումից հետո։ Իսկ երկրորդ խաղակեսում Էդուարդը հիանալի գրոհ ծավալեց՝ ոսկերչական փոխանցումով արձագանքելով եզրագծում միացած Թիկնիզյանին, վերջինս գնդակը մեկ հպումով գլորեց դեպի դարպասը նետող Ռանոսին։
Երկրորդ տեղում, նրանց գնահատմամբ, Լուկաս Սելարայանն է՝ 7,6 միավորով, այնուհետև Թիկնիզյանը՝ 7,2 միավորով և Ռանոսը՝ 7,0 միավորով։ Իսկ 21-ամյա Մուրադյանը և Հարությունյանը թեև այս լավագույնների շարքում չէին, բայց եթե չլիներ նրանց համառ դիմադրությունը ատլետիկ իռլանդացիների դեմ, մենք հաղթանակ չէինք տեսնի։
Հաջորդ հանդիպումը աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում՝ Հունգարիայի հետ։
Լուսանկարը՝ Գրիգոր Գրիգորյանի
